ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 143]

ԳՈՐԻՍ

Սիսիանից եկող խճուղին, նախքան Գորիս մտնելը, անցնում է ընդարձակ, ջրազուրկ մի մեծ տարածությունով՝ Սիսիանի ապա Եռաբլուրների (Ուչթափա) սարահարթով։

Վերջապես մոտենում ենք Զանգեզուրի գեղեցկուհուն՝ Գորիսին։ Բարձունքից դիտողի առջև բացվում է Գորիսի ամբողջական համայնապատկերը, արը արտակարգ գեղեցիկ է։

Գորիսի շրջակայքը լի է արտասովոր աշտարակներով, ամրոցներով, բուրգերով, քարանձավներով, անդրջրհեղեղյան քարակերտ հրաշալիքներով։ Այս բոլորը «արվեստագետ» քամու խաղ է, որը Գորիսի փուխր ապարների մեջ գտել է իր «ստեղծագործության» համար հարմար նյութ։

Քաղաքը փռված է ընդարձակ, անտառապատ լեռներով

[էջ 144]

շրջապատված Վարարակ (Գորիս) գետի ծառազարդ հովտում։

Գորիսը մեր հանրապետության ամենաբարեկարգ և ճարարապետական ամբողջական նկարագիր և կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրերից մեկն է։

Ժամանակագրական տեսակետից քաղաք կարելի է ասել Նոր Գորիս, որովհետև Հին Գորիսը, կամ ինչպես ասում են՝ Կյորեսը գտնվում է ավելի բարձր, չորս կիլոմետր հեռու: Նախատեսվում է պահպանել այղ ժայռափոր բնակավայրը, որը ոչ միայն պատմական հնություն է, այլ կարևոր է նաև զբոսաշրջիկներին սպասարկելու տեսակետից։

Ինչով բացատրել, որ Գորիսը եղել է և շարունակում է մնալ մեր հանրապետության ամենաբարեկարգ և ճարտարապետական ամբողջական կոլորիտ ունեցող գեղեցիկ բնակավայրը։ Դա ոչ միայն բացատրվում է նրա դիրքի հարմարավետությամբ, այլև նրա քաղաքաշինության պատմությամբ, որը շատ հետաքրքիր է։ Քաղաքը հիմնադրվել է 1870 թվականին, որից հետո դարձել է Զանգեզուրի գավառականկենտրոն։

Գորիսի հատակագծումը ժամանակին, Զանգեզուրի պայմաններում, առաջադիմական մեծ երևույթ էր, և եղել է այն ժամանակվա Զանգեզուրի գավառապետի՝ Ստրացկու նախաձեռնությունը։ Իսկ քաղաքը այդ տեղում հիմնադրվել է մելիք Մանուչարի հորդորանքով։

Իրերի բերումով Զանգեզուրի գավառապետի աներոջ որդին լինում է ճարտարապետական ֆակուլտետի վերջին կուրսի ուսանող։ Նա ամառը հյուր է գալիս քրոջ մոտ։ Ստրացկին իր երիտասարդ բարեկամին խորհուրդ է տալիս, որ նորաստեղծ քաղաքի պլանավորումը դարձնի իր դիպլոմային աշխատանքի թեման։ Եվ խոստանում է, որքան որ մնա գավառապետի պաշտոնում, միշտ կհետևի, որ նորաստեղծ քաղաքը կառուցվի այդ նախագծով։ Կարճ ժամանակամիջոցում երիտասարդ ճարտարապետի նախագծով կառուցվում է Նոր Գորիսը։ Ստացվում է շատ գեղեցիկ ու գողտրիկ մի քաղաք։

Հիանալի տեսարան է բացվում նաև քաղաքի առանձին մասերից։ Այդպես է Ղափան տանող ճանապարհի տեսա–

[էջ 145]

րանը։ Գորիսից Ղափան տանող ճանապարհը կտրում անցնում է Որոտանի հովիտը և բարձրանում Բարգուշատի լեռնաշղթայի լանջը։ Սկսվում է Զանգեզուրի ամենալեռնոտ մասը։ Այստեղ, ինչպես նաև Վայքում, հաճախ հանդիպում ենք «ձոր» մասնիկով ավարտվող տեղանունների։

Գորիս այցելողներին զարմանք են պատճառում նրա շրջակայքի բնության հրաշակերտ քարաբուրգերը, բարձրաբերձ ժայռերը, որոնք քարացած անտառի տեսք են տալիս։ Դրանք Զանգեզուրի բնության ստեղծագործություններից են։ Այդ բանը լավ է երևում Խնձորեսկ գնալիս, որի ճանապարհը ոլորապտույտ է և անցնում է «ցից ժայռերի» մոտով։ Բնության այդ քմահաճ ստեղծագործությունները հանդես են գալիս մերթ առանձին, մերթ խմբերով։

Գորիս այցելող զբոսաշրջիկները, ինչ խոսք, առաջին հերթին ձգտում են լինել Տաթևի վանքում։ Ասենք, որ Տաթև գնալու համար կարելի է և չմտնել Գորիս։ Սիսիանից կամ Ղափանից եկող ճանապարհը առանց Գորիս մտնելու, շարունակվում է Շինուհայր (Շնհեր) և ապա Տաթև։

Գորիսից տասնհինգ կիլոմետր հյուսիս–արևելք, Խնձորեսկ գետի ձորում գտնվում է Խնձորեսկ գյուղը։ Հին Խնձորեսկը ամբողջությամբ կառուցված է «քարատակերից», ինչպես անվանում են տեղացիները։ Քարատակերը Զանգեզուրում շատ տիպական են և իրենցից ներկայացնում են բուրգեր։ Նման քարատակեր շատ կան հին Գորիսում և հին Խնձորեսկում։ Քարատակերը եղել են բնակարաններ ժայռի մեջ։ Յուրաքանչյուր տուն ունեցել է դուռ, լուսամուտ և երդիկ։ Դռների և լուսամուտների մի մասը գտնվում են գետնից չորս–հինգ մետր բարձրության վրա։ Մարդիկ նման բնակավայրեր մտնելու համար օգտվել են պարանից գործված սանդուղքներից։ Տեղացիների տվյալներով մինչև վերջին ժամանակներս գյուղը ունեցել է 700—800 տնտեսություն։ Բնակիչները հին Խնձորեսկը թողել և ձորից դուրս են եկել միայն վերջերս, այն է՝ 1950–ական թվականներից սկսած։ Ներկայումս հին Խնձորեսկից վեր գտնվում է նոր Խնձորեսկը՝ բարեկարգ, երկհարկանի և անգամ եռահարկ շենքերով։

Սակայն հին Խնձորեսկը մնում է որպես նվիրական վայր,

[էջ 146]

որովհետև գյուղի Անապատ կոչված տեղում է թաղված Դավիթ Բեկի զինակից, հետագայում նրա հաջորդ՝ Մխիթար սպարապետը։ Սպարապետի գերեզմանը գտնվում է Խնձորեսկ գետի ձախ ափին, հին տաճարի պարիսպների մոտ։ Դամբարանը զարդարված է սպարապետի ձիավոր պատկերով, ունի արձանագրություն։ Ի դեպ, այդ նույն գերեզմանատանն են թաղված նաև Խնձորեսկի Մելիք Բարխուդարը և նրա դուստր Գոհարը։

Գորիսի շրջանի պատմական հուշարձաններից է նաև Հարանց անապատ կոչվող վանքը, որ գտնվում է Որոտանի կիրճի աջ ափին՝ Հալիձոր գյուղի դիմաց տարածվող անտառապատ գեղեցիկ լանջի վրա։ Վանքի ընդարձակ ավերակներից երևում է, որ ժամանակին ունեցել է բազմանդամ միաբանություն և մեծ դեր է խաղացել իբրև կրթարան։ Վանքը գոյություն է ունեցել 11—12-րդ դարերում։

Գորիսը սովետական իշխանության տարիներին ամբողջապես վերափոխվել է, դարձել գեղեցիկ, բարեկարգ քաղաք: Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, կուլտուր-լուսավորական օջախներ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, պետական թատրոն, կուլտուրայի պալատ, հայրենագիտական թանգարան, գրադարաններ։ Գորիսը դարձել է նաև ժամանակակից արդյունաբերական կենտրոն։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice