Վահան Տերյան
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1885-1920
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր
հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին
Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը
մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։
Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում
ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում
է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս
Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների
հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի
համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության
համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների "Մթնշաղի
անուրջներ" ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների,
եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի
հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը
եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով
մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝
լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում
մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն
ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր
եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։ |