ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 280]
ԵՐԵՎԱՆԻ ՄԻԿՐՈՏՈՊՈՆԻՄԻԿԱՆ
Միկրոտոպոնիմիկա ասելով նկատի ենք ունենում աշխարհագրական առավել փոքր անվանումները։ Այսպիսով ծանոթանալու ենք Երևանի առանձին մասերի աշխարհագրական փոքր անուններին կամ միկրոտոպոնիմներին։
Աշխարհագրական անունների առաջացման և իմաստավորման հարցով զբաղվող գիտությունը կոչվում է տոպոնիմիկա, իսկ ուսումնասիրվող անուններն էլ տոպոնիմ։ Արպիսով, ինքը՝ քաղաքը, մի բարդ տոպոնիմ է։ Չնայած աշխարհագրական քարտեզների վրա այն տրվում է որպես մի «կետ» կամ փոքրիկ շրջանակ (պունսոն), բայց իրականում նա էլ իր հերթին ունի իր ներքին ստորաբաժանումները, (թաղեր, փողոցներ, հրապարակներ և այլն), որոնք ունեն իրենց անունն ու պատմությունը և ձևավորվել են տարբեր ժամանակներում։ Դրանք իրարից տարբերվում են բնական պայմաններով, հասակով, կատարած ֆունկցիայով, ճարտարապետական մտահղացմամբ և այլն։
Միկրոտոպոնիմիկան չնայած հանդիսանում է տոպոնիմիկայի մի հատվածը, բայց վերջին տասնամյակում արդեն դարձել է ուսումնասիրության առարկա։
Ինչպես հայտնի է երկար ժամանակ քաղաքները բաժանվում էին ըստ թաղերի։ Ներկա իմաստով փողոցներ
[էջ 281]
չկային։ Փողոցներին անուններ տալը, տախտակի կամ թիթեղի վրա գրելը ու պատերին փակցնելը, ինչպես նաև տների համարակալումը ավելի ուշ ժամանակի գործ է։ Ի դեպ, տասնութերորդ դարում առաջին անգամ Լոնդոնում մտցվեց տների համարակալումը, որպեսզի հեշտացվեր նամակների առաքումը։ Բայց այդ բանը չխանգարեց, որ ամեն մի քաղաք ունենա իր «միկրոաշխարհագրությունը», այսինքն՝ թաղերի բաժանումը, որոնց անունների առաջացման պատմությունը իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Այս դեպքում արդեն ընդունված է տոպոնիմիկա բառի սկզբին ավելացնել «միկրո» (փոքր, մանր) մասնիկը՝ միկրոտոպոնիմիկա։
Երևան քաղաքի միկրոտոպոնիմիկան արտացոլում է քաղաքի բազմադարյան պատմությունը, նրա հեռավոր ու մոտ անցյալը։ Չէ՞ որ այդ անուններն ունեն իրենց տարբեր հասակն ու ծագումը։ Նրանք պատմում են քաղաքի աճի ու զարգացման մասին, դրանց մեջ ապրում է անցյալի հիշատակը, որոնք իրենց հերթին քաղաքի տարեգրությունն են հանդիսանում։
Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամուրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։ Այդ նույն ժամանակ Երևանը ուներ տասներկու հազար բնակչություն, որի կեսից ավելին հայեր էին։ Այդ ժամանակ Երևանում կար 1730 տնտեսություն, որոնք տեղաբաշխված էին հետևյալ կերպ՝ 792–ը գտնվում էր Բուն քաղաքում կամ Շահարում, 622-ը՝ Կոնդում, իսկ 322-ը՝ Քարահանքում կամ Դամըռ–Բուլաղում։
Երևանը ուներ տնտեսական շատ նպաստավոր պայման–
[էջ 282]
ներ, որի հետևանքով այդտեղով էր անցնում Պարսկաստան տանող տրանզիտային ուղին, որը կոչվում էր Խան–յոլի։ Այդ ուղին Երևանը դարձնում էր առևտրական մեծ կենտրոն։ Քաղաքում կային թվով ութ խոշոր իջևաններ՝ քարվանսարաներ։ Առավել նշանավորներն էին Գյուրջի և Զառաբի խան քարվանսարաները։ Գյուրջի է կոչվել, որովհետև այդտեղ են իջևանել Թիֆլիզի (Թբիլիսի) ճանապարհով եկող քարավանները։ Այդ իջևանի շենքերը պահպանվում էին մինչև վերջերս։
Երևանի միկրոտոպոնիմիկայի ուսումնասիրությունն սկսենք Կոնդից, որպես հնագույն թաղի։
ԿՈՆԴ
Կոնդը գրավում է քաղաքի արևմտյան բարձրադիր մասը։ Կոնդ անվանումը նրան տրվել է բարձր դիրքի պատճառով։ Չէ՞ որ կոնդ բառը հայերենում նշանակում է երկայնաձիգ, կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։ Այսօր էլ Երևանի ադրբեջանցի բնակիչները այդ թաղամասին «թափաբաշ» են անվանում։
Կոնդը եղել է մեր քաղաքի ոչ միայն ամենահին, այլև հայաբնակ թաղամասերից մեկը. միաժամանակ հանդիսացել նրա պատմական կորիզը։ Նա եղել է Երևանի ամենակենսունակ հատվածը, որը դարերի բովից անցնելով, քաղաքի համար դարձել է մի տեսակ թանգարանային թաղ։ Ըստ Շոպենի Կոնդի սահմանները հին Երևանի պլանում ավելի ընդարձակ են եղել։ Կոնդի կազմի մեջ են մտել Ձորագեղը, Հրազդանի ձորի այգիները և Դալման։ Մյուս կողմից Կոնդի սահմանները հասնում էին մինչև Բերդ։
Ձորագեղը բռնում է Հրազդան գետի ձախափնյա մասը, այն ձորափեշերը, որոնք ընկած են Հաղթանակի կամրջից դեպի վեր։ Ի դեպ, Ձորագեղը նույնպես ունեցել է իր ստորաբաժանումները, ինչպես՝ Վերին կամ Քարափի թաղ, Ստորին կամ Ձորի թաղ և Կարբո թաղ։ Պարսիկների օրոք այս թաղին էլ նոր անուն տրվեց՝ «Դարա-Քյանդ», որը
[էջ 283]
փաստորեն հայերեն Ձորագեղի թարգմանությունն է։ Բայց հայերի մոտ այն գործածական չեղավ և մնաց Ձորագեղ անվանումը։
Դալման հռչակված էր իր ընտիր խաղողով, որի այգիները փռված էին Հրազդանի աջափնյա բարձունքներում։
Կոնդում պահպանված հնություններից աչքի է ընկնում ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը շատ հին հուշարձան է, ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարւժի ժամանակ, բայց 1710 թվականին վերականգնվել է։
Հին Երևանի կերպարում ուրույն տեղ է գրավել Բերդը, որի հետ շատ բանով կապված է եղել Կոնդը։ Ի դեպ, Բերդը քաղաքի տեղագրական կենտրոնում չի եղել, կառուցվել է տասնվեցերորդ դարի վերջերին։ Բերդը եղել է Երևանի Սարդարի աթոռանիստը։ Բերդը ինքնին մի փոքր քաղաք է եղել և ունեցել է իր բնակչությունը, մշտական բնակիչները եղել են մահմեդականները։ Կոնդեցի հայերը Բերդում միայն խանութներ են ունեցել։ Երբ աշխատանքը Բերդում ավարտվում էր, հայերը պարտավոր էին թողնել բերդը։
Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, նրա հետ նաև Կոնդը, որը տարածվեց ցածրադիր մասերում։
Երևանի Բերդը իր ժամանակին եղել է անառիկ. նա երեք կողմից պարսպապատ էր, իսկ արևմտյան կողմից՝ Զանգվի անդնդախոր ձորն էր։ Հետևապես արևմտյան կողմից պարսպապատելու անհրաժեշտություն չի եղել։ Դարեր շարունակ թուրք փաշաները և պարսիկ խաները միջոցներ չեն խնայել, որպեսզի Երևանի Բերդը դառնա անառիկ ռուսական զորքերի համար։ Բերդում է գտնվել Սարդարի պալատը, որը նայում էր Հրազդանի վրա, ուներ իր ժամանակի համար գեղեցիկ դահլիճներ։ Դրանցից մեկում առաջին անգամ, բեմադրվել է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» անմահ կատակերգությունը, որին ներկա է եղել հեղինակը։ Բեմադրվել է ռուսական զինվորական կայազորի ուժերով։ Այդ մասին է վկայում մարմարյա հուշատախտակը, որը փակցված է Երևանի «Արարատ» գինու կոմբինատի պատին։
Երևանի բերդը տեսել ու նկարագրել են շատ ճանապարհորդներ, բայց ոչ մեկը այնպես պատկերավոր չի նկա–
[էջ 284]
րագրել, ինչպես Խ. Աբովյանը իր «Վերք Հայաստանի»–ում:
Երևանի բերդի տեղում այժմ գտնվում է «Արարատ» տրեստի գինու գործարանը իր հսկայական նկուղներով։ Հրազդանի աջ ափին, երբեմնի Երևանի բերդի դիմաց. Սարդարի պալատի հանդիման տարածված է մի ընդարձակ խաղողի այգի։ Այդ այգին ժողովրդի մոտ հայտնի է «Սարդարի բաղ» անվամբ։ Այս անունը կապված է Երևանի սարդարի անվան հետ, որին էլ պատկանում էր այգին։
ԲՈՒՆ ՔԱՂԱՔ ԿԱՄ ՇԱՀԱՐ
Շահար ֆարսերենից փոխառյալ բառ է, որն ունի քաղաքի իմաստ։ Ընդհանրապես քաղաքների վաճառաշահ մասերը, մյուս մասերից տարբերելու համար տրվել են «քաղաք» կամ շահար անունը։ Դա Երևանի այն հատվածն էր, ուր այժմ գտնվում է «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ մնաց, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։
Ընթերցողներից շատերին է ծանոթ, որ եվրոպական քաղաքների համար էլ տիպական է եղել Կենտրոնական մասի «քաղաք» անվանումը։ Իր ժամանակին Լոնդոնի և Փարիզի գործարար մասերը կոչվել են քաղաք։ Լոնդոնի համար՝ Սիթի, իսկ Փարիզի համար` Սիտե բառերն են գործածել։
Ժամանակի ընթացքում վերացավ «շահար»՝ կենտրոնի իմաստով հասկացությունը։ Նրան չվիճակվեց դառնալ քաղաքի գործարար և վաճառաշահ մասը։ Դա վիճակվեց նրանից ավելի ցածրադիր մասին, որը ժողովրդի մոտ ստացավ «Ղանթարի տակ» անունը։
Հետագայում, Երևան քաղաքի պլանավորման հետևանքով, Շահարի հիմնական մասը բաժին ընկավ Աստաֆևսկայա (ներկայումս Աբովյան) փողոցին և «շահար» անունն էլ ժամանակի ընթացքում մոռացության տրվեց։
[էջ 285]
ՔԱՐԱՀԱՆՔԻ ԹԱՂ ԿԱՄ ԴԱՄԸՌ - ԲՈՒԼԱՂ
Այս թաղը բռնել է քաղաքի հարավ-արևելյան մասը: Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ։ Անունն ինքը ցույց է տալիս, որ այստեղ եղել է քաղաքի քարահանքը։ Ինչպես շատ թաղերի անունները, այնպես էլ Քարահանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ», որը բառացի նշանակում է «երկաթ-աղբյուր»։ Այդպես է կոչվել հատկայպես քաղաքի այդ մասում եղած աղբյուրի ջրերի՝ երկաթի բաղադրություն պարունակելու պատճառով։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր իր այգիներով։
Ի դեպ, Երևանը հին ժամանակներից շրջապատված է եղել բազմաթիվ այգիներով, որոնք առանձին խմբերով գլանվելով այս կամ այն թաղի մոտ՝ կոչվել են նույն թաղերի անուններով։ Ինչպես օրինակ Կոնդի, Դալմայի, Դամըռ-Բուլաղի այգիներ. Սարդարի բաղ և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։
ԴԱՎԱ–ՅԱԹԱՂ
Ինչպես հայտնի է, Երևանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանը Անդրկովկասի հետ կապող տրանզիտային ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երևանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։ Ուղտերով Երևան են բերվել շատ բարիքներ, որովհետև այդ ժամանակ բեռնափոխությունները մեծ մասամբ կատարվել են ուղտերով։
Քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց և նորը ստանալուց հետո, քարավանատերերը գերադասում են գնալ ծայրամաս, ուր և՛ հով է եղել, և իջևանները մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի–թաղին հարող և Նար-Դոսի փողոցից այն կողմը ընկած բարձրադիր հատվածն է: «Դավա-Յաթաղ» բառը եթե
[էջ 286]
հայերեն թարգմանենք՝ կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։
ՇԻԼԱՉԻ
Երևանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաև նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երևանը։
Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան և գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ, կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ և այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գորւծարար մասում։
Առանձին է եղել նաև շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» և «շիլաչի»։
Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։
Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, բնականաբար «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան, սերունդներին թողնելով, իբրև հիշատակ, ներկա Շիլաչի անունը։
ՂԱՆԹԱՐ
Ժամանակի ընթացքում քաղաքի ամենաաշխույժ և գործարար մասը ստացավ «Ղանթար» անունը։ Նրա տեղում ներկայումս գտնվում է Կիրովի անվան մանկական զբոսայգին։ Հետաքրքիր է քաղաքի այդ մասի, անվան առաջացումը։
Ղանթար բառը արաբերեն է, որ նշանակում է «շուկայի մեծ կշեռք»։ Այդ շուկայում է եղել Երևան քաղաքի ամենամեծ կշեռքը՝ ղանթարը, որը պատկանում էր քաղաքի վարչությանը։ Քաղաքի մեծածախ առևտուրը կատարվում էր
[էջ 287]
«ղանթարով»։ Նրա տիրոջն էր պատկանում կշռելու մենաշնորհը, իհարկե ապրանքատիրոջից գանձելով համապատասխան գումար։
Հետագայում Ղանթարի գտնված վայրում կառուցվեց ծածկած շուկա, ժողովուրդը այդ շուկային նույնպես Ղանթար կոչեց։ Իսկ երբեմն էլ կոչում էին ուղղակի «Ղանթարի տակ»։ Երբ, 1906 թվականին Երևանում անցկացվեց ձիաքարշ (կոնկա), ապա Ղանթարը դարձավ նրա կենտրոնը։ Այստեղից մի գիծ գնում էր դեպի կայարան, իսկ մյուսը՝ Պլանի գլուխ։
Այսօր Ղանթարից մնացել է անունը և մակետը, որը գտնվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում:
ԲՈԻԼՎԱՐ
Բուլվար նշանակում է ընդարձակ, երկայնաձիգ ծառուղի, սովորաբար փողոցի կենտրոնում, որը ծառայում է որպես զբոսատեղ։
Բուլվար անունը մեզ է անցել ռուսերենից, բայց գալիս է ֆրանսերենից և կապված է Փարիզի զարգացման պատմության հետ։ Իր ժամանակին Փարիզից դուրս եղել են հողաթմբեր, որոնք բուլվար են կոչվել։ Ժամանակին դրանք քաղաքի համար ունեցել են պաշտպանողական նշանակություն։
Փարիզը ժամանակի ընթացքում ընդարձակվելով դուրս է եկել հին սահմաններից, իր մեջ առնելով հողաթմբերը՝ բուլվարները, որոնք կորցրել են իրենց պաշտպանողական նշանակությունը։ Դրանք հարթվել են ու ծառեր տնկվել։ Դրանցից հետո բուլվար բառը նոր իմաստ է ստացել։
Հետագայում բուլվար բառը ֆրանսերենից անցել է Ռուսաստան և լայն տարածում գտել Մոսկվայում։ Ապա արդեն ծայրամասերն է գնացել, այդ թվում հասել է նաև Երևան։
Երևանում «բուլվար» էր կոչվում քաղաքի կենտրոնական զբոսայգին, որը մի ընդարւձակ ծառուղի էր։
Ժամանակին Երևանը փոքր էր, իսկ բուլվարն էլ իր դիրքով քաղաքի նկատմամբ կենտրոնական դիրք ուներ։ Նա դարձել էր երևանցիների նախընտրելի հանգստավայրը։
[էջ 288]
Նրա սաղարթախիտ ծառերի տան հանգստանում ու զբոսնում էին քաղաքացիները, որոնց ականջին անընդհատ հնչում էին «սառը ջուր տամ», «աղբարակի ջուրը խմողը» բառերը։ Դրանք այն պատանիների խոսքերն էին, որոնք կուլաները ձեռքներին շրջում էին բուլվարով և սառը ջուր առաջարկում այգում հանգստացողներին։ Ջուր ծախելը պատանիներից շատերի համար ապրուստի միակ միջոցն էր։ Դրանք այն անապաստան երեխաներն էին, որոնց ծնողները զոհ էին գնացել թուրք յաթաղանին։
Բուլվարը սկսում էր այնտեղից, ուր հիմա բարձրանում է Լենինի արձանը։ Այստեղ էր գտնվում նաև քաղաքի «Ֆանտազիա» (հետագայում պրոլետար) կինոթատրոնը, որը տեղադրված էր քաղաքային վարչության հին շենքում։ Շենքի գլխին էր գտնվում քաղաքի ժամացույցը։ Նրա սլաքները բաց էին և նրանց վրա հաճախ նստում էին թռչունները և դրա հետևանքով ժամացույցը մի քանի րոպե տարբերություն էր տալիս։
Բուլվարի հարավային ծայրում գտնվում էր ռուսական եկեղեցին, ուր այժմ կանգնեցված է Ստեփան Շահումյանի հուշարձանը։
ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ
Յուրաքանչյուր քաղաք ունի իր նկարագիրը և տարեգիրը։ Վերջինս արտահայտվում է նաև նրա փողոցներին, հրապարակներին ու թաղերին տրվող անուններում։
Երևանը իր պատմության ընթացքում կուտակել է բազմաթիվ անուններ, որոնք տրվել են նրա թաղերին, փողոցներին և հրապարակներին։ Դրանք մնում են որպես ուղենիշ նրա պատմության գանձարանում և շատ բան են պատմում քաղաքի անցյալից և լուռ վկա դառնում նրա տարեգրությանը:
Այդպիսին է նաև Աբովյան փողոցը, որ ուրույն տեղ ունի Երևանի քաղաքաշինության պատմության մեջ։
Երևանը պատկանելով աշխարհի հնագույն քաղաքների թվին, նրանց նման էլ հասակ է առել ու ձևավորվել դարերի ընթացքում։ Այստեղ էլ կյանքը ընթացել է սահմանված
[էջ 289]
ավանդույթներով ու սովորություններով։ Ժամանակին քաղաքում շրջող ձիավորն ու հետիոտնը, սայլապանն ու ավելի ուշ շրջանում կառապանը, հարմարվել են ոչ լայն փողոցներին և համեմատաբար ոչ բարձրահարկ շենքերին։ Քաղաքի բնակիչների և փողոցային շարժման մեջ կարծես թե գոյություն է ունեցել ինչ-որ հարմոնիա։
1855 թվականին Կովկասի վախարքան (որի նստավայրն էր Թիֆլիսը) հաստատեց Երևան քաղաքի փողոցների պլանավորումը, որոնց համար սահմանվեց վեցից-քսան մետր լայնություն։ Քսան մետր լայնությամբ փողոց նկատի ունեցան միայն Աստաֆևսկայայի (Աբովյանի) համար, իսկ մյուսների համար պահպանվեց միջինը՝ տասներկու մետր։ Ներկա Աբովյանը դարձավ քաղաքի անդրանիկ և գլխավոր փողոցը։
Երևանի առաջին գլխավոր և պլանով կառուցված փողոցը՝ ներկայիս Աբովյանը, ունի ավելի քան մեկ դարի պատմության։ Սկզբում կոչվել է Աստաֆևսկայա, ի պատիվ Երևանի նահանգապետի՝ Աստաֆևի, որն այդ պաշտոնը վարել է 1864--1869 թվականներին։
Չնայած փողոցը պաշտոնապես Աստաֆևսկայա էր կոչվում, բայց երևանցիները անվանում էին իրենց եղանակով` «ևսկայա» մասնիկը դարձնելով «յան»։ Դրա համար էլ Երևանի առաջին և գլխավոր փողոցը ավելի շատ հայտնի դարձավ Աստաֆյան անունով։
Ի դեպ, Աստաֆևսկայա փողոցին հարող, միաժամանակ քաղաքի աչքի ընկնող փողոցները եղան Նազարովսկայա (Ամիրյան), Բ֊եբուտովսկայա (Սվերդլովի) և Ցարսկայա (Սպանդարյան) փողոցները։ Ի դեպ, վերջինս՝ Ցարսկայա «թագավորական» անվանումը կապված է Նիկոլայ առաջինի Երևան գալու հետ, որը այստեղ եկավ 1830 թվականին, այսինքն Երևանը ռուսական բանակի կողմից գրավելուց մոտ չորս տարի հետո1։ Թագավորը երեք օր մնաց Երևանում՝ այս փողոցի Կոնդին հարող բարձրադիր մասում, ուր նրան հատկացված էր հարմարավետ մի բնակարան:
---------------
1 Ռուսական բանակը Երևանը գրավել է 1827 թվականի հոկտեմբերի 1-ին։
[էջ 290]
Աստաֆևսկայա փողոցը ժամանակին դարձավ Երևանի ամենաբարեկարգ փողոցը։ Նրա երկու կողմերում հոսում էին կարկաչահոս առուներ, որոնց ջրերով ամառը ջրում էրն փողոցը և այն բարդիները, որոնք բարձրանում էին փողոցն ի վեր և նրան տալիս առանձին գեղեցկույթյուն։ Բայց ափսոս, որ այդ ծառերին վիճակված չէր երկար կյանք ունենալ։ Պատճառը եղավ հետևյալը։ Երբ Երևանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկոյան դուրս է եկել Աստաֆևսկայա փողոցում զբոսնելու, բարդիների արանքից նրա վրա կրակել են։ Եվ այդ բանից տուժեցւին փողոցը գարդարող հոյակապ բարդիները, նահանգապետի հրամանով դրանք անխնա կտրատվեցին։ Միայն մի քանիսն են փրկվել, որոնք պահպանվում էին համալսարանի հին շենքի դիմացը և Ստեփան Շահումյանի անվան քաղաքական լուսավորության հանրապետական տան շենքի առջև, ուր այդ բարդիներից մեկը որպես «վերջին մոհիկան» կանգուն էր մինչև վերջերս։
Ինչպես ասվեց, Աստաֆևսկայա փողոցը եղավ Երևանի առաջին պլանավորված փողոցը։ Այստեղից էլ «պլան» բառը երևանցիների մոտ ստացավ ավելի շուտ փողոցի իմաստ (իհարկե պլանավորված փողոցի)։ Այնպես որ ժամանակին երևանցիները «պլան» ասելով նկատի էին ունենում առաջին հերթին Աստաֆևսկայա փողոցը։ Դրա հետ մեկտեղ գործածական դարձավ նաև «Պլանի գլուխ» անունը, որը Աստաֆևսկայա փողոցի վերին մասն էր։ Ի դեպ, ներկայումս այդ տեղը կոչվում է Աբովյան պուրակ, ուր կանգնեցված է մեծ լուսավորչի արձանը։ «Պլանի գլխով» էլ փաստորեն վերջանում էր Երևանը (չհաշված բարձրադիր մասի մի քանի տներ) և սկսվում Քանաքեռ տանող խճուղին։
Աստաֆևսկայան դարձավ քաղաքի աշխույժ փողոցը։ Այստեղով էր անցնում քաղաքի ձիաքարշը (կոնկան), որը հարմարեցված էր ավելի շատ ուղևորների պահանջին և կանգնում էր այնտեղ, ուր պահանջում էին։ Ձիաքարշի գլխավոր ուղին սկիզբ էր առնում «Ղանթարի տակից» և հասնում «Պլանի գլուխ»։ Իսկ երկրորդ գիծը դարձյալ սկսում էր նույն տեղից և գնում երկաթուղային կայարան։ Երևանում ձիաքարշի շինարարությունը սկսվեց 1904 թվականին և շահագործման հանձնվեց 1906 թվականին։ Ձիաքարշը աշխա–
[էջ 291]
տեց ընդամենը տասներկու տարի։ 1918 թվականին ձիաքարշն արդեն չէր գործում։ Դրանից հետո Աբովյան փողոցը երկար ժամանակ դարձավ քաղաքի խաղաղ մասերից մեկը, որտեղով նույնիսկ կառքեր չէին անցնում։ Երեկոյան ժամերին փողոցը վերածվում էր մարդաշատ և աշխույժ զբոսավայրի։ Հատկապես ամռան և աշնան ամիսներին, այն էլ երեկոյան ժամերին։
1933 թվականի հունվարի 12-ին առաջին տրամվայը անցավ նախկին Աստաֆյան, այժմ արդեն Աբովյան փողոցով։ Դրանից հետո երևանցիները զրկվեցին իրենց ավանդական զբոսավայրից։ Չնայած հետագայում տրամվայը հանվեց Աբովյանից, բայց էլ չվերականգնվեց փողոցի երբեմնի անդորրությունը։ Նա այլևս զբոսավայր լինելու տվյալներ չունեցավ։
Անցյալում, ներկայիս Աբովյան փողոցում էին գտնվում քաղաքի ճարտարապետական հնագույն կոթողներից երկուսը՝ Պողոս-Պետրոսո և Կաթուղիկե եկեղեցիները, որոնք դասվում էին Հայաստանի նյութական կուլտուրայի հնագսւյւն հուշարձանների շարքին։ Պողոս-Պետրոս եկեղեցին հինգերորդ դարի, իսկ Կաթուղիկեն տասներեքերորդ դարի կոթողներ էին։ Առաջինը գտնվում էր ներկա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, իսկ երկրորդը՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների անկյուններում գտնվող Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի տեղում։ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց 1933 թվականին և նրանից հետք չմնաց, իսկ Կաթուղիկեն համեմատաբար ավելի ուշ, որից պահպանվեց խորանը և հովհարաձև գմբեթը, որը կարելի է տեսնել Հայկական ՍԱՀ Գիտությունների ակադեմիայի հին շենքի բակում։ Թե Պողոս-Պետրոս և թե Կաթուղիկե եկեղեցիները մուտքի առաջ ունեին ոչ մեծ հրապարակ, ուր տոնական օրերին մեծ բազմություն էր հավաքվում։
Աբովյան փողոցի վրա ժամանակին կառուցեցին նոր նախագծով մի քանի գեղեցիկ քարաշեն տներ, դրանցից մեկը բժիշկ Հովհաննիսյանի տունն էր, որը այսօր էլ քաղաքի գողտրիկ շենքերից է։ Այստեղ այժմ տեղավորված է Արտասահմանի հետ բարեկամական և կուլտուրական կապերի հայկական ընկերությունը։ Տիպական է նաև Աբովյան
[էջ 292]
և Պուշկինի փողոցների անկյունի շենքը, որը այսօր էլ չի կորցրել իր հմայքը։ Աչքի ընկնող շենքերից էր նաև սև տուֆից կերտված մեծ շենքը, որի տեղը այժմ բարձրանում է «Անի» հյուրանոցը։
Անցյալում, Աբովյանը զարդարում էր նաև կուլտուրայի տունը, ուր այսօր գտնվում է պատկերասրահը, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը և թանգարանը, որով և վերջացնում էր Աբովյան փողոցը։
Կուլտուրայի տան անկյունում փակցված է մեծ Լուսավորչի խորաքանդակը և երեք լեզուներով «Աբովյան» մակագրությունը։ Քիչ այն կողմ էլ «յոթ աղբյուրի» գաղափարի խորհրդանշումն է թանգարանի անկյունում կառուցված յոթ ցայտաղբյուրներում։
Աբովյան փողոցի հիմնադրման օրվանից շատ «ջրեր են հոսել», Երևանի կյանքում էլ շատ բան է փոխվել, բայց և այնպես Աբովյանը շարունակում է պահել իր հմայքը։ Փողոցը հարստացել է հոյաշեն տներով ու խանութներով, իսկ փողոցի միջին մասում կառուցված կանաչապատումը, զարդարուն ավազանների ստեղծումը լրացնում են նրա գրավչությունը։
ԻՆՉՊԵՍ է ԱՌԱՋԱՑԵԼ ՉԵՐՅՈՄՈԻՇԿԻ ԱՆՈԻՆԸ
Ժամանակի ընթացքում Երևանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրագդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ և թե Չերյոմուշկի անունով։ Աջափնյակի բացատրություն տալիս է հենց ինքը անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։
Չնայած թաղի պաշտոնական անունը Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։
Չերյոմուշկի անունը Երևան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձևով։
Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր
[էջ 293]
աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին և ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սև գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը։
Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց և քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, ապա այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։
Այդ երևույթը իր արտացոլումը գտավ նաև Երևանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով, և թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում Էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երևանի նորաստեղծ Աջափնյակ թաղը «Չերյոմուշկի» անվանեցին։
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
Այս անունները հաճախ են հնչում մեր ականջին։ Ամեն օր տրամվայ նստելիս, կամ հաջորդ տրամվային սպասելիս լսում ենք «Տրամվայը գնում է «Առաջին մաս» կամ թե «Առաջին մասով՝ Երրորդ մաս»։
Հարց է առաջ գալիս, թե որտեղի՞ց են գալիս այդ անունները, ինչո՞ւ չկա «Երկրորդ մաս», կամ գուցե եղել է նաև «Չորրորդ մաս»։
Այո, իրականում եղել են «չորս մասերն» էլ, բայց մնացել են միայն երկուսը՝ «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անունները։
Նախ ասենք, որ այդ անունների առաջացումը անմիջապես կապված է քաղաքում ծավալվող շինարարական տեղամասերի շահագործման հերթականոնթյան հետ։
Դա կատարվել է այսպես։ 1932 թվականին, Երևան քաղաքի հարավ–արևմտյան մասում, այլ խոսքով ներկայումս «Կաուչուկ» անունը կրող թաղամասում ծավալվեցին շինարարական մեծ աշխատանքներ։ Այդ աշխատանքները առա–
[էջ 294]
ջին հերթին կապված էին սինթետիկ կաուչուկի արտադրության ստեղծման հետ։
Երևանում սինթետիկ կաուչուկի գործարան կառուցելու համար ծավալվեցին շինարարական խոշոր աշխատանքներ։ Բնական է այդ նպատակով պետք է կառուցվեին նաև բնակելի և օժանդակ շենքեր։
Այստեղից էլ հերթականությամբ ստեղծվեցին շինարարական տեղամասեր՝ «Առաջին մաս», «Երկրորդ մաս», «Երրորդ մաս» և վերջապես «Չորրոդ մաս» անուններով։
Շինարարությունը ավելի շատ ծավալվեց «Առաջին» և «Երկրորդ մասերում»։ Եվ քանի որ «Առաջին մասում» (շինարարական տեղամասում) կաուչուկե գործարանն էր կառուցվում, իսկ «Երրորդ մասում» ծավալվել էր բնակելի շենքերի շինարարությունը, այդ պատճառով քաղաքի թաղամասերի շարքում հավերժացան և պատմական անուններ դարձան «Առաջին մաս» և «Երրորդ մաս» անվանումները։
«Երկրորդ մասում» գնում էր ներկա Խրոմպիկի գործարանի շինարարությունը։ Ինչ վերաբերում է «Չորրորդ մասին», ապա դա փաստորեն «Առաջին մասի» շարունակությունն էր, ուր գտնվում էին օժանդակ շենքեր։
Հետագայում տեխնոլոգիան փոխվելու հետևանքով, Խրոմպիկի գործարանը անջատվեց և «Երկրորդ մաս» անունն էլ դուրս եկավ գործածությունից։ Իսկ «Չորրորդ մասը», որը «Առաջին մասի» շարունակությունն էր՝ ժամանակի ընթացքում ձուլվեց նրա հետ։
ԿԱՆԱԶ
Երևան քաղաքի թաղամասերից մեկը կոչվում է «Կանազ»։ Այս անունը պատկանում է հապավումային ձևով առաջացած աշխարհագրական անունների թվին, որոնց կարելի է հանդիպել շատ քաղաքներում։ Այդ անունները ավելի շատ կապված են արդյունաբերական կամ շինարարական օբյեկտների հետ։ Երևանում այդպիսի հապավումային տեղանուններից է «Կանազ»–ը։
[էջ 295]
Երևանում այս անվան առաջացումը կապված է ալյումինի արդյունաեբության ստեղծման պատմության հետ։ Ինչպես հայտնի է ալյումինը ստացվում է բոքսիտից, որը իր արտաքին տեսքով շատ նման է գորշ կավին։ Բոքսիտից ստացվում է ալյումինի օքսիդ (глинозем) և ապա էլեկտրականության միջոցով՝ ալյումին։
Հայտնի է, որ արդյունաբերության այս ճյուղը պահանջում է մեծ չափով էլեկտրակաւն էներգիա և բնական է, որ նրա արդյունաւբերությունը սովորաբար ստեղծվում է այնտեղ, որտեղ որ կա ավելի էժան էլեկտրաէներգիա։
Ալյումինի գործարանի հիմքը դրվեց 1939 թվականին, Երևանի հյուսիսային մասում, Քանաքեռ բնակավայրի հողամասում։ Այն ժամանակ, երբ գործարանը հիմնադրվեց, Քանաքեռը դեռ միացած չէր Երևանին։ Նրանից բաժանվում էր ավելի քան յոթ կիլոմետր տարածությամբ։ Քանաքեռը վարչական առանձին միավոր էր և համարվում էր Կոտայքի շրջանի կենտրոնը։ Ահա այդ բնակավայրերի սահմանում էլ կառուցվեց ալյումինի խոշոր գործարան, որը բնականաբար պետք է կոչվեր Քանաքեռի ալյումինի գործարան։
Գործարանը լինելով միութենական մասշտաբի և ենթարկվելով ՍՍՀՄ-ի գունավոր մետալուրգիայի մինիստրությանը, նրա անունը ավելի շատ հայտնի դարձավ ռուսերեն հապավումով։ Այսինքն՝ «ԿԱՆԱԶ», որը ռուսերեն «Канакерский алюминиевый завод» անվանման հապավումն է։ «Կանազ» հապավումը դարձավ նաև գործարանի մակնիշը։
Ի դեպ, ալյումինի արդյունաբերության նման հապավումով ստեղծված գործարանի անուն կա Ուրալում և կոչվում է «ՈՒԱԶ», այսինքն Ուրալի ալյումինի գործարան։
Հետագայում, «Կանազ» անունը տարածվեց գործարանին կից կառուցումների և ապա ամբողջ շրջակայքի վրա։ Ներկայումս այդ անունով, փաստորեն կոչվում է Երևան քաղաքի թաղամասերից մեկը։ Այնպես որ «Կանազը» ներկայումս դարձել է երևանյան հասկացություն, ներկայացնելով ոչ
[էջ 296]
միայն ամբողջական կոմպլեքս, ընդգրկելով գործարանն ու նրա օժանդակ շենքերը, այլև մի ամբողջ թաղ։
ԱՎԱՆ
Ավան անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։
Անվան բառը հայերենում փոխառված է պահլավերենից: Նա ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում, սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Ավան մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձևով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան և այլ անուններ։
Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Նա դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից՝ Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։
Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519— 602) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Դրա համար էլ ասում են հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն՝ հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր տաճարը: Այդ առթիվ ճարտարապետ Թ. Թորամանյանը գրում է՝ «Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որով–
[էջ 297]
հետև Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածինի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին ևս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձևը, իբրև կաթողիկոսական լուսավորչական ձև»։
Ավանը իր ժամանակին եղել է շատ բազմամարդ և ընդարձակ բնակավայր, ունեցել է ուրիշ եկեղեցիներ ու վանքեր, որոնց փլատակներն են մեզ հասել, որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։
Ավանը մեր քաղաքի նվիրագործված աշխարհագրական անուններից է և հավերժ կմնա Երևանի տարեգրության մեջ:
* * *
Վերը նշված Երևանի հնագույն տեղանուններից շատերը ժամանակի ընթացքում մոռացվեցին։ Այդ տեղանուններից ավելի երկարակյաց եղան և սերնդեսերունդ անցան՝ Կոնդ, Շիլաչի, Պլանի գլուխ անունեըը։ Հետագայում դրանց ավելացան «Առաջին մաս», «Երրորդ մաս» և «Կանազ» անունները։
Վերջապես Երևանի թաղամասերը նոր տեղանուններ ստացան, որոնք արդեն կապված են հայ ժողովրդի մի զգալի մասի՝ հայրենիքում վերահաստատվելու հետ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 |
Տես նաև |
Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян |