ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Համո Սահյան

ՍԵԶԱՄ, ԲԱՑՎԻՐ


1. Տար ինձ, ժամանակ
2. Այս քարանձավներն...
3. ...Եվ արժե՞ր արդյոք...
4. Ուշ աշնան երգը
5. Մի տեղ իշխան ու տեր
6. Սարահովիտ
7. Իրար փնտրեն
8. Բացվող օրվա հետ
9. Աշնանամուտի ջրերը բարակ
10. Ի՞նչ է ասում
11. Չհիշեի քեզ
12. Ջրի պես
13. Երեխայի պես
14. Եվ ի՞նչ է տվել
15. Թեթև լինի
16. Ու ես եկա
17. Այնպես ես գալիս
18. Աղոթարան սարը
19. Գուցե հենց այստեղ
20. Երդիկն ի վար
21. Հողոտ, մղեղոտ...
22. Նորից կարմիր ու կանաչ...
23. Ուր որ նայում եմ
24. Գնամ Գյազբելիս...
25. Ուրիշ ամպեր են...
26. Մոռանալ կտա
27. Բառաչը
28. Ամպրոպներից հետո...
29. Նեղվում եմ...
30. Պտուղդ քաղող չկա
31. Կածանն ինձ տաներ
32. Կածանները ճչում են այստեղ
33. Այս իմ հրաշք աշխարհն է
34. Լեռներդ գնում...
35. Օգնականը ես եմ
36. Ջուրն ակունքից չհեռանա
37. Ավաղ ինչո՞ւ նույնն է նաև
38. Ինձ՝ վախենալու խիզախությունը
39. Արև է, անձրև է գալիս
40. Քիչ է մնում...
41. Ամպրոպից հետո
42. Մենք իրար ճանաչում էինք
43. Ուրիշ ձկներ են ջրում
44. Սարեր
45. Ամպրոպ
46. Ամպը
47. Վառվեցին ամպի...
48. Պառկել է ծառի ստվերն անշշուկ
49. Ծաղկունքի հեղեղ է...
50. Կարոտել են
51. Առանց որոտալու
52. Հրամայեք
53. Ես շատ եմ քնել
54. Քո պարանը, կածան
55. Բոբիկ ոտներով...
56. Դու ուզեցիր
57. Ես հարուստ էի
58. Քո խոնարհ ջրկիրն եմ եղել
59. Երազիս մեջ
60. Եվ չիմացանք թե ինչո՞ւ
61. Եթե ես մի օր
62. Կգամ
63. Խելքս քո խրատից...
64. Աչքս անտառից...
65. Ձորերս...
66. Ամեն ինչից
67. Օրը մաշվում է
68. Մի բուռ ես
69. Հայաստան երկրի...
70. Քո շրթունքները...
71. Մորս ծաղիկ ծոցի մեջ
72. Ծննդավայր
73. Վերհուշերն իմ հավաքվում
74. Այստեղ քարափը...
75. Պատրանք
76. Լույսը բացվեց
77. Օրեր, ծիլ-ծիլ...
78. Բայց ո՞ւր տանի
79. Աշնան հրդեհն է գալարվում
80. Գարուն էր...
81. Ամապրոպն անցավ
82. Թող աշխարհը ցավ չունենար
83. Հոգնության հետ
84. Կածանը պուտ-պուտ
85. Ամպի գլխին
86. Քնածին ո՞ւր ես ասում...
87. Սև քրտինք է քամում
88. Որտեղ են ննջում
89. Հարցում արի
90. Եթե աշխարհը նույնն էր մնալու
91. Երբ հերկածիս համար
92. Գլուխս առել ափերիս մեջ
93. Ի՞նչ հասկանամ
94. Կուզես պայթիր
95. Ի՞նչ արած
96. Տոկում, քաշում էր
97. Խլող չկա
98. Հով եմ արել
99. Մայրամուտ, Մասյաց գագաթին
100. Աշխարհն իմ մեջ
101. Որ ժամին ձեր սիրտը կուզի
102. Չեմ հասկանում
103. Երկարեր...
104. Ողորմի տվեք
105. Ինչ-որ խորհուրդ կա
106. Էլ սիրտս ինչպե՞ս
107. Ի՞նչ է մնում
108. Չարչարանքիս գինը
109. Այնքան քիչ բան է հարկավոր...
110. Ամպի լեռներ է փուլ տվել քամին
111. Ի՞նչ է ուզում ինձնից
112. Մրսած մի տոթ կա օդում
113. Ասա, ո՞ւր գնամ
114. Հիմա դառնամ ասեմ
115. Մարդիկ
116. Ոչ ուրիշի թևերով
117. Օմար Խայամ
118. Կայծակ էր, խփեց...
119. Ո՞վ է ասում բառն է
120. Մտերիմ շունչն իմ երգի
121. Բանաստեղծներ նորեկ
122. Այս էլ քանի ամիս
123. Բախտիդ ճակատը պիտի համբուրես
124. Ես Հայաստանն եմ
125. Պարույր Սևակին
126. Դեռ շնչում ես
127. Դռնապանի ձորում
128. Տեսնես ի՞նչ էին...
129. Իմաստություններ, եկեք
130. Կա տերյանական մի ելևէջ
131. Դու սարերի մեջ
132. Բանաստեղծություն
133. Ու ներկում ես
134. Գառների մայուն...
135. Դեպի հարավ են թեքվել
136. Աղքատությունս...
137. Տգիտությունս...
138. Հղացումներս...
139. Պակասությունս...
140. Հիշողությունս...
141. Կարողությունս...
142. Տեսողությունս...
143. Լսողությունս...
144. Ենթադրությունս...
145. Հիվանդությունս...
146. Հոգսերս...
147. Միջոցներս...
148. Բարությունս...
149. Ուրախությունս...
150. Հուշերս...
151. Մենակությունս...
152. Տխրությունս
153. Երգերս
154. Համբերությունս
155. Երազանքներս
156. Նպատակս
157. Հավատս
158. Ուղեկիցներս
159. Ես չեմ կարող...
160. Ես չեմ կարող չներշնչվել
161. Ես չեմ կարող չհառաչել
162. Ես չեմ կարող չզարմանալ
163. Ես չեմ կարող չարհամարհել
164. Ես չեմ կարող չխոստանալ
165. Ես չեմ կարող չըմբոստանալ
166. Ես չեմ կարող աչքս փակել
167. Եվ ի՞նչ իմանա
168. Քարին տարեկից
169. Բանաստեղծը
170. Արշալույսներ են փռել աշխարհում
171. Եվ ի՞նչ են ուզում
172. Ես ծնվել եմ այստեղ
173. Իմ նախնիներն այնտեղ
174. Թե հնար լիներ
175. Առաջին հոնորարը
176. Յոթ ձիավորի բալլադը
177. Պահիր
178. Որ չքնի հանկարծ
179. Խիղճդ մեռնի, աշխա՛րհ
180. Ու չիմանար
181. Մեկի համար
182. Աճյունս տարեք
183. Երբ գյուղից քաղաք եկա
184. Եթե մինչև անգամ
185. Ի՞նչ շշնջամ
186. Թելիկ-մելիկ առու
187. Գալիս էր
188. Դեռ նոր է պայթում
189. Դու չլինեիր
190. Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր
191. Ուր էլ ոտք եմ դրել
192. Միայն չարն է ուրիշ
193. Դու ոչ Սայաթ-Նովա
194. Մեր տունն այնտեղ էր
195. Չտեսնեի
196. Քո սիրո պես անհնարին
197. Խնայեք նրանց
198. Տառապանք
199. Չգիտեմ
200. Մանուշակագույն մշուշների մեջ
201. Ես կուզեի, որ դու
202. Բնություն
203. Խրթին էր, բարդ էր

 


 

100. ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ՄԵՋ

Աշխարհն իմ մեջ, ես՝ աշխարհի,
Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան,
Արևն ուրախ, օրը բարի,
Երազն անհուն, անհանգրվան...

Մերժեմ օրենքն անհնարի,
Գնամ, նորից վերադառնամ,
Տեսնեմ աշխարհն այսքան բարի,
Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան։

101. ՈՐ ԺԱՄԻՆ ՁԵՐ ՍԻՐՏԸ ԿՈՒԶԻ

Որ ժամին ձեր սիրտը կուզի,
Իմ դուոը բաց է։
Մի նայեք, որ պատուհանիս
Լույսը հանգած է։

Քուն ու արթուն մի հարցրեք,
Ներս եկեք, տուն է։
Մինչև անգամ հույսն էլ քնի,
Հոգսը արթուն է։

102. ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Նստել, նորից միտք եմ անում,
Թե ի՞նչ տվի և ի՞նչ առա,
Թե հողի տակ ի՞նչ եմ տանում.
Ի՞նչ եմ թողնում հողի վրա։

Նստել այսպես միտք եմ անում
Իմ մտքի հետ չարչարակից,
Ու ոչ մի բան չեմ հասկանում
Ոչ թողածից, ոչ տարածից։

103. ԵՐԿԱՐԵՐ...

Երկարեր գիշերն այս աշնանային,
Երկինքն արտասվեր ու հանգստանար։
Հղացումներս երգեր դառնային,
Եվ սրտիս աչքը սիրուց կշտանար։

Լքված օրերս դառնային հանկարծ
Ու զարկերակս լուռ շոշափեին...
Եվ հոգ չէ, հետո գալիս էր, թող գար
Նորին Մեծության անխուսափելին։

104. ՈՂՈՐՄԻ ՏՎԵՔ

Հող ու ջուր չեմ ուզում ձեզնից,
Երեսիս հողով մի տվեք,
Ճյուղերս մի տարեք շուկա,
Ծաղիկս փողով մի տվեք:
Ստվերս քաշեք ձեզ վրա,
Նստեցեք, հով անեմ շոգին,
Մրգերս քաղեցեք մեն–մեն,
Տնկողիս ողորմի տվեք։

105. ԻՆՉ-ՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱ

Ինչ-որ խորհուրդ կա մի անպատմելի
Լուրթ ալիքների լաբիրինթոսում.
Գետը ներքևից վերև է հոսում,
Ձվադրումն է կարմրախայտերի։

Նայում եմ գետին ու խորհում եմ ես.
Հղացումներս էլ, լինում է մի պահ,
Գնում են դեպի ակունքները պաղ,
Կարմրախայտերի վտառների պես։

106. ԷԼ ՍԻՐՏՍ ԻՆՉՊԵՍ

Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե ինքը իրեն բացել չիմանար։
Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե լացիդ վրա լացել չիմանար։

Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե ձեռքդ մթնում բռնել չիմանար։
Էլ սիրտս ինչպես բախտավոր մնար,
Թե բախտիդ համար մեռնել չիմանար։

Էլ սիրտս ինչպե՞ս բախտավոր մնար,
Եթե չիմանար հալվել, հրկիզվել
Գեթ մի աննշան մասունքիդ համար։

Եվ հավետ պիտի մնար մեղավոր,
Թե սիրտս իրեն չզգար մեղավոր՝
Թեկուզ մի կաթիլ արցունքիդ համար:

107. ԻՆՉ է ՄՆՈԻՄ

Նստել ես ու միտք ես անում,
Թե հիմա քեզ ի՞նչ է մնում
Քո այնքան առած-տվածից,
Քո այնքան արած-դրածից։
Քո այնքան արած-դրածից
Ոչ մի բուռ բարիք է մնում,
Ոչ մի բուռ մոխիր ու կրակ,
Ոչ տուն ու տանիք է մնում։
Մի հոգնած ալիք է մնում
Քո կանաչ-կարմիր հեղեղից,
Քո կանաչ-կարմիր օրերից
Մի մամռած տարիք է մնում։

108. ՉԱՐՉԱՐԱՆՔԻՍ ԳԻՆԸ

Ես շատ ու շատ չարչարվեցի,
Որ չքանա չարը։
Կիր շաղեցի, պատ շարեցի,
Քնար դարձրի քարը։

Քար քաղեցի, հող մաղեցի,
Տեսա գլխիս ճարը,
Հույս թաղեցի, ցավ քաղեցի.
Այդպիսին էր դարը։

Մարդիկ եկան ու ճարեցին
Բախտիս Ծիր-կաթինը,
Եվ լիուլի վճարեցին
Չարչարանքիս գինը։

109. ԱՅՆՔԱՆ ՔԻՉ ԲԱՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ...

Այնքան քիչ բան է հարկավոր ինձ,
(Թեկուզ շատ բան է սիրտս ուզում)։
Տիեզերական այս քաոսում
Այնքան քիչ բան է հարկավոր ինձ։
Գոհ եմ օրենքից, թագավորից,
Հավատացեք ինձ, ճիշտ եմ ասում...
Այնքան քիչ բան է հարկավոր ինձ,
(Թեկուզ շատ բան է սիրտս ուզում)։

110. ԱՄՊԻ ԼԵՌՆԵՐ Է ՓՈՒԼ ՏՎԵԼ ՔԱՄԻՆ

Ամպի լեռներ է փուլ տվել քամին,
Ծիածաններ է կուլ տվել քամին։

Քամին մի ամբողջ աշուն է տարել,
Ամբողջ աշխարհ է շուռ տվել քամին։

Տարել է, տարել, էլ ո՞ւր եք ասում.
«Սխալմունքներ է թույլ տվել քամին»։

111. Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԻՆՁՆԻՑ

Ի՞նչ է ուզում ինձնից
Այս կատաղած քամին,
Այս ծաղրածու քամին,
Լարախաղաց քամին,
Մի մեծ, մի լավ աշուն
Տարած-թաղած քամին։
Թող գա, այգուս խշշան
Խաշամն առնի գնա,
Փռչակալած, փոշոտ,
Փշաքաղված քամին։
Ի՞նչ է ուզում ինձնից
Թոկից փախած քամին,
Հազար անտառ, հազար
Ձոր հաճախած քամին,
Մի եղյամոտ աշուն
Պոչից կախած քամին։
Իմ տան քիվի վրա
Թողած-փախած հավքի
Մի փետուր է մնում,
Թող գա առնի գնա,
Ախ, այս նախանձ քամին,
Խիղճը ծախած քամին։

112. ՄՐՍԱԾ ՄԻ ՏՈԹ ԿԱ ՕԴՈՒՄ

Մրսած մի տոթ կա օդում,
Լուռ մի որոտ կա օդում,
Ամպը շրթունք է արել,
Ամպրոպի հոտ կա օդում։

113. ԱՍԱ, Ո՞ԻՐ ԳՆԱՄ

Մեկով հիացա, մեկից խոցվեցի,
Այնքան փորձեցի, այնքան փորձվեցի,
Բայց էությունս, ավաղ, մինչև վերջ
Բաշխել, բաժանել չկարողացա,
Չիրագործվեցի...
Ժամանակ, ինչպե՞ս այս հոգսը տանեմ,
Ասա, ո՞ւր գնամ, ո՞ւմ գանգատ անեմ։

114. ՀԻՄԱ ԴԱՌՆԱՄ ԱՍԵՄ

Հազար անգամ ապրել ու մեռել եմ,
Խռովել եմ, հաշտվել ու ներել եմ,
Չափել եմ բարձունքներն ու վիհերը,
Եվ ատելն եմ փորձել, և սիրելը։
Բաժանել եմ, բաշխել և առել եմ,
Ուր որ պետք է եղել, համառել եմ...
Եվ հանել են նեղից, և նեղել են,
Անթեղել են, հետո ինձ պեղել են։
Հազար անգամ ընկել, բարձրացել եմ,
Ու վերջապես մի բան հասկացել եմ։
Հիմա դառնամ ասեմ կյանք եղբորս,
Ապա դառնամ ասեմ մահ եղբորս.
— Թող որ վկա լինեն այս լեռները,
Ոչ ապրելն էր մի բան, ոչ մեռնելը։

115. ՄԱՐԴԻԿ

Գնում են-գալիս,
Առնում են-տալիս,
Անում են, դնում,
Թողնում են, գնում։

116. ՈՉ ՈՒՐԻՇԻ ԹԵՎԵՐՈՎ

Ոչ ուրիշի թևերով,
Այլ սեփական թևերով
Ես լողայի, լողայի
Բաց կապույտի մեջ։

Ոչ ուրիշի շողերով,
Այլ սեփական շողերով
Ես շողայի, շողայի
Մայրամուտի մեջ։

Ոչ ուրիշի դողերով,
Այլ սեփական դողերով
Կյա՛նք, դողայի, ղողայի
Քո պտույտի մեջ։

Ոչ ուրիշի կրակով,
Այլ սեփական կրակով
Լույս անեի, գնայի,
Եթե հանկարծ մնայի
Մեգ ու մութի մեջ։

117. ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

Վահագն Դավթյանին

Դու չուզեցիր ասել, որ տան առաստաղից
Սարդոստայն է կախված,
Եվ ձագեր է հանել ամբարտավան կատուն
Բմբուլի մեջ բարձի։
Դու չուզեցիր ասել, որ փախել է տանից
Խիղճը՝ գլուխն առած—
Եվ դուռ չունի դարձի։
Դու չուզեցիր ասել, որ տան կտուրի տակ
Աղը լաց է լինում,
Եվ սունկեր են բուսնում
Լուսնյակաձև հացի դեմքի վրա.
Դու չուզեցիր ասել, որ շողն արեգական
Շնչահատ է լինում շեմքի վրա։
Դու չուզեցիր ասել, որ գերանը տնքում,
Պատը ճաք է տալիս հիմքի վրա,
Դա չուզեցիր ասել... Ու քաշվեցիր մառան,
Տնօրենը դարձար դու մառանի...
Եվ գովեցիր գինին ու գավաթը գինու,
(Վայելեցեք գինին, չկա վատը գինու),
Վայելեցեք գինին, գինուն վախճան չկա,
Գինին արյունն է բորբ և իմաստը կյանքի...

Եվ դրանով, Խայա´մ.
Հաստատեցիր, ըստ քո ծառայության պարտքի,
Որ մնացած բոլոր սենյակներում այդ տան
Ոչ մի լավ բան չկա։
Դու ճիշտ էիր, Խայա´մ։

118. ԿԱՅԾԱԿ ԷՐ, ԽՓԵՑ...

Կայծակ էր, խփեց, բեկվեց, թպրտաց,
Ու մեկը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։

Ամպրոպ էր, պայթեց, փլվեց ու գնաց,—
Ու մեգը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։

Թևերն ամփոփեց, հավաքվեց գնաց,
Ցերեկը մեռավ լեռան կատարին,—
Երանի նրան։

Իմ երազի մեջ մեկն իմ ականջին
Շշուկով ասաց.— հողի, երկնքի
Իրար համբուրող շուրթերի վրա
Քո երգը մեռավ լեռան կատարին,
Երանի՜ նրան:

119. Ո՞Վ Է ԱՍՈՒՄ ԲԱՌՆ Է

Ո՞վ է ասում բառն է,
Ո՞վ է ասում տառն է,
Իմ ամեն մի տողը
Սրտիս մի պատառն է։
Իմ ամեն մի տողը
Զսպված մի տարերք է,
Զարկերակի զարկ է,
Եվ արյունի եռք է։
Ես գրում եմ տողը
Եվ ասում եմ «ձերն է»,
Երբ որ համը տեղն է,
Երբ որ աղը տեղն է։
Եթե մի քիչ սառն է,
Եթե մի քիչ դառն է,
Մեղավորը ես չեմ,
Մեղավորը դարն է։
Ինչ էլ երգի տողը,
Հոգուս մատը խառն է,
Մինչև անգամ ծառն էլ
Հոգուս մի պատառն է,
Իմ ամեն մի տողը
Կյանքիս մի պատառն է
Իմ բացած ակոսն է,
Իմ շուռ տված առն է,
Բացվող լույսի շողն է
Բացվող ծաղկի ցողն է,
Իմ ամեն մի տողը
Երկրիս մի բուռ հողն է։
Իմ ամեն մի տողը
Որ իմ սրտի դողն է,
Ախ, ինձ ասեին թե
Ձեր ականջի օղն է։

120. ՄՏԵՐԻՄ ՇՈՒՆՉՆ ԻՄ ԵՐԳԻ

Մտերիմ շունչն իմ երգի՝
Մորս ծոցից եմ բերել,
Անշուք շինվածքը՝ մեր հին
Տուն-ամրոցից եմ բերել։

Օրորոցից եմ բերել
Անարցունք լացը նրա,
Եվ ժպիտներն արցունքոտ՝
Օրորոցից եմ բերել։

Սալվարդ սարից եմ բերել
Նրա գույները բոլոր,
Եվ բուրմունքները՝ Լորից
Ու Մրոցից եմ բերել։

Կռվի բոցից եմ բերել
Ես մորմոքները նրա,
Եվ ջերմությունն՝ իմ սիրո
Թեժ հնոցից եմ բերել։

Ճշմարտությունը՝ հողից,
Իսկ խորհուրդները խռով՝
Տառապանքից իմ փորձված
Եվ իմ փորձից եմ բերել։

121. ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ ՆՈՐԵԿ

Բանաստեղծներ նորեկ,
Զգաստացեք մի պահ
Եվ խորհուրդս լսեք
Կարողության չափով.
Մեզ հավասարապես
Հարկավոր են հիմա
Մեծարենցյան սրինգ
Եվ չարենցյան շեփոր։

122. ԱՅՍ ԷԼ ՔԱՆԻ ԱՄԻՍ

Այս էլ քանի ամիս
Ձորերը չեն թնդում,
Ամպերը չեն լալիս,
Խոտերը չեն խնդում։

Այս էլ քանի ամիս
Ծառերը չեն թռչում,
Անցած ճանապարհիս
Քարերը չեն շնչում։

Այս էլ քանի ամիս
Տողերը չեն խայտում,
Հանգերը չեն գալիս,
Բառերը չեն պայթում։

Այս էլ քանի ամիս
Հարսանիքն է մահիս։

123. ԲԱԽՏԻԴ ՃԱԿԱՏԸ ՊԻՏԻ ՀԱՄԲՈՒՐԵՍ

Բախտիդ ճակատը պիտի համբուրես
Եվ շնորհակալ պիտի լինես դու
Երջանիկ ու մեծ քո տառապանքից,
Որ հոգուդ վրա կնճիռներ չունես
Եվ խդճիդ վրա չունես ոչ մի բիծ։

Այդ ամենամեծ բախտն է երևի,
Որ ավանդական լեռների վրա
Եվ ավանդական արևի ներքո
Քո մայրամուտը պարզ է, հիրավի,
Քան վաղնջական առավոտն էր քո։

Թող մայրամուտից հետո էլ հոգուդ
Լուրթ հորիզոններն աստղերով լցվեն,
Եվ չմթագնի երկինքը վրադ,
Եվ քո երգի մեջ երբեք չլսվեն
Գիշերահավի կանչերը վհատ։

124. ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԵՄ

Իմ արմատները...
Քարերի մեջ են
Իմ արմատները։
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության
Դարերի մեջ են
Իմ արմատները։

Իմ սաղարթները...
Սարերի մեջ են
Իմ սաղարթները...
Անաղարտ ու կիրթ
Հավիտենության
Արևի մեջ են
Իմ սաղարթները։

Այս ես եմ։ Այսքանն եմ։
Ես Հայաստանն եմ։

125. ՊԱՐՈԻՅՐ ՍԵՎԱԿԻՆ

1

Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ,
Սիրելի Պարույր,
Դու հաց էիր ինձ համար,
Օդ էիր ու ջուր։

Անհնար է հավատալ,
Որ չկաս իրոք,
Դու իմ եղբայր, դու իմ պապ,
Իմ գիժ, իմ խելոք։

Իմ անզիջում, անողոք
Եվ իմ քմահաճ,
Կոմիտասյան իմ մորմոք,
Իմ տնավեր լաճ։

Իմ հանճարեղ, իմ հիմար,
Իմ պղտոր, իմ ջինջ,
Բահի զնգոց, խոփի վար,
Ամեն, ամեն ինչ...

Դու մատչելի, մարդամոտ,
Դու և անաոիկ,-
Մարգի համեմ, լանջի խոտ,
Բարձունքի ծաղիկ։

Դու մի բանակ, դու մի զորք,
Դու մի տոհմի շյուղ,
Դու հրթիռի հրացոլք
Ու երդիկի ծուխ։

Ինքդ քեզնից հասարակ,
Ինքդ քեզնից վեր...
Դու գալիքից առած վարկ,
Անցյալի նվեր։

Դու դպիր ու շինական,
Դու անխոնջ գրիչ,
Դու իմ անտեր տիրակալ,
Եվ տիրական խիղճ...

Ուտում էինք, մեր բախտին
Երանի տալով,
Ապուրը նույն ամանից
Եվ նույն գդալով։

Հիմա ես ո՞ւմ հետ կիսեմ
Հավատամք ու հաց,
Եվ ո՞ւմ զրույցը լսեմ
Մինչև լուսաբաց։

Ի՞նչ ես անում առանց ինձ,
Ո՞ւմ ես խրատում,
Ո՞ւմ համար ես ձեռագիր
Երգերդ կարդում։

Չես ընդունում դու արդեն
Կանչ ու հրավեր,
Ոչ էլ մեզ ես ընդունում,
Տո՛ լաճ տնավեր։

Չես ընդունում... բայց կգամ,
Սպասիր քիչ էլ,
Զրույց կանենք վիճելով
Մինչև ուշ գիշեր...

Այս ի՞նչ խավար է այսպես
Իմ սրտին իջել։

2

Անհուն էր երկինքդ,
Ախ, երևի ինքդ
Քեզ խանդեցիր։

Տունդ Սասնա տուն էր,
Հիմքը հաստատուն էր,
Դու քանդեցիր։

Քեզ — խավարն ու ցուրտը...
Մեզ — լույսի խորհուրդը
Ավանդեցիր։

126. ԴԵՌ ՇՆՉՈԻՄ ԵՍ

Աշխարհի ցավը քո մեջ,
Շրթիդ անունն աշխարհի,
Աշխարհ եկար, երբ արդեն
Փախել էր քունն աշխարհի,
Փոխվել էին խորք ու ձև,
Փոխվել էր հունն աշխարհի,
Եվ քո ոչ մի հարցումին
Նա չտվեց պատասխան,
Տուն չտվեց քո տան մեջ,
Չքանդվի տունն աշխարհի։
Դեռ շնչում ես, ու դարձյալ
Ամեն, ամեն ակնթարթ
Արձագանքում է քո մեջ
Ամեն մի կանչն աշխարհի։
Բայց ինքը քեզ չի լսում,
Սիրտ իմ, հույս էլ չունենաս,
Ինչքան կուզես հառաչիր,
Ինչքան կուզես որոտա,
Խուլ է ականջն աշխարհի։

127. ԴՌՆԱՊԱՆԻ ՁՈՐՈՒՄ

Դռնապանի ձորում՝
Նախաշխարհյան կյանքի
Ննջած դարեր...

Դռնապանի ձորում՝
Իրար թև ու թամքի
Նստած սարեր...

Դռնապանի ձորում՝
Քանդուքարափ վանքի
Անգիր քարեր...

Դռնապանի ձորում
Ամպերի տակ ծաղկի՝
Ծառեր, ծառեր...

128. ՏԵՍՆԵՍ Ի՞ՆՉ ԷԻՆ...

Տեսնես ի՞նչ էին ասում իրար,
Երբ լսում էին ղողանջը մեր,
Մանուկ արևը՝ սարերն ի վար
Եվ մեռնող մութը՝ ձորերն ի վեր։

Երբ լսում էին հառաչը մեր,
Տեսնես ի՞նչ էին ասում իրար
Մեռնող արևը՝ սարերն ի վեր
Եվ մանուկ մութը՝ ձորերն ի վար։

129. ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵԿԵՔ

Իմաստություններ, եկեք
Ինձ մի խրատ տվեք,
Ձեզ մառաններն ամեն,
Ինձ մի գավաթ տվեք,
Ինձ մի կրակ տվեք
Արեգակի տեղակ,
Մի բեռ հույսի տեղակ
Մի բուռ հավատ տվեք։

130. ԿԱ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՄԻ ԵԼԵՎԷՋ

Կա տերյանական մի ելեէջ,
Որ քեզ չի լքում այսքան տարի.
Ուրախ մի վիշտ կա քո երգի մեջ,
Եվ ուրախություն մի վշտալի։

Ի՞նչ է ավանդել Տերյանը քեզ,
Իր հիվանդ հոգու մորմոքը հին...
Հյուծախտավոր ես Տերյանի պես,
Բայց ծաղկավոր է երգիդ ուղին։

131. ԴՈՒ ՍԱՐԵՐԻ ՄԵՋ

Դու սարերի մեջ ու ձորերի մեջ,
Ամենանորը դու նորերի մեջ
Ու հների մեջ ամենահինը,
Դու ի՜մը, ի՜մը, ամենաիմը։

Ես մի բուռ մրկած մամուոը քարիդ
Եվ հետին հյուլեն կենսական ծառիդ,
Ես քո բողբոջը, ծիլը, կոկոնը,
Ես քո՜նը, քո՜նը, ամենաքունը։

132. ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծություն,
Թե հին ես, եղիր որպես հին գինի։
Թե նոր ես, եղիր ադամալույսին
Աչբերը բացող թոչունի նման,
Որ քո կանչերից
Անտառում քնած հովերն արթնանան...
Եվ այն ժամանակ բոլորը կասեն.
— Բանաստեղծությո´ւն,
Դու եղել ես, կաս և տիտի լինես,
Ինչ էլ որ լինի...

133. ՈԻ ՆԵՐԿՈԻՄ ԵՍ

Մի «բանաստեղծի»

Մորմոքում ես լռին,
Բողոքում ես լռին
Ու երգում ես։
Եվ հասկացող չկա՝
Հաստատո՞ւմ ես երգով,
Թե հերքում ես։
Տանդ հիմքի վրա
Խարխլվում է դանդաղ,
Պատը ճեղք է տալիս,
Դու ծեփում ես ճեղքը
Ու ներկում ես։

134. ԳԱՌՆԵՐԻ ՄԱՅՈՒՆ...

Գառների մայուն բլուրներն ի վաի,
Կալերից փախած մղեղոտ քամի,
Մութի հոտ առած մի տագնաաահար
Երամի ծիվ-ծիվ... Ու զանգեր ժամի։

Էլ բան չեմ հիշում։ Օրն անցավ գնաց։
Թող օրհնությանդ լինեմ արժանի,
Դաշտից, արտերից, կալերից եկած
Արդար հոգնություն իրիկնաժամի։

135. ԴԵՊԻ ՀԱՐԱՎ ԵՆ ԹԵՔՎԵԼ

Դեպի հարավ են թեքվել հավքերը...
Գետն իրեն նեղել ու հավաքել է,
Մաշվել է, քաշվել ու բարակել է,
Գլուխը կախել, աչքը փակել է,
Եվ ո՞վ իմանա աշխարհի աչքին,
Գուցե թե մի քիչ թովահակել Է։

Բայց գետն իր արածն արդեն արել է,
Փշրել, փշրվել ու վարարել է,
Ավազը թողել, տիղմը տարել է,
Հետո ափերից դուրս է եկել նա,
Քարե-քար ընկել ու թափաոել է,
Ջրել է այգին, արտը, մարգերը;

Դեպի հարավ են թեքվել հավքերը...
Բարի ճանապա՛րհ, գետ, ես քեզանից
Եռիլիոն անգամ շնորհակալ եմ։

136. ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՍ...

Աղքատությունս...
Թող աստված փրկի,
Գնացել ընկել
Անապատ ու շամբ,
Տեղ չկա, որ ինձ
Չվարկաբեկի
Դուրս արած կնկա
Վրեժխնդրությամբ։

137. ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ...

Տգիտությունս...
Ճանապարհ դրի,
Խոստացել էր, որ
Նամակ կգրի
Ու թե նեղն ընկավ,
Ետ կգա նորից...
Քանի հասցե եմ
Փոխել այն օրից։

138. ՀՂԱՑՈՒՄՆԵՐՍ...

Հղացումներս...
Մեղրաճանճեր են
Փեթակում քնած...
Գարունը եկավ,
Իրենք են իրենց
Դուռը բացելու,
Ժամանակից շուտ
Ձեռք տվի նրանց,
Հենց առաջինը
Ինձ են կծելու։

139. ՊԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՍ...

Պակասությունս...
Ի չիք դարձընել
Չկարողացա
Սրտիս ու մտքիս
Հակասությունը,
Դա իմ առաջին
Պակասությունը...
Եվ հետո բազում
Պակասություններ,
Որոնք... թաքցընել
Չկարողացա.
Դա էլ իմ վերջին
Պակասությունը։

140. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Հիշողությունս...
Նման չէ կնոջ,
Հակառակն է ճիշտ,
Քանի ջահել էր,
Չէր դավաճանում,
Հենց որ ծերացավ,
Աչքը դուրս է միշտ։

141. ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Կարողությունս...
Եթե թողնեին
Լոկ այն անեի,
Ինչ կարող էի,
Հիմա երևի...
Հանճարեղ էի։

142. ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Տեսողությունս...
Վտանգի գույնը
Մեջքով եմ տեսնում,
Արևի գույնը
Տեսնում եմ մաշկով,
Իրերը ես բաց
Աչքով եմ տեսնում,
Իսկ նրանց խորքը՝
Միայն փակ աչքով։

143. ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆՍ...

Լսողությունս...
Կարող է որսալ
Սիրահարների
Խոստովանության
Չասված բառերը,
Կարող է որսալ,
Թե երազի մեջ
Իրար ականջի
Ի՞նչ են շշնջում
Ձմռան ձյունի տակ
Քնած ծառերը:
Լսողությունս
Կարող է որսալ
Ոչ միայն կանչը
Ձենով Օհանի,
Այլև քառասուն
Ջրաղացքարի տակ
Թիկունքին ընկած
Մսրա Մելիքն էլ
Ամենաթաքուն
Իր խոկումները
Նրանից պահել
Չի կարողանա,
Ինչ էլ որ անի...
Լսողությունս
Ուր էլ գնացել՝
Պարտքը կատարած
Վերադարձել է
Ու գլխիս երբեք
Փորձանք չի բերել,
Որովհետե նա
Կարողացել է
ճշմարտությունը
Ստից տարբերել։

144. ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՍ...

Ենթադրությունս...
Եթե են գլխից
Ինձ ճանաչեի,
Երևի հիմա...
Չհառաչեի,
Չխռովեի
Ինքս ինձանից
Ու չամաչեի։

145. ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՍ...

Հիվանդությունս...
Եվ չզարմանաք,
Ճիշտ ժամանակին
Մեռնելու համար
Երևի պիտի
Ծնված լինեի
Ուրիշ ժամանակ։

146. ՀՈԳՍԵՐՍ...

Հոգսերս... նրանք
Պնդաճակատ են
Ու երես առած,
Խոսք ու խրատիս
Գլուխ չեն դնում,
Արթնանում են միշտ
Ինձանից աոաջ,
Ու միշտ ինձանից
Հետո են քնում:
Մնում է միայն
Մի մխիթարանք.
Այն, որ չեմ կարող
Ինչ անեն-չանեն,
Չհավատալ, թե
Աճյունս նրանք
Ինչպիսի շուքով
Շիրիմ կտանեն:

147. ՄԻՋՈՑՆԵՐՍ...

Միջոցներս... չէ,
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում,
Քունս չի տանում.
— Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ,
Քունս չի տանում.
— Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով:

148. ԲԱՐՈՒԹՅՈՒՆՍ...

Բարությունս...
Նա մատաղի հավ է,
Քանի հեռու է
Մորթելու ժամը,
Ինչ անի, չանի,
Նրան չեն բռնում...
Եվ ինքն իր քեֆին
Միշտ քանդում է իմ
Ցանած բոստանը,
Եվ ձուն ածում է
Ուրիշի բնում։

149. ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՍ...

Ուրախությունս...
Վայրի թռչուն է
Ուրախությունս,
Եթե պատահմամբ
Մտնում է տունս,
Դռնից մտնում է,
Երդիկից թռնում.
Երազի մեջ եմ
Ես նրան բռնում։

150. ՀՈՒՇԵՐՍ...

Հուշերս... նրանք
Ոչ միայն վաղուց
Մեռած մարդուն են
Կենդանացնում,
Այլ ինձնից փախած
Քմահաճ «ես»-իս
Խելքի բերելով
Բերում և ինձ են
Վերադարձնում:
Նրանց օգնությամբ
Կրկնում եմ հաճախ
Իմ ամենաթանկ
Եվ անկրկնելի
Ուղևորության
Պահերը՝ ձրի։

151. ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆՍ...

Մենակությունս...
Մենակ մնալու
Ժամանակ չունի,
Հագար կապերով
Կապված է հազար
Մենակության հետ։
Եվ այդ բազմամբոխ,
Այդ զանգվածային
Մենակության մեջ
Մենակություններն
Իրար բերանից
Պատառ են քաշում,
Մենակություններն
Ուտում են իրար
Եվ իրար մաշում։
Ում վրա հենվի,
Երբ հենակներն էլ
Մաշել են իրենց
Հենակությունը,
Ի՞նչ անի իմ խեղճ
Մենակությունը։

152. ՏԽՐՈՒԹՅՈՒՆՍ

Տխրությունս, նա...
Էլ մի հարցնի.
Նա միշտ էլ ինձ մոտ
Տաք տեղ է ճարում
Եվ օրը հազար
Հիմք է հնարում,
Որ իր գոյությունն
Արդարացնի։

153. ԵՐԳԵՐՍ

Երգերս... նրանք
Իմ աղջիկներն են։
Հասնում են թե չէ,
Մարդու են գնում։
Տարած—ետ բերած
Աղջիկներ չունեմ,
Եվ փեսաներս
Գոհ են ինձանից։
Դրա համար էլ
Հարևաններս
Ինձ նախանձում են,
Եվ քիչ է մնում
Վեր կենան մի օր—
Գան ինձ ծեծելով
Դուրս անեն տանից։

154. ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՍ

Համբերությունս...
Ամուլի եզ է,
Քանի դեռ ունի
Ոսկոր ու կաշի,
Նա պիտի քաշի։
Սամին կմաշի,
Լուծն էլ կմաշի,
Հո՛ արա, Ծիրա՛ն,
Քաշի, հա քաշի։—
Քաշի, հա քաշի։
Մի օր էլ կգա,
Դեմ կառնի հանկարծ
Խոփը՝ խարակի,
Կչոքի հոգնած
Ծիրանն ակոսում,
Սիրտը կճաքի։

155. ԵՐԱԶԱՆՔՆԵՐՍ

Երազանքներս...
Մաքրում են բոլոր
Քարաքոսերը
Եվ քարափները
Ոսկեզօծում են:
Եվ մինչև անգամ
Աշխարհի բոլոր
Մեղքերի համար
Մեղավորիս էլ
Սրբագործում են։

156. ՆՊԱՏԱԿՍ

Նպատակս... բեռ
Չդառնամ երբեք,
Աչքս չդնեմ
Ուրիշի բեռան,
Չդառնամ երբեք
Ավելորդ բերան,
Ոչ մի չասված խոսք
Հետս չտանեմ,
Վերջին ցանելիք
Ածուն էլ ցանեմ,
Հոգեպահուստի
Եվ դեղապետի
Վերջին խնձորն էլ
Առնեմ-բաժանեմ...
Ու երբ թողնելու
Էլ բան չունենամ,
Ու բան չունենամ
Հետս տանելու,
Խնդրեմ, որ մահըս
Չեմ ու չում չանի,
Երբ որ շշնջամ
«Համեցեք, ինձ տար»։
Թող գա ու տանի։

157. ՀԱՎԱՏՍ

Հավատս... երբեք
Իրար չենք լքել
Ես ու հավատս,
Ու չենք լքելու
Ինչ էլ որ լինի,
Մինչև վախճանս,
Վերջս, ավարտս։
Հավատս լույսի
Խորհուրդն է եղել,
Ճշմարտի, բարու,
Լավի խորհուրդը,
Ինձ վրա բացված
Կապույտն է եղել,
Իմ հողը, հացը,
Իմ ժողովուրդը:
Ամեն տեղ նույնն է
Եղել հավատս,
Իմ արյան գույնն է
Եղել հավատս,
Քո գույնն է եղել,
Փրկության դրոշ,
Դու իմ զորեղս,
Մեծս, անպարտս,
Դու իմ եզակիս,
Մեկս, մի հատս,
Ինձ համար քո թեժ
Ծփանքների տակ
Միայն մեռնելու
Ահն էր արգելված...
Դատարկելու եմ
Վերջին գավաթս
Իմ կարմիր, կարմիր
Հավատի կենաց։

158. ՈՒՂԵԿԻՑՆԵՐՍ

Ուղեկիցներս...
Լավ են թե վատ են,
Իմ կյանքն են նրանք,
Իմ տեղ ու տունը։
Թե մի օր հանկարծ
Նրանք ինձ լքեն,
Ես հազար անգամ
Կգերադասեմ
Անէությունը։

159. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...

Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից...
Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ երդումը հազիվ կերած,
Կուրծքը դրել խրամատի
Խոնավ թմբին,
Ծիծաղում է մահի վրա։
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի...
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի։
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
Թափառական համ ու հոտին,
Որ դարերի մշուշներից
Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
Մեղ դպրությանն ու կարոտին։
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
Որ ամեն օր նորանալով,
Ծաղկում է մեր շուրթի վրա,
Մեր սրտի մեջ։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չհավատալ իմ հավատին,
Որ մարդկության հավատն է մեծ:

160. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ

Ես չեմ կարող չներշնչվել,
Ամեն բացվող առավոտով,
Առավոտի բարի հույսով,
«Բարի լույս»–ով բարեկամի:
Ես չեմ կարող չներշնչվել
Երկինքների բաց ոլորտով,
Եվ աստղերի յոթը պորտով,
Եվ ամպերով յոթգլխանի։
Ես չեմ կարող չներշնչվել
Քաղաքների եռազեռով
Եվ լեռների լանջերն ի վեր
Ավանդապահ անտառների
Կանաչ-կարմիր, լուրթ ու դեղին
Երազներով։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն քարափով,
Որ իմ ամեն մի հուշի մեջ
Ծիածան է թողել մի բուռ
Իր ամեն մի դիմախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Մինչև անգամ մասրի թփով,
Որ իր ամեն փշի վրա
Մի թել ունի
Պատանության իմ մախաղից։
Ես չեմ կարող չներշնչվել
Եվ այն կապույտ սարահարթով,
Որ ամեն բուո հողի վրա
Ոտնահետքերն ունի պապիս,
Ես չեմ կարող չներշնչվել
Այն հավիտով,
Որ ինձ ափով ջուր է տվել
Եվ ջուր խմել ինքն իր ափից։
Ես չեմ կարող չներշնչվել
Այն ամոթով,
Որ շիկնելով աղջիկների
Այտերն ի վեր,
Մայր է մտնում կոպերի տակ:
Ես չեմ կարող չներշնչվել
Ձյունից պոկված ջրվեժների
Ծնկի ծալով
Եվ իմ ազնիվ տոհմածառով,
Եվ վերջապես
Ես չեմ կարող չներշնչվել
Իր այս արդար ճանապարհով
Աշխարհների առաջն ընկած
Իմ աշխարհով։

161. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՀԱՌԱՉԵԼ

Ես չեմ կարող չհառաչել...
Պատահել Է,
Ո՞վ իմանա, որ աշխարհից,
Տղան եկել
Ու հոր տունը չի ճանաչել,
Չի ճանաչել երդին ու դուռ,
Որովհետև տան կտուրին
Փուշ է աճել,
Շեմքի վրա՝ սունկ ու մամուռ։
Մի այդպիսի տուն հիշելիս
Ես չեմ կարող չհառաչել։
Պատահել է,
Էլ ո՞ւր մնաց հայրը որդուն,
Որդին նայել հայելու մեջ
Ինքը իրեն չի ճանաչել։
Այդպիսի հոր հանդիպելիս
Ես չեմ կարող չհառաչել,
Պատահել է,
Մարդը տարել արտ է ցանել,
Ցանած արտը չի կանաչել,
Այդ խեղճ մարդուն հանդիպելիս
Ես չեմ կարող չհառաչել։
Քանի անմեղ մարդ են տարել
Քրիստոսի նման խաչել,
Դրա համար մինչև անգամ
Խաչերկաթի հանդիպելիս
Ես չեմ կարող չհառաչել։
Ես չեմ կարող չհառաչել
Քանի դեռ այս անտեր աշխարհն
Ինքն իրեն չի տիրապետում,
Ինքը իրեն չի նվաճել։
Աշխարհն եկել կանգ է առել
Մի այնպիսի բախտի աոաջ,
Որ ուզում է իրեն խաչել...
Միտք եմ անում
Այս աշխարհի բախտի վրա
Ու չեմ կարող չհառաչել;
Եվ վերջապես,
Ես չեմ կարող չհառաչել,
Որովհետև
Այսքան տարի չարչարելով՝
Աշխարհը մեզ, ու մենք՝ իրեն,
Իրար, կարգին չենք ճանաչել։

162. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԶԱՐՄԱՆԱԼ

Ես չեմ կարող չզարմանալ,
Չզարմանաք, եթե ասեմ,
Որ տեսել եմ մինչև անգամ
Քարափները զարմանալիս...
Այդ մի պահ էր,
Երբ ամպերը վառվում էին,
Եվ արևը փուլ էր գալիս։
Չզարմանաք, եթե ասեմ,
Որ տեսել եմ՝ մինչև անգամ
Ծաղիկները զարմանալիս.
Այդ մի պահ էր,
Երբ երկինքը իջել, եկել,
Առվին ափով ջուր էր տալիս։
Չզարմանաք, եթե ասեմ,
Որ տեսել եմ մինչև անգամ
Մրջյունները զարմանալիս.
Այդ մի պահ էր,
Երբ մոծակը բռնել ուղտին,
Մեջքի վրա շուռ էր տալիս:
Ես չեմ կարող չզարմանալ,
Ամենից շատ չզարմանալ
Զարմանալի մարդկանց վրա,
Որ կարող են
Առհասարակ չզարմանալ։

163. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԱՐՀԱՄԱՐՀԵԼ

Ես չեմ կարող չարհամարհել
Այն զավակին,
Որ իր հորն է մեղադրում
Իր անճարակ,
Խեղճ ու կրակ խելքի համար։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն աչքը դուրս պահած կնկան,
Որ մարղուն է մեղադրում
Իր սեփական մեղքի համար։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն կուշտ ու կուռ երեխային,
Որ լալիս է ու չի քնում,
Եվ այն հյուրին պնդաճակատ,
Որ գալիս է ու չի գնում։
Ես չեմ կարող չարհամարհել
Այն փոքրամիտ մեծավորին,
Որ կարգում է գործի գլուխ
Իր անգլուխ մերձավորին։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չարհամարհել այն պատանուն,
Որ հոր առաջ հորից խլած
Գլխարկով է հպարտանում։

164. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՄ ԶԱՎԱԿԻՆ

Ես չեմ կարող իմ զավակին
Մի հարսանիք չխոստանալ,
Ինձնից կախված ամեն պարգև,
Ամեն բարիք չխոստանալ,
Մի լավ օջախ, մի լավ անկյուն,
Մի լավ տանիք չխոստանալ,
Ոտքը հին-հին դարերի մեջ,
Ճերմակ ճակատն աստղերի մեջ,
Կանաչ-կարմիր սարերի մեջ,
Ոտից-գլուխ արևի մեջ
Մի հայրենիք չխոստանալ։
Ես չեմ կարող
Այս աշխարհից գնացողին
Մի բուռ արցունք
Եվ մի բուռ հող չխոստանալ։
Ես չեմ կարող ճամփիս վրա
Ոտքի վրա խամրող ծաղկին
Իմ խեղճ սրտից
Եվ իմ խոնավ թարթիչներից
Մի կաթիլ ցող չխոստանալ։
Եվ վերջաաես ես չեմ կարող
Հեռու-հեռու սերունդներին
Իմ օրերի
Եվ իմ հոգու լույսը տանող
Մի քանի տող չխոստանալ

165. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԸՄԲՈՍՏԱՆԱԼ

Ես չեմ կարող
Չըմբոստանալ այն ստի դեմ,
Որ գալիս է օտար հողից,
Որ թափվում է
Մինչև անգամ հարդագողից։
Ականջներ է փնտրում անփորձ,
Հոգիներ է փնտրում անգործ,
Ճգնում է, որ մի ճեղք ճարի
Մեր հավատի ամրոցի մեջ
Ու խարխլի... Լույսի սովոր
Մեր աչքերը մեզնից խլի...
Ու վնգստա, ու վնգստա,
Որ սև ասենք սպիտակին,
Ագռավ ասենք մեր տատրակին,
Իրենց բուին արծիվ ասենք,
Առյուծ՝ իրենց կատվի ձագին։
Ես չեմ կարող չըմբոստանալ
Այդ ստի դեմ և այն կարգի,
Որ իր կաշվից դուրս է գալիս,
Ճգնում է այդ ստի ուժով
Հեռացնել, կանխել անգամ,
Ահեղ ժամն իր հոգեվարքի։

166. ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՉՔՍ ՓԱԿԵԼ

Ես չեմ կարող աչքս փակել
Եվ գլուխս դնել բարձին,
Երբ ինչ-որ տեղ, ինչ-որ մի ամպ
Ինչ-որ մի մութ
Սպառնում է լուսաբացին։
Ես չեմ կարող չխառնվել
Այս աշխարհի անց ու դարձին,
Չապրել իմ այս ապրած կյանքի
Օրով, ժամով, ակնթարթով։
Ու քանի դեռ չեմ դառել հող,
Ես չեմ կարող չլինել Ես...
Եվ ինչ լավ է, որ չեմ կարող։

167. ԵՎ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱ

Մի ոտաբոբիկ, անվարտիք տղա
Գետից դուրս եկել նստել է քարին։
Ջուրը տանում է հայացքը նրա,
Գանգուրների հետ խաղում է քամին։

Նայում եմ նրան, նայում է նա ինձ,
Ես ճանաչում եմ, նա չի ճանաչում։
Ինչ-որ խոսքեր ենք պոկում իրարից,
Նա ծիծաղում է, իսկ ես հաոաչամ։

— Որտեղի՞ց գիտես անունս, պապիկ,
Խաչիպապ պապիս որտեղի՞ց գիտես,
Դու այս կողմերում չես եղել երբեք,
Ու ոչ ոք այստեղ չի ճանաչում քեզ։

— Այդ ոչինչ, տղա՛ս։ Ես գիտեմ նաև,
Թե որտեղից են քեզ աղջիկ տալու.
Ինչ խոովքներ է բերելու նա, և
Ինչ փորձանքներ են քո գլխին գալու։

Գիր բացողի հետ գլուխ չունեմ ես,–
Հեգնում է, խառնում գանգուրները թաց.
Ջուրը տարել է վարտիքս, մի տես,
Էլ վարտիք չունեմ, վարտիքդ կտա՞ս...

Պա... մնաս բարով, ցատկում է տեղից,
Ճչում, թռչում է հորձանուտի մեջ,
Փրփրած ջուրը նրա ետևից
Առնում տանում է իմ հայացքը խեղճ...

Հետո սուլում է կալից, կտուրից,
Վազում է անհոգ, թռվռում է նա,
Վարտիք է ձևում գետի փրփուրից,—
Բայց գիտե՞ արդյոք և ի՞նչ իմանա,

Որ պիտի մի օր վար ու ցանք անի,
Մատյաններ թերթի, պատերազմ գնա,
Աշխարհի հոգսերն ուսերին առնի,
Գա և այս գետի երգիչը դառնա։

168. ՔԱՐԻՆ ՏԱՐԵԿԻՑ

Չորս մրրիկները չոր ու չարախինդ
Չորս կողմից եկան, պայթեցին գլխիդ,
Իրար խառնեցին եզերք ու հատակ,
Պղտորեցին քո ջրերը հստակ
Եվ շպրտեցին երկինքներն ի վեր,
Սակայն ինքնության անճառանվեր
Ալիքդ խլել չկարողացան։

Եկան, ոռնացին սաղարթներիդ մեջ
Ու ոլորելով, ճկելով մեկ–մեկ
Դալար ճյուղերդ փշրեցին, առան
Իրար բերանից խլելով տարան...
Կեղևդ էլ տարան։ Ինչ ասել կուզի,
Ստվերդ էլ տարան, և սակայն հույսի
Ծաղիկդ խլել չկարողացան։

Առևանգեցին շեներդ անխնա
Եվ մթագնեցին երկինքդ շողուն,
Սարը շուռ տվին գութանիղ վրա,
Վանքդ գլխիվայր թաղեցին հողում,
Բայց հորովելդ հողոտ, մղեղոտ
Եվ այնպես շողոտ, այնպես խնկահոտ
Տաղիկդ խլել չկարողացան։

Տունդ քանդեցին, բարիքդ տարան,
Բարձիկդ տարան, բախտիկդ տարան,
Ոչ գերան մնաց, ոչ սյուն ու տանիք,
Ամեն, ամեն ինչ առան քո ձեռքից,
Օրդ սև արին, սև արին տարիդ,
Բայց քո տան հիմքի քարին տարեկից
Տարիքդ խլել չկարողացան։

Եվ դու պահեցիր ինքնությունը քո,
Շինեցիր նորոգ Սասնա-տունը քո,
Ապրեցիր այնտեղ դու բաց ճակատով...
Եվ պիտի ապրես... Եվ քո նոր բախտով
Ու քո հին լեզվով պատմես աշխարհին,
Որ չորս մրրիկներն օրհասիդ պահին
Գալիքդ խլել չկարողացան։

169. ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Դու դեո իրավունք չունես լռելու,
Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի,
Դեռ այնքան լույսեր ունես փռելու,
Խոսքով կռելու հավատք ու հոգի։

Դու դեռ իրավունք չունես մեռնելու,
Քանի չեն մեռել ենիչեր ու հոն,
Դեռ ամրություններ ունես առնելու
Հեռաստաններում հոգնահորիզոն։

Դեռ կարողություն ունես փորձելու
Քո տառապանքներն իմաստուն ու մեծ,
Եվ դեռ ինքդ քեզ իրագործելու

Հղացումներ ու հնարներ ունես։

Իրավունք չունես չզգաստանալու,
Թեկուզ դեռ հատուկ հրահանգ չկա,
Ժամանակ չկա հանգստանալու,
Եվ ծերանալու ժամանակ չկա։

Զինվոր ես եղել, զինվոր էլ մնա,
Ժամանակը չէ զորացրվելու,
Զենքերդ կապիր ու կռիվ գնա,
Դու դեռ զորություն ունես կռվելու։

Դեռ պարտքեր անես աշխարհին տալու,
Պատրաստվիր վաղվա ճակատամարտին։
Էլ ի՞նչ ամպ ես, որ չես որոտալու,
Անձրև չես տալու լեռանն ու արտին։

Տողերդ նորից կրակով լցրու,
Վհատ երգերդ հողմերին հանձնիր,
Բարձրացիր նորից և հնչեցրու
Քաղաքացիական քնարդ ազնիվ։

Դա դեռ իրավունք չունես լռելու,
Այս մեծ ամպրոպը թող քեզ նորոգի,
Դեռ այնքան լույսեր ունես փռելու,
Խոսքով կռելու հավատք ու հոգի։

170. ԱՐՇԱԼՈԻՅՍՆԵՐ ԵՆ ՓՌԵԼ ԱՇԽԱՐՀՈԻՄ

Ալեքսանդր Մյասնիկյանի հիշատակին

Եվ ծիծեռնակի բույն են կարկատել,
Եվ ծաղիկներ են ջրել աշխարհում,
Եվ գիշերների դեմ են ճակատել,
Եվ արշալույս են փռել աշխարհում։
Երգեր են գրել,
Ծառ են նկարել,
Հրճվել են ճախրող հավքի թևերով,
Եվ ապագայի բարուրն են կարել
Արշալույսների կարմիր թելերով։
Շղթա են կրել...
Շղթա են կռել,
Եվ շղթայել են կայծակն ամպերում։
Մարգեր են ջրել,
Երկինք են թռել,
Եվ բախտի լույս են գտել հասքերում։
Իրենց խղճի հետ զրույց են արել,
Խորհել են, նախքան հացի նստելը...
Կոմունիստները այսպես են ապրել,
Այսպես են ապրում կոմունիստները։

Տանջել են նրանց,
Խարույկ են հանել, խաչել են նրանց։
Եվ խաչվածների արյունով հարբած
Անսիրտ, անհոգի բթամիտները,
Երբ սեղանի շուրջ իրենց հաղթության
Կենացի վրա բաժակ են առել,
Երգել են իրենց խաչած զոհերի
Գրած երգերը...
Կոմունիստները այսպես են մեռել,
Այսպես են մեռնում կոմունիստները։

Ակոս են քաշել,
Երկաթ են տաշել,
Զավակ են եղել, հայր ու ամուսին։
Աշխարհի բեռն ու հոգսերն են քաշել
Ու բեռ չեն եղել աշխարհի ուսին։
Եվ փորձ են դիզել,
Եվ խոտ են դիզել,
Եվ հեքիաթներ են ասել դեզի տակ։
Մարդկանց հետ իրենց սև հացն են կիսել
Սև օրն են կիսել ու բախտն սպիտակ։
Քրտինք են քամել, քայլել են երթում,
Եթե քնել են, քնել են վերջում։
Եթե քնել են, այնպես են քնել,
Որ վեր են թռել
Ու ծածկել բացվող հարազատներին։
Արև են տեսել փակ աչքով անգամ,
Եվ բաց աչքերով երազ են տեսել,
Եվ առաջինն են «բարի լայս» ասել
Դեռ քնաթաթախ առավոտներին։
Ինչ էլ պատահի, նրանք միշտ իրենց
Խղճի ճորտերն են ու խոսքի տերը...
Կոմունիստները այսպես են ապրել,
Այսպես են ապրում կոմունիստները։

Ու երբ փոթորիկն աղետ է բերել,
Ալիքների մեջ ընկել են նրանք,
Բայց չեն խոնարհել դրոշներն իրենց
Եվ չեն խոնարհել առագաստները...
Կոմունիստները այսպես են մեռել,
Այսպես են մեռնում կոմունիստները։

Եվ ծլարձակման շշուկն են լսել
Ցանած արտի մեջ,
Եվ սրտի զարկը կաթնաբույր մանկան,
Եվ շնչառությունն՝ ակնթարթի մեջ
Թևերն ամփոփած հավիտենության։
Եվ իմացել են պատիվը մարդկանց,
Եվ «Բարի լույս»–ի գինն են իմացել,
Եվ հյուլեի մեջ թանձրացած՝ անհուն
Անսահմանության խորհուրդն են բացել...
Երբ ցուրտ է եղել, ու ձյուն է դրել,
Անճարների տան կտուրն են մաքրել։—
Հիմա աշխարհի կտուրն են մաքրում,
Աշխարհի դռներն ու սանդուղքները...
Կոմունիստները այսպես են ապրել,
Այսպես են ապրում կոմունիստները։

171. ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՈԻԶՈԻՄ

Երբ սովորական մի «բարի լույս»–ից
Աշխարհն ավելի բարի է դառնում,
Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ Ի՞նչ է ուզում մեկը մյուսից...
Երբ կա աշխարհում երաժշտություն,
Եվ կա երկնքի ու հողի միջև
Մի կապույտ, կապույտ, մի կանաչ-կարմիր
Անիմանալի — հրաշք հաշտության,
Էլ ի՞նչ ես ուզում դու այս աշխարհից,
Գրողի տարած ինքնապաշտություն,
Դու ոգու ծարավ ու երաշտություն։
Փոխանակ ինքդ քո «ես»–ին բախվես,
Կրունկի վրա ճռինչով բացվես,
Լցվես աշխարհով այս հրաշալի,
Եվ այս աշխարհի երաժշտությամբ,
Ճգնում ես լցնել աչքերն աշխարհի
Քեզնով, քո «ես»–ով, քո երաշտությամբ...
Դու, որ չես ուզում ճանաչել ոչինչ,
Դու, որ կարող ես այս երկինքը ջինջ,
Այս գետինքը տալ մի կաթիլ փառքի,–
Ըստ իմ գոյության սրբազան պարտքի,
Ես քեզ լավ գիտեմ, ճանաչում եմ քեզ
Այս լավ աշխարհը խառնող մատներից,
Աչքից, ականջից և մինչև անգամ
Քո յոթը պորտի մազարմատներից։
Ճանաչում եմ քեզ... Բայց ամեն անգամ
Ամեն ինչ տեսած իմ ճանապարհին,
Առնելով լույսը ու տալով բարին,
Նույն հարցն եմ տալիս ինձ ու աշխարհին.
— Ինչո՞ւ են մարդիկ աշխարհը խառնում,
Եվ ի՞նչ է ուզում մեկը մյուսից,
Երբ իրար մաղթած մի «բարի լույս»-ից
Աշխարհն ավելի բարի է դառնում։

172. ԵՍ ԾՆՎԵԼ ԵՄ ԱՅՆՏԵՂ

Ես ծնվել եմ այնտեղ—
Զանգեզուրի զարմիկ
Բարձունքների վրա,
Վերևից եմ տեսել
Արեգակի անեղ
Ծնունդն ամենօրյա,
Վերևից եմ տեսել
Ամենօրյա կարմիր
Հոգեվարքը նրա։

Վերևից եմ տեսել
Մթին հեղեղների
Ալիքները ծաղկած,
Վերևից եմ տեսել
Ջրվեժները պղտոր
Եվ ամպերը թաղկած,
Իմ տանիքի վրա
Օրը պարզ է եղել,
Ու երկինքը միշտ բաց։

Ասուպների տաք-տաք
Աճյունից եմ հունցել
Շաղախն իմ տան պատի,
Եվ երկնքի փափուկ
Փեշերով եմ սրբել
Քրտինքն իմ ճակատի,
Եվ սեղանիս վրա
Անպակաս է եղել
Սերը լուսնկաթի։

Աստղերի հետ նստել—
Նիստուկաց եմ արել,
Կիսել ժպիտ ու լաց,
Աղուհաց եմ կերել
Ալեմորուս բուքի
Ու հողմի հետ մրսած,
Մութն իմ հյուրն է եոել
Ու չի տեսել երբեք
Իմ հոնքերը՝ մթնած...

Երազներիս հեռվում
Ծիրանավոր մի բախտ
Ու ծիրանի մի ծով,
Եվ գագաթներ շիկնած,
Եվ գագաթներ պատած
Նախաստեղծման միգով,
Ես քայլել եմ այնտեղ
Ուղիղ հարդագողի
Մղեղների միջով...
Ես ծնվել եմ այնտեղ–
Զանգեզուրի զարմիկ
Բարձունքների վրա,
Վերևից եմ տեսել
Արեգակի անեղ
Ծնունդն ամենօրյա,
Վերևից եմ տեսել
Ամենօրյա կարմիր
Հոգեվարքը նրա։

173. ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ

Կծիկ –կծիկ սարեր,
Կիրճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր,
Քարափ ու քերծ...
Վերհուշերս կրկին,
Ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան
Այն երկնամերձ։

Իմ նախնիներն այնտեղ
Ապրում էին, մեռնում։
Ապրում էին աղքատ,
Մեռնում հարուստ...
Գրաստ էին բառնում,
Գրաստ էին դառնում,
Ու վաստակում մի կերպ
Հաց ու հագուստ։

Աղոթք էին անում,
Ու բախտ էին բանում
Թազբեհների վրա
Եվ ափի մեջ,
Քարանձավի քիմքին
Կորեկ էին ցանում,
Եվ շիվ էին տնկում
Քարափի մեջ։

Հույսեր էին թաղում,
Հոգսեր էին քաղում,
Եվ հող էին մաղում
Ձեռքերով բիրտ,
Եվ քար էին աղում,
Եվ կավ էին շաղում,
Եվ շաղախին խառնում
Կորով ու սիրտ։

Օգնում էին իրար,
Օրհնում էին իրար,
Զրույց էին անում
Աստծո հետ սուտ։
Ցելեր էին կախում
Ապառաժներն ի վար,—
Գութան էին անում
Եվ կալ ու կուտ։

Եզան վզից ուլունք
Ու զանգ էին կախում,
Պահում էին եզան
Պատիվը թանկ,
Պոչին կանաչ-կարմիր
Թելեր էին կապում,
(Տան ճակատին միշտ կար
Եզան մի գանգ):

Կռիվ էին տալիս,
Կռիվ էին շահում
Եվ գլխատում էին
Հողմերը ցուրտ։
Մանուկ էին պահում
Եվ տուն էին պահում,
Աշխարհ էին պահում
Ու ժողովուրդ...

Սև օրերի համար
Պաշար էին բռնում.
Ու հեգնելով ամեն
Ոխ ու ոճիր,
Կտուրների վրա
Երկինք էին փռում,
Աղուն էին փռում,
Չաման ու չիր։

Մասուր էին փռում
Ու սիրտ էին փռում,
Հավատ էին փռում,
Ոսպ ու հաճար։
Թախիծ էին փռում,
Ժպիտ էին փռում,
Հրավերքի խոստում,
Բախտի պաշար...

Իմ նախնիներն այնտեղ
Սամի էին խազում
Եվ լուծ էին քաշում
Եզան հետ խեղճ...
Եվ ապրում են հիմա
Ու հեքիաթ են ասում
Իմ հուշերի հարուստ
Տերության մեջ։

Վերհուշերս կրկին,
Ախ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան
Այն երկնամերձ...
Կծիկ–կծիկ սարեր,
Կիրճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր,
Քարափ ու քերծ։

174. ԹԵ ՀՆԱՐ ԼԻՆԵՐ

Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի ծնվել նույն հոր ու մորից...
Կուզեի, որ նույն գարնանամուտի
Լույսի թրթիռը աչքերս բանար,
Ականջներիս մեջ նույն թռչունների
Կապույտ ծիվ-ծիվը կաթեր երդիկից,
Եվ նույն երկինքը երդիկից կաթեր
Բարուրիս վրա։

Կուզեի քնել նույն օրորոցում,
Եվ գլխիս վերև
Նույն օրորոցի լծակից կախված
Նույն խայտաճամուկ աչքաուլունքի
Ողկույզը շողար...
Եվ մինչև անգամ կուզեի, որ նույն
Խուց-խրճիթի մեջ նույն ունջը կաթեր
Գերաններն ի վար։

Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի խաղալ նույն տատիկների
Ծնկների վրա,
Նույն պապիկների բեղերը քաշել,
Եվ նույն կտավե վարտիքը մաշել,
Չորեքթաթ տալով
Հատակի ճաք ու ճեղքերի վրա։

Կուզեի նստել նույն թանձրաթիկունք
Ցանկապատի մոտ,
Նույն թանձրասաղարթ ընկուզենու տակ
Եվ նույն աչքածակ աչքերով տեսնել
Արցունքոտ ծիծաղն առավոտների,
Մայրամուտների թախիծն արևոտ։
Հետո կուզեի
Նույն արահետով սարը բարձրանալ
Եվ նույն ամպերը շալակած բերել։
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի նստել նույն նստարանին,
Նույն ուսուցիչը ականջս քաշեր
Եվ փորագրեր այբուբենը նույն
Իմ հիշողության մաքուր մարմարին
Ու սրտիս վրա։
Կուզեի, որ նույն առաջին սիրո
Ամպրոպը պայթեր իմ գլխի վրա,
Եվ նույն կայծակը խփեր ճակատիս,
Եվ նույն տանջանքի բոցը գալարվեր
Իմ հասակն ի վար։
Հետո կուզեի՝ նույն անքնության
Կարմիր պղպեղը զգալ կոպերիս։
Հետո կուզեի,
Որ ներբաններս նույն փողոցն այրեր,
Եվ ծունկս ծալվեր նույն շեմքի վրա,
Եվ նույն ժպիտը ինձ դիմավորեր,
Եվ նույն շիկնանքը նույն դեմքի վրա։
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Եվ քսան տարին նորից բոլորել,
Կուզեի, նորից զինվորը լինել,
Նույն գումարտակի,
Պատերազմ գնալ նույն ընկերներով,
Նույն ցուրտ գիշերվա ցուրտ մահը տեսնել
Տաք խարույկի մոտ
Եվ նույն ընդհատված տաք երազները՝
Ցուրտ խրամատում։
Կուզեի տեսնել, ընկնել, բարձրանալ,
Եվ վերադառնալ
Նույն պիրկ ձեռներով, հոգսի բեռներով,
Միայն թե առանց նույն կորուստների...
Նույն ընկերներով։
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի անցնել նույն կանաչ-կարմիր,
Սպիտակ ու սև ճանապարհներով։
Կուզեի ապրել և օրհնաբանել
Իմ արյան գույնը երգիս տողերով,
Որոնք, հիրավի, շարվում են, իբրև
Շարունակությունն իմ երակների,
Եվ թրթռում են թղթերիս վրա։
Կուզեի ապրել,
Ինքնանվիրման բոլոր ձևերով
Բաշխվել աշխարհի երդաշեն մարդկանց,
Նորից հավաքվել, լցվել, ինքնանալ
Եվ արվեստ քամել նույն քար ու հողից,
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից։

175. ԱՌԱՋԻՆ ՀՈՆՈՐԱՐԸ

Քեռակինը չկար։ Շատ մնացինք, չկար։
Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։
Առավոտ էր, չկար, երեկո էր, չկար,
Արդեն երեք գիշեր, երեք օր էր, չկար։
Կորել էր ու չկար,— կորե՞լ, ասեղ, հո չի,
Ո՞վ է տեսել մարդուս քեռակինը կորչի։
Վեր կենա ու կորչի, ի՞նչ ասելու բան է,
Ախր տղան հազիվ երկու տարեկան է,
Ախր տանը ուրիշ եփող-թափող չկա,
Ախր երեխայի գոտին կապող չկա,
Ախր ե՞րբ չի նրա ցավին հասել քեռին,
Ախր ե՞րբ է նրան ցուրտ խոսք ասել քեռին,
Ախր ամբողջ կյանքում չի էլ ասել իսկի՝
«Տեղդ ծուխ է, վեր կաց մի ուրիշ տեղ նստի»։
Բայց կորել էր, չկար... Սկսվել էր թաղում.
— Աղջի, սատանա էր, խեղճություն էր խաղում։
— Դե երևի... — Այո, սիրեկան է ճարել։
Վերջը հետքը գտանք...
Մի անծանոթ քեռի առել էր ու տարել։
Ուրիշ տեղ էր տարել, ո՞վ իմանա թե ուր,
Աշխաիհն անհուն կարաս՝ մեջը լիքը մրուր...
Քեռին գլխին տալիս ու ցնդում էր քեռին,
Քրքրվում էր խանդից, մռլտում էր քեռին,
Քեռու միտքը նրան հազար տեղ էր տանում,
Քեռին ամբողջ գիշեր ախ ու վախ էր անում,
Ինքը իրեն խփում, խրատում էր քեռին,
Քունս ողբ ու ճիչով կտրատում էր քեռին։
Ու ես ամբողջ գիշեր տապակվեցի տեղում։
Առավոտվա դիմաց քունն այնպես էր նեղում,
Որ ես ինձնից անկախ վայ կանչեցի հանկարծ...
Եվ սթափվեց քեռին իմ մի բերան վայ-ից,
Ժպիտի պես մի բան ընկավ բեղի ծայրից։
Թաշկինակի շուքը պատին ծալ-ծալ եղավ։
Արտասուքը սրբեց,
Կարեկցանքիս համար շնորհակալ եղավ...
Երբ գործի էր գնում, ճակատս համբուրեց, Մանեթանոցն առավ ու բարձիս տակ դրեց։
Եվ շուռ եկավ կարծես գլխիս աշխարհն արար։
Մի չարչարված մանեթ, մի ծույլ «վայ»–ի համա՞ր

Ես իմացա հետո, որ ամոքող խոսքին
Մարդիկ վարձ են տալիս, մինչև անգամ
Նրան դեղ ու ճար են ասում,
Եվ իմացա հետո, որ այդ վարձին մարդիկ
Ուրիշ խոսքով նաև հոնորար են ասում:
Ախ, իմ լքված քեռի և ինձ լքած մայիս,
Ձեզ ի՞նչ ասեմ, հիմա
Ամեն խոսքիս համար հոնորար են տալիս։
Եվ տխրում եմ մի պահ, մինչև անգամ լալիս,
Երբ հիշում եմ հանկարծ հոնորարը «վայ»–իս։

176. ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ

Յոթ անգամ կանչեց աքլորը թառին,
Բողարը բակում յոթ բերան հաչեց,
Յոթ անգամ խփեց կայծակը սարին,
Յոթ անգամ սարում պախրան բառաչեց։
Յոթ անգամ ժամի զանգը ծլնգաց,
Յոթ սարսուռ դարձավ սիրտը յոթ հարսի,
Յոթ թամբած նժույգ բակում վրնջաց,
Յոթ ճռինչ հանեց դուռը դարբասի։
Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից,
Յոթ բանակ եկավ, սարը պաշարեց,
Ու յոթ ձիավոր սլացավ գյուղից։
Յոթ հորդաների յոթ կողմից թռած
Յոթ ձիավորը յոթ մրրիկ թվաց,
Յոթ ամպրոպ թվաց կայծակը գրկին,
Յոթ սարսափ կախեց թշնամու գլխին...
Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր սարում,
Յոթ օր, յոթ գիշեր արյուն ու հրդեհ,
Յոթ օր, յոթ գիշեր կռիվ էր վարում
Յոթ ձիավորը յոթ բանակի դեմ...
Յոթերորդ օրը չքվեց թշնամին,
Վերջին զինվորն էր փեշերը ծալում,
Յոթերորդ օրվա իրիկնաժամին
Միայն յոթ նժույգ վրնջաց սարում...
Հայրը յոթ երազ տեսավ այն գիշեր,
Յոթ երազի մեջ յոթ ատամ քաշեց,
Յոթ երազի մեջ յոթ պատան մաշեց,
Յոթ մազե կամուրջ անցավ այն գիշեր,
Յոթ անգամ խաչվեց, մինչև սևակնած
Գիշերը մաշվեց, քաշվեց ու գնաց։
Գիշերը մաշվեց... Եվ լուսաբացին
Յոթ նժույգները կանգնեցին բակում,
Մթնած բողարը նայեց դարպասին
Ու երկինքն ի վեր մորմոքեց թաքուն...
Մայրը յոթ անգամ տեղում թփրտաց,
Հետո ձեռները մնացին ծոցում,
Յոթ հարսի կրծքից վիշտը ծկլթաց,
Յոթ մանուկ զարթնեց յոթ օրորոցում...
Եվ յոթ անգամ յոթ տարի է անցել,
Եվ յոթ աշխարհ է մաշվել աշխարհում,
Եվ յոթ աշխարհ է թևերը բացել,
Եվ յոթ բանակ է մոռացվել սարում...
Եվ յոթ ձիավոր ննջում են սարում,
Եվ յոթ անգամ յոթ թոռները նրանց
Տարին յոթ անգամ յոթ խարույկ վառում,
Տարին յոթ անգամ լալիս են լռին,
Տարին յոթ անգամ թեքվում անմոռաց
Յոթ ձիավորի յոթ մամուռ մաշած
Յոթ նվիրական գերեզմաններին։

177. ՊԱՀԻՐ

Պահիր պատիվը մարդկանց,
Պահիր քո տունը՝ պատվով,
Եվ ընդունիր վաստակած
Քո այս աշունը՝ պատվով։

Պահիր կոչումը փնտրած
Եվ նախընտրած քո ուղին,
Եվ քո անխառն ինքնության
Իշխանությունը՝ պատվով։

178. ՈՐ ՉՔՆԻ ՀԱՆԿԱՐԾ

Աչքդ պահիր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի հանկարծ աչքը նրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի...
Թե չէ, կգա ու քո դռնով կանցնի
Քո իսկ արարչական խելքի լույսով
Ոգեշնչված ուժը կործանումիդ,
Ինքը հյուլեական ուժը վայրի,
Ու քեզ կայրի, աշխա՛րհ, ու քեզ կայրի
Դու իմ երես առած կանաչ-կտրիճ,
Դու իմ խեղճ ու կրակ որբևայրի...
Տիեզերակործան սունկը նրա
Կգա, աշխա՛րհ, կգա, կառնի ու, մեկ
Միլիոներորդական ակնթարթում,
Քանի՛, քանի՛, քանի՛ միլիոն տարվա
Արած-դրածը քո տանջված հոգու
Մի բուռ մոխիր ու մուր կդարձնի...
Աչքդ պահիր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի։

179. ԽԻՂՃԴ ՄԵՌՆԻ, ԱՇԽԱ՛ՐՀ

Խիղճդ մեռնի, աշխա՛րհ, մուխդ մարի, Միջակություններդ մեծաբերան
Պատառ-պատառ արին հոգիս, կերան
Ու չհանգստացան այսքան տարի...
Ասա, նվաստդ ի՞նչ հնար ճարի,
Որ ինքն իրեն այսքան չչարչարի։
Ասա, ինչպե՞ս վարվի, ի՞նչ անի նա,
Նրանց ձեռից գլուխն առնի, գնա՞։
Գնա որտե՞ղ փնտրի փրկության ափ...
Երբ որ դու չես տվել նրանց՝ աղոտ
Մի շնորհքի նշխար, մի բուռ ամոթ,
Ախորժակ ես տվել աշխարհի չափ
Ու բաց թողել վրաս այսքան տարի...
Խիղճդ մեռնի, աշխա՜րհ, մուխդ մարի:

180. ՈԻ ՉԻՄԱՆԱՐ

Մանկությանս դաշտից, էշի վրա,
Գար-օշրնդրի փոշին փեշի վրա,
Գրպաններում փշրանք քարաքոսի,
Գուլպաներում—մաղած հողն ակոսի...
Եվ արևայրուկի թուխն առաջին,
Եվ առաջին հոգսի թուխպը թախծոտ,
Եվ հրճվանքի շողքը դեմքի վրա —
Գար ու շվացներ շեմքի վրա։
Գար – պռունկը դաղձոտ, ունկը դաղձոտ
Կուժը գլխին քաշեր ու զովանար,
Մեղր ու կարագն ուտեր, ուժովանար։
Ու գյուղամեջ գնար... պատահողին,
Անգամ գայլի բերան պատառողին,
Չափեր ոտքից գլուխ, խեթ-խեթ նայեր,
Լեզու հաներ, ժպտար, չխնայեր.
Թե, հա՛, տեսեք-տեսեք, մարդ եմ դարձել
Եվ կարող եմ մենակ, մեն ու մենակ
Ավելացուն արդեն էշին բարձել,
Արդեն ճիպոտ բռնել ճանի տեղակ,
Արդեն գութան քշել մարդավարի,
Արդեն օգնել պապին՝ արտը վարի...
Մեծերի մոտ անգամ քիթը տնկեր,
Ինքն իր աչքում դառնար աշխարհի տեր։
Աղջիկ տեսներ, կծիկն առներ ձեռքից,
Հետո կրակն ընկներ իր ծուռ խելքից։
Էհ, միայն թե վիզը ծուռ չմնար...
Քեֆի տվածն աներ ու չիմանար,
Որ երբ իր կարոտը քաշեմ մի օր,
Ու կորուստի ցավից մաշվեմ մի օր,
Ինչքան էլ «ա՜խ» կանչեմ, «ավա՜ղ» կանչեմ,
Տնկած քթի համար ու ծուռ խելքը
Իր փոխարեն պիտի ես ամաչեմ։

181. ՄԵԿԻ ՀԱՄԱՐ

Մեկի համար հույսի
Սուսիկ-փուսիկ առու,
Մեկի համար բախտի
Ջրաղաց եմ եղել։
Մեկի խիղճն եմ եղել
Ու հավատը բարու,
Մեկի համար մտքի
Ավուր հաց եմ եղել։
Ուր եղել եմ, մարդիկ,
Հոգի ունեմ տալու,
Ձեր մորմոքներն իմ մեջ
Անթեղած եմ եղել...
Հիմա ասեք, տեսնեմ,
Ո՞վ է վրաս լալու,
Լացողներիս վրա
Վաղուց լաց եմ եղել։

182. ԱՃՅՈՒՆՍ ՏԱՐԵՔ

Աճյունս տարեք
Մի հեռու, անշուք գերեզմանատուն
Եվ մի անտաշ քար դրեք իմ հողին...
Որ սիրահարված մողեսներն արթուն՝
Արևկող անեն այդ քարի կողին,
Տաքանան, գգվեն, համբուրեն իրար,
Մի բան հասկանան աշխարհի բանից
Ու երբ հեռանան գոհացած, ուրախ,—
Իրենց մտքի մեջ ողորմի տան ինձ։

183. ԵՐԲ ԳՅՈՒՂԻՑ ՔԱՂԱՔ ԵԿԱ

Երբ գյուղից քաղաք եկա,
Փեշերս մղեղոտ էին,
Ճակատս՝ Ծիր-Կաթինոտ,
Ոտքերս դեռ հողոտ էին,—
Ամբոխն ինձ առավ իր մեջ
Ու տարավ չգիտեմ թե ուր,
Փնտրեցի ու չգտա,
Աչքերս ինձ կարոտ էին։

Վերջապես մի օր տեսա,
Երգերիս մեջ էի լալիս,
Կարծես թե էլ տեղ չկար,
Ձեռքերիս մեջ էի լալիս.
Որպեսզի ուրախ անցնեն,
Արցունքս չտեսնեն մարդիկ,
Սրտիս մեջ, ցավերիս մեջ,
Վերքերիս մեջ էի լալիս։

Եվ հիմա ո՞ւր եմ և ի՞նչ...
Ինձ հիշող ու լացող չկա,
Իմ առաջ էլ դուռ չի բացվում,
Եվ դուռս էլ բացող չկա։
Թող այդպես լինի, ոչինչ,
Միայն թե չգան ու չասեն.
— Երգիդ մեջ ինքն իր սրտի
Տրոփյունն զգացող չկա։

184. ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ

Եթե մինչև անգամ
Ինձ մի կյանք էլ տրվի,
Ես այն, իբրև ընծա,
Ձեզ կթողնեմ, լեռներ:
Առնելիքս առա,
Եվ տալիքս տվի,
Եվ կարող եմ հիմա
Հանգիստ մեռնել:

185. Ի՞ՆՉ ՇՇՆՋԱՄ

Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին:
Գնամ մորմոքներս սարին պատմեմ,
Ճանապարհին, քարին, ծառին պատմեմ,
Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին։
Ե՞րբ է գլուխ դրել նա իմ կանչին:
Չէ, խրատվող մարդ եմ, կխրատվեմ...
Ի՞նչ շշնջամ աստծո խուլ ականջին,
Գնամ մորմոքներս սարին պատմեմ։

186. ԹԵԼԻԿ-ՄԵԼԻԿ ԱՌՈՒ

Թելիկ-մելիկ առու,
Ոլունք-ուլունք մասուր...
Ատելության գալու
Անրջանքներ լազուր։

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Տանջող տենչանք լալու,
Եվ սիրելու սարսուռ։

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...
Մամուռի տակ՝ մի բուռ
Պատանության մասունք։

Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր,
Լսեք հեռվից–հեռու
Տեսեք ի՞նչ եմ ասում։—

Չգա՞մ ձեզ պահ տալու
Ինչ որ ունեմ մաքուր,
Թելիկ-մելիկ առու,
Ուլունք-ուլունք մասուր...

187. ԳԱԼԻՍ ԷՐ

Գալիս էր... ծոցում պահած
Սարերի բույր էր բերում։
Երկնքի ծոցից քաղած
Աստղերի բույլ էր բերում։

Գալիս էր ալիք-ալիք,
Չորեքթաթ, ծնկածալիկ։
Գարնանը նռան ծաղիկ,
Աշնանը՝ նուռ էր բերում։

Ցամաքեց առվակն իմ ջինջ,
Էլ չունեմ հանգիստ ու նինջ...
Հիշում եմ, և հուշն այս ի՜նչ
Ցավ ու մռմուո է բերում։

188. ԴԵՌ ՆՈՐ Է ՊԱՅԹՈՒՄ

Դեռ նոր է պայթում բողբոջը քո,
Տերևաթափ է իմ անտառում։
Խուլ մի խուճապ է իմ անտառում,
Դեռ նոր է պայթում բողբոջը քո:
Ուշ է, մշուշ է ու երեկո,
Մի սև սարսափ է իմ անտառում։
Դեռ նոր է պայթում բողբոջը քո,
Տերևաթափ է իմ անտառում։

189. ԴՈՒ ՉԼԻՆԵԻՐ

Դու չլինեիր այդքան անթերի,
Ես չլինեի այսպես ավերակ...
Դու չուշանայիր, ես չշտապեի,
Եվ աշխարհ գայինք միաժամանակ։
Եվ այն ժամանակ թող հանդիպեինք,
Եվ ի՜նչ կլիներ, տես, այն ժամանակ...

190. ԿԵՍՕՐ։ ԿԱՆԱՉ-ԿԱՐՄԻՐ ՀՈՎԵՐ

Կեսօր։ Կանաչ-կարմիր հովեր,
Կանաչ-կարմիր ծաղիկ ու խոտ։
Բարձունքն ի վեր, բարձունքն ի վեր
Ցրիվ եկած գառների հոտ։

Ետմիջօրե։ Բռնել իրար
Ծոց են մտել ստվեր ու տոթ։
Լանջերն ի վար, լանջերն ի վար
Կծիկ-կծիկ գառների հոտ։

Իրիկնամուտ։ Աշխարհն արար
Մշուշի մեջ մի արևոտ։
Կածանն ի վար, կածանն ի վար
Պարան-պարան գառների հոտ։

Իրիկնաժամ։ Խավոտ խավար
Փարախների դռների մոտ։
Թաղերն ի վար, թաղերն ի վար
Ուլունք-ուլունք գառների հոտ։

Գիշե՜ր, գիշե՜ր... Մենակություն։
Մթնում կորած գառների հոտ...
Ու մինչև լույս ինձ հետ արթուն
Մանկության հուշ, մանկության հոտ։

191. ՈՒՐ ԷԼ ՈՏՔ ԵՄ ԴՐԵԼ

Ուր էլ ոտք եմ դրել,
Ուր էլ թափառել եմ,
Ձեր հոգսերը, մարդիկ,
Ես ինձ հետ տարել եմ...
Եթե մինչև անգամ
Խռովել եմ ձեզնից,
Ձեր ձայների վրա
Ես մթնում պարել եմ։

192. ՄԻԱՅՆ ՉԱՐՆ Է ՈՒՐԻՇ

Միայն չարն է ուրիշ,
Քաղքենին է ուրիշ,
Աչքածակն է ուրիշ։
Պորտաբույծը, հոռին,
Անառակն է ուրիշ,
Ինքն իրենից փախած
Խեղկատակն է ուրիշ։
Ուրիշ ուրիշ չկա...
Մնացածը մենք ենք,
Մի հոգի ենք - մի մարդ,
Մի ընտանիք — մի տուն —
Բազմալեզու, ազնիվ
Մի ազգություն...
Քեզ օրհնություն, քեզ փառք,
Արարչագործ, արդար
Միասնություն։

193. ԴՈՒ ՈՉ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Դու ոչ Սայաթ-Նովա,
Ոչ էլ Քուչակ էիր,
Ոչ էլ հռչակ փնտրող
Հետին գրչակ էիր։
Փրփրած գետակ էիր
Ճահիճների կողքին,
Խոր ծովերի կողքին
Մի պարզ լճակ էիր:

194. ՄԵՐ ՏՈԻՆՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ

Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին,
Աշխարհից վեր էր, ամպերից վեր,
Վրան չէր ընկնում ոչ մի ստվեր,
Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին:
Զարթնած աքլորը թառից թռչում,
Քջուջ էր անում ամպերի մեջ...
Նայում էին վար ու կչկչում
Մեր որբևայրի հավերը խեղճ։
Ձորից նայողին աքլորը շեկ
Կայծակ էր թվում ամպից թռած,
Եվ նա դողում էր հասակով մեկ
Ու տեղից պոկվում սիրտը բռնած։
Իսկ ինքը կայծակն ամպից նայում,
Ուշաթափվում էր ձորի ահից...
Եվ ուշքի գալով, շունչը պահում,
Կախվում էր մեր տան ճանապարհից
Ու մեզ աչքով էր անում վարից։
Տան ճանապարհը կայծակնաձև,
Գիշերն ամպի մեջ և ամպի տակ,
Մտնում կայծակի ծոցը տաք-տաք
Ու երազներ էր տեսնում՝ մինչև
Լուսաստղը քիվից ընկնում էր բակ։
Հետո։— Բարի լո՜ւյս, տեր-Տառապանք...
Այնքա՜ն մոտ էինք մենք երկնքին։
Բայց ինչ էլ լիներ, կյանքը կրկին
Աստծո պատիժ էր, աստծո նվեր...
Մեր տունն այնտեղ էր, ժայռի գլխին,
Աշխարհից վեր էր, ամպերից վեր։

195. ՉՏԵՍՆԵԻ

Չտեսնեի, մեր երդի ծո՛ւխ,
Քեզ կտրված չտեսնեի։
Ա՜խ, մեր սյունի ծունկը ծալված,
Վիզը ծռված չտեսնեի։

Չտեսնեի բակն՝ ամայի
Ու դռները՝ կրնկահան
Եվ գերանը՝ հասակով մեկ
Գետնին փռված չտեսնեի։

Ա՜խ, յոթ գույնի մամուռ հագած
Մեր երկանքի քարի վրա
Քարմաղի խեմքն ունջը կերած
Ու խարխլված չտեսնեի։

Խաչիպապի որդու, թոռան,
Թոռն-թոռան օրորոցի
Փշրանքները նշխար-նշխար՝
Փոշում ցրված չտեսնեի։

Տան երդկալը՝ ցանկապատի
Ջարդ ու փշուր կողերի մեջ
Եվ բահն անտեր՝ խոպան մարգի
Հողում խրված չտեսնեի։

Գայի, ճաքած շրթունքներով
Համբուրեի արցունքդ պաղ,
Ա՜խ, պապերիս ձեռքի սափոր,
Քեզ փշրված չտեսնեի։

Իմ տնավեր լավից լավեր,
Աչքս փակվեր մի բուռ հողով,
Ձեր այդքան թանկ անունները
Քարին գրված չտեսնեի։

196. ՔՈ ՍԻՐՈ ՊԵՍ ԱՆՀՆԱՐԻՆ

Վազգենին

Սուրար ավտոն սուլոցներով
Քո մանկության փողոցներով —
Մի հին թաղում հին Գանձակի...
Աչքդ առներ երբեմնի լույս,
Անհույս, անհաս, անհնարին
Քո սիրո նեղ պատուհանին,
Ու շիկնեիր հանկարծակի։
Չտեսնելու տայինք մի պահ
Մենք շիկնանքը քո հայացքի...
Եվ հիշեիր մի պատմություն,
Որ աշխարհում լոկ դու գիտես,
Հառաչեիր մեզնից թաքուն
Ու ժպտայիր դու, հենց այնպես...
Կիսատ մնար ժպիտը քո,
Ընդհատվեին հուշ ու հառաչ,
Շունչը հանկարծ պահեր ավտոն
Ու կանգ առներ ձեր տան առաջ։
Ելներ, ինչպես արքան գահից,
Ելներ ձեր հին դռան քարից,
Գար ընդառաջ, չհամբերեր,
Ինձ քեզանից չտարբերեր,
Գրկեր, որպես իր տղային,
Ու համբուրեր ու համբուրեր
Մեր մարդամոտ, մարդանվեր
Ու մարդապաշտ Մուխի դային...
Հետո բացեր դուռը ձեր տան,
Բացեր մառանն ավանդական։
Բացեր բերանն, ի՞նչ, պատահա՞ծ,
Չէ, ո՞վ գիտե քանի տարի
Հենց այդ օրվա համար պահած,
Հատուկ պահած մի տակառի...
Հետո իր մեծ սիրտը բացեր,
Բացեր մառանն այնքան հարուստ
Հյուրամեծար իր խոսքերի
Եվ ժպիտով ու արցունքով
Մեր գալստյան կենացն ասեր...
Ու բոցկլտար կարմիր գինին,
Վարդեր դառնար մեր այտերին,
Մեր շուրթերին՝ «աղջի, Մառան»,
Մեր շուրթերին՝ «Քելեր-ցոլեր»,
Ոչ ոք ոչինչ մեզ չարգելեր...
Ետ բերեր մեզ օրերն անցած
Մեր արյունը ջահելացած։
Եվ մեզ նման եռար, երգեր
Եվ տարիքն իր՝ գինով հերքեր
Անգամ ինքը՝ Մուխի դային։
Բոլորն այսպես... թող կրկնվեր,
Եվ չլիներ վերհուշ մի հին,
Եվ չլիներ, և չլիներ
Քո սիրո պես անհնարին։

197. ԽՆԱՅԵՔ ՆՐԱՆՑ

ընկերոջս՝ Ալեքսանին

Հողմեր, ինչո՞ւ եք այդպես չարանում
Աղոթարանի լճերի վրա։
Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում,
Դուք մի խռովեք լճերը նրա։

Բարձունքի հողմե՛ր, բարձունքի սովոր
Դուստրերն են նրանք Աղոթարանի։
Խնայեք նրանց ու մի թողեք, որ
Զոհը դառնան ձեր օղապարանի։

Խնայեք նրանց... տեսեք, որ ահա
Ձյունն ու արևն էլ Աղոթարանում
Իրար հետ ապրում բարձունքի վրա
Եվ իրար երբեք չեն օտարանում։

Աղոթարանի լճերը՝ ոչինչ
Չեն ուզում ձեզնից, հողմեր հաղթական։
Հարգեցեք նրանց մաքրությունը ջինջ
Եվ պարզությունը նրանց նախնական։

Երբ որ կամենաք, գնացեք-եկեք,
Հյուր եղեք նրանց Աղոթարանում.
Չեն արհամարհում նրանք ձեզ երբեք
Եվ ձեր պատիվը չեն ոտնահարում։

Հողմե՛ր, ինչո՞ւ եք այդպես չարանում
Աղոթարանի լճերի վրա։
Հողմե՛ր, թե լինեք Աղոթարանում,
Դուք մի պղտորեք լճերը նրա։

198. ՏԱՌԱՊԱՆՔ

Արի, անբաժանըս,
Իմ անդավաճանըս,
Ո՞ւր ես, ի՞նչ ես անում,
Իմ դաժանըս, արի։

Գտիր ճանապարհս,
Արի, տառապյալըս,
Ո՞ւր ես, ի՞նչ ես անում,
Անդադարըս, արի;

Երբ որ դու չես լինում,
Կյանքս գերություն է։
Տունս էլ տուն չի հո,
Անտեր տերություն է...
Ցուրտ է, ձյուն է, արի։

Երբ որ դու չես լինում,
Աչքիս քուն չի գալիս.
Երբ որ դու չես լինում,
Խելքս տուն չի գալիս։
Երգս ելք չի ճարում,
Դուրս չի գալիս, արի։

Ուրիշին մի ճարի,
Մի մոռանա տունըս,
Եվ մի չարաշահի
Հավատարմությունըս...
Թարմությունըս, արի։

Էհ, աշխարհ է ու կյանք,
Դեռ ապրում ենք ու կանք,
Կանք ու պիտի տոկանք,
Տեր-Տառապանք, արի։

199. ՉԳԻՏԵՄ

Չգիտեմ ում է արտույտն աղոթում,
Ինքն իր հետ վիճում ու մրցում է նա։
Փնտրում է իրեն, իրեն կարոտում,
Ինքն իր հետ երգով զրուցում է նա։
Իր երգից կախված ճոճվում է օդում
Եվ իր երգն ի վեր մագլցում է նա...

Արտո՜ւյտ, քո խոս՛քը կտրեմ շաքարով.
— Արտո՛ւյտ, քո երգը մեկն է աշխարհում։
Արտույտի երգին մի խփեք քարով...
Դա ամենամեծ մեղքն է աշխարհում։

200. ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՄՇՈՒՇՆԵՐԻ ՄԵՋ

Մանուշակագույն մշուշների մեջ
Երգեր են շաղում արտույտներն էլի,
Հասարակ աչքին անտեսանելի
Մանուշակագույն մշուշների մեջ։
Անվերջ կլսեմ այղ երգերն, անվերջ,
Թող ոչ մի աղմուկ հոգիս չավերի...
Մանուշակագույն մշուշների մեջ
Երգեր են շաղում արտույտներն էլի։

201. ԵՍ ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԴՈՒ

Ես կուզեի, որ դու
Մի քիչ դաժան լինես,
Բայց և բարի լինես
Լույսի նման։
Երգ իմ, ինձ հետ ցմահ
Եվ ցվախճան լինես,
Լինես բեռս կիսող
Ուսի նման։
Տառապանքի նման
Անդավաճան լինես,
Եվ անբաժան լինես
Հոգսի նման։

202. ԲՆՈԻԹՅՈԻՆ

Ես ծունկի եմ գալիս,
Խոնարհվում եմ ահա,
Ասա՛, ինչ որ կուզես...
Օգնիր տառապյալիս,
Ողորմություն արա,
Եթե աստված ունես։

Օգնիր ինձ՝ իմանամ,
Ինձ քեզանից զատեմ
Ու խառնվեմ քեզ հետ։
Օգնի՛ր, որ դիմանամ,
Չբարձրանամ քո դեմ
Եվ չդաոնամ աղետ։

Օգնի՛ր, որ արգելեմ
Արհավիրքները նոր։
Օգնի՛ր, որ ես ջանամ...
Օգնիր՝ իրար բերեմ
Բևեռներս բոլոր,
Օգնիր՝ ամբողջանամ։

203. ԽՐԹԻՆ ԷՐ, ԲԱՐԴ ԷՐ

Խրթին էր, բարդ էր,
խռիվ էր կյանքըս։
Ճակատամարտ էր,
Կռիվ էր կյանքըս...
Եվ այդ մեծ կռիվ —
Ճակատամարտում
Զորավարներըս
Աչալուրջ, արթուն՝
Նորին Տաոապանքն
Ու սերը եղան։
Եվ արշավակից —
Զինակիցներըս՝
Աշխարհի, մարդկանց,
Հոգու և հացի
Հանապազօրյա
Հոգսերը եղան։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Համո Սահյան, «Սեզամ, բացվիր»,
«Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1972

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Վահան Տերյան

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice