ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Յուրի Սահակյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐՓԱ - ՍԵՎԱՆ

Դյուցազուն լեռների լանջերին թիկնած,
Ալեհեր իմ ճամփորդ, իմ Սևան,
Կյանք ես տվել դու մեր սրտերին պապակ,
Ու ծարավ ես հիմա ու հոգնած,
Ու ծարավ ես հիմա ու հոգնած...

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:

Փոխելով իր ճամփան դարավոր ու հին,
Հեռավոր տեսիլքովդ հարբած,
Խենթաբար ճեղքում է շղթան լեռների
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան,
Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան...

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:

Քո կապույդ հմայքիդ, հավերժիդ համար,
Մենք ճամփա ենք պոկում լեռներից,
Որ ծփաս դու հավետ, որ լինես անմար,
Թև ու թռիչք տաս քո զավակներին,
Թև ու թռիչք տաս քո զավակներին...

Երազ Սևան, ծարավ իմ Սևան,
Բարձրիկ ծովերի արքա,
Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան,
Քո գիրկն է շտապում Արփան:


ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

Արև առած լեռնոտ ուսիդ
Քայլումես դու ճամփով հույսի,
Երկիր սիրո,
Երկիր լույսի,
Երկիր իմ, Հայաստան:

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,
Ապրիր հպարտ, հպարտ երգիր,
Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր,
Թող որ անվերջ ձուլվի քո մեջ
Քնքշանքը մեր արդար ձեռքի:

Մենք քո ճամփին կանգնած սարեր,
Մենք քո շուրթին զնգուն բառեր,
Մենք քո ձեռքին սուր ենք դառել,
Երկիր իմ, Հայաստան:

Թող սերը մեր հավերժ տևի,
Հավերժ ապրի, հարատևի
Եվ հար փարվի
Քո դաշտերին,
Երկիր իմ, Հայաստան:


ԼՈՒՍԱԲԱՑ

Լուսաբաց է, լուսաբաց,
Օդը ջինջ է, խոտը՝ թաց:
Օրը՝ զնգուն, ժպտերես,
Այս ինչե՞ր է բերել մեզ:

Վեր կաց, փոքրիկ, վեր կաց, վեր,
Տես ի՜նչ օր է, ի՜նչ արև...

Արիջուր առ այտերիդ,
Արիջուր առ աչքերիդ
Եվ թող ժպիտդ հյուսվի
Երգին, երկրին ու լույսին:

Վեր կաց, փոքրիկ, վեր կաց, վեր,
Տես ի՜նչ օր է, ի՜նչ արև...


ՉՔՆԵՔ, ՏՂԱՆԵՐ

Հեքիաթում որոշ են չարը և բարին,
Հեքիաթի վերջում միշտ հաղթում է բարին,
Հեքիաթը հավատ է պատմողի համար,
Չքնեք, տղաներ, չքնեք:

Չքնեք, տղաներ, չքնեք,
Կյանքը ձեր նոր ընթացք կունենա:
Չքնեք,տղաներ, չքնեք,
Ով քնի հազիվ թե արթնանա:

Իմաստուն է եղել հեքիաթի բարին,
Եվ աղ է ցանել նա իր խոր վերքերին,
Որ ցավը միշտ արթուն պահպանի նրան,
Չքնեք, տղաներ, չքնեք:

Չքնեք, տղաներ, չքնեք,
Կյանքը ձեր նոր ընթացք կունենա:
Չքնեք,տղաներ, չքնեք,
Ով քնի հազիվ թե արթնանա:

Իսկ չարը միշտ ունի հազար ձև ու դեմք,
Գեղեցիկ խոստումներ ու ժպիտներ նենգ,
Եվ հաճախ համոզում ու խաբում է նա,
Չքնեք, տղաներ, չքնեք:

Չքնեք, տղաներ, չքնեք,
Կյանքը ձեր նոր ընթացք կունենա:
Չքնեք,տղաներ, չքնեք,
Ով քնի հազիվ թե արթնանա:


ՑՆԾԱ, ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀ

Ախ, հայրենիք,
Ախ, անուշ ու հին տառապանք...
Սերունդները քեզ մի կյանք
Ու մի երազ պիտի տան:
Բայց գալիս էին նրանք`
Տխուր ու տրտում,
Հույսերը քո վշտիդ հետ
Բրդում և ուտում...
Մնում էիր դու կրկին
Մշուշում լացի`
Փափագելով որդիներ
Բիրտ ու առնացի...

Եվ մենք եկանք:

*
Ցնծա, Արցախ աշխարհ,
Ցնծա, Հայոց երկիր,
Բացվեց ահա ճամփան
Մեր ընդհատված երթի.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք,
Քանզի ոգին Հ ա յ կ յ ա ն
Մեր մեջ պահել ենք մենք:

Թող գան խենթերը մեր,
Խորունկ խելքերը մեր,
Ձոնենք երկրին մեր սուրբ
Սերն ու գործերը մեր.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք....

Մենք ոխ չունենք բնավ,
Մենք ահ չունենք բնավ,
Միայն թողնեն, որ մեր
Կյանքն իր հունով գնա.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք....

Ծաղկիր, երկիր ազատ,
Ճախրիր ոգի հայոց,
Թող վերհառնի, շողա հավերժ
Հավատը մեզ պահող.
Քանզի հայեր ենք մենք,
Վառվող ջահեր ենք մենք...


ՆԱՄԱԿ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻՑ

Դու տղամարդ ես համարել միշտ ինձ,
Փեշիդ տակ պահվել չէի կարող մամ:
Ես մեր մեծերի կյանքից գիտեի`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ:

Մայրիկ, կներես, թաքուն գնացի:
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա:
Ոչինչ, որ մահն է նայում դիմացից`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ...

Հայոց կռիվն այս դարեր է տևում,
Ես ինչպե՞ս մի կողմ քաշվեմ ու մնամ...
Խիղճս ինձ հետ է, սերս` հետևում,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ,
Խիղճս ինձ հետէ, սերս հետևում,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ:

Չարտասվես, որդուդ արցունք չի սազում,
Ես մահ չեմ փնտրում, բայց ո՞վ իմանա...
Ինչ էլ որ լինի, մի մոռանա դու`
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ...


ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ

Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ,
Դու` անսպառ հայի հավատ ու սիրո նշխար,
Անունը քո արև է տաք, կանչ է ու պահանջ,
Այլևս ոչ մի խոտոր քայլ ու ոչ մի նահանջ:

Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց
Ու կանգնիր հպարտ,
Տեր կանգնիր մեր կամքին համառ
Եվ ուղուն գտած:
Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր
Բոլորին սիրով,
Զավակներիդ կորովն արդար
Կյանքիդ հյուսելով:

Մայր հայրենիք, երկիր հայոց, Հայաստան աշխարհ,
Դու գերագույն հույսի ճամփա, սրտերի իշխան,
Օգնիր, որ քեզ սատար լինեն վերից ու վարից
Եվ քեզ փրկել կարողանան դավից ու չարից:

Վեր կաց, վեր կաց, երկիր հայոց
Ու կանգնիր հպարտ,
Տեր կանգնիր մեր կամքին համառ
Եվ ուղուն գտած:
Վեր կաց, վեր կաց ու տուն կանչիր
Բոլորին սիրով,
Զավակներիդ կորովն արդար
Կյանքիդ հյուսելով:


ՆՈՐԻՑ ՈՏՔԻ, ՆՈՐԻՑ ԱՌԱՋ

Բացվող օրվա, բացվող լույսի, բացվող հույսի թևով
Պոկվում ենք մենք տանջող նիրհից ամբողջ մի կյանք տևող:
Ճգնում ենք մենք շտկվել կրկին, շտկել շարքերը հոծ
Ու տեր կանգնել Դավթի նման լլկված երկրին հայոց

Սատար լինենք մեր սուրբ հողին,
Սատար մեր վեհ գործին,
Որ մեր հողից
Չար թշնամին
Պոկել մեզ չփորձի...

Նորից ոտքի, նորից առաջ, նորից հանուն Հայքի,
Հանուն հայոց միասնության, հանուն հայոց կամքի:
Հայեր,հայեր, նման պահեր, կամքի նման պոռթկում
Հազիվ թե կյանքը առջևում ընծայի մեր հոգուն:

Սատար լինենք մեր սուրբ հողին,
Սատար մեր վեհ գործին....

Քանի տասնյակ, քանի հարյուր, քանի, քանի դարեր,
Կանչում են մեզ հայոց մեծ տան մեծերը հանճարեղ:
Հիմա արդեն հանուն միակ ու Մայր Հայաստանի
Թող մեր նախնյաց արծիվ հոգին մեզ միշտ առաջ տանի:

Սատար լինենք մեր սուրբ հողին,
Սատար մեր վեհ գործին....

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Yuri Sahakyan's official web site

Տես նաև

Յուրի Սահակյանի կենսագրությունը:

Յուրի Սահակյանի բանաստեղծությունները ռուսերեն։

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice