ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 3]

ԿԱՄՍԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

1950 թվականի հուլիսյան մի առավոտ «Պետհրատի» մանկապատանեկան գրականության խմբագրություն մտավ միջահասակ, թիկնեղ մի մարդ, հնամաշ պայուսակը ձեռքին: Դիմագծերը խոշոր էին, կոպիտ-գեղջկական, շարժումները փոքր-ինչ վեհերոտ անհամարձակ: «Ես ձեզ համար գիրք եմ գրել, տեսեք, թե որ բանի նման է...»: Եվ, պայուսակից հանելով թերթի մեջ ծրարած ձեռագիրը, դրեց սեղանին ու գնաց: Ծանոթացան ձեռագրին՝ «բանի նման էր»: Գիրքը կոչվում էր «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ» և հետաքրքրաշարժ ձևով պատմում Էր Կոլումբոսի, Վասկո դա Գամայի, Մագելանի և ուրիշ նշանավոր ճանապարհորդների մասին: Գիրքը արժանացավ պատանի ընթերցողների ջերմ ընդունելության, մամուլը դրվատանքի խոսքեր ասաց:

Այսպես փոքր-ինչ տարօրինակ ձեով սկսվեց «Պետհրատի» և աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանի ծանոթությունը, որը շուտով վերածվեց բարեկամության: Գիտնականը գլխովին տրվեց իր սիրած գործին ու պատանի ընթերցողի գրադարանը հարստացրեց մեկ տասնյակից ավելի գիտահանրամատչելի գրքերով: «Ինչ է պատմում քարտեզը», «Տոթակեզ աշխարհամաս», «Ասիայի երկրներով», «Արևմտյան կիսագնդի երկրներով», «Արևելքի մարգարիտը», «Իմաստուն խոսքերի աշխարհում», «Աշխարհագրական անունների բացատրական բառարան», «Հրաշալիքների աշխարհում», «Երևանի պատմությունը անունների մեջ» — ահա ոչ լրիվ ցանկը այն գրքերի, որ Կամսար Ավետիսյանը

[էջ 4]

դրել է ընթերցողի սեղանին: Ինչպես տեսնում ենք, ընդգրկումը բավական մեծ է, թեմաները՝ բազմազան: Այդպիսի գրքեր գրելու համար ոչ միայն շնորհք է հարկավոր, այլև փաստերի վիթխարի կուտակում: Իսկ այդ փաստերը Կամսար Ավետիպանը սկսել է կուտակել պատանեկան վաղ տարիներից, երբ դեռևս ուսանում էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Կամսար Ավետիսյանը ծնվել է 1905 թվականի մայիսի 2-ին, Բագրևանդի գավառի Հին Բայազետ քաղաքում: Նրա հայրը համեստ արհեստավոր էր՝ գլխովին թաղված ընտանեկան հոգսերի մեջ: Կովկասահայ մի ուսուցչուհի բախտորոշ դեր է խաղում ապագա գիտնականի կյանքում՝ ուսումնատենչ պատանուն բերում է Թիֆլիս ու տեղավորում Ներսիսյան դպրոցում: Դա 1915 թվականի աշնանն էր: Ներսիսյան դպրոցում շուտով երևան են գալիս Ավետիսյանի աշխարհագրական նախասիրությունները: Աշխարհագրության ուսուցիչներ Արտաշես Աբեղյանը և Հակոբ Էլիբեկյանը խրախուսում են նրան: Ավետիսյանը վերհիշում է. «Մի անգամ, երբ դասը պատմեցի–վերջացրի, Էլիբեկյանը դասարանի առաջ գրկեց ինձ ու բացականչեց. «Շատ ապրես, Կամսար, դու լավ աշխարհագրագետ կդառնաս»: Պատանու մեջ գնալով ամրապնդվում է գիտությանը նվիրվելու ձգտումը: 1932 թվականին նա ընդունվում Է Երևանի պետական համալսարանի նորաբաց աշխարհագրության ֆակուլտետը և 1937-ին հաջողությամբ ավարտում: Նույն թվականից նա արդեն աշխարհագրություն է ավանդում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Սկսվում է Ավետիսյանի մանկավարժական բեղմնավոր գործունեությունը, որը տեում է ավելի քան երեք տասնամյակ: 1947 թվականին նա պաշտպանում է թեկնածուական դիսերտացիա «Արևմտյան Հայաստանի բնաշխարհը» թեմայով:

Պատանիների համար գրելու միտքն ինչպե՞ս է ծագում գիտնականի մոտ: Մի տեղ նա բացատրում է. «Իմ աշխատանքը այնպես դասավորվեց, որ ես շատ մոտ կանգնեցի դպրոցին: Տարվա համարյա կեսը անց էի կացնում դպրոցում, ղեկավարելով ուսանողների պրակտիկան՝ աշխարհագրության գծով: Այստեղից էլ իմ մեջ միտք ծագեց օգնել

[էջ 5]

դպրոցին նաև գրելով»: Ահա այսպես ծնվեցին այն գրքերը, որ քիչ աոաջ թվարկեցինք:

Ո՞րն է այդ գրքի հիմնական արժանիքը, ինչի՞ շնորհիվ են դրանք դարձել պատանի ընթերցողի անբաժան ուղեկիցները: Գիտելիքների այն հարուստ, անսպառ պաշարի շնորհիվ, որ հեղինակը շռայլորեն փռում է նրա առաջ: Գիտնականի հետ մենք անցնում ենք երկրե–երկիր, լողում ծովերով, օվկիանոսներով, գետերով ու լճերով, տեսնում երկրագնդի բուսական ու կենդանական աշխարհը, ծանոթանում ազգերին, ցեղերին ու ցեղախմբերին, նրանց ստեղծած նյութական արժեքներին, հիանում մարդկային հանճարի անմեռ կոթողներով, նկարչության, քանդակագործության, ճարտարապետության անանց արժեքներով:

Սակայն, ինչպես ամեն կարգի գիտելիքներ, այնպես էլ աշխարհագրական գիտելիքներ հաղորդելիս կարևոր նշանակություն ունի մատուցման եղանակը: Այստեղ էլ Կամսար Ավետիսյանը աչքի է ընկնում շահեկան մի հատկությամբ. նա պատմում է հասարակ, անպաճույճ լեզվով, ասես մտերմիկ զրույց է վարում ընթերցողի հետ: Ասելիքը մշտապես համեմում է ժողովրդական բառ ու բանի կենդանի դարձվածքներով, հարմար պահին դիմում թևավոր խոսքերի, առածների, երբեմն էլ նովելատիպ պատմությունների օգնության: Տարիների ընթացքում նա իր մեջ ամբարել է ժողովրդական զրույցների, անեկդոտների, աֆորիզմների մի ամբողջ շտեմարան և գիտե դրանք տեղին ու ժամանակին օգտագործել:

Գիտնականը առանձին «թուլություն» ունի արվեստի գործերի հանդեպ: Նրա բնակարանի պատերը ծածկված են մեծ նկարիչների կտավների ընտիր վերատպություններով: Նրա անձնական գրադարանը հարուստ է նշանավոր արվեստագետներին նվիրված մենագրություններով: Հնդկաստան կատարած ուղևորությունից նա իր հետ բերեց հռչակավոթ Թաջ–Մահալի մարմարե մակետը միայն: «Հրաշալիքների աշխարհում» գիրքը ամբողջովին նվիրված է արվեստի ստեղծագործություններին: Այստեղ մեծ սիրով ու իմացությամբ նկարագրված են աշխարհի «յոթ հրաշալիքները»՝ Քեոփսի բուրգը, Ալեքսանդրիայի փարոսը, Շամիրամի կախյալ պարտեզները,

[էջ 6]

Հռոդոսի արձանը, Մավզոլ թագավորը Դամբարանը, Զևսի արձանը և Արտեմիդայի տաճարը, ինչպես և «ութերորդ հրաշալիքները» — եգիպտական Սֆինքսը, Նեֆերտիտին, Աջանտայի ու Էլլորայի ժայռակերտ կոթողները, Չինական մեծ պարիսպը, Լաոկոոնի արձանախումբը, Պիզայի թեք աշտարակը և այլն, և այլն։ Այսպիսով, Ավետիսյանի աշխատությունները գիտելիքներից բացի, ընթերցողի մեջ գեղեցկի ճաշակ են սերմանում, օգնում ավելի խորը ըմբռնելու արվեստի նշանավոր ստեղծագործությունները։

Վերին աստիճանի ուսանելի է այն անմնացորդ նվիրումը, որով Կամսար Ավետիսյանը, սկսած աշակերտական նստարանից, ծառայեց ընտրած գիտությանը։ «Զարմանաւլիորեն շատ եմ սիրել ու սիրում եմ այդ հրաշք–գիտությունը,— գրում է գիտնականը։— Եվ եթե ինձ բախտ վիճակվեր նորից սկսել ուսումս, ապա կսկսեի աշխարհագրությունից»։

Այս գիրքը տաղանդավոր գիտնականի ու գրողի կարապի երգն է, որի վրա նա աշխատեց մինչև իր կյանքի վերջին օրերը՝ մինչև 1976 թվականի հոկտեմբերի 24-ը։ Գիտնականի մահից հետո գիրքն իր ավարտին հասցրեց նրա կյանքի ընկերը, մշտական օգնականն ու քարտուղարուհին՝ Ասպրամը, որի անունը, Կամսար Ավետիսյանի անվան հետ կողք-կողքի, պսակում է «Հայրենագիտական էտյուդների» ճակատը։

ԽԱՉԻԿ ՀՐԱՉՅԱՆ

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice