ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 129]

ՃՅՈՒՂ ԵՐՐՈՐԴ

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ

[էջ 130]

1

Դառնանք, զօղորմին տի տանք
Դեղձուն Ճուղ Ծամին
— Քառսուն, օղորմի։
Դառնանք, զօղորմին տի տանք
Քեռի Թորոսին
— Քառսուն օղորմի:
Դառնանք, զօղօրմին տի տանք
Ձենով Հովանին
— Քառսուն օղորմի։
Դառնանք, զօղորմին տի տանք
Արտատեր Պառվան
— Քառսուն օղորմի։.

Դառնանք, զօղորմին չը տանք
Չմշկիկ Սուլթանին,
Չը տանք օղորմի։
Դառնանք, զօղորմին չր տանք
Մըսրա Մելիքին
Չը տանք օղորմի։
Դառնանք զօղորմին տի տանք
Իսմիլ խաթունին
Քառսուն օղորմի։
Դառնանք, զօղորմին տի տանք
Խանդութ խանումին։
Քառսուն օղորմի։
Դառնանք, զօղորմին տի տանք
Թառլան Դավթին,
— Հազար օղորմի։

[էջ 131]

ՄԱՍՆ Ա

ԴԱՎԹԻ ԿՌԻՎԸ ՄՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ
ՄԱՆՈՒԿ ԴԱՎԻԹԸ ՄԸՍՐՈԻՄ

2

Դավիթ որ մնաց որբ,
Հորողբերներ էկան, ասին իրար։
Ձենով Հովան ասաց.— Վերգո,
Դո՛ւ կը տանես զԴավիթ,
Թե չէ՝ ե՛ս տանեմ։
Վերգոն ասաց.— Չէ, ես որդի ունեմ,
Դո՛ւ տար, պահի...
Ձենով Հովան տարավ զԴավիթ,
Արավ իրան հոգեզավակ։
Էլան, ու էդ Սասնա քաղաք
Ինչքան ծծմեր որ կար՝
Էտա տղան տվին զետա ծծմեր։
Տղան ո՛չ մեկի ծիծ էլ չրվերցուց։
Ձենով Հովան քաղաքացիք ժողվեց Էդտեդ,

Ասաց.— Էսա տղան տի մեռնի։
Բա ի՞նչ անենք, բա ի՞նչ չանենք,
ԶԴավիթ չենք կա՛րնա շահի։
Սասնեցիք ասին.
— Մհեր յոթ տարի որ Մըսըր մնաց,
Մըկա էնտեղ ծծմեր մի կա,
Ու Մհերի խաթեր համար՝ ըզԴավիթ տի շահի։
ԶԴավիթ Մըսըր ուղարկի.
Էնի էնտեղ տ’ապրի, թե չէ էստեղ
Անկարելի՛ բան է.— ծիծ չի վերցու։

[էջ 132]

3

Հովան ասաց.— Բա ո՞վ կ’տանի, բա ո՞վ չի տանի։
Ասին.— Քուռկիկ Ջալալու թամբի վրեն դի՛ր,
Ամուր մի կապիր,
Քուռկիկ Ջալալուն լավ ճիպոտ մի զար,
Թող տանի Մըսըր։

Հովան էլավ, Քուռկիկ Ջալալին դուրս քաշեց գոմից,
Քուռկիկ Ջալալուն թիմար մի տըվին,
ԶԴավիթ առան, բարուր կապեցին Քուռկիկի քամակ,
Հովան ասաց.
— Քուռկիկ Ջալալին, քեզնե կը խնդրեմ*.
Իմ տըղան դու գե՛տ չ’թալես,
Իմ տըղան դու քա՛ր չը զարնես.
Տանե՛ս Մըսրա էրկիր,
Մըսրա խաթունին դու թասլիմ անես։
Քուռկիկ Ջալալին կը տամ ամանաթ,
Կը տամ ամանաթ մեր Սասնա ճրագ.
Ոչ քա՛ր կը թալես, ոչ թո՛ւփ կը թալես—
Հասցնես սալամաթ մեր Սասնա ճրագ։

4

Քուռկիկ Ջալալին ըզԴավիթ առավ,
Մեջ էրկինք-գետինք թռավ ու գնաց։
Մըսրա Մելքի մեր պատուհան նստե՝
Տեսավ թոզ կը գա դաշտերու վերան.
Տեսավ, որ կրակ գետնա էրեսեն կը տա վեր, էրկինք.
Մեջ էրկինք, մեջ գետինք կը մոտենա իր տան։
Մըսրա խաթուն ասաց.
— Էսի ամպ չի՛, կա ու չկա,
Էսի Քուռկիկ Ջալալու օտաց կրակն էսպես կ’ էլնի։
Դարձավ, ասաց.— Դռնապաններ,
Գնացեք դռներ բացեք.
Կո՛, ձի մի կը հասնի մեր դուռ։
Դռնապաններ հասան ու դռներ բացին։
Տեսավ Քուռկիկ Ջալալին է։

---------------------------

* Երգվում է:

[էջ 133]

Բան մի վեր քամակին։
— Մըսրա Մելի՛ք,— կանչեց Իսմիլ խաթուն,
— Էն բան առեք, բերեք ինծի։

Մըսրա Մելիք գնաց, մոտիկացավ ձիուն։
Ձին իր գլուխ կոռեց։
Մելիք աչքեց, տեսավ— բարուր։
Ձիու քամկից բարուր առավ,
Տարավ էտուր Իսմիլ խաթուն։
Մելքի մեր բացեց ու ի՞նչ տեսավ—
Բարուրի մեջ՝ մանուկ Դավիթ,
Թուղթ մէլ գրուկ դրա՛ծ կըշտին։
Էդ թղթի մեջ Ձենով Հովան կ’ասե.
— Աղբո՛ր կընիկ, հարսե՛,
Մհերն էկավ էստեղ, էնոր տըղա՛ մ’ էլավ.
Մհեր ու իր կնիկ մեռան, տըղան մնաց որբ։
Ա՛ռ, Մհերի խաթեր համար տըղան շահե։
Մինչև որ քիչ մի մեծանա, չըդադարի.
Նոր ես կ’առնեմ, ե՛ս կը շահեմ։

Մըսրա թագավորի կընիկ միտ վե՛ ասաց.
— Մհեր ինձի օր մի աղեկություն արեց,
Էնոր խաթեր ես կը շահեմ Դավթին.
Իմ ծիծ կաթ կա՛ հալա.
Իմ տըղան կաթեն կը կըտրեմ,
Զէն կը շահեմ։ Շահե՛մ, էստեղ կենա,
Մելիքի հետ աղբե՛ր ըլնեն,
Իրար աղբերություն անեն,
Մըսը՜ր, ամբո՛ղջ էրկիր, զավթեն, տիրապետեն։
Հե՛յ, մըկա նոր Դավիթ տի մեծնա, էրթա Սասո՞ւն;

5

Էդտեղ Մըսրա Մելիք ակահեց, ասաց.
— Տղեկնե՜ր, դարբասներ գոցեք։
Քուռկիկ Ջալալին զոռո՛վ ընկավ մեր ձեռ,
Բռնե՛նք մեզ համար։ Դարբասներ գոցին,
Ձիավորներ էկան իրար՝ ձիու բոլոր։
Քուռկիկ Ջալալին տի բռնեն։
Քուռկիկ Ջալալին ասաց.

[էջ 134]

— Ի՞նչըղ տի պրծնեմ էսոնց մոտեն, տե՛ր աստված։
Գընաց դեն, էկավ դես մեջ պարսպին,
Ասաց.— Տո, տե՛ր աստված,
Ես տի զարնեմ էդա պարիսպ.
Թե՛ անցնեմ, թե՛ մընամ։
Քուռկիկ Ջալալին ո՛ւժ էտու զինք,
Զիավորներու միջեն էլավ դուրս։
Էզարկ, զքառսուն գազ պարիսպ անցավ,
Թռա՛վ, գնա՜ց։
Մըսրա Մելիք ասաց.
— Ո՜ւ ըլլա. գընա՜ց Քուռկիկ Ջալալին,
Մեր ձեռնեն պրծավ։

6

Ձին փախավ, գընաց,
Գիշեր ու ցերեկ անդադար քելեց,
Ու էլավ Սասուն։
Ձենով Հովան իր աչք գցե ճամփան՝ կիրիշկեր.
Մեկ էլ տեսավ՝ իրիկվան կողմ՝
Մեջ էրկինք, մեջ գետինք թոզ մի կ’էլնի։
Էլավ, տեսավ, Քուռկիկ Ջալալին է կը գա.
Բան մի չկա՛ հետ։
Քուռկիկ Ջալալին էկավ, հասավ։
Ձենով Հովան իր դեմ էլավ, հարցուց.
- Մեռնեմ քե, Քուռկիկ Ջալալին,
Դավիթ ո՜ր սարն ես թալե,
Ո՞ր քարն ես թալե, ո՞ր թափն ես թալե,
Ո՞ր գելն է կերե, ո՞ր ջանավարն է կերե
Իմ թառլան Դավիթ։
Ասաց.— Ոչ սա՛րն եմ թալե, ոչ ձո՛րն եմ թալե,
Ոչ գե՛լն է կերե ու ո՛չ ջանավար։
Տարեր եմ Մըսըր, Իսմիլ խաթունին թասլիմ եմ արե,
Համա հազիվ պրծեր եմ, էկե.
Դարբասներ վեր ինձ ամուր զարկեցին,
Կուզեին բռնեն.
Քառսուն գազ պարիսպ թռեր եմ, էկե։
Ձենով Հովան ձիու գըլուխ պագեց, ասաց.
- Աստծու անեծք վեր էնոր տան տեղա՛ց ըլնի,
Վեր էնոր զավակի՛ն ըլնի,

[էջ 135]

Ով էս ձիու խաբար աշխարհ հանի։
քԱ ձին տարավ, մըլեց յոթ դռնով ներս,
Գոցեց դռներ, հողեց,
Ձիու կեր ու ջուր հերթկեն կըտար։

7

Իսմիլ խաթուն Դավթի վերա շատ խնդացավ։
Զծիծ էտուր Դավթին։
Դավիթ էնոր ծիծ վերուց։
Ժամանակ մի Դավիթ ծիծ կերավ։
Օր մէլ Դավիթ էնոր ծիծ չըծըծեց։
Իսմիլ խաթուն Դավթի գլուխ կը բերեր է՛ս ծծի վերա,
Դավիթ է՛ն կողմ կը փախցներ,
Կը բերեր մեկէլ ծծի վերա,
Էն մեկէլ կողմ կը փախցներ։
Իրեք օր, իրեք գիշեր Դավիթ բան չը կերավ։
Իսմիլ խաթուն էլաց, մնաց շիվար,
Չը գիտեր ինչ աներ հետ Դավթին։
Կանչեց Մըսրա Մելքին, ասաց.
— Էսա տղան իրեք օր ու գիշեր իմ ծիծ չ’ո՛ւտի։
Ապա ի՞նչ անենք էսա տղի հետ, ապա ի՞նչ չ’անենք։
Մըսրա Մելիք ասաց.
— Էդա ազգ հաստակող են, մարե,—
Էնի մեր գլխուն ցա՛վ տըլնի։
Էնի հայ է, մենք արաբ ենք,
Քո ծիծ մի՛ տար էնոր։
Իսմիլ խաթուն ասաց.— Էսպես մնա՝ մեռնի,
Մեզ ամոթանք կ’ըլնի էնոր տիրոջ մոտեն։
Էլ վերջ չըկըտըրի, ընկել ենք մեջ...
— Քո տուն ավերի,— ասաց Մելիք.—
Էնոր հոր մալ շա՛տ է,
Էնոր հոր տուն չկա՞ մեղր ու կարագ,
Չըկան անուշ-անուշ բաներ.
Բաթմանա Բուղեն ուղարկի,
Թոդ էլնի, էրթա Մհերի տուն,
Գնա բեռ մի մեղր բերի,
Գնա բեռ մի կարա՛գ բերի,
Կը շինես եղ-մեղր, կը տաս, տղան կ’ուտի։

[էջ 136]

Իսմիլ խաթուն Բաթմանա Բուղեն ճամփեց՝ մեղր-կարագ բերի.
Բաթմանա Բուղե՛ն է, էլավ, գնաց Սասուն։
Ձենով Հովան մեղր, կարագ —
Էնոր ուտելիք ի՞նչ է,—
Ամեն տվեց Բաթմանա Բուղին։
Բաթմանա Բուղեն բեռ մի մեղր, բեռ մի կարագ
Բերեց դրեց Իսմիլ խաթնի առաջ։
Մըսրա Մելիք է՛դ որ տեսավ, ասաց.
— Տեսա՞ր բան, էսպես աղեկ բան ո՞ր տեղ կա.
Տո՛ւր, թող ուտի՜, ջոջնա։
Մեղրով, կարագով Դավթին պահեց Իսմիլ խաթուն։
Թե ուրիշ տղեք տարով կը մեծնան,
Դավիթ օրեօր կը մեծնար։
Իսմիլ խաթուն զԴավիթ լա՛վ կը տիրեր.
Կ’ասեր. «Դավիթ Մելքին քոմագ կ’ըլնի—
Ամբողջ էրկիր տի զավթեն, տիրապետեն»։
Ամա Դավիթ էնպես զորեղ էր՝ բնդեր կը կտրեր։
Իսմիլ խաթուն շղթա բերեց, արավ բնդի թել.
Դավիթ էնչափ ուժ ուներ՝
Շղթան չըդիմացավ, կըտրավ։
Ինչ բերեց՝ ճար չէղավ, կըտրավ։
Բերեց էն որվանք, փեխր մանեց,
Արավ էնոր բնդի թել, որ պահեց։
Ինչ Դավիթ շունչ կը քաշեր ներս՝
Որվանք կը էրկարնար,
Նորեն Դավիթ որ շունչ կը հաներ դուրս՝
Որվանք կը կըծկեր։

8

Մըսրա Մելիք որ իմացավ Սասնա Մհեր մեռե՝
Կալնավ, թուղթ ուղարկեց,
Իր տեղաց մեջ ցրվեց, զորք հավաքեց,
Գնաց Սասնա տեղաց վերան.
Սասնա էրկրի վերա իր սուր քաշեց,
Սասնա ժողովուրդ կոտորեց,
Անհաշիվ խարջ ու խարաջ առավ,
Քըշեց Սասնա տավար, օչխար,
Սասուն ավրեց, առ ու ավար արավ։
Սասունցոց հպատակ դարձուց,

[էջ 137]

ԸզՎերգոն ու Հովան գերեց, Տարավ Մըսըր։
Ժամանակ մի անցավ,
Էնոնք ապրուստ չէին կարնա անի էնտեղ։
Ձենով Հովան Մելքին ասաց.
— Հրաման տուր մեզ, էրթանք մեր էրկիր։
Մելիք հրաման էտուր, էլան, գնացին։
Էս հետ Վերգոն էղավ կառավարող.
Մըսրա Մելիք չէթող, որ Դավիթ էլ էրթար։
Մըսրա Մելիք պատվեր տվավ,
Որ զԴավիթ մեջ օդային փակված պահեն։
Առավոտուն էլավ Դավիթ, տեսավ՝ դուռ փակ.
Գնաց դռան էտև.
Զարկեց, դուռն իր տեղեն հանեց,
Էլավ դուրս, տեսավ այգի՛ մի.
Տղեկներ հավաքվե՝ դռնգոզա կը խաղային։
Դավիթ բարձր բարդի ծա՛ռ մի բռնեց,
Կորե՛ց, բերեց տակ,
Ինք բռնեց ծառի կատարեն, ասաց.
— Էկեք, հեծեք, ձի՛ խաղացեք։
Էկան, շարվան վերան։
Դավիթ ծառ պահե՜ց, պահե՜ց,
Իր ձեռ շատ որ դադրավ՝ գոռաց.
— Ցա՛ծ իջեք, ցա՛ծ, իմ ձեռ դադրավ։
Տղեկներ ականջ չ’արին, չ’իջան։
Էդ վախտ Դավիթ ծառի կատար էթող։
Տղեկներ թափվան գետին.
Որ մեռավ, որի գլուխ կոտրավ։
Մեծ մարդերու տղեկներ էին։
Էդոնց հերեր էկան, լցվան Մելիքի դուռ,
Բողոք բարձրացուցին, ասին.
— Թագավոր, էդ ծուռ Դավիթ հեռացուր,
Թե չէ՝ կը քոչենք, կ’էրթանք էս էրկրեն։

9

Մելիք ավելի կատղավ.
Դրավ Դավիթ մութ սենեկ, փակեց,
Որ էն արևի լուս չըտեսնի.

[էջ 138]

Դավթի վերան վարպետ դրավ,
Որ հնազանդություն սովորեցու։
Ու էնոր հաց տանողներին ասաց.
— Դավթին որ հա՜ց տանեք,
Մի՛ս կ’ ըլնի՝ ոսկոր կը հանեք,
Չի՛ր կ’ ընի՝ կորիզ կը հանեք։
Մեկ օր Դավթի հաց տանողին շա՜տ նեղություն տվին,
Էդ հաց տանող ասաց.— Կայնե՜ք,
Էսօր Դավթին հաց տանելուս՝
Միս կը տանեմ, ոսկոր չե՛մ հանի,
Թող ուտի, ոսկոր դեմ առնի,
Դուրս էլնի՝ ձեզի սպանի։
Հացը վերցուց, տարավ էտու Դավթին։
Դավիթ հաց կերավ, միս թալեց իր ատամներ,
Տեսավ՝ որ միս փլվեց, ոսկոր ատամներ չ’ կտրավ։
Վերցուց, զարկեց ոսկոր լուսամատին,
Լուսամուտ փլվեց, շող ընկավ գետին։
Ասաց.— Էս ի՞նչ ընկավ մեջ սենեկին։
Դավիթ էլավ, ընկա՛վ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էլ ետ էլավ, ընկավ հետ էդ շողին, ընկավ գետին։
Էնպե՜ս էլավ, որ քրտինք է՛ս կողմեն,
Էն կողմեն թափավ։

Վարպետ, որ էդոր դաս կը տար,
Դռնով մտավ,
Տեսավ՝ Դավիթ կ՛ էլնի ու կը տփվի գետին.
Ասաց.— Դավիթ, մեռնե՛մ քեզի,
Ինչի՞ էդպես կը տփես դու էդա գետին։
Ասաց.— Էսիկ մտել է իմ սենեկ, չի՛ էլնի դուրս։
Ասաց.— Մեկ աչքերդ խփիր։ Աչքեր խփեց։
վարպետ թաշկինակով բռնեց էն շողի ծակ կալավ,
Շող կտրավ։ Դավիթ ասաց.
— Յա՛, ես էսքան կը չարչարվեմ.
Չե՛մ կարնա դուրս հանի։—
Ասաց.— Ինձնեն զոռբա՞ էիր։
Ինչպե՞ս դու զէն հանեցիր դուրս։
Վարպետն ասաց.— Ղո՜ւրբան, հե՛յրան,
Էնիկ մարդ չէր, էնիկ արևու շո՛ղքն էր։
Դավիթ ասաց.— Յա, էդ արև որ կա՝
Բա ինչի՞ եք ինձի նստեցուցե էս բանտ։

[էջ 139]

Ասաց.— Ղո՜ւրբան, հե՛յրան,
Արև՛ էլ կա, ցերե՛կ էլ կա, գիշե՛ր էլ կա։
Ասաց.— Բա ինչի՛ ինձ չեք հանի դուրս։
Ասաց.— Կեցի էրթամ՝ թագավորին ասեմ։
Գնաց, ասաց.— Թագավոր ապրած կենա.
Դավիթ կ’ուզի, որ սենեկեն հանենք,—
Կ’ուզի արևի լո՛ւս տեսնի։
Թագավոր ասաց.— Գնա, հան դո՛ւս, պտըտեցուր։

10

Վարպետն էկավ, Դավթի թևեն բռնեց
Ու հանեց դուրս, տարավ, քաղքի մեջով, գընաց։
Ինչ պատահեց, Դավիթ հարցուց՝
Տավա՛ր, գոմե՛շ ու ձի՛
Ամեն ինչի հարցում կ’աներ.—
Էսիկ ի՞նչ է, էնիկ ի՞նչ է։
Վարպետ կ’ասեր.— էսիկ՝ է՛ս է, էնիկ՝ է՛ն է։
Քաղքից էլան։ Դավիթ աշկեց,
Տեսավ՝ քաղաքի ամեն մարդեր ժողված են դաշտ։
Ասաց.— Արի էրթանք էն տե՛ղ։
Վարպետն ասաց.— Մեռնեմ քեզի,
Էն տեղ բան մի չըկա։
Արի էրթանք է՛ս կողմ։
Ասաց.— Չէ՜, ինձի տար էնտեղ։
Ասաց.– Ախր էնտեղ ի՞նչ կա, որ մենք էրթանք։
Ասաց.— Չէ՜, կը տանիս, տար, չե՞ս տանի...
Որ ասաց.— Չէ՜,
Դավիթ իր ձեռք թալեց վեր վարպետի ականջ՝ պոկի։
Վարպետն ասաց.— Քելե էրթա՛նք։
Տարավ էդոր, գնաց, մի մեյդանի գլուխ։ Կայնան։
Կայնելուն պես տեսավ՝ էրգնուց բան մի կը գա։
Տեսավ՝ ջրինդ կը գա իր մոտ։
Ջրինդ կը թալեին։ Ջրինդ Մըսրա Մելքին էր։
Դավիթ հասավ, ջրինդ բռնեց,
Թալեց՝ գնաց տաս գազ անցուց Մելքի գլխով։
Մսրա Մելիք ասաց.— Հայ-հա՜յ,
Էս ո՞ր փահլևանն էր՝ որ իմ ջրինդ անցուց։
Գնացին, տեսան, էկան, ասին.
— Թագավո՛ր ապրած կենա, Դավիթն էր։

[էջ 140]

Ասաց.— Գնացեք, էնոր բերեք, գլուխ կտրեմ։
Վաքիլ, վազիր ընկան Մըսրա Մելքի ոտ-ձեռ պագին,
Թե.— Թագավո՛ր ապրած կենա, էնի էրեխա՛ է,
Էն ի՞նչ է, որ էնոր գլուխ կտրես։
Վազիր մարդ ուղարկեց վարպետի կուշտ.
Էկան ասին.— Առտուն չ’ավրի, էլ մի՛ բեր էսատեղ։
Վարպետն ասաց.— Ձեր տուն չ’ավրի.
Մագյար իմ կամքո՞վ կը բերեմ.
Բռնի, ականջես կը քաշի,
Զոռովեն ինձ բերել կը տա։
Ասին.— Առ գընա՛, առ գընա՛, առ գընա՛։
Բերեց իրեն սենեկ։

11

Էն իրիկուն Մելիք դաշտեն դարձավ.
Դավիթ հարցուց Իսմիլ խաթնին.
— Ի՛մ մեր, չուր իրիկուն Մելիք էդ ո՞ւր կերթա։
Ասաց.— Մե՛ր մեռնի քեզ,
Կ’էրթա իրա սեյրանատեղ, ու իրիկուն կը գա.
Կ’էրթա հոլ կը խաղա։
— Ապա ինչի՞ ինձ չի՛ տանի,
Որ իմ միտք էլ քիչ մի բացվի.
Ես կը մնամ մենակ տուն վե,
Իմ համբերություն կը կտրի։
Մարդ մի չունեմ որ հետ խաղամ։
Ինձ է՛լ թող դաշտ տանի։
Իր մեր ասաց.— Մեռնե՛մ քեզ,
Ձիանք կը տան վեր քեզ, ըզքեզ կը ճղոտեն։
Չուր հիմիկ տիրեր, պահեր ենք քեզ,
Հիմիկ կ’ընկնենք ամոթու տակ։
Դավիթ էլաց, ասաց.— Մարե՛,
Ես կ’էրթամ զա՛տ տեղ կը կայնեմ։
Մեր ասաց.– Մելիք, ի՞նչ կ’ըլնի,
Առավոտուն զԴավիթ տար հետ քեզ,
Հոլ խաղ անի, սորվի։
Մըսրա Մելիք ասաց.
— Դավիթ, դու դեռ էրեխա՛ ես,
Չես կարնա հոլ խաղալ հետ մեզ։
Դավիթ ասաց. Տի գա՛մ հետ քեզ։

[էջ 141]

Իսմիլ խաթուն ասաց.— Խնդիր կ’անեմ,
ԸզԴավիթ տա՛ր, կը տեսնե՞ս թե ինչպես կը լա։
— Մերիկ,— ասաց,— ախր չորակող են էդ ազգ.
Վախնամ՝ Դավիթ պատիժ մի բերի մեր գլուխ։
Մեր էնոր հետ կռվավ, ասաց.
— Չէ՛, տա՛ր, տար, դիր բարձր մի տեղ.
Դավիթ թող թամաշա՛ անի։
Չելնի՝ գա ցած ընկնի ձիանց ոտքերի տակ։
Մըսրա Մելիք ասաց.
— Թե չտանե՛մ, շատ մարդ տ’ասի.
Որբ է, Մելիք ականջ չի՛ դնի։
Աղեկ, մարե, առավոտուն տանեմ հետ ինձ։

12

Առավոտուն Մըսրա Մելիք էլավ, հեծավ իր ձին,
Առավ զԴավիթ, տարավ իր հետ։
Չ’իշխեց տանի իր մոտ, տարավ մեկ մեծ սարի գլուխ։
Էրկու փահլևաններ տարան,
Դավթի ոտ ու ձեռքեր կապին,
Դրին էդ մեծ սարի գլուխ։
Ու էրկուսով Դավթի մոտ նստան պահապան։
Մելիք իր զորք առավ, իր իշխաններ,
Փահլևաններ առավ ու Լեռա դաշտ իջավ.
Խաղաց հետ փահլևաններուն։
Դավթի մոտեն էդ Լեռա դաշտ
Համա-համմա՜ կը նշմարվի։

Դավիթ մինչև կեսօր էնտեղ նստած կեցավ,
Դավիթ նայեց, նայեց՝ բան չը տեսավ։
Բա՛ն մի չը հասկացավ իր նստելուց.
Դավթի սիրտը հոժար չէղավ.
Դարձավ, ասաց.— Փահլևաններ,
Էկեք, իմ ձեռներ արձակե՛ք։
Փահլևաններ ասին էնոր.
— Թագավորի հրամանըն է՝
Մենք քեզ տի պահենք.
Չ՛էրթաս՝ ձիաներու ոտքերի տակ ընկնես։
Դավիթ ըռկավ ու կամացուկ հիրար տվեց իրան,
Կապած պարաններ կտրտեց։

[էջ 142]

Էրկու փահլևաններ կախվան Դավթից.
ԸզԴավիթ չը կարցան պահեն։
Դավիթ էրկու փահլևաններ վեր քիթ-բերնին քաշեց.
Ու մինչև տուն տարավ։
Դավիթ գլուխ դրավ գետին, պառկավ էնտեղ։
Մըսրա Մելքի մեր ասաց.
— Ինչի՞ ըռըկար, էկար։
Ասաց.– Մըսրա Մելիք ինձի տարավ՝
Բարձր սարի գլուխ դրավ.
Ու ինք գնաց դաշտ, կը խաղար.
Բան չի տեսա, էկա։

Իրիկուն էղավ, Մելիք կտրիճներուն ասաց.
— Հոլեր զարկե՛ք, գնան զԴավիթ ըսպանեն։
Կտրիճներ մեկ-մեկա հոլ զարկեցին,
Մելիքըն էլ իր հոլ զարկեց։
Տարան, հանին Դավթի տեղաց վերան,
Տեսան՝ Դավիթ չըկա։
Էլան, էկան տներ։

Մըսրա Մելիք էկավ իր տուն,
Իսմիլ Խաթուն էնոր առջև, չ’էլավ-կայնավ.
Մըսրա Մելիք ասաց.
— Դու ինչի՞ ըռկեր ես, նստեր ես էսատեղ.
Չես կայնի, չես էնի առջև։
Մեր ասաց.— Ինչի՞ զԴավիթ չը տարար՝
Հոլի տեղ, թամաշա աներ։
Ասաց.— Մարե, էն խոսք մտիկ չ’անի՛.
Հոլ դպնի, էնոր տի սպանի,
Ուրիշ մարդեր տ’ասեն՝ էլավ հացի կերող,
Մելիք իրեն հացի ապով էտու սպանել։
Ամո՛թ է ինձ իմ մարդերու առաջ։
Տարա, փախավ, էկավ։
Իրիկուն, որ հաց դրին Դավթի առաջ,
Դավիթ ըռկավ, ինչ որ արին հաց չը կերավ։
Իսմիլ խաթուն նորեն կպավ Մելքի օձիք, ասաց.
— Մըսրա Մելիք, որդի,
Առավոտուն տար, մոտի՛կ դիր։
Մելիք ասաց.— Աղեկ, մարե,
Վաղ ես տանեմ, դնեմ մոտիկ։

[էջ 143]

13

Էս հետ, առավոտուն՝
Մըսրա քաղքի ձիանք, ձիավորներ, որ դուրս ելան,
Մըսրա Մելիք էլավ, իր ձին հեծավ,
Առավ զԴավիթ, տարավ իր հետ։
Մեկտեղ գնացին իր իշխաններ,
Կտրիճ մարդեր, փահլևաններ։
Գնացին էն դաշտ, քարե կալի մեջ գո՛ւրզ թալեն։
Դավիթ նստեցուցին էդ կալի մոտ,
Մեկ արտաչափ հեռու դրին։
Մըսրա Մելիք ասաց.— Դավի՛թ,
Էդտեղ կայնի, մտի՛կ արա.
Դավի՜թ,— ասաց,— դու կը տեսնե՛ս, այ, էդա գուրզ

Շատ գե՛շ բան է, շատ գե՛շ բան է.
Էդա գուրզ որ մարդո՛ւ առնի՝ մարդ կը սպանի.
Չգա՛ս, մըտնես մե՛ջ մեր խաղին։
— Աղբեր, աղեկ, քո խոսք կ’անեմ,– ասաց Դավիթ։

Մելիք կայնեց էդ քարե կալ,
Հետ իր ընկերներաց՝ գուրզ կը թալեր.
Դավիթ նստե էնտեղ՝ հետ հողին խաղ կաներւ
Հող կ’առներ ու կը լցներ վեր ոտքերուն,
Հողերու մեջ կը թավալվեր։
Փահլևաններ սովորուկ էին.
Հա՛ խաղացած էին.
Կը խաղային, մեկ մեկէլի վնաս չէին իտա.
Էդպես գուրզեր կը թալեին,
Չար կեսավուր ժամանակին։
Դավիթ իր տեղ նստե՝ կ’աչքեր,
Չուր հերթը Մելիքին հասներ–իր գուրզ զարկեր։
Որ Մելիքի հերթը հասավ,
Մըսրա Մելիք հեծավ իր ձին,
Քըշեց, էկավ զորքերու մեջ։
Բոլոր ժողվան, էկան՝ մտիկ անեն։
Մեծ գուրզ մի կար Մելիքի ձեռ,
Իրեք հարիր վաթսուն ու վեց լիտր էր էդ գուրզ։
Կը խաղցներ—կը տաներ աջ,
Կը բերեր գուրզ իր ձեռի մեջ.

[էջ 144]

Պտտցնելով էդ գուրզ՝
Գուրզից կըրակ կը թափեր դուրս։

Մելիք գուրզ կը զարներ՝
Գետին սելի աղուրի պես կըճըղճըղվեր։
Դավիթ տեսավ՝ որ հերթ Մելիքին է,
Գընաց, մտավ մեջ աղուրին։
Մեկ ծակ քոլոզ մ’ էլ կար Դավթի գլուխ։
Դավիթ նըստած էնտեղ, հող կը չափեր իր քոլոզով.
Կասեր.— Էսա՛ մե՜կ...
Քանի չափեր, կ’ասեր.— «Էսա՛ մե՛կ...»,
Էլ չէր կարնա ասի «էրկո՛ւ»։
Մըսրա Մելիք կանչեց.
— Դավիթ, էդ տեղեն վեր էլի,
Ես իմ գուրզ տի թալեմ։
Իրեք անգամ կանչեց.
Դավիթ չը լսություն դրեց վեր իր։
Մելիք ասաց.— Փահլևաննե՜ր, Կակա՜ն, Ասլա՜ն,
Գնացեք, ճիվ բռնեք, դուրս թալեք։

Կական, Ասլան ու հինգ փահլևաններ
Էկան, ճիվ բռնեցին։
Ինչպես կանեն՝ չի՛ էլնի վեր։
Կ’ասի.— էսա մե՛կ, էսա մե՛կ...
Փահլևաններ շատ ջանք արին,
Չը կարցան իր տեղեն հանեն,
Ինչպես որ մա՛րդ մի չի կարնա
Դուրս քաշի ծառն իր արմատով։
Փահլևաններ շիվար կայնան.
Էնոնց խաղ խանգարվեց։
Մըսրա Մելիք շատ բարկացավ, ասաց.
— Գուրզ զարկեցեք, թող գա, սպանի։
Փահլևաններ գուրզ զարկեցին։
Դավիթ գուրզ աջ ձեռով բռնեց, թալեց էրկինք,
Ձախով գուրզ մ’էլ բռնեց թալեց էրկինք։
Մըսրա Մելիքն է, որ տեսավ, շա՛տ զարմացավ,
Ասաց.— Դե՛ն գնացեք.
Ես իմ գուրզ տի զարկեմ։
Իմ մոր ասի՝ ես Դավիթ չե՛մ տանի։
Ես գիտեմ Դավթի բնություն.

[ներդիր]

Ասաց.— Էսա էսպես պիտի շինվի

Ասաց.— Էսա էսպես պիտի շինվի

[էջ 145]

Երբ էղեր է, էն իմ գլուխ տի ցավցացի։
Աղեկ է՛ն է՝ մըկա զարկեմ ու մեռցուցեմ։
Գիտեմ, էն իմ գլխակե՛րն է, ձեզ տվեք դե՛ն։
Դավիթ էնոր խոսքեր լսե՛ց,
Ու ձեն տվեց, ասաց.
— Մելիք, զա՛րկ, զա՛րկ, թող գա՛ քո գուրզ։
Չըլնեմ, չիմանամ, որ էրկու մըտանի՛ ըլնես։
(Աստծուց դրած չէր,
Որ մեր ազգ մըսրցոց դեմ փախնի։
Դավիթ էլ Մըսրա Մելիքի դեմ չէ՛ր փախնի):
Մըսրա Մելիք լսավ Դավթի խոսքեր,
— Հող է, հող դարձուցեմ,— ասաց ու գուրզ զարկեց։

Դավիթ գուրզից էնպե՛ս ակահավ,
Ասես՝ ջաղցի քար մի կը գա մեջ իր գլխուն։
Իսկուն Դավիթ իր ձեռ տվեց առջև,
Ու գուրզ բռնեց.
Որ գուրզ բռնեց՝ ծանր-թեթև արավ,
Ասաց.— Ափսո՜ս, հազա՛ր ափսոս,
Մի քիչ թեթև՛ է էսա գուրզ։—
(Քառսուն փութ էլ արճիճ ըլներ,
Հալեին, լցնեին վերան,
Նոր Դավթի համար լավ տ’ըլներ):
Մելիք էդ որ տեսա՛վ, փոշմանավ, հոնքնը կիտեց։
Էնոր ընկերներ տընազ տվին, ասին.
— Մելիք, Մելիք, դու կ’ասեիր՝ ուժո՛վ եմ ես։
Տեսա՞ր, Դավիթ դեռ տըղա է,
Ամա ինչպես բռնեց քո գուրզ։
Մելիք ասաց.— «Հեյ վա՜խ,
Որ ես իմ գուրզ զարկեմ ու չը դպնի Դավթին,
Իմ թագավորութեն էն իմ ձեռնեն տ’առնի՛։
Ինչ Դավի՛թ էր՝ Մելիքի գուրզ ձեռք պտտցուց,
Դրավ իր ծնկան տակ, պահեց։
Կական, Ասլան ու շատ փահլևաններ
Ձիեր քշին, հասան Դավթին,
Մեջ դաշտին գուրզ շա՛տ փնտռեցին, գուրզ չը գտան։
Դավիթ էն ժամանակ գուրզ հանեց դուրս,
Պտտցուց մեջ ձեռքին, պտտցուց, ասաց.
— Գո՜ւրզ, սաջար գուրզ։

[էջ 146]

Ասաց ու էդ գուրզով զարկեց։ Որ զարկեց՝
Կական, Ասլան ու հինգ ուրիշ փահլևաններ սպանեց։

Մնացածներ դարձան ասին.— Մե՛լիք,
Էկանք մենք էսատեղ՝ քեֆ անելու։
Թե դու գիտիր՝ Դավիթ ծուռ Էր,
Ինչի՛ բերիր՝ էսա մարդեր սպանեց։
Էն սպանուկներ ի՞նչպես տանենք քաղաք.
Քաղաք տ’ասեն.— Տնեն գնացիք
Քե՞ֆ անելու, թե՞ էնտեղ մարդ սպանելու։
Մելիք էնպես բարկացավ՝ թուր քաշեց,
Լարեց Դավթի էտև., որ վիզ կտրի։
Կանչեց.— վայ-վայ, էն շան որբ տի սպանեմ։
Էնոր փահլևաններ թափվան վերան, ասին.
— Վայ-վայ, Մելիք, դու զԴավիթ տի սպանե՞ս;
— էն որբ է, մե՛ղք է։
— Բա՛ց թող։
— Էն տըղա՛ է։ Էնոր խելք չի հասնի։
— Մելի՛ք, մի՛ ըսպանի։ Խալխ տի ասի.
«Մելիք որբ մի սպանեց իրեն հացի ապով»։
— Էն չէ՛ր կարնա քո գուրզ թալի.
Աստըծուցն էր, հրեշտակն էր, որ քո գուրզ թալեց։
Շատեր ասին. էդ Մհերից կ’ըլնի,
Դավիթ հոր ուժն ունի։
Չը թողին, որ Մելիք զԴավիթ սպաներ։

Դավիթ էլավ, մինչև տուն՝ չը կայնավ։
Էկավ ու զինք զարկեց Իսմիլ խաթունի փեշ։
Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, էն ի՞նչ էղավ։
Ասաց.— Մա՛րե, Մելիք կը գա՝ ինձ ըսպանի։
Գախ է, գա իմ վիզ տի կտրի։
Խաթուն ասաց.— Ինչի՞ տի գա քո վիզ կտրի։
Էդտեղ Դավիթ ուր պատմություն արեց։

14

Իրկուն Մելիք որ տուն էկավ,
Մըսրա խաթուն հարցուց.
— Մըսրա Մելի՝ք, դու ինչի՞ չե՛ս խոսա.
Ինչի՞ ես քո նոթեր կախե։

[էջ 147]

Պատասխանեց.— Ինչի՞ խոսեմ.
Դավիթ էսօր ինձ ամչեցուց խալխի առաջ։
Մեր ասաց.— Ի՞նչ արավ։
— Հապա՝ իմ գուրզ որ զարկեցի՝
Էն ձեռ էտու, իմ գուրզ բռնեց։
Մեր ասաց.— Ի՞նչ կա, բան չկա։
Մելիք վեր մոր շա՛տ բարկացավ,
Էլավ, Դավթի թևից բռնե՛ց, գոռաց.
— Ինչի՞ էկար իմ գուրզ բռնիր։
— Ինչի՞ չըբռնեմ,— ասաց Դավիթ,
Ես քեզնե պակաս տըղա չե՛մ։
Ես է՛լ գուրզ տի խաղամ հետ քեզ։
Նախանձեց Մելիք Դավթին,
Ձեռ բարձրացուց, ասաց.
— Մա՛րե, Դավիթ ես տի սպանեմ։
Մեր մոտ վազեց, էկավ Մելքի վրա, ասաց.
— Ա՛յ տղա, ծուռ հո չե՞ս։
— Մարե՛,— ասաց.— էն որ իմ գուրզ էսօր բռնեց,
Վա՛ղ էլ կը գա, զիմ տուն ու տեղ էլ կը բռնի։
Մեր ասաց.— Մարե՛ն մեռնի քո արևուն,
Դավիթ քո ուժն է, քո մեջքի թո՛ւրն է.
Դավթի հեր—քո հեր—ջոջ փահլևա՛ն էղե։
Վաղ Դավիթ էլ փահլևա՛ն կ’ըլնի։
Մեկ մեկէլի քամակ պիտի բռնեք, կայնեք։
— Է, մարե ,— ասաց Մըսրա Մելիք,—
Ուրիշներ իմ գուրզի տակն ընկնեն, կը մեռնեն։
Դավիթ բռնեց իմ գուրզ ու չը մեռավ։
Չէ՛, մարե, ես չեմ ընդունի.
Դավթի վիզ տի կտրեմ։

15

Մելիք իշխաններ կանչեց պալատ,
Էլավ, հայտնեց, ասաց.— Իշխաննե՜ր, ի՞նչ կ’ասեք
Էդա Դավիթ հիմիկվանե ձեռ կը թալի իմ գուրզ,
Իմ մարդիկ կը սպանի։
Մարդու մեկ բարեխիղճ էր, ասաց.
— Թագավոր ապրած կենա,
Դավթի խելք չի՛ հասնի, խելք ջո՛ւր է, տղա է։

[էջ 148]

— Չէ,— ասաց,— իր խելք իմից, քոնից շա՜տ է։
Չէ ՛, էնոր տի զարկեմ։
— Թագավոր ապրած կենա,— ասաց.—
Կուզե՛ս, քելե փորձ մի անենք։
Թե որ Դավիթ տղա չէլավ,
Էլեք զիմ գլուխ, զԴավթի գլուխ զարկեք։
Մելիք ասաց.— Ի՞նչ փորձ անենք։
Ասաց.— Բերեք սինի մի ոսկի մի կողմ դնենք,
Սինի մի կրակ էն մեկէ՛լ կողմ.
Դավիթ դնենք էդ կրակի, ոսկու արանք։
Թե որ կրակ վերցուց՝
Խելք չի հասնի, տղա է,
Թե որ ոսկի՛ն վերցուց,
Գնա գլուխ զարկի։

Բերին, զԴավիթ դրին սեղանի մոտ.
Ոսկին մի կողք լցրին, կրակ մի կողք։
Դրին Դավթի առջև, ասին.
— Դա՛վիթ, ա՛ռ, առ, ո՞ր մեկ կուզես։
Դավիթ իր ձեռ պարզեց ոսկուն,
Հրեշտակ ձեռնեն բռնեց, տարավ դեհ կրակ։
Իր մատ որ կրակին կըպավ, կրակ կպավ մատին.
Մատ էրելով՝ տարավ բերան, լեզո՛ւն էլ երեց։
Տղան վըժժա՜ց, էլաց։
Կրակ բերնեն դո՛ւրս հանեցին։
Իսմիլ խաթուն Դավթին գրկեց, էլաց։
Դավիթ էլ էլաց։
Իսմիլ խաթուն ասաց.— Ո՛րդի, Մելիք,
Դու հո տեսա՜ր, էնոր ըսպանել մե՛ղք է։
Դու կ’ասեիր՝ թե իր չարությունեն արավ.
Ապա տեսա՛ր՝ միամի՛տ է,
Չը հասկացա՛վ, ձեռ տարավ, դրավ վեր կրակին,
Հալա լեզուն էլ էրեց, էլավ թլոր։
Բարեխիղճ մարդն ասաց.
— Թագավոր ապրած կենա,
Իմ խոսք ճի՞շտ է, ճիշտ չէ՞։
Ասաց.—Հա՛, շա՛տ ճիշտ էր քո խոսք։
Անխելքությո՛ւն արավ, խելք չի՛ հասնի։

[էջ 149]

16

Էստեղեն Դավիթ էլավ,
Գընաց Մելքի զինանոցի դռան վերան։
Տեսավ՝ զինանոցի դուռ բաց։
Սանդուղքով իջավ տակ, մտավ մեջ էդ զինանոցին,
Տեսավ, Մելքի մեծ գուրզ էնտեղ դրած։
Դավիթ ասաց.
— Էս ի՜նչ խաղալու լավ բան է։
Ասաց, գուրզ վերցուց ու ձեռնեն թալեց գետին։
Գըմփոց ընկավ մեջ քաղաքին,
Մարդիկ, կընիկ, տըղեք վախցան:

Մըսրա Մելիք տեսավ՝ քաղաք ժաժք ընկավ:
Կռահեց, ասաց.— էս իմ գուրզի ձենն էր.
Տեսեք ո՞վ է. ի՞նչ բան էկավ վեր քաղաքին։
Վազիր գիտցավ, որ Դավիթն է,
Շուտ մի էլավ ու վազելեն գընաց.
Գնաց, զինանոցի դռան վերան կայնեց։
Դավիթ գըմփոց մէլ հանեց։
Վազիր կանչեց, ասաց.
— Դա՜վիթ, Դա՜վիթ, քո տո՛ւն չ’ավրի.
Դու ի՞նչ կ’անես էդտեղ.
Շո՛ւտ արա, արի վե՛ր։
Դավիթ վեր էլավ ու դուռ դրեց։
Վազիր ասաց.— Դա՜վիթ, Դա՜վիթ,
Դե շո՛ւտ գընա Իսմիլ խաթունի մոտ։
Թե չէ Մըսրա Մելիք կը գա,
Քո գըլուխ կը ջարդի։
Դավիթ գնաց։

Մըսրա Մելիք շուտ-շուտ էկավ,
Կայնեց դռան վերան, գոռաց, կանչեց.
Ասաց.— Վազի՛ր, ո՞վ է էդտեղ։
Պատասխանեց.— Դուռ բա՛ց էր, չ’իմացա՝ ով էր։
Էազիր էդ սուտ կ’անի՝ չ’ա՛սի ով է։
— Չէ՜, էղնի, չ’էդնի՝ էդ Դավիթ էր,— ասաց Մելիք։ —
Դավիթեն զատ իմ գուրզ մարդ չի՛ կարնա վերցու։
Մըսրա Մելիք էլավ քաղաք պտտեց,

[էջ 150]

ԶԴավիթ փնտռեց, չը գտավ.
Էկավ տուն, տեսավ, որ Դավիթ ընկե,
Քուրսու տակ քներ է։
Մըսրա Մելիք աղեղան լար արձակեց,
Բերեց՝ Դավթի բողազ խեղդեր։
Էդ վախտ իր մեր դռնեն էկավ,
Մելիքի ձեռ բռնեց, ասաց.– Մե՛լիք, ի՞նչ է կ’անես։
Ասաց.— զԴավիթ տի խեղդեմ,
Իմ գուրզի հետ խաղացեր է,
Գըմփոց մ’ էլավ մեջ քաղաքին։
Մելիքի մեր ծծեր էբաց, կայնեց Մելքի առջև,
Ասաց.– Թե դու Դավիթ ըսպանես՝
Էս ծծերի կաթ քո վերան հարա՛մ ըլնի։
Մելիք ասաց.– Մա՛րե, օձու ձա՛գ է Դավիթ,
Թե որ ինձի վնաս դիպնի, է՛դ տըղից է։

17

Էդտեղ Մելիք ու մեր կռիվ արին Դավթի վերա։
Վազիր էլավ, Դավթի ձեռեն բռնեց,
Գնաց Իսմիլ խաթնի առջև,
— Դե,— ասաց,— թագուհի,
Ինչո՞ւ Դավիթ չես ուղարկի ուր տիրու քով.
Չես ուղարկի—գնա Սասուն։
Օր մէ, օր ըմ չէ, Մելիք զԴավթի տի զարկի։
Դե, վեր էլիր, հաց պատրաստիր,
Ուղարկիր՝ թող էրթա Սասուն։
Հերիք է մեր էրկիր մնա։

Իսմիլ խաթուն ասաց.— Դավիթ, տըղա,
Ուղարկեմ քեզ՝ կ’էրթա՞ս Սասուն քո հրողբրանց։
— Հրողբե՞ք ունիմ,— ասաց— ինչի՞ չեմ է՛րթա։
Մարե, իմ հրողբերանք ո՞րտեղն են։
Ասաց.— Սասուն քաղաք կ’ապրեն։
— Էնոնց անուն ի՞նչ է։
— Էնոնց անուն,— ասաց.—
Մեկին Ձենով Հովան կ’ասեն, Մեկին՝ Վերգո։
— Մարե՛, քո աչքե՛ր քոռանար,
Ինչի՞ շուտ չ’ասիր,

[էջ 151]

Դե, շուտ,— ասաց.—
Տաս ջուխտ պուճիկ, տաս ջուխտ տրեխ,
Տաս ավուր հաց տի պատրաստես,
Առնեմ, գնամ Սասուն։
Իսմիլ խաթուն պատրաստեց տաս ջուխտ պուճիկ,
Տաս ջուխտ տրեխ, տաս ավուր հաց,
Օրհնեց Դավթին, ասաց.
— Գնա՛, գնա՛, տըղա.
Գնա Սասնա քաղաք, հրողբրանցդ քով.
Աստված թող քեզի հետ ըլնի։

Էդտեղ Մըսրա Լքելիք ասաց.
— Դավիթ թող գա՛, էս իմ թրի տակով անցնի՝
Որ թողնեմ՝ էրթա իր էրկիր։
Ու թուր բարձրացուց։ Դավիթ պատասխան էտու.
— Էնպես կանի՝ որ վաղ մեծնամ՝
Սուր չը քաշե՞մ էնոր վերան։
Էն ինձ թրով զարկի՛—ես չըզարկե՞մ էնոր։
Հազար էդպես Մելիք մեռնի՝
Էս մեկ չարսու լաչակ է,
Էս լաչակի տակով կ’անցնե՛մ.
Էնոր թրի տակով չե՛մ անցնի։
Ինչ ձեռեն կը գա՝ թող անի։

Վազիր Դավթի թևեն բռնեց,
Գընաց, որ անցուցի թրի տակով,
Դավիթ չընկռավ, կայնեց–
Չէրթա՛, չ’անցնի՛ թրի տակով։
Վազիր Դավթի պառեկ բռնեց,
Հոլրեց, քաշեց, որ անցուցի թրի տակով.
Դավիթ չը գնաց, չ’անցավ թրի տակով,
Կըշտով անցավ.
Ճկութ քսվավ ի ջարդու քար՝
Քարեն կրա՛կ էլավ։

Մըսրա Մելիք տեսավ՝
Շա՛տ վախեցավ, ասաց.
— Էդ դեռ պստիկ է՝ էսպես է—
Որ մեծանա՝ ի՞նչ տի ըլնի։

[էջ 152]

18

Էլավ Մելիք, կանչեց էրկու փահլևանննր,
Բաթմանա Բուղեն ու Չարբահար Քամին,
Ասաց էդ փահլևաններուն.
— Դավթին տարեք յոթ սարով դեն՝
Տարեք, վեր Բաթմանա կամուրջ — սպանե՛ք։
Դավթի վերան հելակ մի կար։
Մելիք էդ փահլևաններուն ասաց.
— Դավիթ սպանե՛ք, էնոր հելակ
Մեջ արունին թաթխեք, ինձի համար բերեք։
Կուժ մ’ էլ էնոր արնեն բերեք՝
Խըմեմ՝ իմ սիրտ հովնա։
Փահլևաններ գնացին պատրաստություն տեսան։
Իսմիլ խաթուն գիտեր, թե Դավթին Սասուն տի տանեե,
Դավթի համար տաս ավուր հաց պաշար դըրավ.
Տաս ջուխտ պուճիկ, տաս ջուխտ տըրեխ տըվավ.
Դավիթ Իսմիլի ձեռ պագեց,
Կաց բարով արավ, գնացին...
Թող էնոնք իրենց ճամփան էրթան,
Մենք խաբար տանք Քեռի Թորոսից։

19

Մհերի մեռնելոից էտև՝
Յոթ տարի Սասուն սուգ մընաց։
Յոթ տարին որ անցավ,
Սասնա իշխաններ, տերտերներ, ռամիկ
Ժողովան, էկան Քեռի Թորոսի մոտ։
Սասունցիք ասին Քեռի Թորոսին.
— Ա՛յ Քեռի Թորոս,
Մեր տղեկներ հալևորան,
Մեր աղջիկներ պառավան. թե դու գիտես,
Որ յոթ տարի սուգ պահելով Մհեր կը սաղնա՜
Յոթ տարի էլ ավե՛լ պահենք։
Քեռի Թորոս հրաման տվեց,
Իր դուռ-դրկիցներուն ասաց.
— Կարգե՛ք ծեր տղեկներ ու աղջիկներ,
Սուգ պահելով բան չի՛ ըլնի։
Էկան, սեղան պատրաստեցին, նստան,
Բերին, գինի դրին, դրին գինեխում։

[էջ 153]

Բերին, քեֆ, կեր ու խում անեն։
Ու Թորոս տերտերոջ ասաց.
— Տերտե՛ր դու Մհերին հոգո՛ց ասա։
Տերտեր հոգոց ասաց, պրծավ,
Սկսան գինին լցնել,—
Տվին Քեռի Թորոսին,— թե խմե՛։
Քեռի Թորոս առավ կթխեն ի ձեռ,
Կայնեց ու միտք արեց.
Ոչ կը խմե ու ոչ կթխեն տեղ կը դնե։
Խոր Մանուկ էն տեղից ասաց.— Քեռի՛ Թորոս
Կըխմես՝ խմե, թե չե՛ս խմե՝
Իզին տուր, թող մարդիկ էրթան։
Թորոսի տղա՛ն էլ մի կողմեն
Ձե՛ն տվեց հորն,— ասաց.
— Աբո, Սասնա ծուռ են էդոնք,
Մկա մեկ վատ խոսք կ’ասեն քեզ,
Կա՛մ խմե, կամ դիր գետին, քելեն։
Թորոս վերցուց տղին ասաց.
— Հեյ ջա՛ն տղա,
Ես էսատեղ նստեմ, ես կերուխում անեմ,
Մըսրա Մելիք Դավթին գերի՞ պահի։
Բա ամոթ չէ՞ մեզի...
Հացն ու գինին, տեր կենդանին.
Չուր էդա որբ հետ չը բերեմ,
Էս բաժակ իմ բերան չ’առնեմ։
Ու թող տվեց, մարդիկ էլան, գնացին։

20

Սասունցի քանի մի տան ջուլհակ կար Մըսրա մեջ,
Էդոնք լսեցին էդ ձեն-ձուն,
Թե Սասնա Դավիթ տ’ ըսպանեն,
Էլան, իրանք ժողով արին,
Թո՛ւղթ մի գրին Քեռի Թորոսին։
Թղթի մեջ գրուկ էր.
«Քեռի՛ Թորոս,
«Քո գլուխ էդտեղ թրջես, էստեղ կընտես—
«Քանի որ Դավիթ չեն վնասած,
«Բալքի պըրծցուս, տանես Սասուն»։
Էդ թուղթ տվին ջահել տըղի մի ձեռ, ասին.
— Կըհեծնես, կ’էրթաս Սասուն,

[էջ 154]

Կը տաս Քեռի Թորոսին։
Իրիկուն հասնես՝ իրիկուն թող գա,
Լուսո՛ւն հասնես՝ լուսուն թող գա։
Տըղան կարճ ճամփով էլավ,
Գընաց դեպի Սասուն։

21

Ջուլհակներու ճամփած տղան
Էդ գիշեր էկավ, հասավ Սասուն.
Հարցուց.— Քեռի Թորոս ո՞րն է։

Էդ տղին տարան Քեռի Թորոսի մոտ։
Տղան բարև էտու, կանգնեց.
Քեռի Թորոս էնոր բարև առավ։
Տղան հանեց զթուղթ իր ծոցեն.
Քեռի Թորոս նամակ կարդաց,
Ասաց.— Կընիկ, վեցոտնեն Լազգին դո՛ւրս քաշե։
Դու տըղին կը պատվես, չուր հետ կը դառնամ։

Էդ գիշեր Քեռի Թորոս հեծավ իր ձին,
Սասնու որ զարկեց՝ առավոտ իջավ Մըսըր։

Մըսրա Մելիք դուռ նստուկ էր։
Ասաց.— Կաց, բարով, Քեռի՛ Թորոս։
Պատասխանեց.— Աստծո՛ւ բարին, Մըսրա՛ Մելիք։
Ասաց.— Քեռի՛ Թորոս, բարի՞ է,
Էսպես ըշտապեր ես էստեղ։
Ասաց.— Փառք աստծու, բարի է,
Խեր է, բան չկա։
Բարևեցին, նստան։ Ասաց.
— Հա՛յդե, ես ու դուն՝ աստծու դատաստուն։
Գերին գին ըլնի, տիրուն կը հասնի։
Ես էկեր եմ, որ Դավիթ տաս, տանենք։
Ասաց.— Իրեք օր է, ինչ մեռեր է Դավիթ։
Քեռի Թորոսի արցունքներ թափվան միրուք վե,
Ամա գԴավիթ չը գտավ։
Նստավ Քեռի Թորոս իր վեցոտնեն Լազգին,
Առավոտուն ճամփա ընկավ Մըսրա՝
Իրիկուն իջավ Սասուն,
Էդ տխուր խաբար էբեր սասնեցոց։

[էջ 155]

22

Էն ինչ Դավիթ էր`
Փահլևաններու հետ շա՛տ էկավ, քի՛չ էկավ,
Հինգ-վեց օր ճամփա էկավ։
Բաթմանա Բուղեն, Չարբահար Քամին
Կուզեն զԴավիթ սպանեն,
Հարմար չեն տեսնի զԴավիթ սպանեն։
Դավիթ ճամփու հետ չ’էրթար։
Պահ մի էսպես, պահ մի էնպես կ’էրթար,
Չը խոսեր, կ’էրթա՜ր ու կ’էրթա՜ր...
Փահլևաններ հա առաջադե՛մ կ’էրթային,
Դավիթ մեկ առջևից, մեկ հետևից, ճամփակորուս կ’էրթար։
Դավիթ էնոնց մոտեն զա՛տ կը մնար,
Հետ քարի՛ն, հետ թփի՛ն կ’խաղար։
Կ’ընկներ սար-ձոր, հետև հավքերուն, հետև գազաններուն։
Էդա էրկու փահլևաններ ճամփին կը նստեին՝
Հաց կուտեին, Դավթին հաց չէին ի տա։
Դավիթ ի՞նչ կ’աներ.—
Կը քաղեր բանջարներ, կ’ուտեր.
Կ’ընկներ մեջ արտերուն, արմատ կը քաղեր, կ’ուտեր.
Սարեր որ վե՛ր կ’ը գար, սունկ կը քաղեր, կ’ուտեր.
Մեկ լոր կը տեսներ՝ կը սպաներ,
Մեկ նապաստակ կը տեսներ՝ կը զարկեր, կը սպաներ,
Ականջ չէր անի փահլևաններուն։

Որ գնացին հասան մոտ Բաթմանա կամրջին,
Բաթմանա Բուղեն ասաց.— Չարբահար Քամի,
ԶԴավիթ առնենք, թալենք ջուր։ Դավիթ հեռու էր;
Նստեցին էդա էրկու փահլևաններ հաց ուտելու,
ԶԴավիթ կանչեցին, ասին.
— Դա՜վիթ, Դա՜վիթ, շո՛ւտ արի։
Դավիթ գընաց, հասավ, ասաց.
—Էսա հինգ օր կա, վեց օր կա, մենք ճամփա կը գանք,
Դուք մեկ օր չասիք՝ «Դա՛վիթ,
Անոթի՝ ես, ծարա՞վ ես».
Էդ կամըրջի մոտ նստե ինձ ինչի՞ կը կանչեք։
Ասին.— Հապա, Դավիթ,
Չուր հիմիկ մենք Մելիքի հող-ջուրն էինք–
–Հիմիկ քո հոր հող-ջուրն էկանք,

[էջ 156]

Էն ապով քեզի կը կանչենք։
Արի, Դավիթ, արի, հա՛ց կեր։
Դավիթ ասաց.— Իսմիլ խաթուն յոթ ավուր հաց
Հետ մեզ դրեր է. դուք կերաք, ինձի չը տվիք։
Էսօրվան օր, որ ես իմ հոր հող-ջուրն ընկա,
Էլ չե՛մ ուզի ձեր հաց։

Դավիթ իրիշկեց, տեսավ՝
Էդ էրկու փահլևան էլան գնացին
Չուր վեր Բաթմանա կամուրջին, կայնան։
Դավիթ էկավ, հասավ էնոնց, նորեն հարցուց.
— Ինչի՞ կայնաք։
Ասին.— Էկեր, քե՛զ համար կայներ ենք.
Մելիք մեզի ասաց.
«ԶԴավիթ աղեկ կամուրջ անցուցեք,
Որ Դավիթ չը վախենա, չ’ընկնի ջուր»։
Դու պստիկ ես. դու կը վախենաս։
Դավիթ ասաց.— Զուր մենք Մըսրա էկա՜նք՝
Դուք չասիք թե՝ «Դավիթ տըղա՛ էր. կը վախենար».
Հիմի ի՞նչ էղավ, դուք քելեք,
Զկամուրջ անցեք, ես հետևեն տի գամ։
Փահլևաններ ասին. (Դավիթ չէր իմանա)
— Մեկն անցնենք Դավթի առաջ,
Մեկն գնանք Դավթի հետև.
Որ կը հասնենք կամուրջի կես՝
Մեկն առջևից կ’ոլորվենք Դավթի վերան,
Մեկն հետևից,— Դավիթ կը սպանենք,
Թալենք ջուր, որ էրթա։
Դարձան Դավթին ասին.— Չէ՛, Դավիթ,
Մեկ անցնի, մեկ կենա հետև, որ չը վախենաս։
Ասաց.– Որ էնպես է՝ թողեք ձեր խոսք ըլնի։
Դավիթ իր միտ վե ասաց.
— Ինչո՞ւ չուր հիմիկ էրկուսն կ առաջս էին,
Հիմիկ մեկն անցավ առաջ, մեկ մնաց հետև.
Չէ՛, բա՛ն մի կա էնոնց սրտին։

23

Գընացին, հասան կամրջի կես տեղ։
Մեկն առջևեն դարձավ Դավթի վերան,
Մեկ՝ հետևեն դարձավ։

[էջ 157]

Դավիթ ասաց.— Էդ ի՜նչ տ’անեք։
Վա՜յ, դուք կուզեք ինձ ջո՞ւր թափք։
Դավիթ ձեռ մի թալեց էնո՛ր փողպատ,
Մեկէլ թալեց էնո՛ր փողպատ,
Տրփեց իրո՛ւր, տըփեց իրո՜ւր,
Կախեց էրկուսն էլ կամրջի էրկու կողեն,
Ասաց.— Դուք չեք գիտի մարդ թալել ջուր։
Ես ձեզ նշանց տի տամ, ինչպես մարդ թալեք ջուր։
Էրկու փահլևաններ ասին.– Աստծո՛ւ սիրուն,
Դու ըզմեդ մի՛ թալի էդ ջուր։
Դավիթ էնոնց բռնեց, հետ իրարու էզար գետին,
Իր ծունկ էդի վեր սրտերուն, ասաց.
— Ըզձեզ էրկուսդ էլ տի սպանեմ ու թալեմ գետ.
Յա ղո՛րդ կ’ասեք, յա կը թալեմ։
— Դավի՛թ,– ասին,– մենք քո բա՛խտն ենք,
Դու ըզմեզ թող, որ մենք էլնենք
Ու ղորդ խաբար տանք քեզ։
Դավիթ իր ձեռ էնոնց մոտեն վերցուց։
Էնոնք էլան վե՛ր, նստան։

Սըհաթ մի խելք չէր գա էնոնց գլուխ,
Էնքան որ զոռ արավ։
Դավիթ ասաց.— Դե, ասեք է՜։
Նոր՝ քիչ մի շունչ առան էնոնք,
Ուշքի էկան, ու Չարբահար Քամին ասաց.— Դավիթ,
Քեզնե պահենք, աստծուց ի՞նչպես պահենք։
Էդ քյաֆուր, էդ զալըմ Մելիք
Զորբությունո՛վ էդի վեր մեր վզին,
Զմեզ էդի հետ քե՛զ, որ քեզ սպանենք.
Մըսրա Մելիք ասաց մեզի՝
«Տարեք Բաթմանա կամըրջի վերան Դավիթ զենեցեք.
Կուժ մի էնոր արնեն առեք,
Էնոր ջանդաք թալեցեք ջուր,
Արուն բերեք, որ ես խըմեմ, իմ սիրտ հովնա».
Ամա աղաչանք կ’անեմ՝ ինձի չը սպանես։
Դավիթ էր՝ Բաթմանա Բուղա արաբ չը սպանեց,
Խղճավորվավ, էթող։ Էնոր քաշեց վե՝
Կայնեցուց վեր կամըրջին, ասաց.— Գնա՛։
Բաթմանա Բուղեն ասաց.— Քո հելակ որ չը տաս,
Մեջ արնին թաթախենք, տանենք՝
Մըսրա Մելիք մեզ կը սպանի։

[էջ 158]

Դավիթ տեսավ՝ էդտեղ նապաստակ կը փախնի,
Էլավ, հասավ հետևեն,
Բռնեց, վիզ կտրեց, կուժ լցրեց արունով,
Հելակ մեջ էտոր արնին թաթախեց, ասաց.
— Տա՛ր Մելքին, ասա Դավիթ սպանեցիր։
Բաթմանա Բուղեն ուրախացավ, ճամփա ընկավ Մըսըր,
Էն որ Չարբահար Քամին էր՝ ասաց.
— Ես որ կամ՝ Դավի՛թ,
Քո հոր սուփրի վերա՛ն եմ մեծացե։
Չը գիտեի՝ դու էտա հունարի տերն ես.
Ինչ որ քո հեր մեռավ՝
Մըսրա Մելիք զմեզ տարավ գերի։
Թալել եմ ինձ քո բախտ.
Ես էլ Մելքին ծառայություն չեմ անի։
Որ դու էդա մարդն ես,
Որ էդա հունար քո փոր կա,
Քանի կենդանի՛ եմ՝ ես քո ծառան տըլնեմ։
Քո հոր խաթեր համար քեզի կը ծառայեմ։
Դավիթ ասաց.— Որ էդպես է, կայնի՝ էրթանք։
Էտատեղ մեկ-մեկու գլուխ պագեցին,
Էկան էլան Սասնա սահման։

24

Էդ գիշեր Ձենով Հովան Դավթի վրա էրազ տեսավ։
Ասաց.— Աստվա՛ծ գիտի, մանուկ Դավիթ կա՞, թե չկա։
– Կարելի է, որ մեր Դավիթ
Շուտով էսա էրկիր կը գա։
Ու մե՛ջ մեր հոգուն է մտե։
Ձենով Հովան կնկան ասաց.
— Սառյե՛, Սառյե՛, դու վե՛ր էլի։ Սառյեն ասաց.
— Ա՛յ հալևոր, ինչի՞ չես թողնի, որ քնենք։
Ձենով Հովան ասաց.— Սառյե՜,
Օտար զարմի՛ց ես դու, քո սիրտ հեչ չի՛ ցավի։
Վե՛ր էլի, վե՛ր։
Դու վե՛ր էլի, իմ սիրտ բա՛ց, տե՛ս.
Էսօր մեր քաղքի պարիսպ կայնե՛ր էր,
Մեր թազա բաղ կանաչեր էր,
Մեր ջահեր քաղքի պարսպին վառվեր էր,
Մեր բաղի պլպուլ կանչեր էր.
Կա չըկա, մեր որբ Դավիթ մեջ մեր հողին մտեր է։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice