Ոսկեփորիկ. նմուշներ հին և միջնադարյան արձակից
ՈՍԿԵՓՈՐԻԿ
[էջ 148]
Գ
ԲԱՐԻ ԳՈՐԾԸ
Գայլը մոտեցավ դրախտի դռանը, թե.
— Ներս գամ։ Գիտեմ, որ աստված արդար դատաստան կանի, եթե մեղք գործել եմ, բարություն էլ եմ արել։
Հարցնում են.
— Ի՞նչ բարի գործ ես արել:
— Մի զառամյալ գուսան եմ կերել և մի գզիր:
ԷՇԸ ԵՎ ԱՐՈՐ ԹՌՉՈԻՆԸ
Թագավորը հարցնում է իմաստասերին.
— Եթե մեկին վերուստ մի բան տրված չէ, և նա ձգտում է հասնել, կկարողանա՞, թե՝ ոչ:
— Կկորչի՛, ինչպես էշն արորից,— պատասխանում է իմաստասերը։
— Ինչպե՞ս կորավ էշը։
— Լինում է մի սուտասան և քաղցրախոս արոր։ Էշը, լսելով նրա ձայնը, մոտենում է նրան ու հարցնում.
— Ինչի՞ց է քո ձայնը այդքան քաղցրալուր, ասա ինձ գաղտնիքը, որպեսզի ես ևս լավ ձայն ունենամ։ Չափազանց տհաճ և դժվարալուր է բոլորի ականջների համար իմ ձայնը։
— Ես երկնքի ցողն եմ ըմպում,— պատասխանում է արորը,— եթե անձրև չի գալիս, ջուր չեմ խմում։
Գնում, է էշը մի անջրդի տեղ և մի քանի օր աչքերը
[էջ 149]
չռած երկնքին, բերանը բաց արած՝ սպասում է ու սատկում ծարավից։
Այսպես, ուրեմն, ով ձգտում է ստանալ այն, ինչ չի տրված իրեն, չարաչար կերպով կկորչի ինչպես ավանակը։
ԱՂՎԵՍԸ ԵՎ ՍԱԳԵՐԸ
Աղվեսը մտավ սագերի բույնը: Իսկ սրանց բնությունն այնպիսին է, որ սվսվոց են արձակում, ասելով.
— Սո՜ւո՜ւս։
— Եթե դուք սուս եք,— ասում է աղվեսը,— ես ավեէթ սուս եմ ու սուս։
ԲԱԶԵՆ ԵՎ ԸՆՏԱՆԻ ՀԱՎԸ
Պարսավում էր բազեն հավին ու ասում նրան.
— Ինչո՞ւ այդպես անշնորհակալ ես քո տիրոջ նկատմամբ, ինչո՞ւ ես զգուշանում նրանից։ Չե՞ս տեսնում ինձ, վայրենի լինելով հանդերձ, հենց որ տերս սուլում և կամ ձեռքի շարժումով կանչում է, անմիջապես մոտենում եմ նրան։ Իսկ դու թեև ազգուտակով ծնվել ու սնվել ես նրա տան մեջ, բայց խուսափում ես նրանից։
— Շամփուրն եմ հիշում, որովհետև մեզանից շատերին խորովեցին, իսկ բազեներից և ոչ մեկին։ Որքան որ ես հավ եմ տեսել շամփուրի վրա, ո՛վ թռչունների արքա, եթե դու գեթ մի բազե տեսնեիր, կարծում եմ, որ անդարձ կհեռանայիր մարդուց, և եթե հազար անգամ համոզեին ու բազում պարգևներ խոստանային, դարձյալ չէիր համաձայնի ենթարկվել նրա կանչին:
ՇԻՆԱԿԱՆԻ ՈՐԴԻՆ ԹԱԳԱՎՈՐ
Մի երկրի թագավորը վախճանվել էր։ Եվ երբ իշխաններն ու նախարարները իրենցից մեկին թագավոր ընտրելու համար միաբանության չէին գալիս, մի շինականի որդու դարձրեցին թագավոր։
[էջ 150]
Իսկ նրա հայրը,գալով պալատ և տեսննլով իր որդուն թագավորական հանդերձների մեջ, հարցնում է նրան.
— Որդյա՛կ, ճանաչո՞ւմ ես ինձ։
— Ինչպե՞ս կարող եմ ճանաչել,— պատասխանում է որդին,— երբ ինձ չեմ ճանաչում։
ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ
Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.
— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։
Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։
ԻՇԱՏԵՐԸ ԵՎ ԳԱՅԼԸ
Մի մարդ կորցրել էր էշը: Նա մորմոքալով այս ու այն կողմ էր շրջում, փնտրում ու չէր գտնում։ Հանդիպում է նա մի գայլի:
— Ով եղբա՛յր,— հարցնում է մարդը,— կորցրել եմ իմ իշուկը, չե՞ս գտել։
— Եղբա՛յր, քո էշը ես եմ գտել,— պատասխանում է գայլը։
— Բե՛ր, որ քո գտնելու վարձը տամ։
— Ով մա՛րդ,— ասում է գայլը, — քո էշը տիղմի մեջ էր խրվել։ Ես երեք օր չարչարվեցի, հազիվ կարողացա, հանել։ Գիտեի, որ աղքատ մարդ ես, ինձ վարձահատույց լինել չէիր կարող և վարձի տեղը էշդ կերա:
ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈԻ ԱՐԱԳԻԼԸ
Հողագործը բակլա ու սիսեռ ցանեց գետի եզերքին։ Մոտիկ եղեգնուտից դուրս էին գալիս սագեր ու կռունկներ, հավաքում սերմերը։ Հողագործն ակնատներ պատրաստեց ու դրեց ցանքի եզրին։ Առավոտյան դեմ վերցրեց կաղնե մահակը ու գնաց նայելու ակնատները։ Սագերն ու կռունկ–
[էջ 151]
ները եկել էին, ընկել թակարդների մեջ, նրանց հետ էր մի արագիլ։ Հողագործն իր մահակով սկսեց ջարդել սագերի ու կռունկների պարանոցները։
— Ո՛վ բարեսեր հողագռրձ,— դիմում է նրան արագիլը պաղատագին ձայնով,— դու լավ գիտես, որ ես ոչ բակլա եմ ուտում և ոչ սիսեռ, քո էլ լավ բարեկամն եմ, վերացնում եմ քո հանդերից օձերին, մկներին ու ճիճուներին, թեթևացնում քո հոգսը։ Եվ արդ, խնայիր ինձ ու մի պատժիր։
— Այդ ճիշտ է,— ասում է; հողագործը,— բայց քանի որ միաբանել ես իմ թշնամիների հետ, նրանց հետ դու էլ կսատկես։
ՄԵՌԵԼՆ ՈԻ ԱՅԳԵԳՈՐԾԸ
Մ՛ի օր մարդիկ մեռել էին տանում թաղելու: Գերեզմանոցի մոտ այգի կար, ուր մի մարդ էր աշխատում։ Նրան ասացին.
— Ե՛կ մեզ հետ մեռելը թաղելու:
— Ժամանակ չունեմ,— պատասխանեց այգեգործը:
Մեռելը գլուխը բարձրացրեց ու ասաց.
— Ես էլ շատ բան ունեի անելու, բայց մահը վրա հասավ, ամեն ինչ թողեցի ու գնում եմ։ Ե՛կ իմ ետևից, որ մեկն էլ քո ետևից գա։
ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ
Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.
— Չվայելե՛ ս։
Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ռւ ձագերը։
[էջ 152]
ՀՐԵՇՏԱԿՆ ՈԻ ԱՂՔԱՏԸ
Հրեշտակն ասաց մի աղքատի.
— Բժիշկ եմ դարձնում քեզ, այդ գործն արա ու ապրիր, ես քեզ օգնական կլինեմ։
— Ինչպե՞ս իմանամ օգնելդ,— հարցնում է աղքատը։
— Երբ գնաս հիվանդի մոտ,— խրատում է հրեշտակը,— ես քեզ կերևամ։ Եթե հիվանդի ոտքերի կողմից երևամ, ուրեմն պիտի ապրի, իսկ եթե գլխի կողմից՝ կմեռնի։ Դու այդ ասա հարազատներին և վարձդ առ։
Եվ շատ օրեր աղքատն այդպես վարվեց ու հարստացավ։
Պատահեց, որ ինքը հիվանդացավ։ Հրեշտակն երևաց գլխի կողմից, պիտի մեռներ։
— Շրջեցե՛ք սնարքս,— ասում է նա իր հարազատներին:
Շրջեցին։ Բայց դարձյալ երևաց հրեշտակն այն կողմից:
— Նորից շրջեցե՛ք,— ասում է հիվանդը։
Եվ կրկին դրեցին նախկին դիրքով: Դարձյալ հրեշտակը երևաց գլխի կողմից։
— Ամեն անգամ երևալդ հարստացնում էր ինձ,— դիմում է նա հրեշտակին,— իսկ այս մեկ երևալդ լավ չէր:
Եվ մեռավ:
ՃՇՄԱՐՏԱԽՈՍ ԱՂՔԱՏԸ
Մի ծեր մարդ նստած էր իր տանը, երբ անսպասելի կերպով մի աղքատ հերս մտավ։ Ծերունին սիրով ընդունեց նրան, հյուրասիրեց և հարցրեց.
— Ո՞վ ես դու, խեղճ մարդ։
— Ես ճշմարտախոս մարդ եմ,— պատասխանեց նա,— ուր որ գնում եմ, ինձ նախանձում են բոլորը և հանգիստ չեն տալիս։
— Ի՞նչ կ արածդ,— հարցրեց ծերունին:
— Բոլորի պակասությունը երեսներին եմ ասում, չեմ թաքցնում, չեմ կարողանում համբերել։ Այս իսկ պատճա–
[էջ 154]
ռով ինձ հալածում են, քշում։ Այսպես աննպատակ թափառում եմ։
Հաց ուտելուց հետո գնացին քնելու։ Առավոտյան շորերն հագնելիս, աղքատը ծերուհուն մի բան ասելու պահանջ զգաց։ Նա տեսավ, որ տանտերը միաչքանի է և նրա երեսին ասաց պակասությունը։
Անմիջապես բարկացավ ծերունին, դուրս արեց նրան տնից, ասելով.
— Հենց դրա համար տեղ չես գտնում, բոլորին ատելի ես, քանի որ բոլորի պակասությունները երեսներին ես տալիս, արժանի է քեզ այդպես լինելդ։
ԱՂՔԱՏԻ ԱՂՈԹՔԸ
Մի աղքատ մարդ հիվանդանում է ճանապարհին։ Եվ նա աղաչում է աստծուն տուն հասնելու համար մի գրաստ ուղարկել։ Բայց գալիս է մի չարաբարո հեծյալ, ծեծում աղքատին ու ասում.
— Վեր կա՛ց, շալակիր այս քուռակին, որովհետև չի կարողանում գալ իր մոր հետ։
Եվ բարձրանալով տեղից, աղքատը լալիս է դառնագին, որովհետև չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Իսկ չար մարդը շարունակ հարվածում էր։
— Վա՜յ ինձ, աստված իմ,— բացականչում է աղքատը,— փոխանակ թեթևացնելու, ծանրացրիր վիճակս։
Առակս ցույց է տալիս, որ աղքատները տառապում են չքավորությունից և աստծուց խնդրում են ինչք և ունեցվածք, իսկ թագավորներն ու բռնավորները, ինչ գտնում են նրանց մոտ, կողոպտում են։
ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ
Մի աղքատ վարձկան պահանջեց իր վարձը։ Տանուտերն ասաց.
— Եթե արդարն ես պահանջո՛ւմ, մեկն եմ տալիս, անարդար կերպով ավելին՝ չորսը:
[էջ 154]
Իսկ նա իր արդար վաստակը պահանջեց ու պակաս ստացավ վարձը։
Եվ այս դեպքն եղել է ֆրանկների երկրում։
Մի մեծ իշխանի հետ աղքատը նավ բարձրացավ, կամենալով վերադառնալ տուն։ Նա ստացած վարձով իր երեխաների համար նուռ էր գնել։ Նավի վրա մեծ իշխանը հիվանդացավ։ Ասացին, թե բուժիչ դեղը նուռն է։ Եվ աղքատ վարձկանը վաճառեց այն՝ յուրաքանչյուրը տաս դահեկանով, հարստացավ, դարձավ ծանր վաճառական։ Նախկին ծառան տան ու կնոջ համար գնեց ընտիր ապրանքներ, ապա գնաց իր տունը։ Եվ այսպես է, արդար վաստակը բազմանում ու շենացնում է տունը։
«ԲԺԻՇԿ» ԳՈՐՏԸ
Եզան մեծությամբ մի գորտ մեր աշխարհն է գալիս Պարսից երկրից, որ մոտ է Բաբելոնին։ Նա բարձրանում է մի լեռան վրա, ուժեղ ձայնով գոչում է ու ասում.
— Տեղյակ եմ Արկլիպի բժշկական դեղերին, Արիստոտելին, Պիղատոնին և Դիմոնիդայի զավակին, Բագրատին և մյուս հայրապետների չտեսնված արվեստներին։ Եկեք ինձ մոտ, և ես կապաքինեմ բոլոր ցավատերերին ու քոսոտներին, ուռուցքավորներին և անդամալույծներին, կույրերին ու կաղերին, երակների քննությամբ մեկ օրվա մեռածներին հարություն կտամ։
Լսելով այս, արարածներն շտապեցին ելնել լեռն ի վեր նրան տեսնելու։ Քանի որ հաճելի էր նրա խոսքը, և ուզում էին բժշկվել, պատկերացնում էին, թե նա չափազանց գեղեցիկ կլինի։ Եվ երբ մեծ չարչարանքներով ելան լեռան կատարը ու տեսան, որ նա սաստիկ բորոտ է, քոսոտ, տձև ու կույր, ամբողջովին թարախակալ է ու զազրահոտ, բարկանալով ասացին.
— Ո՜վ դու չարյաց ծնունդ, ինչո՞ւ քեզ չես բուժում և ուրիշներին ես խոստանում ապաքինել։
Եվ այսպես նախատեցին և սատկեցրին նրան:
[էջ 155]
ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏԻՎԸ
Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով, համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:
Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին, թագավորն ասաց.
— Գնահատեցե՛ք և ընտրեցե՛ք չորս կնքած արկղներից որն ուզում եք։
Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.
— Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։
ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱԽԱՆՁՈՏ ԻՇԽԱՆՆԵՐԸ
Թագավորի պալատում ծառայող երկու իշխան ատելով ատում էին միմյանց: Մի անգամ, կամենալով փորձել նրանց, թագավորն ասաց.
— Խնդրեցե՛ք ինձանից ինչ որ ուզում եք։ Բայց իմացեք, մեկի խնդրածի դիմաց մյուսին կրկնակի պիտի տամ:
— Թագավո՛ր,– հարցնում է մեծ իշխանը,— ինչ որ խնդրեմ, իմ պաշտոնակից իշխանին երկո՞ւսը կտաս։
— Այո՛, ինչ որ խնդրես, կանեմ,— ասում է թագավոը:
Մեծ իշխանը մտածում է, «Եթե ես մի քաղաք ուզեմ, կտա։ Բայց իմ ընկերոջը երկուսը կհասնի, սիրտս կպայթի»:
— Թագավո՛ր,— դիմում է նա,– քեզանից խնդրում եմ, որ իմ մեկ աչքը հանես։
[էջ 156]
Թավավորն հրամայեց հանել մեծ իշխանի աչքերից մեկը: Պարզ է, որ նախանձոտն իր անձին ավելի թշնամի է, քան՝ ուրիշների»:
ԳԻՆԻ
Թագավորն ուներ մի մինուճար տղա։ Հրամայեց իր նախարարներին:
— Ամեն օր ձեզանից յուրաքանչյուրն իմ որդուն թող տանի պատվելու։
Մի օր նախարարներից մեկը թագավորի որդուն տարավ պատիվ տվեց և երեկոյան առաջնորդեց մինչև պալատի դուռը ու ինքը գնաց։
Իսկ թագավորի որդին խիստ հարբած էր։ Նա բարձրացավ կտուրն ու ընկավ վայր:
Հաջորդ օրը նրան գտան աղբանոցամ մեռած: Եվ թագավորն հրաման արձակեց.
— Քանդեցե՛ք բոլոր այգիները, կոտրեցե՛ք գինու կարասները, որովհետև գինին դարձավ իմ որդու կորստյան պատճառը։
Եվ հրամանը կատարվեց։
Մի այրի կին, որ մեկ որդի ուներ, իր հնձանը քանդեց կարասների վրա և գինին պահեց։ Ամեն օր առավոտյան և երեկոյան հացից հետո նա մի բաժակ գինի էր տալիս որդուն խմելու։
Եվ մի գիշեր նրա ուրդին դուրս եկավ տնից և սպանեց թագավորի առյուծին։ Հաջորդ առավոտյան թագավորը հայտարարեց.
— Ով առյուծին սպանել է, թող ներկայանա՛, որպեսզի պարգևատրեմ։
Եկան մայր ու որդի.
— Ինչպե՞ս կարողացար հաղթել առյուծին,— հարցրեց թագավորը։
— Գինով եմ սնել իմ որդուն, թագավոր,— ասաց մայրն ու պատմեց բոլորը։
Եվ թագավորը նոր հրաման արձակեց.
— Այգի տնկեցե՛ք, բայց գինին այնպես խմեցեք, որ առյուծ սպանեք և ոչ թե մեռնեք աղբանոցում, ինչպես իմ որդին։
[էջ 157]
ԵՐԿՈԻ ԸՆԿԵՐ
Իշխանի ու հարուստի որդիներն իրար հետ մտերմացան, դարձան եղբայր և ելան աշխարհ շրջելու։ Գնացին հասան մի բերդի դռան։ Տեսան, որ դարպասից շատ մարդու գլուխ էր կախված։ Վախենալով մտան ներս: Թագավորի ծառան մեծարեց նրանց ու տարավ պալատ։
Թագավորը երկու հյուրերին իր մոտ նստեցրեց, սեղան բացեց և հյուրասիրեց նրանց անուշահամ գինով։ Երբ հարուստի որդին դուրս ելավ, թավավորն, իշխանորդուն ասաց.
— Դու թագավորի ես նման, իսկ այդ ընկերդ գեշ և ստոր մարդ է երևում, դու այդպիսի անարժան ընկերոջ հետ ինչո՞ւ ես մտերմություն անում։
— Թագավո՛ր,— պատասխանեց իշխանազունը,— ի՜նչ ստորություն ու պակասություն ասես, ես ունեմ, բայց իմ ընկերը լավ մարդ է, ես նրա հնազանդ ծառան եմ։
Երբ հարուստի տղան վերադառնալով նստեց, դուրս ելավ իշխանի որդին։ Եվ թագավորը, փորձելով հարուստի որդուն, ասաց.
— Դու իմաստուն, բարի մարդ ես երևում։ Երբ դուրս գնացիր, ընկերդ հազար ու մի խայտառակ բան ասաց քո հասցեին։
— Թագավոր,— պատասխանեց հարուստի տղան,— ես նրա անարժան ծառան եմ։ Տեսնելով նրանց ընկերասիրությունը, թագավորը շատ ընծաներ տվեց և խաղաղությամբ ճանապարհ դրեց։
— Թագավո՛ր,— հարցրեցին նրան նախարարները,— քեզ մոտ եկած բոլոր հյուրերին մեծարեցիր և երեք օր հետո, կտրելով գլուխները, կախել տվեցիր պարսպից: Պատճառն ի՞նչ է, որ այս երկու հյուրերին նվերներ տվեցիր և առանց գլխատելու փառք ու պատվով ճանապարհ գցեցիր։
— Հայտնի բան է, ով ատում է իր մերձավորին, մարդասպան է,— պատասխանեց թագավորը,— և իրավունք է տրված թագավորներին՝ գլխատել մարդասպաններին։ Օրենքն ասում է, որ օտարական հյուրին երեք օր պետք է մեծարել։ Մեզ հյուր եկածներին ես պատվեցի, բայց երբ քննե–
[էջ 158]
լով՝ նրանց մեջ միմյանց նկատմամբ ատելություն նկատեցի, կտրել տվեցի նրանց գլուխները։ Այս երկու հյուրերը միմյանց մասին լավ խոսեցին, ուստի և նվերներով ու փառքով ճանապարհ դրեցի։
ԵՐԵՔ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ
Թագավորն ու թագուհին, որ երկար ժամանակ զավակ չէին ունենում, աստծուն ու սրբերին բազում խոստումներ անելով, ունեցան մի արու մանուկ։ Բայց երեխան ո՛չ աչքեր ուներ, ո՛չ լեզու և ո՛չ ոտքեր։ Հավաքվեցին բազմաթիվ մարդիկ, եպիսկոպոսներ, քահանաներ։ Թագավորն ու թագուհին ասացին.
— Մի խրատ տվեք մեզ, ի՞նչ անենք։
— Եթե թագավորն ինձ լսի,— ասաց մի ճգնավոր,— ես մի խրատ կտամ, և երեխան կառողջանա։
Կանչեցին առաջ։
— Թագավորը, թագուհին մեծ իշխանը՝ յուրաքանչյուրը մի–մի ճշմարիտ խոսք ասի,— խոսեց ճգնավորը,— տղան կլավանա։
— Թեև տասներկու թագավորների վրա իշխանություն ունեմ,— ասաց արքան,— Բայց երբ մարդ է գալիս մոտս, դարձյալ ձեռքին եմ նայում, թե ինչ նվեր է բերում։
Երբ թագավորն այս ասաց, երեխայի աչքերը բացվեցին։
— Ես մի աղքատ մարդու աղջիկ էի,— խոսեց թագուհին,— դարձա թագուհի ու հասա այս իշխանությանը։ Բայց երբ մի սիրուն երիտասարդ եմ տեսնում, մտածում եմ ճար լիներ, թագավորիս թունավորեի, հետը ամուսնանայի:
Տղան անմիջապես սկսեց խոսել։
— Թագավորության երկրորդ դեմքն եմ,— ասաց մեծ իշխանը։— Ես աղքատ մարդ էի, և գրագիտությանս պատճառով թագավորը տվեց ինձ այս իշխանությունը։ Բայց երբ նա մի փոքր բարկանում է վրաս, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս սպանեի, նրա կինն ու թագավորությունը առնեի ինձ։
Երբ իշխանն ավարտեց խոսքը, տղան վազեց և գնդակ ու մահակ ուզեց, որ խաղա։
[էջ 159]
ԽԱԲԵԲԱ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ
Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։
— Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։
Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։
Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։
— Ով կի՛ն,— ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։
— Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։
Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:
— Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։
— Շատ բարեկամներ ունեմ,— պատասխանում է մարդը:
— Գնա նրանց մոտ,— խրատում է պառավը,— ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:
[էջ 160]
Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։
— Շատ լավ եմ ճանաչում քեզ,— ասում է վաճառականը,— դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:
Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։
Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ՝ ԿԻՆ
Պատմեմ ձեզ ֆռանկների մասին մի արտառոց պատմություն՝ իմ ականջով մի ֆռանկից լսած, որ երդմամբ պատմեց նա Տրապիզոնում քառասուն մարդու ներկայությամբ։
— Գրված է մեր կաթողիկոսների պատմության մեջ, թե մի իշխան իր դստերը ուսումի տվեց։ Եվ նա այնքան արագ առաջադիմեց ուսումնառության մեջ, որ ամբողջ Իտալիայով մեկ տարածվեց նրա համբավը։ Չգիտեին, որ նա աղջիկ Է։ Եվ նա, մեծանալով, գնաց մտավ իմաստասերների շրջապատը։ Այնպես վարժ և կիրթ պահեց իրեն իմաստունների և ուսուցչապետների շրջանում, որ բոլորը միաբերան արժանի համարեցին նրան դառնալու եպեսկոպոս ու մտնելու կարդինալների կարգը: Եվ իբրև եպիսկոպոս ու կարդինալ նա որոշ ժամանակ մնաց պապի վեհարանում։ Ժամանակ անց՝ մեռնում է պապը։ Կարդինալները, որոնք այլ կերպ ասած արքեպիսկոպոսներ են և մեկ աստիճանով են ցածր պապից, իրենց ընտրությամբ ու ցանկությամբ նշանակում են նրան պապ և նստեցնում գահին, այսինքն՝ դարձնում են ամբողջ ազգի հայրապետ կամ կաթողիկոս: Այսպես նա մնաց շատ ժամանակներ և ոչ ոք գլխի չէր ընկնում, որ նա կին է:
[էջ 161]
Մի օր, մենակ մնալով եկեղեցու սարկավագի հետ, նա դիմում է նրան, ասելով.
— Ո՛վ մարդ, դա կարո՞ղ ես պահել մի գաղտնիք, որ քեզ խոստովանել եմ ուզում։
— Ինչպե՞ս կհամարձակվեմ ես` ծառաս ու հողս, խոսել տիրոջս մասին։
— Իմացած եղիր, որ ես կին եմ, և ոչ–ոք չգիտե այդ։ Այն օրվանից, որ եկել ես դու իմ դուռը, ցանկացել եմ քեզ, բայց չեմ կարողացել, որովհետև հնարավորություն չի եղել։ Այժմ մենք մենակ ենք, պրտի կատարես իմ կամքը։
Համաձայնելով, սարկավագը ապականեց կարծեցյալ պապին։
Դրանից հետո հղիանալով պապը թաքցնում էր իրեն, չէր երևում մարդկանց աչքերին, որպեսզի չիմանան։
Իսկ հռոմեացիները սովորություն ունեն տարին երկու կամ երեք անգամ եպիսկոպոսներով, կարդինալներով հավաքվել պապի մոտ կամ գնալ մի ապահով տեղ քաբիթ, այսինքն՝ ժողով անելու։ Մինչ եպիսկոպոսները ողջ ժողովրդի հետ մեկտեղ պապի առջև հավաքված պատրաստվում էին քաբիթն սկսելու, կարծեցյալ պապի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց մի արա մանուկ: Այդ ժամանակ եպիսկոպոսներն ու կարդինալները չկարողացան թաքցնել խայտառակությունը։ Բազմախուռն ամբոխը հարձակվեց, քարկոծեց պապին ու նորածին մանկանը։
Եվ այնուհետև, ապահովության համար սահմանեցին նոր կարգ, կառուցել մի բարձր տախտակամած, որ նոր պապ ընտրելիս, թեկնածուն մերկացած նստի նրա վրա բացված անցքին, որպեսզի բոլորը, ովքեր հավաքվում են տախտակամածի տակ, տեսնեն նրան և ձայն տան միմյանց, «Արո՜ւ է, արո՜ւ է, արո՜ւ է...», և այնուհետև հաստատեն հայրապետական գահին։
Այս սովորությունը պահպանվում է մինչև այսօր։
Եվրոպացիների հոգևորականները՝ ամենքը, սովորություն ունեն նաև սափրել մորուքները: Այս օրենքը նրանց համար սահմանվել է այն ծննդկան պապը, որպեսզի բոլորն անմորուս լինեն իր նման...
Բայց ոչ ոք թող չկարծի, թե սրանք ստեր են և գրված
[էջ 162]
են նախանձից դրդված, որովհետև լսել եմ հենց ֆռանկի բերանից, որը ո՛չ հայերեն գիտեր և ո՛չ պարսկերեն, այլ պատմեց իտալերեն և ինքն էլ կարդացել էր պատմությունը։ Նա մեզ պատմեց չկասկածելով, ու մենք գրի առանք, հավատալով նրա վկայությանը:
ԿՆՈՋ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:
— Բարի՛ եկար,— ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։
— Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։
— Ծախու ոչինչ չունեմ,— պատտասխանեց մարդը։
— Հապա ունեցածդ ի՞նչ է։
— Կնոջ խորամանկություններն են,—- ասաց հյուրը,– շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։
Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:
— Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ,–— ասաց կինը հյուրին։
Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.
— Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորոր–
[էջ 163]
դուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։
Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։
ԲԱՐԻ ՄԱՐԴՆ ՈԻ ՆՐԱ ԷՇԸ
Մի բարի մարդ ամբողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին, բայց իրեն պահեց միայն մի էշ, որով տեղ–մեղ էր գնում։ Մի օր գնաց եկեղեցի աղոթելու և էշը կապեց եկեղեցու դռանը։ Երբ սկսեց ասել, «Հայր մեր, որ հերկինս», միտքն ընկավ, որ էշը դռանն է։ «Սուրբ եղիցի անուն» ասելուն պես մտածեց, որ մեկը կարող է գողանալ էշը։ Եվ երբ մրմնջաց՝ «եկեսցե արքայություն», եզրակացրեց, որ եթե էշը գողանան, ինքը կդժվարանա ոտքով ման գալ։ Եսկ երբ ասաց, «եղիցին կամք քո», հիշեց, որ էշը քաղցած է.
Դուրս ելնելով եկեղեցուց, ասաց.
— Է՛, իմ պարոն էշ, դու ավելի շատ հիշվեցիր աղոթքիս մեջ, քան աստված. Ով որ էշ ունի, ծառա է իշուն։
Եվ էշը տալով հիվանդ աղքատներին, ինքն ազատվեց հոգսից։
ԿՈՂՈՊՏՎԱԾ ԿՈՒՅՐԸ
Երզնկայում ապրում էր մի կույր մարդ, որն ուներ վաթսուն հազար դեկան ու միշտ ուրախանում էր իր ունեցվածքով։ Մի թուրք գողացավ նրա հարստությունը։ Կույրն աղաղակ բարձրացրեց։ Մարդիկ եկան նրան մխիթարելու։ Անօրեն գողը նույնպես եկավ մխիթարելու, բերելով մի հաց։ Կույրը սկսեց հացն ուտել, ապա բռնելով նրան, գոչեց.
— Սա է գողացել իմ փողը։
— Ինչի՞ց իմացար,— հարցրին մարդիկ։
— Հացը դառնացավ կոկորդումս,— պատասխանեց կույրը։
Եվ Երզնկայի իշխան Թախրաթանը թուրքից վերցնելով քառասուն հազարը՝ վերադարձրեց տիրոջը։
[էջ 164]
ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ
Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել քրեական հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին։ Իսկ նրանք բոլորը չքմեղ լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են, անարդար կերպով են բանտ ընկել:
Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշեց, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը, խղճալով` կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության։
Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.
— Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դուրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին։
ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ԾԵՐՈԻՆԻՆ
Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։
— Ով ծերունի,— ասում է թագավորը,— ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։
— Թագավո՛ր,— պատասխանում է ծերուհին,— մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:
— Տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորն իր ենթականերին,— որովհետև բարի ու լավախոհ մարդ է:
Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։
— Ինչո՞ւ գոհ եղար,— հարցնում է թագավորը։
— Որովհետև,— պատասխանում է ծերունին,— ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։
— Դարձյալ տվեք նրան հազար դրամ,— հրամայում է թագավորը:
[էջ 165]
Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:
— Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն,— հարցնում է արքան։
— Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։
Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։
ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ՆՐԱ ՈԻՍՈԻՅԻՉԸ
Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։
Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։
— Խնդրում եմ, արքա, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։
— Բոլորովին մի՛ վախեցիր,— քաջալերելով նրան ասում է թագավորը,— եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել:
— Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես,— պատասխանում է ուսուցիչը,— Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։
ԻՄԱՍՏԱՍԵՐՆ ՈԻ ԳԻՆԻՆ
Մի իմաստասերի հրավիրեցին թագավորական խնջույքի։ Նա իշխանների հետ սեղան նստեց, և մատռվակը ոսկե բաժակով գինի մատուցեց նրան։
[էջ 166]
— Ո՛վ բարի թագավոր,– ասաց նա ոտքի կանգնելով,— խմում եմ այս գինին հանուն քո՛ փառքի:— Ու գինին թափեց գետնին:
— Հիմարացա՞ր, ով իմաստասեր,— ծիծաղելով հարցնում են, իշխանները։
— Դուք եք ծիծաղելի,— ասաց իմաստասերը,–– ես գետնին թափեցի գինին, եթե խմեի՝ գինի՛ն պիտի ինձ գետներ:
ԳԻՆՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
Երեք ճգնավոր, մի անապատում աղոթում էին: Մանկությունից էին նրանք տարվել անապատ և չգիտեին աշխարհի ինչ լինելը: Եվ մի օր թողին աղոթելն ու ճգնությունը և միասին նստած հարցրին իրար, թե ինչ է փառքը աշխարհի։ Առաջինն ասաց, թե գինին են գովում, որովհետև նա սիրո օրինակն է։ Մյուսն ասաց, թե միսն են գովում բոլոր կերակուրների մեջ։ Երրորդն ասաց, թե պոռնկությունն են գովում։
Եվ թողնելով հոգևոր մշակությունը, առաջինն ասաց՝ գնում եմ գինի խմելու, տեսնեմ, թե գինին ինչ հաճույք կամ բնույթ ունի։ Երկրորդն ասաց, միս ուտեմ և իմանամ նրա համն ու բնույթը: Մյուսն ասաց՝ ես գնամ կնոջ մոտ և մեղքի համն առնեմ:
Եկան քաղաք։ Նա, որ ասաց միս ուտեմ, գնաց խոհակերանոց և հոտած մսի գարշ հոտն առավ, ասաց.
— Թե սա է միսը, որ գովում են, սա ինձ համար չէ,— ու վերադարձավ անապատ։ Նա, որ գնաց կնոջ մոտ, տեսավ, որ կանայք ու տղամարդիկ առանց ամոթի ու պատկառանքի չար գործ են անում, ասաց.
— Վայ ձեր կյանքին, որ անցավոր կյանքի համար զրկվում եք անանց փառքից,— և դժոխքի հոտն առնելով փախավ։
Այն, որ ասաց գինի խմեմ, գնաց գինետան դուռը, տեսավ՝ շատ գեղեցիկ երիտասարդներ նստած մեղաց գինին
[էջ 167]
են ըմպում։ Սիրով մեծարեցին նրան, և երբ գինով հարբեց, միս կերավ, և երբ փորը լցրեց մսով ու գինով, գնաց շնացավ։
Այսպես այն երկուսն ազատվեցին, իսկ գինեխումը կործանվեց։ Պարզ է, որ գինին է բոլոր մեղքերի մայրը և բոլոր մեղքերը գինին է գործել տալիս։
ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԿՐՈՆԱՎՈՐԸ
Առաքինի մի կրոնավոր հիվանդացավ։ Անհրաժեշտ եղավ որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում։ Երբ մոտեցավ վանք վերադառնալու օրը և տեսնելով, որ նեղսրտություն է գալիս վրան, ասում է ծիծաղելով.
— Այնքան դժվար է թվում ինձ վանք վերադառնալը, ինչպես առաջին անգամ, երբ թողնելով աշխարհը կուսակրոնություն ընտրեցի։
ԱԲԵՂԱՆ ԵՎ ԹՈՒՅՆԸ
Մի աբեղա ցանկանում էր դառնալ վանքի առաջնորդ, բայց գիտեր, որ վանահոր կենդանության դեպքում չի կարող հասնել դրան։ Հնարը գտավ։ Մի մանուկ կրոնավորի, որին վանահայրը հաճախ էր ծեծում, տվեց մի քիչ մահացու դեղ՝ թույն, ասելով.
— Եթե այս փոշին ցանես վանահոր կերակրի մեջ, միշտ կսիրի քեզ և այլևս չի ծեծի։
Անմեղ մանուկը, առնելով փոշին, մտածում է ինքն իրեն.
— Կեսը միայն կցանեմ, իսկ եթե կրկին փոքր–ինչ բարկանա, մնացածն էլ կլցնեմ։
Մանուկը լցրեց փոշին վանահոր կերակրի մեջ, ու նա մահացավ: Այն ժամանակ մարդասպան աբեղան հասնելով առաջնորդության, սկսեց նախորդ վանահոր նման նույն մանկանը ծեծել։
Եվ նա ասում է ինքն իրեն.
— Ճիշտ վարվեցի, որ փոշու կեսը պահեցի:
[էջ 168]
ՔԱՂՑԱԾ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՏԱՐԻՔԸ
Տիրատուր վարդապետին տարան ծառայության և մոռացան այդ օրը հաց տալ։ Երեկոյան ուղեկցեցին տուն։
— Վարդապետ, քանի՞ տարեկան ես,— հարցնում է պարոնը։
— Քառասուն տարեկան, բայց մի օրը հանած։
— Մեկ օրն ինչո՞ւ է հանած,— զարմանում է պարոնը։
— Այս օրը, որ քաղցած պահեցիր, ժամանակից դուրս է։
ՀՐԵԱՆ ՈՒ ՔՐԻՍՏՈՆՅԱՆ
Մի հրեա ընկել էր հորը։ Օրը շաբաթ էր, եկավ մի քրիստոնյա, տեսնելով նրան, ասաց.
— Պարան բերեմ, քեզ հորից դուրս հանեմ։
— Չեմ ուզում,— ասաց հրեան,— որովհետև օրը շաբաթ է։
Հաջորդ օրը քրիստոնյան դարձյալ եկավ հորի մոտ։
— Հանիր ինձ,— խնդրեց հրեան։
— Չեմ ուզում,— պատասխանեց քրիստոնյան,— որովհետև օրը կիրակի է։
ՉԶՂՋԱՑԱԾ ՄԵՂԱՎՈՐԸ
Խաչատուր անունով մի ջրաղացպան հիվանդացավ, հրեշտակն եկավ հոգին առնելու։ Իսկ նա աղաչեց հրեշտակին.
— Մեղավոր եմ, ապաշխարելու ժամանակ տուր։ Հրեշտակը աստծու հրամանով նրան տասնհինգ տարի ժամանակ տվեց, ասելով.
— Լա՛վ, աղոթիր ու ապաշխարիր։
Եվ նա, առողջանալով մտածում է. «Տասնհինգ տարին շատ է ապաշխարհելու համար. տասը ուտեմ-խմեմ, հինգն ապաշխարեմ»:
Երբ տասը տարին անցավ, մտածեց «Չորսն ուտեմ, մեկն ապաշխարեմ»։ Երբ սա ևս լրացավ, ասաց. «Տասն–
[էջ 169]
մեկ ամիսն ուտեմ–խմեմ, մեկ ամիսը բավական է»։ Իսկ հետո ասաց, «Քսանհինգ օրն ուտեմ, հինգ օր ապաշխարեմ»։
Տասնհինգ տարի բոլորովին չապաշխարեց և մտքում ասում է. «Ինչ որ ասաց հրեշտակը, չկատարեցի։ Փախչեմ հաբեշների աշխարհը գնամ, երեսս սևեմ և լեզուս փոխեմ, որ երբ հրեշտակը գա՝ չճանաչի ինձ»։
Եվ հագնելով արաբ կնոջ շորեր, մրով սևացնելով երեսը, ճանապարհ էր գնում արաբ կանանց հետ։ Երբ տասն օրը լրացավ, հրեշտակն եկավ ու ասաց.
— Ո՞ւր ես դնում, ջրաղացպան։
Նա սկսեց արաբերեն խոսել.
— Քեզ չեմ ճանաչում, աշտա խալ սադի:
Եվ ասում է հրեշտակին.
— Ի՞նչ ես ասում, պարոն։
Հրեշտակն ասում է.
— Ո՜վ ողորմելի, այն ժամանակ սպիտակ երեսով չեկար արքայություն, հիմա արի սև երեսով դժոխք տանեմ:
Հոգին առավ և տարավ դժոխք։
ԳՈՂ ԿՐՈՆԱՎՈՐԸ
Մի կրոնավոր, գալով խոստովանահոր մոտ, ասում է.
— Հա՛յր, թողություն արա ինձ և աղոթիր ինձ համար, քանի որ գողանում ու թաքուն ուտում եմ։
— Ինչո՞ւ ես այդ անում, սովա՞ծ ես մնում:
— Այո, այդպես է, չեմ բավարարվում տրված կերակրով և չեմ համարձակվում նորից խնդրել:
Խոստովանահայրն ասում է.
— Ինչո՞ւ չես գնում վանահոր մոտ, որ պատմես նրան կարիքներդ։
— Ամոթը չի թողնում ինձ,— ասում է նա: Խոստովանահայրը հարցնում է.
— Ուզո՞ւմ ևս, ես կասեմ վանահորը քո կարիքների մասին:
[էջ 170]
— Արա՛ ինչպես կամենաս,— պատասխանում է կրոնավորը:
Խոստովանահայրը գնաց առաջնորդի մոտ և պատմեց նրան։ Իսկ նա ասում է.
— Ինչպես քեզ լավ է թվում, արա։
Այն ժամանակ խոստովանահայրը, առնելով կրոնավորին, գնաց մառանապետի մոտ և ասաց.
— Այս եղբայրը ինչքան գա քեզ մոտ, կերակրիր` որքան կամենա և երբեք մի արգելիր։ Եվ նա այդպես էր անում։
Դարձյալ մի քանի օր հետո կրոնավորն եկավ խոստովանահոր մոտ և ասում է.
— Թողություն արա ինձ, հայր, դարձյալ գողանում ու թաքուն ուտում եմ։
Խոստովանահայրը հարցրեց նրան.
— Ինչո՞ւ ես այդ անում, տնտեսը մերժո՞ւմ է ինչ որ ուզում ես։
— Ո՛չ,— ասում է նա,— ընդհակառակն, ինչ որ ուզում եմ սիրով տալիս է, բայց ես ամաչում եմ։
Այնժամ խոստովանահայրն ասում է.
— Եթե ես քեզ տայի, կամաչեի՞ր։
Պատասխանում է.
— Ո՛չ:
Եվ նա ասում է.
— Ուրեմն արի ինձ մոտ և առ, ինչ կամենում ես և մի գողանա։
Ու նա գալիս էր նրա մոտ և ուզածն առնում։
Շուտով կրկին սկսեց գողանալ և գալով խոստովանահոր մոտ, տխուր ու վշտագին ասում է.
— Հայր, ես նորից գողանում եմ։
Եվ նա ասում է.
— Ինչո՞ւ, սիրելիս, քո ո՞ր ուզածը չեմ տալիս։
— Ոչինչ,— ասում է նա։
Խոստովանահայրն ասում է.
— Բա ինչո՞ւ ես գողանում:
Պատասխանում է.
[էջ 171]
— Թողություն արա, չգիտեմ, թե ինչու եմ գողանում։ Իսկ նա հարցնում է.
— Ասա ինձ, ի՞նչ ես անում այն, որ գողանում ես։
— Ավանակներին եմ տալիս,— պատասխանում է սա։ Պարզվեց, որ գողանում էր բակլա, սիսեռ, սոխ, թուզ, չամիչ և սրանց նման այլ բաներ, ինչ պատահեր, և այդ ամենի կեսը ուրիշ տեղ պահում էր և երբ չգիտեր, թե ինչ անի, ավանակի և այլ անասունների առաջ էր դնում։
Եղբայրներ, տեսեք, թե ինչպիսի թշվառություն է վատ սովորույթը, որ եթե մեկը որևէ ախտի հետևի, անպայման մեղքերին գերի կդառնա։
ՄԵԾԱԽՈՍ ՃԳՆԱՎՈՐԸ
Մի ճգնավոր ուներ փոքրիկ մի աշակերտ և ամեն օր ուղարկում էր աղբյուրը ջրի։ Տղան գնում, փարչը լցնում էր ջրով և երբ ուզում էր գալ, մի սատանա, պատանու, կերպարանքով ելնում էր աղբյուրից, աշակերտի ձեռքից վերցնում էր ջուրը և խաղ անելով թափում։ Ինչքան նա լցնում էր, սատանան թափում էր և ուշացնում տղային, որ ճգնավորը բարկանա կամ հայհոյի, կամ մեծ-մեծ խոսի: Այդպես էլ եղավ։
Մի օր ճգնավորը հարցրեց աշակերտին.
— Երբ գնում ես աղբյուրը, ինչո՞ւ ես ուշանում։
Աշակերտն ասում է.
— Աղբյուրից մի տղա է դուրս գալիս և խաղալով ջուրս թափում։ Քանի ես լցնում եմ, որ գամ, նա չի թողնում, դրա համար ուշանում եմ։
Ու մի օր էլ աշակերտը շատ ուշացավ, իսկ ճգնավորը խիստ ծարավեց և զայրացավ։ Երբ աշակերտն եկավ, ասաց նրան.
— Որդյակ, եթե մի անգամ էլ աղբյուրը գնաս և այն տղան գա հետդ խաղալու, դու ասա նրան՝ թե լավ մարդ ես, գնա վարդապետիս հետ խաղա։
[էջ 172]
Մյուս անգամ աշակերտը գնաց աղբյուրը ջրի, սատանան ելավ աղբյուրից, որ հետը խաղ անի։ Աշակերտն ասաց.
— Թե լավ խաղացող ես, գնա իմ վարդապետի հետ խաղա։
Սատանան հարցրեց.
— Այդ խոսքը քեզնի՞ց ես ասում, թե վարդապետդ է ասել։
— Վարդապետս ասաց,— պատասխանում է աշակերտը։
— Ջուրն առ ու գնա,— ասաց սատանան,— դու ինձնից ազատվեցիր, ես գնամ վարդապետիդ հետ խաղամ։
Սատանան, որ նախ պատանու կերպարանքով էր, գնաց, հակառակվեց ճգնավորին, մինչև նրան հասցրեց շնության, հարբեցողության, գողության և այլ չարագործությունների։
Եվ մի օր քաղաքացիները հավաքվեցին ու գնացին դատավորի մոտ, պատմեցին ճգնավորի բոլոր չարագործությունները։ Դատավորը հրամայեց կախել նրան։ Առան–տարան կախելու։ Վերջին պահին հայտնվեց սատանան ու ասաց.
— Ճգնավո՛ր աբեղա, քեզ հետ էլի՞ խաղամ, թե բավական է։
Այստեղ աբեղան հասկացավ, որ պատճառը այն օրվա հպարտ խոսքն էր, որ ասաց աշակերտին՝ «Գնա ասա, թե լավ խաղացող է, թող գա ինձ հետ խաղա»։
Երբ աբեղան լսեց սատանայի խոսքը, երեսի վրա ընկավ և աղաչեց դահիճներին՝ չկախել իրեն, այլ տանել դատավորի մոտ։ Տարան։ Աբեղան, սկզբից ինչ որ եղել էր, բոլորը պատմեց, խոստովանելով իր մեղքերի պատճառը, սատանայից պարտվելը։ Այն ժամանակ դատավորը ազատեց աբեղային ու ասաց.
— Այլևս մեծ–մեծ չխոսես, որ փորձանքի չհանդիպես:
Ճշմարիտ է սա. մարդ բոլորովին չպիտի մեծախոսի կամ պարծենա, թե ես այս կանեմ։ Ասացվածք կա՝ «Մի բան արա, հետո պարծեցիր»։
[էջ 173]
ՄԻ ԱՌԱԿ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մի վարդապետ, աշակերտին համբերություն սովորեցնելու համար, նրան ուղարկում է գերեզմանատուն՝ շիրմաքարերը գովելու։ Մյուս օրը ուղարկում է նախատելու և հայհոյելու, իսկ հետո հարցնում է.
— Քո գովելուց քարերը հպարտացա՞ն։
Ասում է՝ ոչ։
— Իսկ հայհոյելուցդ դժգոհեցի՞ն արդյոք և որևէ բան ասացի՞ն։
— Ամենևին ոչ։
— Դու ևս գնա,— ասում է վարդապետը,— այդպես արա։ Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ԿԱՐԱՍՈՒՄ ՆՍՏԱԾ ԻՄԱՍՏՈԻՆԸ
Ալեքսանդրը տեսավ մի իմաստունի, որ ննջում էր կարասում և ասաց.
— Ո՜վ կարաս, լի՛ իմաստությամբ։
— Թող մի կաթիլ բախտ ունենայի և ոչ թե ՛մի կարաս իմաստություն,— արթնանալով ասաց իմաստունը։
— Ես կուզեի մի կաթիլ խելք և ոչ մի կարաս լիքը բախտ,— ասում է արքան։
Իմաստունն ասում է.
— Տեսնում եմ իմաստուններին, որ շրջում են բախտավորների դռներում։
Արքան ասում է
— Խնդրիր ինձնից ինչ որ քեզ պետք է՝ կտամ։
— Դու չես կարող տալ ինչ որ ինձ պետք է,— ասում է իմաստունը։
— Ես ամբողջ աշխարհի թագավորն եմ և քեզ պետք եղածը չե՞մ կարող տալ,— զարմացավ արքան։
— Ինձ անմահություն տո՛ւր,— ասում է իմաստունը։
— Անմահության տվողն աստված է միայն,––– պատասխանում է արքան։
Եվ իմաստունն ասում է.
— Իսկ ինչ որ դու կարող ես տալ, ինձ պետք չէ։
[էջ 174]
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ՄԵՐԿ ԻՄԱՍՏԱՍԵՐՆԵՐԸ
Աքեքսանդրի պատմության մեջ գրված է այնպես. երբ նա սպանեց հնդիկների Պովրաս թագավորին և գնաց առաջ, հանդիպեց մերկ իմաստասերների, բազում բաներ հարցրեց նրանց, ու նրանք պատասխանեցին։
Առաջին հարցն այս էր.
— Ի՞նչն է դառն աշխարհում։
Նրանք պատասխանեցին.
— Նախանձը և ատելությունը ամեն ինչից դառն են, ավելի քան օճառն ու լեղին։
— Իսկ ի՞նչն է քաղցր։
— Ընկերասիրությունն ու միաբանությունն ավելի քաղցր են, քան մեղր ու շաքարը։
Եվ հարցրեց.
— Ի՞նչն է աշխարհում ծանր։
— Չարախոսությունն ու զրպարտությունը, երբ մարդ անմեղ է լինում և իզուր դատապարտում են, տուգանում կամ չարչարում։ Դա ծանր է, քան արճիճն ու երկաթը։
— Իսկ թեթև ի՞նչն է։
— Խոնարհությունն ու հնազանդությունը։
— Աշխարհիս ո՞ր կողմն է լավ,— հարցրեց Ալեքսանդրը։
— Արևելքը, որ լույս է ծագում և առողջարար օդ ուղարկում բոլոր կողմերը։
— Իսկ մարդու ո՞ր կողմն է լավ, ա՞ջը թե ձախը,— հարցրեց նա։
Պատասխանեցին.
— Տղամարդու ձախը, կնոջ աջն է լավ` որդեծնության համար։
— Որ այդպես իմաստուն եք,— ասաց թագավորը,–– խնդրեցեք՝ ինչ կամենաք, և ես ձեզ կտամ։
Եվ նրանք միաբերան ասում են.
— Մեզ անմահություն տուր։
Թագավորն ասաց.
— Ինքս եմ մահկանացու, ինչպե՞ս կարող եմ ձեզ տալ անմահություն։
Իմաստուններն ասում են.
[էջ 175]
— Գիտե՞ս, որ մահկանացու ես։
Ասում է՝ Այո։
— Բա ինչո՞ւ չես հանգստանում և խաղաղություն հաստատում աշխարհում։ Մի՛ շրջիր,— ասում են,— այլ գնա՛, նստիր գահիդ և խաղաղություն տուր աշխարհին։
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ ԵՎ ՀՆԴԻԿ ԱՂԵՂՆԱՎՈՐԸ
Ալեքսանդրը մի հնդիկ աղեղնավորից լսեց, թե կարող է մատանու ակից անցկացնել նետը։ Հրամայեց՝ խփել մատանուն։ Իսկ նա հրաժարվեց, որի համար արքան բարկացավ, կարգադրեց սպանել նրան։ Եվ դահիճը, հանդիմանելով աղեղնավորին, ասաց.
— Ինչո՞ւ չխփեցիր, որ կենդանի մնայիր, իսկ հիմա՝ մեռնում ես իզուր։
Եվ նա պատասխանեց.
— Շատ ժամանակ է, որ աղեղը ձեռքս չեմ առել, վախեցա, թե փառքս կորցնեմ։
Սա անմիջապես հայտնեցին թագավորին։ Եվ նա շատ զարմացավ, ազատեց մարդուն, բազմաթիվ նվերներ տվեց այն բանի համար, որ մահ հանձն առավ, որպեսզի հանկարծ իր փառքին անարժան չերևա։
ԲԱՄԲԱՍԿՈՏ ԿԻՆԸ
Հովհաննես Կարճին հարցրեցին, թե արատավոր մարդն ինչպե՞ս կարող է իրեն թողած` ուրիշներին բամբասել։
Եվ նա ասում է.
— Լսիր այս առակը։
Մի մարդ կամեցավ մի աղքատ կնոջ հետ ամուսնանալ, որովհետև ինքն աղքատ էր։ Մի այլ կին ցանկացավ նրան. սա ևս աղքատ էր։ Եվ մարդը երկուսին էլ տարավ իր տունը, երկուսն էլ մերկ էին։ Երեկոյան կանանցից մեկն ելավ աղբանոցներից ու փողոցներից թափված հնոտիներ հավաքեց, դրանք կցմցելով ամոթանքը ծածկեց։ Երբ մյուս կինը տեսավ, ասաց մարդուն.
[էջ 176]
— Տեսնո՞ւմ ես այս անպատկառին, որ շրջում է մերկ ու չի ամաչում։
Մարդն ասաց.
— Դու բոլորովին մերկ ես, չես ամաչում և նրա՞ն ես բամբասում։
ՏԳԵՂ ԿԻՆԸ
Մի մարդ տգեղ կին ուներ։ Մի օր տեսնելով կնոջը անտրամադիր, հարցնում է.
— Ինչո՞ւ ես տրտմել։
— Այսօր հայելուն նայեցի,— պատասխանում է կինը,— տգեղությանս պատճառով անտրամադիր դարձա։
— Դու մեկ անգամ նայելով ես այդչափ տրտմել,— չի համբերում ամուսինը,— ես ամեն օր եմ տխուր, որովհետև ամեն օր եմ երեսդ տեսնում։
ԿԱՄԱԿՈՐ ԿԻՆԸ
Մի մարդ իր կնոջ հետ անցնում էր հնձած արտը մոտով։
— Տեսնո՞ւմ ես, որքան գեղեցիկ ու լավ է հնձած արտը,— ասում է նա կնոջը։
— Ոչ թե հնձած է, այլ խուզած,– հակաճառում է կինը ամուսնուն։
Քանի ամուսինն ասում է՝ հնձած է, կինը թե՝ չէ, խուզած է։
Բարկանալով՝ ամուսինը կնոջը նետում է ջուրը։
Եվ քանի որ կինն այլևս չէր կարող խոսել, ուստի հանեց ձեռքը ջրից դուրս ու, երկու մատները մկրատի կերպ շարժելով, մինչև մեռնելը պնդեց, թե արտը խուզած է.
ԱՄՈԻՍՆՈԻԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՄԱՐԴԸ
Մի մարդ տուն էր շինում։ Փորում է տան հիմքը, շարում աղյուսով, իսկ աղյուսի վրա շարում է քար։
— Ւ՞նչ ես անում, եղբայր,— ասում է մեկը,— պետք է ներքևում քարը շարել, վերևում՝ աղյուսը։
[էջ 177]
— Պատրաստվում եմ ամուսնանալու,—- ծիծաղելով պատասխանում է տանտերը,— կինս եկավ, միևնույն է, շուռ է տալու տունը, պատերը կուղղվեն։
ԱԼԵՔՍԱՆԴՐԸ, ՏԱՍՆԵՐԿՈԻ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ
Ասում են, Ալեքսանդր Մեծն ուներ տասներկու կին և Արիստոտելի խորհրդով բացի մեկից բոլորին արձակեց։ Կանանցից մեկը Արիստոտելի տան ճանապարհին բնակարան վարձեց, և ինչքան Արիստոտելն անցնում էր, սա զարդարված կանգնում էր դռանը։ Նրան տեսնելով, Արիստոտելն սկսեց ցանկանալ։ Կինն իմացավ, կանչեց նրան իր մոտ և խոստացավ այսինչ օրը նրա կամքը կատարել, բայց նախ լուր ուղարկեց, կանչեց Ալեքսանդրին։
Պայմանավորված օրը Արիստոտելն եկավ։ Նա ծեր էր և երկայնամորուս։
Կինն ասաց.
— Չե՛մ կարող կատարել քո իղձը, եթե ինձ չառնես ուսիդ և յոթն անգամ պտույտ չտաս շենքի գավթում։
Ծերունին համաձայնեց և մինչ կատարեց պայմանը և ուզում էին գնալ ժամանցին, Ալեքսանդրը չհամբերեց, մերկացրեց սուրը, վազեց սպանելու Արիստոտելին, ասելով.
— Ո՜վ չար ծերունի, դրան ինձնից հեռացրիր, որ դո՞ւ վայելես։
Արիստոտելն ասաց.
— Համբերի՛ր, ով թագավոր, ես քեզ կասեմ։ Ես որ փիլիսոփա և իմաստասեր էի, մանավանդ ծեր ու երկայնամորուս, այս աղջիկն ինձ այսպես խեղճացրեց, դու երիտասարդ ու փափկասուն ես, քեզ համար ի՜նչ որոգայթ էր լարելու։
Այս ասելով, մեղմացրեց Ալեքսանդրի բարկությունն ու ազատվեց մահից։
ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՄԵՐՈՍԸ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԸ
Բանաստեղծ Հոմերոսը արկադացիների գավառում ձկնորսների հանդիպեց, որ իրենց վրայից միջատներ էին հանում, և այսպես հարցրեց նրանց։
[էջ 178]
— Ո՛վ արկադացի ձկնորսներ, արդյոք մի բան ձեռքերի ընկե՞լ է:
Հարցի իմաստն այս էր, «Ով մարդիկ՝ արհեստով ձկնորս, արդյոք որևէ բան որսացե՞լ եք»։
Նրանք պատասխանում են այսպիսի հանելուկով.
— Այն, որ բռնեցինք, դրան չէինք հետապնդում, իսկ որ չենք բռնել մոտներս ունենք։
Դա նշանակում էր. «Միջատներից որը բռնեցինք՝ սպանեցինք, և որոնք չենք բռնել, մեզ վրա են»։
Եվ քանի որ Հոմերոսը չհասկացավ այս առեղծվածը, շուտով վշտից մահացավ:
ՀԱՅԸ ՍՈԻՏ ՉԻ ԽՈՍԻ
Մի հայ սպանել էր մի այլազգի մարդու։ Ձերբակալելով նրան, հանձնեցին Շահ–Աբբասի դատին։
— Դո՞ւ ես սպանել այլազգուն, թե՞ ոչ,— հարցրել էր նրան Շահ–Աբբասը։ «Թե՞ ոչ» ասելով, թագավորը կամեցել էր ազդել նրա վրա, որ ասի` ոչ:
Հայը խոստովանել էր, թե՝ այո, ինքն է սպանողը։ Թագավորը հրամայել է այդ օրը հետաձգել դատը, ասելով.
— Հարբած է։
Հետևյալ օրը արքան կրկնել է նույն հարցը, բայց հայը դարձյալ նույնն է պատասխանել։
— Հարբածության թմրությունը վրան է,— ասելով, այս անգամ ևս թագավորը հետաձգել է դատը։
Եվ երրորդ օրը իր հարցի դիմաց հայից լսելով նույն խոստովանությունը, Շահ–Աբբասը բողոքարկուին առաջարկել է:
— Ես յուրաքանչյուր հայի վրա ծախսել եմ հազար թուման, մինչև որ հասցրել եմ այստեղ։ Տուր ինձ հազար թուման, և ես քեզ կհանձնեմ մահապարտ հային, որ սպանես։
Երբ բողոքարկուն հրաժարվել է արքայի առաջարկությունից, արքան հային ազատ է արձակել:
[էջ 179]
Այն մահապարտ հայի ճշմարիտ խոստովանությունից սկսած՝ մինչև այսօր էլ պարսիկները ասացվածք ունեն, թե «Հայը սուտ չի խոսի»։
ՇԱՀ ԱԲԲԱՍԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ
Շահ–Աբբասը ոչ միայն կառուցում էր բազմաթիվ շենքեր, այլև տնկում էր այգիներ ու պարտեզներ։ Ծերերի պատմելով, հայերը գաղտնի հանում էին Շահ–Աբբասի տնկած ծառերը ու տանում։ Իմացավ այդ մասին Շահ–Աբբասը և պատվիրեց ծառաներին հետել ու տեսնել, թե ի՞նչ են անում հայերը գողացած տնկիները։
Եվ երբ տեղեկացավ, որ այդ ծառերը նրանք տնկում են իրենց տների շուրջը ու այգիներում, ուրախությամբ հրամայեց այգեպաններին ավելի շատ տնկիներ դնել ու, չտեսնելու տալով, թույլատրել հայերին տանել որքան ուզում են:
ՇԱՀ-ԱԲԲԱՍՆ ՈՒ ՀԱՐԲԱԾ ՀԱՅԸ
Մի անգամ, երբ Շահ–Աբբասը անցնելիս է լինում, մի հարբած հայ մոտենալով՝ բռնում է նրա նժույգի սանձից ու ասում.
— Քանիսո՞վ ես վաճառում այս ձին, ես առնել եմ ուզում։
Շահ–Աբբասը հրամայում է ծառաներին նրան տուն տանել և հաջորդ օրը բերել իր մոտ։ Ծառաները հային տանում են տուն։ Սթափվելով հարբածությունից, նա իրազեկ է դառնում եղելությանը ու ահը սրտում՝ մնում տարակուսած։ Կիսը նրան խրատում է Շահ–Աբբասի մոտ գնալիս հետը գինի վերցնել և սովորեցնում է, թե ինչ պիտի ասի: Ծառանձրը տանում են նրան արքայի մոտ։
— Քանիսո՞վ ես ուզում գնել իմ ձին,— հարցնում է Շահ–Աբբասը։
Հայը հանում է գինին, դնում թագավորի առջև ու ասում.
— Տե՛ր իմ, սա է նժույգդ գնողը, ձերդ վեհափառությու–
[էջ 180]
նը վաճառողն է, իսկ ես լոկ միջնորդ եմ այդ առևտրի մեջ։ Դուք միասին վերջնականապես որոշեցեք ձիու գինը և եթե միջնորդիս էլ մի բան նվիրեք, այն էլ ձեր բարեշնորհությունը կլինի:
Շահ–Աբբասը, հավանելով հայի պատասխանը, պարգևատրում է նրան ու ազատ արձակում։
ՄՈՐ ԱՆԵԾՔԸ
Մարդ ու կին ունեին մի որդի։ Տվեցին նրան ուսման, շատ իմաստուն մարդ դարձավ, հասավ այն գիտակցության, որ աշխարհը, ամեն ինչ, որ կա աշխարհում, անցավոր են ու գնացական, վերջը մահն է, մեռնելը և սիրելիներից բաժանվելը։
Ելավ նա գաղտնաբար մի լեռան վրա և քառասուն տարի ճգնեց այնտեղ։ Եվ քառասուն տարի մայրը, գիշեր–ցերեկ լալով, փնտրեց նրան, մինչև որ գտավ։ Իսկ որդին, երբ տեսավ մորը, մտավ քարայրը, դուռը պինդ փակեց ու սկսեց աղոթել։
— Ո՛վ քաղցրիկ ու անուշ մինուճար որդյակ,— բախելով դուռը, լալով աղերսեց մայրը,— ով իմ ծերության նեցուկ ու գավազան, խղճա մորդ ու եկ, որ տեսնեմ դեմքդ, քանզի քառասուն տարի է, որ կարոտ եմ քեզ և քեզնից բացի ուրիշ սիրելի ու հարազատ չունեմ։
— Մա՛ յր իմ,— պատասխանեց որդին,— այս աշխարհում իրար տեսնելու հնար չկա, գնա աստվածային օրենքներն ու պատվիրանները բարի գործով կատարիր, որ երկուսս էլ, երբ այս աշխարհից մահվամբ հեռանանք ու արժանանանք հավիտենական կյանքին, ուրախությամբ տեսնենք իրար։
Շատ աղաչեց մայրը որդուն։ Սրտակտուր, աղերսախառն ու ողբալի բաներ շատ ասաց, բայց որդին ականջ չդրեց։ Այդ ժամանակ մայրը, բանալով գլուխը և կուրծքը ծեծելով, անիծեց որդուն։
— Որդյա՛կ, դու չլսեցիր իմ աղաչանքները, հաշվի չառար ծերությունս ու չարչարանքներս, կարոտս ու փափագներս, չխղճացիր ինձ։ Խնդրում եմ աստծուց, որ անօրեն ու
[էջ 181]
դաժան մարդկանց ձեռքն ընկնես, գլուխդ բաց, աչքերդ թաց, վզիդ` շղթա ու ձեռքդ կապած, ցիցն ուսիդ, դահիճը՝ մոտդ, դատավորների ու թագավորների առջև հրապարակում կանգնած խայտառակվես։
Թողեց մայրը որդուն քարայրում և թաց աչքերով գնաց տուն։
Երկու օր անց քարայրի մոտի ճանապարհով վաճառականներ էին անցնում։ Ավազակները հարձակվեցին նրանք վրա, բոլորին կոտորեցին և, թալանելով նրանց ունեցվածքը՝ ապրանքն ու գանձը, հեռացան։
Հաջորդ օրը, տեսնելով սպանված ու կողոպտված մարդկանց, եկան բռնեցին ճգնավորին, ասելով.
— Դու ես արել, կամ ընկեր ես ավազակներին։
Ձեռքերն ետևը կապեցին, գլուխը՝ բաց, ցիցը մեջքին, առան տանելու։ Այդ ժամանակ ճգնավորը, նայելով քարայրի մոտի բազմաթիվ ծառերին ասաց.
— Աստծու հրամանով թող երկու ծառ ելնեն իրենց տեղից, գան ինձ հետ և թագավորի առջև ճիշտ, վկայություն տան։
Երկու ծառ ելան արմատներով և ճգնավորի հետ գնացին.
Թագավորը տեսավ ծառերն ու զարմացավ։ Այնժամ ծառերը լեզու առան և ասացին, թե ովքեր են մարդասպանները։ Ճգնավորն ազատվեց։
— Եթե դու այդպիսի հրաշագործ մարդ ես,— դիմեց նրան թագավորը,— ինչո՞ւ իմ ծառաներից չազատվեցիր, որ այդպես խայտառակ կերպով բերեցին քեզ։
— Ւմ մայրն ինձ այսպես անիծեց,— ասաց ճգնավորը,— աստված լսեց մորս և անեծքը կատարեց։
Լսելով այս, թագավորը դիմեց հավաքվածներին.
— Լսեցեք ու միտք արեք։ Եթե մեկ անգամ մոր անեծքով այսպիսի հրաշագործ ճգնավորը խայտառակ եղավ, ապա հազար վայ այն զավակներին, որոնք ամեն օր քրքրում են իրենց ծնողներին, կամ դուրս են անում կամ անարգում են, ժառանգելով նրանց անեծքը։ Որդին, եթե անիծվում է ծնողից, անիծվում է նաև աստծուց, օրհնվում է ծնողից` օրհնվում է և աստծռւց։
[էջ 182]
ԹԵ ԻՆՉՊեՍ ՄԻ ՍԱՏԱՆԱ ԽԱԲԵՑ ԿՐՈՆԱՎՈՐԻՆ
Մենախցում մի կրոնավոր կար, որ աղաչում էր աստծուն և ասում:
— Տե՛ր, արժանի անես ինձ հասնելու Իսահակ նախահոր տարիքին։
Եվ երբ բազում օրեր աղաչեց, երկնքից ձայն հասավ նրան, որ ասում էր. «Դու չես կարոդ հասնել Իսահակ նահապեաի հասակին»:
Իսկ կրոնավորն ասում է, «Թե չեմ կարող հասնել Իսահակի հասակին,, գոնե Հոբի տարիքին հասցնես ինձ, տեր»:
Դարձյալ աստվածային ձայնն ասում է կրոնավորին.
«Եթե դու ևս պատերազմես և հաղթես թշնամուն, ինչպես Հոբը, ապա կլինես նրա չափ»։
Իսկ կրոնավորը խոստացավ ամեն ինչ անել ու մարտնչել սատանայի դեմ։ Այնժամ դարձյալ երկնքից լսեց ձայնը, որ ասում էր. «Այժմ գնա քո սենյակը և արիությամբ պատրաստվիր»։
Եվ գնաց պատրաստվելու պատերազմի։ Բայց օրեր անց մոռացավ, որ խոստացել է դիմագրավել սատանայի փորձանքներին։ Եվ ահա, մի քանի օր հետո սատանան զինվորի կերպարանք մտած եկավ ծերի մոտ ու ասում է.
— Աղաչում եմ քեզ, հա՛յր, ողորմիր ինձ՝ թագավորից հալածվածիս, և առ ինձնից այս երկու հարյուր լիտր դահեկան ոսկին, այս աղջիկը և պատանին, սրանց պահիր ծածուկ տեղ, իսկ ես փախչեմ, գնամ հեռու աշխարհ և որոշ ժամանակ այնտեղ թաքնվեմ։
— Որդյա՛կ,— ասում է նրան ծերը,— ես չեմ կարող պահել, որովհետև աղքատ մարդ եմ։ Եվ ինչո՞ւ պիտի պահեմ կամ թաքցնեմ այս ամենը։
Ւսկ զինվորը բազում պաղատանքներով ստիպում է ծերին պահել:
Ծերն ասում է նրան.
— Գնա՛, որդյա՛կ, և ոսկիդ թող այն քարերի մեջ: Չգիտեր, թե դա դևերի խաբեություն է։
Իսկ երբ զինվորը ուզեց գնալ, թաղել ոսկին քարերի մեջ, ծերը ձայնեց նրա ետևից.
— Բեր այստեղ ինձ մոտ, որդյա՛կ, բե՛ր մոտս:
[էջ 183]
Եվ զինվորը ոսկին բերեց ու տվեց կրոնավորին։ Նա վերցրեց ոսկին, աղջիկն ու տղան՝ պահելու, որովհետև խաբվեց դևից։
Օրեր անց սաստիկ խռովություն ընկավ կրոնավորի սիրտը, հարձակվեց աղջկա վրա ու ապականեց նրան։ Հետո նեղվեց իր արածից ու չարիքի վրա նոր չարիք ավելացնելով, ասաց մտքում, «Սպանեմ մանկանը, որ ինձ չմատնի»։ Եվ հարձակվեց ու սպանեց տղային։ Իսկ մի քանի օր հետո ինքն իրեն ասում է. «Ահա, ահա կգա զինվորը, չի գտնի տղային ու կսպանի ինձ նրա պատճառով։ Ավելի լավ չէ՞ սպանեմ նաև աղջկան և այն գանձն առնելով փախչեմ օտար երկիր ու չընկնեմ զինվորի ձեռքը»։
Այդպես էլ արեց։ Սպանեց նաև աղջկան, թաքցրեց հողի տակ, ինչպես տղային։ Եվ վերցնելով գանձը, գնաց հեռու երկիր, այն հարստությամբ եկեղեցի շինեց և տուն՝ ապրելու համար։ Երբ վերջացրեց այդ գործը, եկավ այն դև զինվորը և սկսեց ձայնել ու բարձրաձայն ասել.
— Ա՜յ քեզ պատիժ, վա՜յ ինձ, օգնեցեք ինձ, մարդի՛կ, ախար այս ծերը իմ գանձերով շինեց այս ամենը։
Մարդիկ հարձակվեցին նենգ զինվորի վրա և նրան վտարեցին այնտեղից։ Իսկ նա ասում է կրոնավորին.
— Կրոնավո՛ր, այնպիսի չարիք կբերեմ գլխիդ, որ ոչ մեկի մտքով չի անցել։— Եվ հեռացավ։
Իսկ կրոնավորը հանգիստ չուներ, միշտ մտազբաղ էր գիշեր–ցերեկ ու մեղադրում էր իրեն, մինչև որոշեց հեռանալ այդ տեղից։ Եվ ասում է ինքն իրեն. «Քո գործերը հայտնի են նաև այստեղ, վերցրու գանձի մնացորդը և գնա հեռու աշխարհ, ուր չի կարողանա գալ զինվորը»։
Նա վեր կացավ գնաց մի հեռու քաղաք, որ ինքը հարմար էր համարում։ Այնտեղ նա հանդիպեց մի աղջկա, որ դահճապետի դուստր էր։ Եվ խոսելով աղջկա հետ, նրան կնության առավ։
Մի քանի օր անց մահացավ աղջկա հայրը։ Այն ժամանակ իշխանը դահճապետի փեսային նշանակեց նրա փոխարեն, որովհետև այդ երկրի կարգն էր՝ երբ զինվորական դասերից կամ պատվավորներից մարդ էր մեռնում, հանգուցյալի փոխարեն նշանակում էին նրան, ով ամուսնանում
[էջ 184]
էր մեռածի կնոջ հետ և կամ ով նրա դստեր ամուսինն էր: Եվ երբ նրան դահճապետ կարգեցին (այստեղ չեմ կարող առանց արտասուքի պատմել նրա չարությունը), ամբողջ երկրից նրանց, ում տանջանքների պատժաչափ էր վիճակվում, նա էր չարչարողն ու սպանողը։ Բազում անգամ հրամայում էր իշխանը ոմանց գցել եռացող կաթսան և ուրիշներին խորովել թավայով, կամ քերող գործիքով տանջել կամ մեխել և այլ բազմակերպ տանջանքներով պատմել։ Բոլոր պատիժներից նա ընտրում էր խստագույնը, որովհետև նոր էր նշանակվել այդ գործին և ցանկանում էր աչքի ընկնել: Եվ ահա սատանան զինվորի տեսքով եկավ ու սկսեց բարձրաձայն ասել.
— Վա՛յ ինձ, եղկելիիս, օգնեցեք ինձ։
Եվ նրա ձայնի սաստկությունից մեծ բազմություն հավաքվեց այնտեղ։ Նա խնդրում էր դատավորից պատժել իր թշնամուն։ Իսկ դատավորը, նայելով զինվորին, ասում է.
— Հանդարտվի՛ր, ուշքի եկ և հանգիստ պատմիր մեզ ամեն ինչ։ Ինչո՞ւ ես աղմկում կատաղած շան նման։
— Այս դահիճը, ո՛վ իշխան, կրոնավոր էր,— պատասխանեց զինվորը,— իսկ ես իմ թշնամիներից հետապնդված եկա սրա մոտ և սրան տվեցի պահելու երկու հարյուր լիտր ոսկի, իմ պատանի ծառան և նաժիշտս՝ կույս աղջիկ։ Այժմ հրամայիր իմ պահուստը վերադարձնել։
Իմանալով ոսկու չափը, իշխանն ուրախությամբ էր լսում՝ շահի հուսով, և սկսեց եռանդով հարցաքննել ծեր դահճին, թե արդյոք ճշմարի՞տ են զինվորի խոսքերը։
Եվ նա ասում է.
— Այդպես էր բոլորը, բերեց այդ ամենն ինձ մոտ, բայց շուտով եկավ տանելու, և ես ամեն ինչ վերադարձրի իրեն անպակաս։
— Որ քեզ է տվել, դու էլ ես վկայում,— ասում է նրան իշխանը։— Հիմա ունե՞ս նրա ստորագրությունը և վկա, որ դարձյալ տարել է քեզնից։
Եվ նա պապանձվեց։ Իսկ երբ ստիպված եղավ, խոստովանեց աղջկա և տղայի սպանումն իր ձեռքով և գանձը իսպառ ծախսելը։ Իշխանը տեսավ, որ այդ գործից ոչինչ
[էջ 185]
չի շահելու, հրամայեց սպանել դահճին։ Երբ տանում էին սպանելու, նրան մատնող զինվորը ընդառաջ եկավ փողոցում և հարցրեց.
— Ճանաչո՞ւմ ես ինձ, կրոնավոր, թե ով եմ ես։
— Կարծեմ դու այն զինվորն ես,— ասում է նա,— որ չար ժամի ծանոթացա, որ ինձ մոտ բերիր աղջկան, այն տղային ու գանձը՝ պահ տալու։
Զինվորը նրան ասում է.
— Ես բանսարկու սատանան եմ, որ խաբեցի նախաստեղծ Ադամին և հիմա մարդկանցից ոչ մեկին չեմ թողնում ապրելու, չեմ թողնում, որ Իսահակի, Հակոբի կամ Հոբի չափ լինեն, այլ շտապում եմ բոլորին Զակիտոբելի և Հուդա Իսկարովտացու, Կայենի, Բաբելոնի ծերերի և մյուսների օրը գցել։ Գնա՛ այժմ դու ևս նրանց ետևից, քանի որ չհասկացար, որ մենք հյուսեցինք նենգության ու խաբեության շղթաները, տառապի՛ր նրանց հետ, քանի որ չիմացար մեր աներևույթ պատերազմը, և թող ոչ ոք չհպարտանա ավելի, քան իր կարողությունն է և չհանդգնի փնտրել ավելի բարձր բաներ ու նմանվել սուրբ այրերին։ Դու հետևեցիր այն բոլոր չարիքներին, որ ես արեցի քեզ, ու ամբողջ մարդկային ցեղին։ Եվ ահա դու, որ պատրաստ էիր իմ դեմ պատերազմելու, տեսար քո զորության չափը, քո արժանիքներին համապատասխան վարձատրվեցիր՝ այստեղ և այնտեղ նույնպես։
Հենց որ սա ասաց, անհայտացավ մարդկանց թշնամին։ Եվ եղկելի կրոնավորը, որ, խաբվելով դևերից, խայտառակվել էր իր ամբարտավանության ու սնափառության պատճառով, դարձել դահիճ, չարաչար տանջանքների մատնվեց։
ԵՐԵՔ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
Մի թագավոր ուներ երեք որդի և մի թանկագին քար, որն իր արժողությամբ կազմում էր նրա ողջ թագավորության քառորդ մասը։ Չգիտեր որդիներից որին տար քարը, որ մյուսները չնեղանային։ Երբ թագավորը մահամերձ հի–
[էջ 186]
վանդացավ, կանչեց որդիներից մեկին, քարը տվեց նրան։ Սա թաքցրեց ու եղբայրներին բան չասաց: Թագավորի մահից հետո եղբայրների միջև կռիվ ընկավ.
— Դու ես վերցրել քարը,— միմյանց հետ չէին հաշտվում նրանք։
Լսեցին, որ մի հեռու քաղաքում մի ճարտար ու իմաստուն դատավոր կա, և միայն նա կարող է լուծել իրենց վեճը։ Ելան միասին, գնացին դատավորի մոտ։ Ճանապարհին նրանց հանդիպեց այդ դատավորի ուղտապանը։
— Ի՞նչ մարդ ես և ո՞ւր ես գնում,— հարցնում են նրան։
— Ուղտապան եմ,— պատասխանում է նա,— ուղտ եմ կորցրել, փնտրում եմ։
— Քո ուղտը կա՞ղ է,— հարցնում է եղբայրներից մեկը:
— Այո։
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Քո ուղտը միաչքանի՞ է,— հարցնում է երկրորդը։
— Այո՛:
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Քո ուղտի մեկ ատամը կոտրվա՞ծ է,— հարցնում է երրորդ եղբայրը։
— Այո՛։
— Գնա ճանապարհովդ ու կգտնես։
— Ինչպե՞ս իմացաք իմ ուղտի թերությունները,— հարցրեց ուղտապանը։
Եղբայրներից առաջինը պատասխանեց:
— Նկատեցի, որ երեք ոտքերը ուժեղ էր դրել գետնին ու հետքը երևում էր։ Չորրորդ ոտքի հետքը չկար։ Դրանից իմացա, որ կաղ է։
— Տեսա,— պատասխանեց մյուսը,— որ նա արածել էր մի կողմի խոտը, իսկ մյուս կողմի խոտը տեղն էր մնացել։ Դրանից հասկացա, որ աչքի մեկը կույր է։
— Նկատեցի,— պատասխանեց երրորդը,— որ արածած տեղը մի ատամի չափ խոտ էր մնացել։ Դրանից իմացա, որ քո ուղտի ատամի մեկը չկա։
Զարմանալով այդ մարդկանց իմաստությունից, ուղտապանը գնաց նրանց ցույց տված ճանապարհով, գտավ ուղտը, վերադարձավ տուն ու դատավորին պատմեց.
— Երեք ճարտար տղամարդ են գալիս քեզ մոտ դատի։
[էջ 187]
Մեր ուղտը չտեսած՝ նրա նշաններն իմացան, պատրաստ եղիր, որ սխալ չդատես և ծաղրատեղի չդառնաս։
Լսեց այս ամենը դատավորը և, երբ եղբայրները եկան, նրանց ասաց.
— Այս գիշեր մնացեք իմ տանը, վաղը ձեր դատը կանեմ։
Ու սպասավորներին հրամայեց կերակրել նրանց շուկայի հացով, տալ խորոված ու գինի։
Տեսնելով ուտելիքը, եղբայրներից մեկն ասաց սպասավորին.
— Ձեր դատավորը հացագործի որդի է։
— Այս խորովածից,– ասաց մյուսը,— շան հոտ է գալիս։
— Այս գինին,– ասում է երրորդը,– արյունահամություն ունի։
Եվ հրաժարվեցին ուտել։
Սպասավորները եղբայրների ասածները հայտնեցին դատավորին։ Իսկ նա զայրանալով կանչեց մորը ու հարցրեց.
— Ես ո՞ւմ որդին եմ, ճիշտն ասա, թե չէ՝ կսպանեմ քեզ:
— Մի տարի,— պատմեց մայրը,— քո հայրը արշավանքի էր գնացել։ Մի հացագործ տղա միշտ գալիս, հաց էր բերում տուն։ Դու նրա որդին ես։
Մսավաճառն ասաց.
— Ուլի մայրը սատկեց։ Մի սև շուն կար, ուլը նրա կաթը ծծեց, կարծելով, թե իր մայրն է։
Գինեվաճառն ասաց.
— Գինին պատրաստելուց առաջ, խաղողի մեջ մի դանակ կորավ, ու մարդիկ չգտան։ Խաղողը ճզմելիս այն մտավ ճզմողի ոտքը, և շատ արյուն հոսեց, խառնվեց հյութին:
— Ինչի՞ց իմացար, որ դատավորը հացագործի որդի է,— հարցրին եղբայրներից առաջինին։
— Ամեն մեկիս մի հաց էր ուղարկել:
— Իսկ դու ի՞նչ իմացար, որ խորովածից շան հոտ է գալի:
— Եթե ուլը իր մոր կաթը կերած լիներ, միսը խորովե–
[էջ 188]
լիս պիտի քրքրվեր է բայց քանի որ շան կաթ էր կերել, նրա միսը շան մսի նման կոշտացել ու պնդացել էր։
— Դու ինչպե՞ս իմացար, որ գինին արյունախառն է:
— Գինին ամանը լցնելիս, փրփուրը, որ երեսն է բռնում, ճերմակ է լինում, իսկ այս գինու փրփուրը կարմիր կտրեց։
Դատավորը գիշերը չքնեց ու մի սուտ պատմություն հորինեց: Հաջորդ օրն առավոտյան երեք եղբայրները հայտնեցին նրան իրենց գանգատը թանկարժեք քարի մասին։
— Քարի գործը հեշտ է,— ասում է դատավորը,— թողեք դա իր տեղը մնա։ Մեր քաղաքում մի դեպք է տեղի ունեցել, զրուցենք այդ մասին։ Մի աղջիկ կար, որին ծնողները խոստացել էին ամուսնացնել մի մարդու հետ, բայց հետո փոշմանելով` տվեցին մի ուրիշի։ Աղջիկը, գնալով ամուսնու տուն, պատմում է նրան, թե «Նախապես ինձ խոստացել էին տալ այսինչ մարդուն, բայց ծնողներս փոշմանեցին և տվեցին քեզ»։ Նորապսակ ամուսինը կնոջը արդուզարդով միջնորդների հետ ուղարկում է այդ մարդու տուն, լուր տալով. «Քանի որ նախապես քեզ էին խոստացել կնության տալ, կինը քոնն է, թող քեզ լինի»։ Իսկ սա, տեսնելով նորապսակի վեհանձնությունը, անմիջապես նվերներ տալով աղջկան, ասում է. «Քանի որ ամուսինդ այդպես արդարամիտ ու վեհանձն է, որ անտեսելով իր երջանկությունը, քեզ իմ տուն է ուղարկել, ուստի այսուհետև դու ինձ քույր եղիր, ես քեզ եղբայր։ Այն սերը, որ ամուսնական սեր պիտի լիներ մեր մեջ, թող քույր ու եղբոր սեր դառնա»: Եվ նա նորահարսին ետ է դարձնում ամուսնու մոտ։
Այժմ երեք եղբայրներիդ հարց եմ տալիս, յուրաքանչյուրդ առանձին–առանձին ասացեք, թե այս երկու մարդկանցից ո՞րն է ավելի արդար վարվել։
— Այն մարդը, որ մի խոսքի համար կնոջը ուղարկել է մյուսի տուն,— պատասխանում է եղբայրներից մեկը։
— Այն մյուսը,— պատասխանում է երկրորդը,— որ մեծահոգություն է ցուցաբերել, նվերներ տվել աղջկան ու, իրեն քույր դարձնելով, ետ է ուղարկել ամուսնու տուն։
— Մեծ հաջողություն է,— ասում է երրորդ եղբայրը,—
[էջ 189]
որ այդպես շքեղ զարդարված նորահարսը կեսգիշերով թաղից թաղ է գնացել ու ետ եկել, բայց գիշերապահ կամ գող չի ելել դեմը։ Ըստ երևույթին, քաղաքում գիշերապահ կամ գող չկա։
— Քարը դու ես վերցրել,— ասաց դատավորը վերջինիս,— տո՛ւր եղբայրներիդ և գնացեք խաղաղությամբ։
Առակս ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մարդ դատողություն է անում ըստ իր բնավորության։
ՍՈՒՏ ԵՎ ՃՇՄԱՐԻՏ ԲԱԵԿԱՄՈԻԹՅՈԻՆ
Եփեսոս քաղաքում բնակվող մի իմաստուն ու հարուստ ծերունի ուներ մի երիտասարդ տղա, որն ընկերանալով իր մի քանի հասակակիցների հետ, ժամանակը շարունակ խնջույքների մեջ էր անցկացնում և, հարազատ բարեկամներ համարելով, ոչինչ, չէր խնայում նրանցից։ Հայրը մշտապես խրատում էր.
— Զգույշ եղի՛ր, մի՛ հավատա նրանց։ Նրանք՝ բոլորը, սեղանի բարեկամներ են։
Ճշմարիտ բարեկամը նեղ օրն է երևում։
— Ներիր ինձ, հա՛յր, բայց ես հիմար չեմ, հաստատ գիտեմ, որ նրանք իմ հավատարիմ ու ճշմարիտ բարեկամներն են։
— Երջանիկ ես դու,— հեգնում էր հայրը,— որ կարճ ժամկետում կարողացել ես այդքան հավատարիմ բարեկամներ ճարել։
Մի օր հայրը պատվիրեց որդուն գնել մի մեծ ոչխար ու բերել տուն։ Որդուց գաղտնի մորթել տվեց ոչխարը, մի սպիտակ սավան թաթախելով արյան մեջ։ Այնուհետև խորովել տվեց ոչխարը, ամբողջովին այն ծածկեց լավաշով, վրան սեղանի հաստ սփռոց փաթաթեց, իսկ հետո՝ արյունաթաթավ սավանը ու տեղավորեց պարկի մեջ։ Գիշերվա կեսին պարկը տվեց որդու շալակը ու, գնալով՝ բախեցին որդու տասներկու բարեկամներից մեկի դուռը, դուրս կանչեցին։
— Բարեկա՛մ,— ասաց շշուկով,— մոտակա գյուղից
[էջ 190]
այսինչ մարդը երեկոյան հյուր եկավ մեր տան։ Հարբելով, նա աղմուկ բարձրացրեց, խիստ բարկացա, խփեցի սրով սպանեցի։ Խնդրում եմ քեզ, թաքցրու այստեղ նրա դիակը, որպեսզի առավոտյան մեր տունը խուզարկելիս, չգտնեն ու չդատեն մեզ։
— Անօրեն սրիկանե՜ր,— լսելով նրանց, մերժեց բարեկամը,— բավական չէ, որ սպանել եք մարդուն, ուզում եք ի՞նձ էլ մասնակից դարձնել ձեր չարագործությանը, փորձանքի մեջ գցել: Կորեք այստեղից,— ու փակեց դուռը նրանց երեսին։
Գնացին մյուս բարեկամների տները։ Բոլորն էլ նույն կերպ պատասխանեցին ծերունուն ու որդուն։
— Որդյա՛կ, տեսա՞ր այժմ քո հավատարիմ բարեկամներին,— ասում է հայրը որդուն,— ե՛կ, ուրեմն, գնանք իմ միակ բարեկամի մոտ։
Հասնելով տեղ, բախեցին դուռը։ Երբ տանտերը դուրս եկավ, ուզեցին ասել նույնը։ Չթողնելով խոսել, տանտերը նրանց շտապ ներս տարավ, փակեց գուռը և ասաց.
— Ցածրաձայն խոսեցեք, որպեսզի մերոնցից մեկն ու մեկը չիմանա։
Հայր ու որդի պատմեցին ձախորդ դիպվածի մասին։ Տանտերն իսկույն տարավ նրանց պարտեզ, անկյուններից մեկում փոս փորելով, թաքցրեց պարկը հողի մեջ ու պատվիրեց նրանց շտապ վերադառնալ իրենց տուն։
Առավոտյան վաղ որդու տասներկու բարեկամները հավաքվելով, սկսեցին խոսել գիշերվա դեպքի մասին։ Լուրն անմիջապես բերնե–բերան տարածվեց, հասավ քաղաքապետին ու դատավորին։
Քաղաքապետը, որ լավ էր ճանաչում իմաստուն ծերունուն և գիտեր, որ նա պարկեշտ ու առաքինի մարդ է, չհավատաց, բայց հետաքրքրվեց, թե ովքե՞ր են տարածել լուրը: Կծիկի ծայրը հասավ ծերունու որդու բարեկամներին։ Քաղաքապետը, կանչելով նրանց, հարցաքննեց։ Նրանք պատմեցին, բոլորը։ Քաղաքապետը բանտարկեց նրանց, ապա կանչեց ծերունուն։ Վերջինս սկզբում ուրացավ, իսկ այնուհետև խոստովանեց մեղքը։
— Ի՚՞նչ եք արել դիակը,— հարցրեց քաղաքապետը։
[էջ 191]
— Տարանք այսինչ բարեկամին տվինք։
Կանչեցին այդ մարդուն։ Նա հրաժարվեց, ասելով, թե ինքը տեղյակ չէ։ Սաստիկ տանջեցին, բայց դարձյալ հանձն չառավ։ Երբ հրամայեցին կախել, ծերունին արգելեց, դիմելով քաղաքապետին.
— Տե՛ր իմ, երևում է, որ նա կամակոր մարդ է, եկեք ինձ հետ դատավորով ու վկաներով, ես ցույց կտամ ձեզ, թե մեր աչքի առջև որտեղ է թաղել նա սպանվածի դիակը:
Քաղաքապետը, դատավորն ու վկաները, որոնք ծերունու որդու ընկերներն էին, նաև ուրիշներ, գնացին նրա հետ։ Տանտերը նորից չքմեղանալով, մեղադրում էր ծերուհուն, թե զրպարտում է իրեն։ Բայց նա առանց վարանելու ցույց տվեց տեղը։ Պեղելով հողը, դուրս քաշեցին պարկը ու շտապ բացեցինք տեսան արյունաթաթավ սավանը։
— Ո՜վ եղկելի,— ասացին քաղաքապետն ու դատավորը տանտիրոջը,— ահա սպանողները խոստավանում են, սպանվածի արյունն հաստատում է այդ, իսկ դու շարունակ համառում ես, թե «Ես չեմ տեսել, ես ոչինչ չգիտեմ», սրանց փոխարեն քեզ պետք է պատժել։
Եվ այսպես սպառնալով, բաց արեցին արյունաներկ սավանը ու տեսան մի ուրիշ մաքուր ծածկոց։ Եվ երբ այն էլ արձակեցին, գտան լավաշ հացը, մեջը ամբողջ ոչխարը՝ խորոված։ Ներկաները զարմանքից ապշեցին։
— Ով պատվական ու իմաստուն մարդ,— դիմեց քաղաքապետը ծերունուն,— գիտենք, որ մի նպատակ կա թաքնված այս արարքիդ տակ, խնդրում ենք պատմել մեզ։
— Հարգարժան մարդիկ,— ասաց նա,— իմ այս թերամիտ որդին, այդ վկաներին համարելով հավատարիմ ընկերներ, ոչինչ չէր խնայում ու շարունակ նրանց հյուրասիրում էր խնջույքներով, հաճախ էլ օգնում էր նյութապես, որքան որ կարողանում էր։ Ես միշտ խրատում էի որդուս, թե նրա ընկերները նենգ ու անհարազատ մարդիկ են, սեղանի ու իրենց օգուտի համար են բարեկամ ձևանում, չպետք է հավատալ նրանց։ Բայց որդիս չէր լսում ինձ ու պնդում էր, որ նրանք հավատարիմ, ճշմարիտ բարեկամներ են։ Որդուս փորձով խելքի բերելու նպատակով սարքեցի այս խաղը, որ այժմ տեսնում եք, որպեսզի զգաս–
[էջ 192]
տացնեմ նրան, իմանա, որ դժվար բան է հավատարիմ բարեկամ գտնելը և անհնարին է բարեկամների բազմություն ունենալը, քանզի ես իմ ողջ կյանքի ընթացքում շատ փորձություններով հազիվհազ կարողացա գտնել այս միակ, հարազատ ու ճշմարիտ բարեկամիս, որ, ինչպես տեսաք, մատնեց իր անձը մահվան վտանգի ու քաջությամբ տարավ տանջանքները, բայց չդավաճանեց ինձ: Այժմ, խնդրում եմ ձեզ նստեցեք այստեղ ու ճաշակեցեք խորոված ոչխարը այն բազմազան ուտելիքների ու անուշահամ խմիչքների հետ, որ նախապես պատրաստել եմ տվել այս հաճելի տեսարանի համար։
Քաղաքապետն` ընդունելով հրավերը, պատվիրեց իսկույն պարգևատրել ծերունու հավատարիմ բարեկամին, որի պարտեզում պահվել էր ոչխարը, նախատինքով վռնդել տվեց որդու սուտ ընկերներին: Ներկաներն ուրախությամբ կերուխումի նստեցին, գովելով ծերունու իմաստությունն ու նրա բարեկամի հավատարմությունը։ Իսկ ծերունա որդին, ընդունելով իր սխալը, այնուհետև հրաժարվեց հացկատակ ու սուտ ընկերներից։ Եվ բոլորի հավանությամբ գրվեց այս պատմությունը՝ ի խրատ հետագա սերունդների։
ՊԱՏԱՆԻՆ ՈԻ ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ
Մի պատանի հոր մահից հետո վատնեց նրանից մնացած ողջ ժառանգությունը, որովհետև հարբեցող էր, սիրում էր ուտել-խմել, բայց գործ բոլորովին չէր անում։ Մի օր էլ ծախսեց քսակում եղած վերջին դրամը, հարբած գնաց տուն։ Հաջորդ օրն առավոտյան անկողնուց ելնել չէր կարողանում, որովհետև բերանը սաստիկ չորացել, գլուխը ցավում էր, ինչպես սովորաբար լինում է հարբեցողներին, որ խումար են ասում։ Տանը մնացել էր միայն մի մոզի։
— Ի՞նչ անեմ, մայր իմ, ահա մեռնում եմ,— ասում է նա մորը։— Ուզում եմ մոզին տանել շուկա վաճառելու: Ստացածս դրամը տամ գինու, խմեմ, որ ազատվեմ թմրությունից։
[էջ 193]
Որդյակ,— պատասխանեց մայրը,— քո հոր ունեցվածքից այդ հորթն է մնացել մեր տանը, ա՞յդ էլ ես ուզում դու փուչ անել։ Դու գիտես, ինչ ուզում ես, արա։ Տղան հորթը տարավ շուկա։
Այդ քաղաքում մի դատավոր կար, որ տեղացի չէր։ Դատավորի երկու ծառաները իրենց տիրոջ պետքերը հոգալու նպատակով շրջում էին շուկայում։ Նրանք տեսան պատանուն։
— Ինչո՞ւ ես ման ածում այդ այծը,— հարցնում են նրանք։
— Վաճառում եմ,— պատասխանում է տղան։ Նրանք տղային տանում են դատավորի մոտ։
— Այս պատանին այծ է վաճառում, եթե ուզում ես՝ գնիր։
— Որքա՞ն է այծիդ գինը,— գիմում է պատանուն դատավորը։
— Ով դատավոր,— ասում է տղան,— ա՞յծ է սա, թե մոզի։
— Մեզ հիմա՞ր ես կարծում, որ ցանկանում ես քո այծը վաճառել մոզու գնով,— բարկանում է դատավորը։
— Քո ասածը թող լինի, ով դատավոր,— համաձայնում է պատանին,— որքան ուզում ես, տուր։
Եվ պատանուն տալով հիսուն դրամ, նա ասում է.
— Գնա, այդ է գինը։
Մտքի մեջ ուրախանալով, որ էժան է գնել, դատավորը ծառաներին հրամայում է.
— Մորթեցե՛ք, որ ուտենք։
— Ո՛վ դատավոր,— դիմում է նրան պատանին,— խնդրում եմ քեզանից, որ թույլ տաս վերցնել պոչը։
Դատավորը կարգադրում է` տալ պատանուն հորթի պոչը։ Վերցնելով ուզածը, տղան շտապ գնում է դարբնի մոտ, պատրաստել է տալիս երկաթե փշեր ու անցկացնում մոզու պոչին։ Մի սարսափելի ու ահավոր բան՝ տեսնողների համար։ Բայց մի փոքր տեղ մազերն ազատ է թողնում, որպեսզի ճանաչվի, որ մոզու պոչ է։ Վերադառնալով տուն` մորն ասում է.
— Տո՛ւր ինձ քո բոլոր շորերը, որ պահած ունես։
[էջ 194]
— Որդյա՛կ ինչո՞ւ ես այդպես անում,— լացով բողոքում է մայրը,— քո հոր ունեցվածքը ծախեցիր կերար, այժմ սկսեցիր շորե՞րս վաճառել։
— Մի՛ վախեցիր,— հանգստացնում է նրան որդին,— ուրիշ բան եմ անելու։
Մայրը հավատաց։ Վերցնելով մոր շորերը, տղան հագնում է ու գնում կանգնում դատավորի դռան առջև: Ծառաները տեսնելով նրան չեն ճանաչում։
— Ո՛վ կին,— հարցնում են նրան,— ինչո՞ւ ես այստեղ ման գալիս, ի՞նչ ես ուզում։
— Ձեր նման գեղեցիկ երիտասարդների համար եմ եկել,— կանացի քնքշություն տալով ձայնին, պատասխանում է տղան։
— Երանի քեզ, ո՜վ կին, այսօր՝ բախտդ բերեց,— ասում են ծառաները։— Այստեղ է ապրում քաղաքի դատավորը, նա կին չունի։ Ե՜կ, տանենք քեզ նրա մոտ, դարձիր նրա կինը ու երջանիկ կլինես։
Տղան համաձայնում է ու նրանց հետ մտնում դատավորի մոտ։
Դատավորը շատ է ուրախանում կնոջ գալու համար, ընտիր ու համեղ կերակուրներ է պատրաստել տալիս, ուտում–խմում են։ Ապա նա ծառաներին դուրս է անում տնից, որովհետև այրվում էր սիրո ցանկությունից։ Երբ առանձին են մնում, դատավորն սկսում է շշուկով խոսել աղջկա հետ։
— Սա ի՞նչ է,– հարցնում է կինը դատավորին:
— Օրենսգիրք է,— պատասխանում է դատավորը,— սրանով արդար դատաստան ենք անում խեղճերի օգտին։
Այնտեղ կար նաև մի երկաթե մամլիչ, որով պատժում էին չարագործներին։
— Սա ի՞նչ է, ով դատավոր,— մատնացույց անելով մամլիչը, հարցնում է կարծեցյալ կինը։
— Դա չարագործների համար է, եթե մեկը արժանի է ծեծի ու չարչարանքների, օրենսգրքի հիման վրա տանջում ենք նրան։
— Ինչպե՞ս է լինում, բոլորովին տեսած չկամ,—