ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Մանվել Զուլալյան

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ XIII-XVIII ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԸՍՏ ԵՎՐՈՊԱՑԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

Previous | Բովանդակություն | Next

[էջ 287]

VI

ԴԵ ԼԱ ԲՈԻԼԵ ԼԱ ԳՈՒԶԻ ԴԵ ԼԱԼԵՆԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Թավրիզ, Մեդիայի մայրաքաղաք,

18 հունիսի 1665 թ.

Տեր իմ,

Երևանից, որը հանդիսանում է Պարսկաստանի սահմանը, մեկնեցինք մայիսի 28-ին և հասանք Թավրիզ, նախկին թագավորանիստ քաղաքը, ընթացիկ ամսվա 8-ին։ Այս երեկո մեկնում ենք՝ մեզ հետ ունենալով Խանից կամ փոխարքայից ստացած անձնագիրը և հույս ունենք քսանհինգ օր հետո լինել Սպահանում, ուր Մողոլից ժամանել է մի դեսպան, որը և շուտով մեկնելու է այնտեղից։ Մենք կարող ենք օգտվել այդ հարմար առիթից և ընկերակցել նրան, որպեսզի մեզ համար հեշտ լինի կատարել Ձերդ Մեծության հրամանները որպես

Շատ խոնարհ, շատ հավատարիմ ու շատ հնազանդ հպատակներ՝

Դե Լա Բուլե Գուզ, Դե Լալեն:

P. Raphael du Mans. Op. cit., p. 304.

VII

ԴԵ ԼԱ ԲՈԻԼԵ ԼԵ ԳՈԻԶԻ ԵՎ ԴԵ ԼԱԼԵՆԻ ՆԱՄԱԿԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ

Սպահան, 8 հոկտեմբերի 1665 թ.

Տեր իմ,

Հուլիսի տասնմեկին հասանք Սպահան՝ Պարսկաստանի մայրաքաղաքը։ Քանի որ արքունիքը բացակայում էր այստեղից, մեր ժամանելու մասին տեղեկացրինք գլխավոր մինիստրներին։ Մեզ առաջարկեցին սպասել թագավորի վերադարձին և սեպտեմբերի 26-ին մեզ կանչեցին մեջլիս (megelis) կամ, այսպես ասած՝ տոնակատարությունների վայրը։ Թագավորը պարզ ձևով զգեստավորված նստած էր գահին, իսկ երկրի մեծամեծները նստած էին ավելի ցածր, ըստ կարգի։ Նրան հանձնեցին Ձերդ մեծության նամակները։ Նա տարբեր ժամանակներում հինգ անգամ մեզ իր մոտ կանչեց և իր խորին գոհունակությունը հայտնեց երկու թագերի միջև եղած միահամուռ համաձայնության ու միության համար։ Նա մեզանից մանրամասն տեղեկություններ ստացավ Ձեր ընտանիքի վերաբերյալ և ասաց, որ անմիջապես, երբ մեր նա-

[էջ 288]

վերը կժամանեն Բանդար Աբասի, ինքը Ֆրանսիա կուղարկի իր գլխավոր սպաներից մեկին։ Այս հանդիպմանը հաջորդեց մի շատ գեղեցիկ հրավառություն և ճաշկերույթ՝ երաժշտության ընկերակցությամբ, և մենք թագավորի մոտ նստած մնացինք ինը-տաս ժամ։ Հաջորդ օրը թագավորի հրամանով ճաշկերույթ կազմակերպեց մեծ վեզիրը, իսկ երկու օր հետո՝ Նազիրը կամ Ֆավորիտը։ Հույս ունենք վաղը ճպնապարհ ընկնել՝ մեր խալաթներն ու բաճկոնները ստանալուց հետո, որ մեզ պետք է հանձնվեն թագավորի հրամանով։ Ասում են, որ մեր խալաթները ոսկուց են, իսկ պատվիրակներինը՝ արծաթից։ Ձերդ Մեծությանը տեղյակ պահելուց հետո մենք կմեկնենք Ձեր շատ հավատարիմ, շատ խոնարհ և շատ հնազանդ հպատակները՝

Դե Լա Բուլե Լե Գուզ, Դե Լալեն:

P. Raphael du Mans. Op. cit., pp. 304—305.

VIII

ՊԱՐՈՆ ԴՅՈԻ ՊՈՆԻ ՄԻ ՆԱՄԱԿԻ ՊԱՏՃԵՆԸ՝ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՊԱՐՍԿԱՍՏԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

16 նոյեմբերի 1665, Սպահան

Սույն նամ ակով, ինչպես նաև Զմյուռնիայի ճանապարհով Ձեզ ուղարկված նամակով Ձեզ հայտնվում է, որ ժամանակի պակասություն ենք զգում։ Մեկ կամ երկու ժամից ձի ենք նստելու՝ գնալու համար Բանդար Աբասի։

Մենք այստեղ ենք ժամանել հուլիսի 13-ին՝ ամենաշոգ օրերին։ Չորս-հինգ օր առաջ թագավորը մեկնել էր լեռները, որտեղ ավելի զով էր։ Նա վերադարձավ միմիայն սեպտեմբերի 12-ին և մի քանի օր հետո ընդունեց մեզ։ Նա մեզ շատ լավ ընդունեց, և երբ պարոն Լալենը նրան հանձնեց մեր անպարտելի արքայի նամակը, նա այնպիսի արտակարգ գոհունակություն ցույց տվեց, որ ի նշանավորումն դրան կազմակերպվեց մեծ հրավառություն, որը խորը տպավորություն թողեց իր գեղեցկությամբ և արտակարգ ճոխությամբ։ Երեկոյան ժամը տասի մոտերը, նորին Մեծությանը, ինչպես նաև մեզ ուտելու բան հրամցրին, իսկ կեսգիշերից հետո, մոտ ժամը 3-ին թագավորը մեզ ազատ արձակեց։ Նրանց գործիքներից ու երաժշտությունից մենք այնքան էինք շշմել, որ նույնիսկ երեք-չորս օր հետո, կարծես թե դրանք դեռևս մեր գլխի մեջն էին։ Նազերը, որը տերության երկրորդ անձնավորությունն է, մեզ իր

[էջ 289]

մոտ կանչեց ու ասաց, որ ինքը նշանակված է թագավորի կողմից մեզ լսելու, և միաժամանակ իրեն հրամայված է մեզ հյուրասիրել։ Որոշ ժամանակ մեր գործերի մասին խոսելուց հետո, մնացած ժամանակը լավ զվարճացանք, քանի որ արդեն գրավոր նրան հանձնել էինք մեր խնդրանքները։ Նա խոստացավ, որ այդ գրությունները կհանձնվեն թագավորին, և ինքը, հնարավորության սահմաններում, այդ հարցում մեզ կօգնի։ Մեր կանչվելուց մեկ օր հետո թագավորը մեկնեց Մազանդարան, որը տաս օրվա ճանապարհ է։ Երբ ինքը իր քաղաքամերձ վայրերից մեկում էր գտնվում, որը այստեղից երեք օրվա հեռավորության վրա է գտնվում, իր սպաներից մեկին հրամայել էր մեզ տանել իր մոտ։ Նա մեզ անմիջապես արքունիք տարավ, տեղավորեց մեր սենյակներում, որից հետո մեզ մոտ եկավ թագավորի կողմից ուղարկված ծիսակատարությունների տնօրինողը, որը բարի գալուստ մաղթելով հանդերձ, մեզ հրամցրեց տարբեր տեսակի մրգերով լեցուն երկու խոշոր ափսեներ, ինչպես նաև Շիրազի հիանալի գինու բազմաթիվ սրվակներ։ Մեր այստեղ գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում մենք սնվում էինք թագավորի սեղանից։ Իսկ վերջին գիշերը ծիսակատարությունների այդ նույն տնօրինողը մեզ բերեց մեր կոնցեսիաների նամակները և տվեց պարոններ Բեբերին, Մարիաժին ու ինձ, անձնագրերի հետ միասին, ինչպես նաև թույլտվություն՝ մի քանի ձիեր Հնդկաստան անցկացնելու համար։ Որից հետո թագավորը յուրաքանչյուրիս համար ուղարկեց մի խալաթ, որը պարսկական ոճով պատրաստված զգեստ է։ Այս նվերը ցույց է տալիս հարգանքի այն չափը, որ ցուցաբերվում է մարդկանց նկատմամբ։ Հաջորդ օրը, առավոտյան այդ նույն հագուստներով, հրաժեշտ տալու համար ներկայացանք թագավորին, և նա պարոն դե Լալենին տվեց մի նամակ՝ մեր թագավորին հանձնելու համար։

Մեզ չհաջողվեց կարդալ կոնցեսիաներին վերաբերող մեր նամակը՝ իմանալու համար, թե արդյոք բավարարվո՞ւմ էին մեր բոլոր խնդրանքները։ Մեր այստեղ վերադարձից և դրանց մասին բացատրություն ստանալուց հետո պարզվեց, որ այնտեղ պակասում էր ինչ-որ հոդված։ Հավաքվեցինք որոշելու համար, թե ինչպե՞ս պետք է վարվեինք այդ հարցին լուծում տալու համար։ Որոշեցինք, որ պարոն դե Լալենը, նրա հետ միասին նաև պարոն Մարիաժը, որոնք արդեն պետք է մնային Պարսկաստանում, անհրաժեշտ խնդրանքները կատարելու համար կգնան արքունիք, իսկ պարոններ Լա Բուլեյը, դե Բեբերը և ես պետք է գնայինք Հնդկաստան։ Ժամանակի սղության պատճառով ես չեմ կարող Քեզ տեղեկացնել մեր գործերի շուրջ կատարված որոշ մեքենայությունների մասին։

[էջ 290]

Ժամանելով այստեղ, մեզանից յուրաքանչյուրին մնում էր մոտ հարյուր պիաստր։ Շատ էինք ուրախացել այստեղ գտնելով պարոն դե Լեթուալին, որը մեզ ապահովեց անհրաժեշտ բաներով։ Ստիպված էինք ծախսեր կատարել հագուստեղենի համար, որովհետև այստեղ այն արքունիքն է, որտեղ, աշխարհի բոլոր արքունիքների հետ համեմատած, ամենից շատ ծախսեր են արվում։ Այստեղ կարելի է հանդիպել միմիայն ասեղնագործությունների, ոսկե ու արծաթե դիպակների և յոթ-ութ ֆրանսիացիների, որոնք աշխատում են որպես ժամագործներ, զինագործներ, հղկողներ և որոնք քայլում են ամբողջովին ոսկով ու արծաթով ծածկված բաճկոններով ու հագուստներով, նրանք նույնիսկ կրում են փետուրներ և այդ ձևով էլ ամեն օր աշխատանքի գնում։

P. Raphael du Mans. Op. cit., pp. 305— 307.

IX

ԼԵԹՈԻԱԼԻ ՆԱՄԱԿԸ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՐՔՈՒՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ

Սպահան, 18 դեկտեմբերի, 1665 թ.

Պարոն,

Սույնով գալիս եմ Ձեզ հայտնելու իմ խորին շնորհակալություններն այն հաջողության համար, որ ինձ ընձեռեցիք Նորին Մեծության մոտ և այն նեղության համար, որ դուք հանձն առաք նրա կողմից ինձ ասելու, որ հնարավորության սահմաններում ես իմ օգնությունը բերեմ այս երկրում հիմնադրելու համար այդ նշանավոր ընկերությունը, որի համար նա բարեհաճում է հանդես բերել իր հովանավորությունը։ Ես չեմ խնայում այն փոքր վստահությունը և իշխանությունը, որ ես ունեմ այդ մեծ գործը հաջողացնելու համար, և շատ շոյված կզգայի ինձ, եթե կարողանայի օգնել իմ հայրենիքին և իմ անձնական խորը զգացմունքը ցուցաբերել իմ տիրոջ՝ թագավորի նկատմամբ։ Ուրախ եմ, որ կարողացա իմ կարողացածն անել Ձեր ուղարկած պարոնայք պատվիրակներին օգնելու համար այն հարցերում, որոնցով նրանք հետաքրքրվում էին այս արքունիքում, միաժամանակ՝ ես պատրաստ եմ շարունակելու իմ օգնությունը ցույց տալ ընկերության գործերի հարցում։ Ես նրանց ներկայացրի իմ ավագ որդուն, որին, շնորհիվ Նորին Մեծության և պարոնայք դիրեկտորների բարեհաճության, ընդունեցին որպես թարգմանչի։ Եթե ես վստահ չլինեի, որ նա իրեն կարդարացնի այդ

[էջ 291]

պաշտոնում, երբեք նրա թեկնածությունը չէի առաջարկի։ Ես գիտեմ, որ նա քաջ ծանոթ է վաճառականությանը վերաբերող հարցերին հիանալի խոսում է ֆրանսերեն, պարսկերեն, թուրքերեն, ինչպես նաև հայերեն ու հնդկերեն։ Իմ երեխաներին ես դաստիարակել եմ իսկական ֆրանսիացու հոգեբանությամբ և ինձ համար հաճելի է նրանց տեսնել սերտ կապված Ֆրանսիային՝ որպես լավ հպատակների։

Ինչ վերաբերում է բանակցությունների մեջ այդ պարոնների հաջողությանը, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ նրանք ստացան այն, ինչ որ ուզում էին, բացառությամբ մի քանի հոգու նկատմամբ որոշ արտոնությունների սահմանափակումից։ Թագավորը նրանց շատ լավ ընդունեց և անչափ ուրախացավ իր տերության մեջ ֆրանսիացիների հայտնվելու համար, մի բան, որ ինքն ու իր նախորդները մշտապես ցանկացել էին։ Ես այդ պարոնների իրավունքները ոտնահարած կլինեի, եթե մանրամասն գրեի ողջ տեղի ունեցածի մասին։ Եվ ես քաջ գիտեմ, որ իրենք դա ինձանից ավելի լավ կանեն։

Եվ քանի որ այստեղ դեսպանների էին սպասում, հարց հարուցվեց նվերի մասին, և հանուն Ֆրանսիայի պատվի, ինչպես նաև հաշվի առնելով, որ ես լավ գիտեմ այս երկիրը, ինձ պարտավորված եմ զգում Ձեզ տեղեկացնել, որ այստեղ եթե որևէ բան արտակարգ տպավորություն չի թողնում, ապա նրանց կողմից գնահատանքի չի արժանանում։ Անցյալ տարի Մոսկովիայի դեսպանը եկել է շատ հարուստ նվերներով և 200 հոգով, ինչպես նաև Մոգոլի դեսպանը՝ մի հնդիկ, որը ներկայումս այստեղ է, իր հետ բերել է 400 մարդ և շատ հարուստ նվերներ, որոնց արժեքը, ինչպես ասում են, կազմում է մոտավորապես 15000 էկյու։ Բացի այդ, այստեղ հարկավոր է լավ հագնվել՝ լավագույն ձեվով, ինչպես պահանջվում է այս արքունիքում։ Ոսկե և արծաթե կտորներն ընդունված բան են մեծերի մոտ, իսկ այստեղ ժամանած պատվիրակները, որոնք նախապատրաստված չէին վերոհիշյալ ձևով, ստիպված էին հնարավորին չափ լավ հագնվել ֆրանսիական ոճով։ Ֆրանսիայում, արքունիքի լավագույն մարդիկ չեն կարող հագնվել այնպես, ինչպես արեցին պատվիրակները, բայց դրա անելն անհրաժեշտություն էր, քանի որ հատուկ կարծիք և հարգանք են տածում ֆրանսիական ազգի նկատմամբ։ Հուսով եմ, որ նման բարեհաջող սկիզբը կունենա ավելի բարեհաջող շարունակություն, և շուտով ականատես կլինենք ֆրանսիացիների անվան ու մեծության ծաղկմանը Ասիայում։ Սա իմ խոր սրտով արտահայտած մաղթանքն է և, խնդրելով Ձեզ, Պարոն, վստահեցնելու Նորին Մեծությանը, որ հանձին ինձ ու իմ զավակների

[էջ 292]

նա ունի հավատարիմ հպատակներ, ես կցանկանայի առավելագույն ջերմությամբ Ձեզ ասեի որ ես Ձեր,

Պարոն,
Շատ խոնարհ և շատ հնազանդ ծառան եմ.

Լեթուալ։

P. Raphael du Mans: Op. cit, pp. 308—309.

X

ԴԵ ԼԱ ԲՈԻԼԵ ԼԵ ԳՈԻԶԻ ՆԱՄԱԿԸ ԴԵ ԼԵՈՆԻՆ

Բանդար Կոնգո, 9 մարտի 1666 .

Պատիվ ունեցա Նորին Մեծությանը գրելու այն մասին, որ Հնդկաստան գնալու համար նստել եմ հայկական նավ, որի կապիտանը դանիացի է, իսկ պատվիրակներից մեկը Շիրազի մոտ մահացավ՝ ճանապարհի հոգնեցուցիչ և դժվարին լինելու պատճառով։ Բայց կարելի է ամեն ինչ հաղթահարել, եթե սիրով ես կատարում քո պարտականությունը։ Այստեղ լուրեր են հասնում, թե այս ափերին մեր նավերի մոտենալը մեծ տագնապ է առաջացրել Հնդկաստանում։ Մեր ազգի թշնամիները լուր են տարածել, որ իբր Լամբերտ Հյուգոն, ֆրանսիացի ծովահենների ծովակալ Լամբերտ Հյուգոն գալիս, է այստեղ ամեն ինչ արյան և կրակի մեջ խեղդելու, որի պատճառով էլ հանդգնություն ունեցա օգտվելու այս փոքր նավից՝ շտապելու համար այնտեղ, որպեսզի հանգստացնեմ այդ ժողովուրդներին և արտոնություն ստանամ մեր նավերի ազատ մուտքի համար։ Ավելի մանրամասն կգրեմ Սուրաթից, եթե Աստծո օգնությամբ բարեհաջող տեղ հասնեմ։ Հավիտյանս ես կմնամ,

Ձերդ պայծառափայլության
Շատ խոնարհ և շատ հնազանդ ծառան՝

Դե Լա Բուլե Լե Գուզ ճանապարհորդ

P. Raphael du Mans. Op. cit., pp. 309-310.

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Զուլալյան Մ., Հայ ժողովրդի XIII—XVIII դարերի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների.- Եր. ՀՀ ԳԱ հրատ., 1990.
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Անի Քամալյան, Վահագն Մխոյան
OCR՝ Արշակ Ծառուկյան, Սոնա Ավագյան, Նելլի Հարությունյան, Գրիգոր Երիցյան, Անի Քամալյան, Հասմիկ Սողոմոնյան
Ուղղագրում՝ Լինա Քամալյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice