ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 133]

ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ

ԴԵՊԻ ՏԱԹԵՎ

«Ինչ գեղեցիկ է կյանքը, իմիջիայլոց նաև նրա համար, որ մարդ կարող է ճամփորդել»։

Ի. Ա. ԳՈՆՉԱՐՈՎ

Զանգեզուրը գտնվում է Հայկական ՍՍՀ հարավ-արևելյան մասում։ Նրա արևմտյան սահմանը անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայով։ Հյուսիս-արևելյանը՝ Ղարաբաղի կենտրոնական մասի լեռնային վահանով։ Արևելքում և հարավ-արևելքում Զանգեզուրը սահմանակից է Ադրբեջանական ՍՍՀ-ին, իսկ նրա հարավային սահմանը Արաքս գետով բաժանվում է Իրանից։ Զանգեզուրը զբաղեցնում է 4506 քառակուսի կիլոմետր տարածություն, այլ խոսքով բռնում է հանրապետության տարածության մեկ յոթերորդ մասը։

Զանգեզուրը Հայաստանի բնապատմական մարզերից մեկն է։ Ինչպես հայտնի է, Հայկական բարձրավանդակում ժամանակի ընթացքում ձևավորվել են նման բնապատմական մի քանի մարզեր, որոնց անուններն այսօր էլ օգտագործվում են ոչ միայն պատմական և աշխարհագրական գրականության մեջ, այլև առօրյա խոսակցության ժամանակ։ Օրինակ, Զանգեզուր, Վայք, Շիրակ և այլն։ Յուրաքանչյուր բնապատմական մարզի ընդհանրությունը պայմանավորված է թե՛ նրա լանդշաֆտով և թե՛ պատմական անցյալով։

[էջ 133]

Այս տեսակետից Զանգեզուրի միասնությանը որոշում է նրա լեռնային լանդշաֆտը, իսկ պատմական առումով այն, որ նա ժամանակին պատմական Հայաստանի Սյունիքի կամ Սիսական նահանգի մասն է կազմել։ Բնական է, որ Սյունյաց աշխարհի պատմական կյանքը շատ բանով կապված է ներկա Զանգեզուրի հետ։

Բացի վերը նշված երկու հիմնական բնորոշումից, ամեն մի բնապատմական մարզ, այդ թվում և Զանգեզուրը, ունի նաև իրեն բնորոշող այլ նախադրյալներ։ Դրանց կհանդիպենք թե՛ կենցաղում, թե՛ բարբառում, թե՛ բնակարանների կառուցման առանձնահատկություններում։ Ահա թե ինչու այդպես կենսունակ են հնչում բնապատմական մարզերի անունները, այդ թվում Զանգեզուր անվանումը։

Աշխարհագրական ամեն մի անվան առաջացման պատմությունը տվյալ երկրի տարեգրության անբաժանելի մասն է կազմում։ Չէ՞ որ յուրաքանչյուր տեղանվան ստուգաբանությունը պայմանավորված է պատմական պատճառներով և ենթակա է պատմական օրինաչափությունների։ Ամեն մի երկրի տեղանունների ստուգաբանությունը արտացոլում է նրա պատմությունը, դառնում նրա յուրովի տարեգրությունը։ Յուրաքանչյուր անվան ստուգաբանություն տալիս է մի ինչ որ հետաքրքրաշարժ փաստ, որը հաճախ մի տեսակ կախարդական բանալի է դառնում և բացում անցած-գնացած ժամանակի ու նրա հետ կապված հիշողության դռները։ Ճշմարիտ է ասված, որ տեղանունը երկրի բանաստեղծական ձևակերպումն է։

Այդ տեսակետից հետաքրքիր է Զանգեզուր անվան ծագումը, որը դասվում է հայրենագիտական բնույթի տեղանունների շարքին։

Զանգեզուր անունը անցյալում համընկնում էր Հաբանդ գավառի հետ (ներկայիս Գորիսի շրջան), որն արևմուտքից սահմանակից էր Ծղուկ գավառին (Սիսիանի շրջան), իսկ հարավից՝ Բաղքին (Ղափանի շրջան)։ Այսպիսով Զանգեզուր անունը սկզբում փաստորեն տարածվել է միայն այժմյան Գորիսի շրջակայքի վրա։ Սակայն ժամանակին դարձել է ամբողջ գավառի պաշտոնական անունը և տարածվել Սյունյաց աշխարհի մեծ մասի վրա։

[էջ 134]

Այժմ Զանգեզուր հասկացությունը ընդգրկում է Սիսիանի, Գորիսի, Ղափանի և մասամբ Մեղրու շրջանները։

Զանգեզուր բառը հայկական ծագում ունի, բայց անվան երկրորդ մասը թյուրքական լեզուների ազդեցության տակ ենթարկվել է որոշ ձևափոխման:

Զանգեզուր անունը ստուգաբանվում է մի քանի կերպ։ Ըստ Ղ. Ալիշանի այն կապվում է Ձագաձոր բերդավանի անվան հետ, որը ներկա Գորիս քաղաքի դիմացի Կյորես գյուղն է։ Իսկ Ձագաձոր անվան առաջին մասնիկն էլ ծագած է համարվում Սյունյաց Ձագիկ նահապետի անունից, որը եղել է Սիսակ նահապետի սերնդից։ Ձագաձոր անունը ժամանակի ընթացքում որոշ փոփոխության ենթարկվելով դարձել է Զանգեզուր։ Այս բացատրությունը համարվում է առավել ստույգը։

Մի այլ ստուգաբանությամբ Զանգեզուր անվան հիմքում ընկած է «Զանգը զոռ» խոսքը։ Այդ մասին մեզ է հասել հետևյալը. ներկայիս Գորիսից երկու կիլոմետր հեռու եղել է վանք, որն ունեցել է մի զորեղ զանգ։ Նրա ձայնը լսվել է շատ հեռվից։ Ժողովուրդը այդ պատճառով էլ դա անվանել է «Զանգըզոռ», ընդգծելով զանգի զորավոր լինելը։ Բառի ձևափոխումից առաջացել է Զանգեզուր անունը։ Մի այլ ստուգաբանությամբ Զանգեզուր անվան ծագումը կապվում է «Ծակերի ձոր» բառերի միացման հետ։ Ինչպես հայտնի է Գորիսի շրջակայքում և մյուս գյուղերի մոտ կան բազմաթիվ բնական այրեր, ինչպես նաև մեծ քանակությամբ բրգաձև սրածայր բլուրներ, որոնք անցքեր, խոռոչներ և քարայրեր ունեն։ Դրանք ծառայել են մարդկանց համար իբրև բնակարաններ։ Ի դեպ, այսօր էլ Գորիսին մոտիկ ձորակներից մեկը կոչվում է Ձակեձոր։ Իսկ Գորիս կամ Վարարակ գետը վտակ Շոռ-Ջրի հովիտը հարուստ է բազմաթիվ «քարատակերով», որտեղ ոչ վաղ անցյալում մարդիկ են ապրել։

Անցնենք Սիսական անվանման ստուգաբանությանը։

Սիսականը մեր պատմության մեջ հայտնի է երկու անվանումներով։ Դասական պատմական գրականության մեջ Սիսական, իսկ պատմական Հայաստանի նահանգների բաժանման մեջ հայտնի է նաև Սյունիք անունով։ Սյունյաց աշխարհի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանը և Ղևոնդ Ալիշանը

[էջ 135]

գործածում են Սիսական անունը։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը իրենց նշանավոր աշխատությունները այդպես էլ կոչել են։ Առաջինի՝ Ս. Օրբելյանի գործը կոչվում է «Պատմություն նահանգին Սիսական», իսկ երկրորդինը՝ Ղ. Ալիշանինը կոչվում է ուղղակի «Սիսական», որի ստուգաբանության վրա էլ կանգ կառնենք։

Սիսականը (Սյունիքը) Պատմական Հայաստանի Մեծ Հայքի 14-րդ նահանգն էր։ Դա մի ընդարձակ երկիր էր, որի բռնած տարածությունը կազմում էր տասնհինգ հազար քսաներեք քառակուսի կիլոմետր։ Սյունիքը համարվում էր Սյունյաց նախարարական տան ժառանգական հայրենիքը։ Սիսականի հատուկ անվան ավանդական ստուգաբանությունը կապվում է Սիսակ Նահապետի անվան հետ։

Մովսես Խորենացին աշխարհագրական շատ անուններ համադրեց կամ զուգակցեց մեր նահապետների անձնանունների հետ։

Պատմությունից ժառանգած այս փաստը ինքնին շատ կարևոր երևույթ է երկու տեսակետից, առաջին, որ մարդուն հատուկ է անցյալի հետ անտեսանելի կապ պահելու և ամրապնդելու ձգտումը։ Ճշմարիտ է ասված, որքան շատ գիտենանք մենք անցյալը, այնքան ավելի խոր և իմաստալից կհասկանանք մեր այսօրվա ստեղծագործությունն ու շինարարությունը։ Երկրորդը, ոչ պակաս կարևոր է այն, որ տոհմի կամ ցեղի նախահայրը խորհրդանշում է ոչ միայն խմբային ընդհանրությունները, այլև ազգային պատմությունը։ Մեր նախահայրերից է Գեղամ Հայկազանց Նահապետի որդի Սիսակը, որը իր հոր պես պարթևահասակ էր և գեղեցիկ։ Սիսակ նահապետի անունով էլ այս բովանդակ երկիրը՝ պատմական Հայաստանի նահանգներից մեկը կոչվեց Սիսական։ Նա պատմական Հայաստանի բազմամարդ, բարեբեր և նշանավոր աշխարհներից էր։ Սիսականի պատմությունը անբաժանելիորեն կապվում է հայ ժողովրդի պատմության հետ։ Նրա բնական պայմանների առանձնահատկությունը, հատկապես բարձրաբերձ լեռներն ու անդնդախոր ձորերը երկիրը դարձրին համեմատաբար անառիկ։ Այն մեծ դեր խաղաց նրա անկախության գործում։ Պատմությունից հայտնի է, որ կենտրոնական հայ պետա–

[էջ 136]

կանության անկումից հետո այստեղ երկար ժամանակ պահպանվեցին հայկական փոքր իշխանություններ (մելիքություններ)։ Նրանք հարատևեցին մինչև տասնութերորդ դարը։

Սյունյաց աշխարհի վրայով շատ փոթորիկներ են անցել։ Դրանց լուռ վկաները այս երկրում պահպանված պատմական հուշարձաններն են, որոնցից ամեն մեկը իր հերթին շատ բան է պատմում անցյալից։

Դարեր են անցել, իշխանություններ են հաջորդել միմյանց, շատ շեներ են իր ժամանակին մարել ու անհետացել։ Ըստ պատմիչ Ստեփաննոս Օրբելյանի տվյալների, Սիսականում եղել է թվով 800 գյուղ, որոնցից շատերի անուններն անգամ ժամանակին չեն դիմացել։

Զանգեզուրը համարվել է «յոթ սարից այն կողմ գտնվող» հեքիաթային երկիր։ Անցյալում բարեկարգ խճուղիների բացակայությունը և ձմեռները լեռնանցքները ձյունով փակվելը ավելի էր մեկուսացնում նրան։

Զանգեզուրը Հայաստանի մյուս մասերից բաժանվում է Զանգեզուրի բարձրաբերձ լեռնաշղթայով։ Միայն երկու լեռնանցքներ են ճամփա տալիս Զանգեզուր մտնելու համար։ Վայոց ձորի կողմից Զանգեզուր են մտնում Որոտանի լեռնանցքով, իսկ Նախիջևանի ԻՍՍՀ կողմից էլ Սիսիանի լեռնանցքով։ Երկու դեպքում էլ կտրում են Զանգեզուրի լեռնաշղթան։

Զանգեզուրը, ճիշտ է, փոքր տարածք է, բայց նա իր բնության զարմանալի բազմազանությամբ ու անկրկնելիությամբ մի մեծ աշխարհ է։ Նա բարձրաբերձ լեռների, անդնդախոր ձորերի, կիրճերի, հովասուն սարահարթերի, որոտացող գետերի, ջրվեժների երկիր է։ Ինչպես ասվեց, Զանգեզուրը Հայաստանի համար եղել է «յոթ սարից այն կողմ գտնվող երկիր»։ Ափսոսանքով պետք է ասել, որ Զանգեզուրը այսօր էլ մնում է ինչ-որ չափով հեռավոր ու դժվարամատչելի շրջան, չնայած իրականում հաղթահարված են Զանգեզուր գնալու հնարավորությունները։ Ընդամենը մի ժամում Երևանից կարելի է թռչել Գորիս։ Գրեթե երկու ժամում էլ Գորիսից ավտոմեքենայով կարելի է Տաթև հասնել։

Զանգեզուրամ կան ոչ միայն ճարտարապետական, այլև

[էջ 137]

բնության ինքնատիպ հրաշալիքներ՝ Գորիսի շրջանի «քարե բուրգերը», «Սատանի կամուրջը», «Շաքիի ջրվեժը» և այլ տեսարժան վայրեր։

Զանգեզուր ասելով մենք ոչ միայն հասկանում ենք բնության հրաշալիքներ, նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներ, այլև Տաթևգէս, Ղափան, Քաջարան, Ագարակ և արղյունաբերական այլ խոշոր կենտրոններ ու կառույցներ։

Զանգեզուրը բարձրալեռնային երկիր է։ Միայն հյուսիս-արևելքում բնությունը համեմատաբար մեղմանում է և բարենպաստ դառնում տնտեսության համար։ Զանգեզուրի մյուս լեռնաշղթաներից նշանավոր է Բարգուշատի շղթան, որը մի տեսակ սահման է դառնում հյուսիսի և հարավի միջև։ Այլ խոսքով, Սիսիանի և Գորիսի շրջանները բաժանում Ղափանի և Մեղրու շրջաններից: Հաջորդ շղթան Մեղրու լեռնաշղթան է։ Առավել աչքի ընկնող լեռները հյուսիսում՝ Ծղուկ (3550 մետր) և Մեծ Իշխանասար (3548 մետր) գագաթներն են։ Բարգուշատի լեռնաշղթայում նշանավոր է Արամազդը, որը ունի 8899 մետր բարձրություն։ Արամազդից հարավ–արևելք գտնվում է Խուստուփ լեռը։ Իսկ Մեղրիի շղթայում նշանավոր է Բաղացսարը՝ Ց250 մետր բարձրությամբ։

Ի դեպ, Խուստուփ լեռը, նախկինում, ամբողջ Զանգեզուրում հայտնի էր, որպես սրբավայր։ Եվ վարդավառի տոնը ոչ մի գավառում այնպես շուքով ու պերճությամբ չէր նշվում, ինչպես այստեղ։ Լեռան հարտվ-արևմտյան հատվածի հարթ տարածությունը ստացել էր Մատաղի հրապարակ անունը։ Նավասարդի օրերին այստեղ էին գալիս ոչ միայն մերձակա, այլև հեռավոր վայրերից։ Լեռան ստորոտում է գտնվում եկեղեցին, որը իրենից մի քարայր է ներկայացնում՝ 15—20 մետր բարձրությամբ։

Արփայի հովտով անցնող Երևանից եկող մայրուղին Չայքենդ գյուղի մոտ խաչմերուկում բաժանվում է երկու ճյուղի։ Դրանցից մեկը տանում է դեպի Ջերմուկ, իսկ մյուսը բարձրանում դեպի Միսիան՝ Զանգեզուր։ Խաչմերուկում եղած սլաքները ցույց են տալիս ոչ միայն Զանգեզուր տանող ճանապարհի ուղղությունը, այլև հաշում հեռավորությունը։

[էջ 138]

Պարզվում է, որ մինչև Գորիս պետք է անցնել 104 կիլոմետր։

Գլխապտույտ կեռմաններով ճանապարհը բարձրանում է դեպի վեր, դեպի Որոտանի լեռնանցք։ Հենց այնտեղից էլ մտնում ենք Զանգեզուր։ Տեսնողի առջև բացվում են երկնային կապույտի հետ ձուլվող լեռները, զմրուխտյա կամ ոսկեզօծ արտերը (նայած տարվա եղանակին)։ Այդպես ընդմիշտ էլ այցելուի հիշողության մեջ մնում է Զանգեզուրի գեղատեսիլ բնապատկերը:

Որոտանի լեռնանցքից դեպի Զանգեզուր իջնելիս՝ առաջին խոշոր գյուղը Բազարչայն է, որը իր ժամանակին ունեցել է ռազմաստրատեգիական հարմար դիրք։ Բազար չայը շվեյցարական պանրի արտադրությամբ Հայաստանում գրավում է երկրորդ տեղը (Լոռուց հետո)։

Զանգեզուրը մի բարձրադիր լեռնաշխարհ է իր որոտաձայն գետով՝ Որոտանով, նշանավոր Տաթևի հինավուրց վանքով, որտեղից բացվում է վեհասքանչ տեսարան դեպի Հալիձոր։ Երբ ճանապարհորդը Զանգեզուր է գալիս Հայաստանի մյուս մասերից, թվում է թե ընկնում է մի այլ աշխարհ, տեսնում է աշխարհագրական ուրույն պատկերներ։ Նա տեսնում է բարձրադիր լեռներ, անդնդախոր ձորեր, հմայիչ գետեր, ջրվեժներ։

Զանգեզուրը անչափ հարուստ է գունավոր մետաղներով, հատկապես պղնձով և մոլիբդենով։

Ներկայումս Զանգեզուրում պղնձամոլիբդենային խոշոր կենտրոններ են համարվում Ղափանը, Քաջարանը, Ագարակը, որոնց անունները միութենական համբավ ունեն։ Էներգիայի մեծ աղբյուր է դառնում Որոտանի կասկադը։

Զանգեզուրի քաղաքներից նշանավոր է Գորիսը։ Նա մի գողտրիկ, գեղեցիկ, պլանավորված ու ծառազարդ բնակավայր է։

Աշխատավոր հայ ժողովուրդը տնտեսապես օգտագործում է իր հայրենիքի բնության հարստությունները, շարունակում է ավելացնել իր երկրի ինդուստրիայի հզորությունը, հոգ է տանում գյուղատնտեսության նոր վերելքի համար, զարգացնում է կուլտուրան և պայքարում իր վառ ապագայի համար։

[էջ 139]

Զանգեզուրի լեռնային գետերը՝ Որոտան (Բազարչայ), Ողջի, Մեղրաձոր, մեծ թեքություն ունեն և հիդրոէներգիայի աղբյուր են հանդիսանում։ Մեր օրերում առանձնապես մեծ է Որոտանի նշանակությունը։ Սևան–Հրազդան կասկադից հետո, մեր երկրում հանրահայտ է դարձել Որոտանի համակարգը (կասկադը), որի առաջնեկը Տաթևգէսն է։

Տաթևգէսը կբարելավի Զանգեզուրի լեռնահանքային արդյունաբերությանը էներգիա մատակարարելու գործը, ինչպես նաև կվերափոխի շրջանի տնտեսությունը։ Տաթևի հիդրոկայանի կարողությունը կլինի 157 հազար կիլովատ։ Հիդրոկայանի ջրի անկումը 560 մետր է։ Իր բարձր ճնշումով սա առաջինն է Սովետական Միությունում։ Տաթևի տեղամասում անցկացվել է 50 կիլոմետր բարեկարգ ճանապարհ, կառուցվել է չորս բանավան։ Հիդրոկայանի գործարկմամւբ Գորիսի շրջանում ոռոգելի կդառնա 5500 հեկտար հողային տարածություն։ Տաթևի հիդրոկայանի շենքը կառուցվել է ժամանակակից ճարտարապետական ոճով։ Կայանում տեղադրվող հիդրոագրեգատները Սովետական Միությունում առաջին անգամ են նախագծվել ու պատրաստվել։

Որոտանի կասկադի մյուս կայանը Շամբի հիդրոկայանն է, որը լինելու է գետի միջին հատվածում։ Նրա կարողությունը կգերազանցի ինչպես Տաթևգէսի, այնպես էլ Որոտան գետի վրա կառուցվելիք մյուս հիդրոկայանների կարողությանը և հավասար կլինի 171 հազար կիլովատի. տարեկան կարտադրի շուրջ 300 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա։

Շամբի հիդրոկայանը կունենա կառուցվածքների հետևյալ սխեման։ Որոտան գետի վրա, Անգեղակոթ գյուղի մոտ 20 մետր բարձրության պատվարով ստեղծվելու է ջրամբար, որտեղ օրվա ընթացքում ջրաելքերը թունելի միջոցով կհոսեն Տոլորսի ջրամբարը, վերջինս ստեղծվում է Որոտան գետի Սիսիան վտակի վրա՝ 89 մետր բարձրությամբ պատվար կառուցելու միջոցով։ Այս ջրամբարը կունենա 80 միլիոն խորանարդ մետր օգտակար ծավալ և կկուտակի Սիսիան վտակի ջրահոսքերը։ Դա միաժամանակ Շամբի հիդրոկայանի օրական հոսքի կարգավորման ֆունկցիան կկա–

[էջ 140]

տարի։ Տոլորսի ջրամբարից, ճնշման թունելի միջով, վայրկյանում մինչև 75 խորանարդ մետր ջրաելքերը կմոտենան տուրբինային ջրատարին, որը կսնի հիդրոկայանի երեք հզոր տուրբինները։

Հիդրոկայանների թունելների ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 18 կիլոմետր։

Հաջորդը՝ Սպանդարյան հէկը կունենա 77 հազար կիլովատ հզորություն և տարեկան կարտադրի 160 միլիոն կիլովատ ժամ էներգիա։ Նա իր 237 միլիոն խորանարդ մետր օգտակար ծավալ ունեցող ջրամբարով հետագայում Որոտանի ջրահոսքերի բազմամյա կարգավորման հնարավորություն կստեղծի, ջրառատ տարիներին կուտակված ջրի պաշարները կօգտագործվեն սակավաջուր տարիներին, դրանով իսկ կմեծացվի ջրահոսքի օգտագործման գործակիցը: Տաթևի և Շամբի հիդրոկայանները լրացուցիչ կարտադրեն ավելի քան 100 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա։ Այսպիսով, Որոտանի կասկադը լրիվ կառուցվելուց հետո կունենա 405 հազար կիլովատ հզորություն և տարեկան կարտադրի մեկ միլիարդ 180 միլիոն կիլովատ–ժամ էլեկտրաէներգիա:

Զանգեզուրում կան նաև հանքային ջրերի պաշարներ, որոնք գեղատեսիլ բնության և բարենպաստ կլիմայական պայմանների հետ միասին հեռանկարներ են բաց անում հազարավոր աշխատավորների բուժման ու հանգիստն անցկացնելու համար:

Սիսիան չհասած, Շաքի գյուղից աջ, խոր ձորում գտնվում է Զանգեզուրի բնության հրաշալիքներից մեկը՝ Շաքիի ջրվեժը, որն ունի 18 մետր բարձրություն։ Սիսիանը, որը գտնվում է ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա, նախկինում կոչվում էր Ղարաքիլիսա։ Խորհրդայնացման սկզբնական տարիներին կոչվեց Սիսավան, որ ներկայումս Սիսիան է կոչվում և հանդիսանում է համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Սյունյաց աշխարհի Ծղուկ կամ Սիսական գավառում, որը հարուստ է կրոնական ու պատմական շատ հուշարձաններով։ Այս գավառը եղել է Սյունյաց առաքելական աթոռի կենտրոնը։ Մինչև Տաթև տեղափոխվելը Սյունյաց եպիսկոպոսարանը գտնվել է Շաղատում։

[էջ 141]

Սիսիանի պատմական հուշարձաններից նշանավոր է ս. Հովհաննես եկեղեցին։ Սա մի գողտրիկ տաճար է, որը կառուցվել է 7-րդ դարում, հիշեցնում է Հռիփսիմեն։

Հայ ժողովրդին իր հայրենիքում միշտ չէ, որ վիճակվել է խաղաղ ու բարեկեցիկ կյանք։ Նրա պատմությունը ընթացել է մերթ խաղաղ և ուղեկցվել է մշակույթային վերելքով, մերթ պատերազմ և նվաճողներ՝ և տեղի է ունեցել անկում։ Վերելքի շրջաններում հայ ժողովրդի կյանքը նշանավորվել է հոյակապ կոթողների ստեղծումով։ Այդպիսիներից եղավ յոթերորդ դարը։

Ինչպես հայտնի է, պատմաբանները իրավացիորեն 7-րդ դարը համարում են ոչ միայն արվեստի և գիտության վերելքի, այլև շինարարական արվեստի դար։ Այդ դարում Հայաստանը ապրեց համեմատաբար խաղաղ շրջան և բնական է, որ շինարար հայ ժողովուրդը պետք է կառուցեր։ Յոթերորդ դարում արդեն բազիլիկ տիպի եկեղեցիական շենքեր չէին կառուցում: Հանդես էին եկել գմբեթավոր շենքեր։

Յոթերորդ դարից սերունդներին անցած հայ ճարտարապետական գոհարներից են Հռիփսիմեն, Սիսիանի ս. Հովհաննեսը, Գայանեն, Բագարանը, Բագավանը, Զվարթնոցը, Զորավորը (Եղվարդ), Մրենը, Արթիկը, Թալինի կաթուղիկեն, Արուճի տաճարը, Աշտարակի Կարմրավորը, Գոշավանքը, ինչպես նաև Վասպուրականի և Տաթևի կաթուղիկեները։ Ճշմարիտ է ասված, որ հայ ժողովրդի պատմությունը և ճարտարապետությունը սերտորեն կապված են միմյանց հետ։ Բայց հայ ճարտարապետության լուռ վկաներից հիմնականում պահպանվել են պաշտամունքային կառուցվածքները։ Իհարկե ժամանակը նրանցից էլ շատ բան է տարել. սակայն կան այնպիսիները, որոնք դիմացել են ժամանակին, անբարենպաստ պայմաններին և մեզ են հասել։ Այդպիսիներից է Սիսիանի տաճարը։

Սիսիանի տաճարը հիմնադրել է Սյունյաց Կոհազատ իշխանը, Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ի և Թեոդորոս վանականի օժանդակությամբ, որոնց դիմաքանդակները, համապատասխան մակագրություններով, տեղավորված են եղել տաճարի ներսում, գմբեթի տակ։

Կոհազատ իշխանը հայտնի է նաև Տեր Սյունյաց անու–

[էջ 142]

նով։ Նրա անունը հիշատակված է տաճարի կաթուղիկեում գտնված երեք անդրիներից մեկի շուրջը։ Տաճարի արևմտյան ճակատի վրա մի ուրիշ պատկերաքանդակ էլ կա և նրա մոտ «Հովհաննես եկեղեցպան» մակագրությանը, անշուշտ դա պատկերում է Հովսեփ Ա-ի հաջորդ Հովհաննես եպիսկոպոսին, որը և ամենայն հավանականությամբ, ավարտել է տաճարի շինարարությունը և արժանացել այդ մեծ պատվին։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տաճարն ավարտվել է ոչ ուշ, քան 691 թվականին։ Այսպիսի թվագրմանը լիովին համապատասխանում են նաև տաճարի ճարտարապետական ձևերը, որոնք մեծ ընդհանրություններ ունեն 7-րդ դարի երկրորդ կեսում տարածված ձևերի՝ հատկապես Հռիփսիմեի տաճարի հետ։

Տաճարը ներսից խաչաձև է և անսյուն։ Գմբեթը վերջերս է ս. Էջմիածնի կողմից նորոգվել, բայց ամբողջ տաճարը կարիք ունի նորոգման և բարելավման։ Տաճարը գտնվում է մի բարձրադիր տեղում, կառուցված է սրբատաշ սև տուֆից։ Այդ պատճառով էլ կոչվել է նաև Ղարաքիլիսա («Սև վանք»)։ Ինչպես գիտենք, ներկա Սիսիանը նախկինում իր անունը ստացել է այդ վանքից։

Շրջանի պատմական հուշարձաններից է Որոտնա վանքը, կառուցված 11-րդ դարում Վաղուդի գյուղի մոտ, Որոտանի աջ ափին, մի գեղեցիկ բլրի վրա։ Իսկ ներքևում «որոտում» է Որոտան գետը, որին եզերում են գեղեցիկ այգիները։

Վանքը իր ժամանակին ծաղկել է և դարձել գիտության կենտրոն, շնորքհիվ Հովհան Որոտնեցու, որը մինչև Տաթև գալը գործել է այս վանքում և նրա պատվին էլ կոչվել է Որոտնավանք։ Ժողովրդի կողմից ստեղծած ամեն մի կոթող, արձան կամ որևէ հիշատակարան, ինչ նպատակով էլ այն կանգնեցված լինի, լուռ վկա է տվյալ ազգի անցյալի ստեղծագործական մտքի և աշխատանքի:

Որոտնավանքից հյուսիս-արևելք, Սիսիանից դեպի Շամբ տանող ճանապարհին, Ոռուտ գյուղի (այժմ Որոտանի) մոտ, Որոտան գետի աջ ափին մի ժայռի վրա գտնվում է Որոտնա բերդը։ Դեռ մինչև այժմ էլ տեղ-տեղ պահպանվել

[էջ 143]

են բերդի պատերը։ Տեղացիները այս բերդը սխալմամբ կոչում են Դավիթ Բեկի բերդ։

Անմիջապես բերդի տակ գտնվում է Մելիք Թանգիի կառուցած կամուրջը, որի վրայով մինչև այժմ անցնում են ավտոմեքենաները:

Որոտնավանքից հյուսիս գտնվում է Վաղուդի գյուղը, որը Հովհան Որոտնեցու հայրենիքն է։ Գյուղի հիշարժան հուշարձաններից է ս. Կարապետի վանքը։ Այս գեղեցիկ մենաստանի նշանավոր եկեղեցին է ս. Աստվածածինը, որը գտնվում է մենաստանի հյուսիսային կողմում և համեմատաբար քիչ է տուժել 1931 թվականի երկրաշարժից։ Տաճարի սեղանի պատվանդանը մի խաչքար է։ Ս. Աստվածածնին կից է ս. Կարապետի եկեղեցին, որը շատ է տուժել երկրաշարժից։ Կանգուն են միայն գավթի պատերը։ Այս եկեղեցու գավթում են թաղված վանքի նշանավոր միաբանները։

Մյուս եկեղեցիներից է ս. Ատեփաննոսը, որի միայն հյուսիսային պատն է կանգուն, կառուցվել է Սմբատ թագավորի և Շահանդուխտ թագուհու օրոք։

Ժողովրդական շինությունները՝ բնակարանները, քիչ են պահպանվել, շատ տեղերում անհետ կորել՝ ծածկվելով անտառներով, նոր բարձրացող տներով։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice