ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ
[էջ 218]
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԸ
Անհիշելի ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։
Հատուկ տոներ են եղել, որոնք ժողովուրդը Ծաղկազարդ կամ Ծառազարդ է անվանել։
Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ անունով, կապված է ծառի պաշտամունքի հետ։ Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է և մինչև մեր օրերը։ Իր ժամանակին սովորություն էր նաև Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ զարդարելը, որից մնացել են մի քանի ավանդություններ: Այսպես օրինակ, նախապես առնելով աղջկա ծնողների համաձայնությունը, տղայի մայրը կամ մի մոտ ազգական կին, Ծաղկազարդի ծառի վրա վառվող մոմերից վառելով մի մոմ, որի վրա մատանի էր անցկացված լինում, տանում և լռելյայն տալիս էր իր ուզած աղջկան, և այդ աղջիկը համարվում էր նշանված։
Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ «Կենաց ծառ», «Գիտության ծառ»։
Տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր ծառեր են սրբագործվել։ Ասենք, հնդիկները՝ թզենին, փյունիկեցիները՝ մայրին1, Հռոմում՝ կաղնին, Հունաստանում՝ դափնին ու ձիթենին և այլն։ Հույները դափնին և ձիթենին համարել են
----------------------
1 Պատմական Փյունիկիայի տեղում այժմ գտնվում է Լիբանանը, որի պետական գերբը դարձել է մայրի ծառը։
[էջ 219]
իմաստնության, խաղաղության և փառքի խորհրդանիշ։ Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթողներին դափնու և ձիթենու պսակներ էին շնորհում։
Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։
Այդ անտառում աճել են սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։
Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունին։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Անուշավանը և կրում էր Սոսանվեր մակդիրը։
Նվաճողները կտրատել և ոչնչացրել են այդ հոյակապ պուրակը, այնպես, որ Սոսյաց անտառից լոկ անունն է մնացել։
Ինչ վերաբերում է բարդի ծառին, ապա Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ից տեղեկանում ենք, որ արևորդիք1 Սամոսատում մեծարում էին բարդին։
Անտառի կամ ծառի պաշտամունքին անդրադարձել են նաև մեր պատմաբանները, որոնք խոսում են այն մասին, որ մեր նախնիները Ատիս աստվածուհու տոնին նվիրված օրը, առավոտյան վաղ, արևից առաջ գնում էին սրբազան անտառ և ծիսակատարությամբ ծառից պոկում մի ճյուղ։ Ծառը զարդարում էին շորի պատառիկներով, ճյուղերից
-----------------------
1 Արևորդիք — Միջագետքում ապրող հայեր, որոնք երկար ժամանակ արևապաշտ էին մնացել և միայն ԺԲ դարում, Ներսես Շնորհալու ժամանակ, ընդունեցին քրիստոնեությունը։
[էջ 220]
կախում էին հովվական ցուպ, սրինգ, թմբուկ, որոնք համարվում էրն Ատիսի խորհրդանիշներ։
Անտառի պաշտամունքի հետ են կապված խոր անտառ ներում, հեթանոսանան մեհյանների կառուցումը։ Այդ ավանդույթը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի («Անտառի տաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։ Ի դեպ, Խոսրովի անտառը ներկայումս ներգրավված է համանուն արգելավայրի սահմաններում և գտնվում է Արարատի շրջանում։ Հիշատակության արժանի են նաև Հաղարծինն ու Մակարավանքը, որոնք գտնվում են Իջևանի շրջանում։ Առաջինը տեղադրված է Դիլիջանի զովասուն անտառում, երկրորդը՝ Իջևանի։
Ծառի պաշտամունքը եղել է նաև մոտ անցյալում: Պատանեկան տարիներից հիշողությանս մեջ մնացել են այն մենավոր ծառերը (Բագրևանդի գավառ), որոնց մոտ ճամփորդները կանգ էին առնում, կտրում երեխաների կամ իրենց հագուստից մի կտոր, թեկուզ մի թել և կապում այդ ծառերին։
Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս։ Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ:
1 | 2
| 3 | 4
| 5 | 6
| 7 | 8
| 9 | 10 | 11
| 12 | 13 | 14
| 15 | 16 | 17
|
18 | 19 | 20 | 21
| 22 | 23 | 24
| 25 | 26 | 27
| 28 | 29 | 30
| 31 | 32 | 33
|
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979 |
Տես նաև |
Филип Марсден
— Перекресток: Путешествие среди армян |