ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 274]

ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից է։ 1968 թվականի աշնանը լրացավ նրա հիմնադրման 2750 տարին։

Երևանի տոպոնիմիկան շատ հետաքրքիր պատմույթյուն ունի, որը մեզ հասցնում է Հին Արևելքի մի նշանավոր պետության ժամանակաշրջան։ Այդ պետությունը Ուրարտուն էր, որը մեր թվագրությունից առաջ, 9 — 6-րդ դարերում, աչքի ընկնող տեղ էր գրավում Առաջավոր Ասիայում։

Երևանի հարավային և հարավ-արևելյան մասերում, Կարմիր–բլուր և Արին-բերդ կոչվող վայրերում, մնացել են պատմական հուշարձաններ, որոնք լուռ վկաներ են ուրարտական անցյալ փառքի։

Հայտնի է, որ մեր թվագրությունից առաջ, 6-րդ դարում, Ուրարտու պետությունը դադարեց գոյություն ունենալուց և համարյա մոռացության մատնվեց։ Նրա օրինական ժառան–

[էջ 275]

գորդը դարձան հայերը։ Նրանք ժառանգեցին ուրարտական աշխարհագրական շատ անվանումներ, որոնք պահվել ու ավանդվել են սերնդեսերունդ։ Դրանց թվին են պատկանում՝ Արարատ (Ուրարտու), Վան (Բիայնա), Տուշպա (Տոսպ), Երևան (Էրեբունի), Սևան (Սունիա կամ Ծուինիա) և այլն։ Սրանք գեղեցիկ և հաճելի ժառանգություններ են և բնական է, որ շատ բան կարող են պատմել, եթե հնարավոր լինի նրանց ճիշտ ստուգաբանությունը, իմաստավորումը, որովհետև նրանք հեռավոր անցյալը կապում են ներկային:

Ճիշտ է, աշխարհագրականն այս կամ այն անվան մեկնությունը հետաքրքիր է, բայց այն հաճախ կապված է մեծ դժվարությունների և ժամանակի հետ։ Չէ՞ որ անունները, սերնդեսերունդ փոխանցվելով, ենթարկվում են ձևափոխման, գալիք սերունդներն այն հարմարեցնում են իրենց լեզվին և արտասանում իրենց եղանակով։ Այս հանգամանքը, բնանան է, դժվարացնում է անվան մեկնաբանումը։ Եվ հաճախ այս կապակցությամբ զանազան լեգենդներ են հորինվում, կամ էլ առաջ են քաշվում գիտական հիպոթեզներ, որոնք սակայն կարիք են զգում վերջնական ապացուցման։ Այդպես է եղել նաև Երևան անվան հետ, որի առաջացման նախնական ստուգաբանությունը ավանդական հենքով է հյուսվել։ Այն կապվել է Նոյի առասպելի հետ, ըստ որի Նոյ նահապետի տապանը կանգ է առել Մասիսի գագաթին, ու երբ Նոյը դուրս է եկել տապանից, նրա աչքին առաջին անգամ երևացել է մեր քաղաքի տեղը։ Այստեղից էլ նրա անունը կապել են հայոց «երևալ» կամ «երևան» (հանդես գալ) բառերի հետ։ Իհարկե, այդ ավանդությանը մնաց որպես ավանդություն։ Հետագայում, Երևանի անվան մեկնության մի այլ տեսակետ առաջ քաշվեց։ Նրա հեղինակը Մոսկվայի Կայսերական Հնագիտական ընկերության անդամ, արևելագետ Մ. Նիկոլսկին էր, որը Արևելյան Հայաստանում լինում է 1893 թվականին և հայտնի արձանագրությունների հիման վրա ուրարտական Էրիաինի տեղանվան հետ կապում մեր քաղաքի անվան առաջացումը։ Նա ասում էր, որ եղել է Էրիաինի անվամբ երկիր, ուր ապրել է էրի ցեղախումբը և կենտրոնն էլ եղել է Էրիավանը։ Բայց անվանի գիտնական, պրոֆեսոր Գր. Ղափանցյանի ուսումնասիրությունից պարզ–

[էջ 276]

վեց, որ էրի ժողովուրդը ապրել է Շիրակում։ Հարցին վերջնական պարզություն տվեցին Արին-բերդի պեղումները։ Ինչպես հայտնի է, ժամանակին Արին-բերդի շրջակա հողերը պատկանում էին Նորք գյուղին։ Մի նորքեցի ներկա Արին-բերդի ցածրադիր մասերում վար անելիս՝ 1879 թվականին գտնում է ուրարտական չորս տողանի սեպաձև արձանագրություն, որը 1894 թվականից պահվում է Մոսկվայի պատմության թանգարանում։ Գիտնականները գնացին այդ արձանագրության հետքերով, հավանական համարելով, որ քարը գլորվել է բլրի գագաթից։ Այստեղ հետազոտեցին և հայտնաբերեցին բերդաքաղաքի հետքեր։ Չէ՞ որ խոր անցյալը վերականգնելու համար հնագիտական հետազոտությունները ամենահուսալի աղբյուրն են։ Այնուհետև՝ սովետական գիտնականների պեղումներով այնտեղ հայտնաբերված հնությունները, հատկապես սեպագիր արձանագրությունները, նոր լույս սփռեցիւն «Երևան» անվան ծագման վրա։ Պարզվեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի անունը մեզ է հասել ուրարտական ժամանակվանից։ Նա էլ Հայկական բարձրավանդակում եղած շատ անունների նման ուրարտական ծագում ունի։ Պարզվեց նաև, որ Երևանի անվանման ստուգաբանության բանալին խնամքով պահված է Արին-բերդում գտնված Արգիշտի Առաջինի սեպագիր մի արձանագրության բնագրում։ Այստեղ 1950 թվականին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը քանդակված է բազալտե կարծր քարի վրա, հանդիսանում է Երևանի, ինչպես ասում են «ծննդյան վկայականը»։ Գրված է Արգիշտի թագավորի ժամանակ և պատմում է, որ այստեղ Մենուայի որդի Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդ-քաղաքը։ Իսկ նույն Արգիշտիի կամ Վանա ժայռի արձանագրությունից պարզ էր, որ Էրեբունին հիմնադրվել է Արգիշտիի թագավորության հինգերորդ տարում՝ 782—781 թվականներին (մ. թ. ա.)։

Արարատյան դաշտի ուրարտական բերդաքաղաքներից երկրորդը Արգիշտի–խինիլին է (Արմավիրը), իսկ երրորդը՝ նշանավոր Թեյշեբայինը (Կարմիր–բլուրը)։ Այսպիսով, Արարատյան դաշտը եղել է Ուրարտուի հիմնական մասը, կենտրոն ունենալով Տուշպան (Վանը):

[էջ 277]

Ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի վկայությամբ Ուրարտուն իր ծաղկման ու բարգավաճման շրջանը ապրեց մ. թ. ա. VIII դարում, Արգիշտի Ա և Սարդուր Բ, այսինքն հայր և որդի թագավորների օրոք։

Արին-բերդի պեղումներից հայտնաբերված սեպագիր արձանագրություններից մեզ հետաքրքրող վիմագիրն է 1950 թվականին, ճարտարապետ Կ. Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքների ժամանակ գտնված տասներեք տողից բաղկացած քարը, որն ամբողջական է, դիմացել է ժամանակին ու հիանալի պահպանվել։ Արձանագրության վերծանումը 1951 թվականին կատարեց Մարգարիտ Իսրայելյանը։ Պարզվեց, որ Երևան քաղաքի անունը ուրարտական շրջանից է գալիս և սերվել է Էրեբունիից։ Այդ սեպագիր արձանագրությունը իր գոյությամբ, թե պատմալեզվագիտական և թե աշխարհագրական տեսակետից լուռ վկա է կարևոր փաստի՝ Երևանի անվան առաջացմանը։ Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է «վ»։ Այստեղից էլ Էրեբունի ուրարտական անունը սերնդե-սերունդ անցնելով ձևափոխվել և հնչել է Էրեվուն (ի), իսկ այնուհետև՝ Էրևան կամ Երևան։

* * *

Հայկական բարձրավանդակում կազմավորվում է հայ ժողովուրդը, որը և դառնում է, ինչպես ասվեց, ուրարտական պետության իրավական ժառանգորդը։ Ինքնին հասկանալի է, որ Էրեբունին էլ արդեն Երևան դարձած, հայ ժողովրդի պատմական կարևոր բնակավայրերից մեկն է, որ մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք գավառի մեջ։

Սակայն, իրերի բերմամբ, Հայաստանը գտնվում էր աշխարհակալ պետությունների բախման, ինչպես ասում են, մեծ ճանապարհների հանգույցի մեջ։ Օտար ներխուժումները փաստորեն կործանարար եղան հայ ժողովրդի անկախության համար։ Վերջապես Հայաստանը իրար մեջ բաժակելու համար երկար ժամանակ պայքարում էին Թուրքիան և Իրանը, որոնց միջև 1639 թվականին կնքված հաշտությամբ, Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Թուրքիային անցավ Արևմտյան Հայաստանը, Իրանին՝ Արևելյան Հայաս–

[էջ 278]

տանը։ Երևանը ընկավ պարսից տիրապետության տակ:
Բայց դրանով գործը չավարտվեց։ Երկու նվաճողներ՝ Թուրքիան և Իրանը չհանգստացան և շարունակեցին պայքարել մեկը մյուսից պատառ խլելու, հատկապես Արարատյան դաշտում ամրանալու նպատակով։ Երևանը դարձել էր կռվախնձոր երկու աետությունների միջև։ Քաղաքը տիրելու համար պայքար էր գնում երկար ժամանակ, մինչև որ 1735 թվականին վերջնականապես մնում է Իրանին։ Ի դեպ, մինչ այդ քաղաքը տասնչորս անգամ ձեռքից ձեռք էր անցել։ Քաղաքը պարսկական տիրապետության ժամանակ դառնում է Երևանի խանության կենտրոն և սարդարի, այսինքն՝ պարսից շահի կողմից նշանակված կուսակալի աթոռանիստ։

Երևանի խանը ուներ սարդարի տիտղոս, որը պարսկերեն է և նշանակում է զորավար։ Սարդարը փաստորեն անկախ էր և ինքնուրույն։ Նա միահեծան իշխում էր Երևանի նահանգում։ Նրա այս անկախ դրությունը բացատրվում էր նրանով, որ պարսկական կառավարությունը հաշվի էր առնում Երևանի նահանգի կարևորությոննը, հատկապես Ռուսաստանի հետ վարած պատերազմների ժամանակ։ Ուստի շահը կատարյալ ինքնուրույնություն էր տվել Երևանի Սարդարին: Շահը ոչ միայն չէր խառնվում նրա գործերին, ոչ միայն նրանից որևէ վճար չէր պահանջում, այլ ընդհակառակը, նրան պարբերաբար գումարներ էր հատկացնում մշտակսւն զորք պահելու համար։ Սարդարի ռեզիդենցիան Երևանի բերդն էր, որն իր ժամանակին համարվել է անառիկ։ Նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից` Զանգվի անդնդախոր ձորն էր։

Երևանի վերջին սարդարը Հուսեյին խանն էր։ Երբ 1828 թվականին Թուրքմենչայիի պայմանագրով Երևանի խանությունը միացվեց Ռուսաստանին, դրանից հետո Հուսեյին խանը բնակվում էր Ղազվինում և ոչ մի քաղաքական դեր չէր խաղում։ Երևանի նահանգի գերագույն ղեկավարաթյունը հանձնված էր սարդարի եղբորը՝ Հասան խանին։

1804 թվականին, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, տեղի ունեցավ ռուսական զորքերի առաջին արշավանքը Երևանի վրա։ Պաշարվեց Երևանի բերդը, սակայն գրավել չհաջողվեց։ Այնուհետև 1807 թվականին, գեներալ

[էջ 279]

Գուդովիչի կորպուսը երկար տաշարեց բերդը և փորձեց գրոհով գրավել Երևանը, բայց նույնպես հաջողություն չունեցավ։ Վերջապես այդ հաջողվեց Պասկևիչի բանակին1, որը 1827 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը տևող պաշարումով, ստիպեց Երևանի բերդին անձնատուր լինել։ Այսպիսով Երևանը առնելու պատիվը պատկանում է գեներալ Պասկևիչին, որի ազգանվանը նոր կոչում ավելացրին՝ Պասկևիչ-Երևանսկի։

1828 թվականից մինչև 1840 թվականը Երևանը դառնում է այսպես կոչված Հայկական մարզի, իսկ 1840–1849 թվականները Երևանի գավառի և վերջապես դրանից հետո Երևանի նահանգի կենտրոն։

Ճիշտ է, ռուսների օրոք Երևանը լինելով նահանգական քաղաք, շատ բան շահեց, բայց քաղաքը ի վերջո պարսկական կնիքից չազատվեց և շատ բանով նմանվում էր արևելյան գավառական քաղաքներին՝ իր հողածածկ տնակներով, նեղ, ծուռումուռ և չսալահատակված փողոցներով, «Ղանթարով» ու նրան շրջապատող խանութներով։

Երևանը ունի 2758 տարվա անընդհատ պատմություն, բայց որպես հայ ժողովրդի մայրաքաղաք շատ երիտասարդ է ընդամենը հիսունութ տարեկան է։

Հայտնի է, որ տարբեր պատմական շրջաններում Հայաստանը ունեցել է տարբեր մայրաքաղաքներ՝ Արմավիր, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Ղարս, Անի։ Ըստ այդ թվարկումի Երևանը Հայաստանի իններորդ մայրաքաղաքն է2։

Քաղաքը միայն խորհրդային իշխանության տարիներին

-------------------

1 Պասկևիչի բանակը Երևան մտավ ներկայիս «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի կողմից՝ «Մուխանաթ թափա» կոչվող բարձունքից։

2 Նշված քաղաքները եղել են մայրաքաղաք հետևյալ հերթականությամբ։ Արմավիր 190—160 թթ. (մ. թ. ա.), Արտաշատ (160—77 թթ. մ. թ. ա.), Տիգրանակերտ 77—69 թթ. (մ. թ. ա.), Արտաշատ 69 թ. (մ. թ. ա.) — 120 թ. (մեր թվագրության), Վաղարշապատ 120—330 թթ. (մեր թվագրության), Դվին 336—428 (մեր թվագրության), Բագարան 428—933 թթ. (մեր թվագրության), Ղարս 933—957 թթ. (մեր թվագրության), Անի 957—1045 թթ. (մեր թվագրության)։

[էջ 280]

աստիճանաբար ենթարկվեց վերակառուցման և փաստորեն ստեղծվեց նոր և հզոր, մոտ մեկ միլիոնանոց ժամանակակից քաղաք։ Երևանը կառուցվեց նոր նախագծով, որի հեղինակը հայ ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր։

Հետաքրքիր է, որ Արգիշտիի տասներեք տողանոց սեպագիր արձանագրության հինգերորդ տողում գրված է, որ Էրեբունի բերդաքաղաքը համարվել է Բիայնա-Ուրարտու երկրի փառքը։ Երանելի զուգադիպում՝ Ուրարտուի օրինական ժառանգ հայ ժողովուրդը այսօր Երևանը համարում է իր երկրի պարծանքը։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice