ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Յուրի Սահակյան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՔ ԼՈԲԻ

Հյուր գնացինք երեք հոգով,
       Երեք հոգով,
       Երեք հոգով:
Սեղան բացին երեք լոբով,
       Երեք լոբով,
       Երեք լոբով:

Երեք ուտող հսկա բերան,
       Հսկա բերան,
       Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
       Հո չկերանք,
       Հո չկերանք...

Ինչ համով էր և ինչ մսեղ,
       Եվ ինչ մսեղ,
       Եվ ինչ մսեղ,
Նման լոբի ո՞վ էր տեսել,
       Ո՞վ էր տեսել
       Ո՞վ էր տեսել...

Երեք ուտող հսկա բերան,
       Հսկա բերան,
       Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
       Հո չկերանք,
       Հո չկերանք...

Երբ վեր կացանք մենք երեքով,
       Մենք երեքով,
       Մենք երեքով,
Անց էր կացել ճիշտ երեք օր,
       Ճիշտ երեք օր,
       Ճիշտ երեք օր...

Երեք օրում երեք հոգի,
       Երեք հոգի,
       Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
       Երեք լոբին,
       Երեք լոբին:

Երեք ուտող հսկա բերան,
       Հսկա բերան,
       Հսկա բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
       Հո չկերանք,
       Հո չկերանք...


ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ

Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը...

Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:


ՄՐՋՅՈՒՆԸ

Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:

Գիտի, երբ է ելնում քնից,
Գիտի, երբ է ելնում բնից,
Գիտի, թե երբ ուր է գնում,
Գիտի՝ ինչ է պակաս բնում,
Գիտի, թե որ դաշտից բերրի
Շալակն առած ինչ կբերի,
Ուր կդնի, կմշակի՝
Ըստ մրջնային իր ճաշակի...
Գիտի, երբ է ելնում քնից,
Գիտի, երբ է ելնում բնից,
Գիտի, թե երբ ուր է գնում,
Գիտի՝ ինչ է պակաս բնում...

Գիտի, թե ինչ է պետք պապին,
Գիտի, թե ինչ է պետք տատին,
Գիտի՝ ինչով պիտի գերի
Ցեղակիցներին հարգելի,
Երբ որ փակեն դռները տան
Ու վայելեն երանությամբ
Մեկիկ-մեկիկ կուտակածը,
Ձմռան համար ամբարածը...
Գիտի, թե ինչ է պետք պապին,
Գիտի, թե ինչ է պետք տատին,
Գիտի՝ ինչով պիտի գերի
Ցեղակիցներին հարգելի...

Հենց լուսաբացը հնչում է՝
Ոտի վրա է մրջյունը:


ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻ

Ի՜նչ էլ լինի, դու քեզ ասա՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Քանի՜ դժվար օրի հասար՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Ճիշտը սա՜ է, մեկելը հե՜չ,
Թեկուզ Աստծո դուռը հասիր,
Հազար հոգս ու փորձանքի մեջ
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Ջուրը ջուր է, դեմը փակիր,
Էլի մի նոր ելք կգտնի:
Գլխին քար ու քարափ թափիր՝
Երգելու մի երգ կգտնի:
Դուրս կհորդա արևերես,
Թե կարող ես ետքից հասիր,
Նա էլ գիտի ինձ ու քեզ պես՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Բախտը քանի՜ ձևեր փոխեց,
Քանի՜ տեսքով ելավ քո դեմ,
Ճամփադ շեղեց ու ձախողեց,
Թվաց, թե հաղթել է արդեն:
Բայց կանգնեցիր դու հաստատուն,
Ծունկի չեկար, խե՜ղճ եմ՝ չասիր,
Հիշելով խոսքը իմաստուն՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:

Ինչ էլ լինի, դու քեզ ասա՝
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի:
Քանի՜ դժվար օրի հասար,
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի...


ԱՌՎԱԿՆ ՈՒ ԳԵՏԸ

Առվակն ասաց.
- Այ Թարթառ,
Ինձ էլ առ ու քեզ հետ տար,
Բայց ոչ մարգերը օտար...

Կուզես քարոտ լանջով տար,
Կուզես ահեղ կիրճով տար,
Բայց ոչ հանդերը օտար...

Կուզես ձորում կուտակված
Ավազով ու խիճով տար:

Տար ինձ՝ ուր կկամենաս,
Տար ինձ՝ ինչքան կամենաս,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար,
Բայց ոչ մարգերը օտար,
Բայց ոչ հանդերը օտար,
Տար ինձ, տար,
Տար ինձ, տար...

Հասկացա՞ր ինձ, այ Թարթառ:


ԿԵՑՑԵ ՄՈՒԿԸ, ԿԵՑՑԵ ԿԱՏՈՒՆ

Եթե մարդը չլիներ՝ մթերք չէր լինի:
Եթե մթերք չլիներ՝ մառան չէր լինի:

Եթե մառան չլիներ՝ մուկը չէր լինի,
Եթե մուկը չլիներ՝ կատու չէր լինի:

Եթե կատու չլիներ՝ մթերք չէր մնա,
Եթե մթերք չմնար՝ մարդ կմահանար...

Այս ինչ բան է, այս ինչ բան է,
Այս ինչ բան է, այ քեզ բա՜ն...
Երբվանի՞ց են մուկն ու կատուն
Եղել այսքան միաբան...

Կեցցե՜ մուկը, կեցցե՜ կատուն,
Կեցցե՜ մառանը առատ,
Որովհետև մուկը՝ կատու,
Իսկ կատուն փրկում է մարդ:


ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ...

Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...

Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվերեն,
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...


ՆԻՆՋԸ

Նինջը ասաց՝ մտնեմ տուն,
Ինձ են մնում տանն արթուն
Հոգնած աչքեր ու մեջքեր,
Հոգնած ոտքեր ու ձեռքեր,
Հոգնած գլուխ, հոգնած միտք,
Հոգնած խաղեր, հոգնած գիրք...

Մարդ չմնաց էլ արթուն,
Բոլորի հետ մտան քուն
Հոգնած աչքեր ու մեջքեր,
Հոգնած ոտքեր ու ձեռքեր,
Հոգնած գլուխ, հոգնած միտք,
Հոգնած խաղեր, հոգնած միտք...

Նինջը լույսերը մարեց,
Մտավ տուն ու ծվարեց,
Եվ աստղերի տակ բարի
Քունը տարավ աշխարհի:


ԱԾԱՆ ՀԱՎԻԿ

Ածան հավիկ, ածան հավիկ
Աստված պահի ճուտիկներիդ,
Մի այնպիսի ձու ածա, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր.

Հուսիկն ուտի՝ չվերջանա,
Լուսիկն ուտի՝ չվերջանա,
Արան ուտի, Շարան ուտի,
Մարան ուտի՝ չվերջանա:

Ածան հավիկ, ածան հավիկ
Աստված պահի ճուտիկներիդ
Մի այնպիսի ձու ածա, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր.

Հուսիկն ուտի՝ չվերջանա,
Լուսիկն ուտի՝ չվերջանա,
Արան ուտի, Շարան ուտի,
Մարան ուտի՝ չվերջանա,
Սաթիկն ուտի, Համիկն ուտի,
Հայրիկն ուտի, մայրիկն ուտի,
Պապիկն ուտի, տատիկն ուտի,
Ուտեմ ես էլ, ես էլ, ես էլ,
Ախ, ուտեմ ես էլ, դե ես էլ, ես էլ...

Ածան հավիկ, ածան հավիկ,
Աստված պահի ճուտիկներիդ
Մի այնպիսի ձու ածա, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր.
Մայրիկն ուտի՝ չվերջանա,
Հայրիկն ուտի՝ չվերջանա,
Պապիկն ուտի՝ չվերջանա,
Տատիկն ուտի՝ չվերջանա...

Ածան հավիկ, ածան հավիկ,
Աստված պահի ճուտիկներիդ,
Մի այնպիսի ձու ածա, որ
Հերիքի մեզ ամբողջ մի օր...
Ու թե հանկարծ մեր տուն հյուր գա
Նա էլ ուտի՝ չվերջանա:


ՀՈՊՈՊ

Հոպոպ, հոպոպ իմ բարի,
Թռի-գնա մեր սարից,
Տես, քանի աչք է նայում
Չնաշխարհիկ քո սանրին:

Սանր են ուզում փրչոտ կատուն,
Կով մայրիկը խանում-խաթուն,
Պահակ շունը մեր հին բակի,
Շան լակոտները պահակի...
Տես եկել են խոյը խուճուճ,
Մորը կորցրած գառը պուճուր,
Ուլիկները սևուկ այծի,
Գործից հոգնած իշուկն ու ձին...

Հոպոպ, հոպոպ իմ բարի,
Թռի-գնա մեր սարից,
Մեծ փորձանք է սպասվում
Չնաշխարհիկ քո սանրին.

Սանր են ուզում փրչոտ կատուն,
Կով մայրիկը խանում-խաթուն,
Պահակ շունը մեր հին բակի,
Շան լակոտները պահակի,
Սարից իջած խոյը խուճուճ,
Մորը կորցրաթ գառը պուճուր,
Ուլիկները սևուկ այծի,
Գործից հոգնած իշուկն ու ձին...

Հոպոպն ահից կծկվեց,
Թռավ-գնաց, փրկվեց։


ԿՃՈՒՃՆ ՈՒ ՃՈՒՏԸ

Ճուտն ընկավ կճուճի մեջ
Դողաց սիրտը ճուտի,
Կամ կերել է կճուճը ինձ,
Կամ հենց հիմա կուտի:

Ճչաց ճուտը լեղապատառ.
- Ինձ մի ուտի, կճո՜ւճ:
Ես ի՞նչ եմ մե՜ծ փորիդ համար,
Ես դեռ շա՜տ եմ պուճուր...

Քրքջում է կճուճը ծեր,
Խրատելով ճուտին.
-Ա՜խ, դու անգե՜տ, լսվա՞ծ բան է
Կճուճը ճուտ ուտի...

Երևում է, թմբլիկ հիմար,
Որ քեզ դեռ չեն խաբել,
Դե շո՜ւտ փախիր, թե չէ հիմա
Բերանս կփակե՜ն...

Հենց այդ պահին ինչ-որ մեկի
Գլխում մի միտք ծագեց,
Մեկն այդ եկավ և կճուճի
Բերանը պինդ փակեց:

Մութով լցվեց կճուճը ծեր,
Լցվեց մութով ահեղ,
Կարծես մութի մեջ այդ հազար
Աղվես էին պահել:

Հիշեց ճուտը կտուցը իր,
Հիշեց պապին տոկուն,
Զգաց հազա՜ր աքլորներ են
Արթնանում իր հոգում:

Ճուտը լարվե՜ց, լարվե՜ց, լարվե՜ց,
Կտցեց ահեղ մութին,
Կիսվեց կճուճը բերանփակ
Ու բաց թողեց ճուտին...


ԱՅՍՊԻՍԻ ԵՐԳ

- Հով է, հով է, հով է, հով է,
- Հովը մարմա՞նդ է, թե՞ զով է:

- Զով է, զով է, զով է, զով է
- Զովը կապո՞ւյտ է, թե՞ մով է:

- Մով է, մով է, մով է, մով է,
- Մովը լճա՞կ է, թե՞ ծով է:

- Ծով է, ծով է, ծով է, ծով է,
- Ծովում գոմե՞շ է, թե՞ կով է:

- Գուցե գոմեշ, գուցե կով է,
- Գուցե լճակ, գուցե ծովէ,
- Գուցե կապույտ, գուցե մով է,
- Գուցե մարմանդ, գուցե զով է:

- Զարմանալու կարիք չկա,
Բարկանալու առիթ չկա,
Ինձ այս հանգը, ինձ այս ռիթմը,
Ինձ այս ուրախ երգն է թովել:

- Կով է, կով է, կով է, ծով է,
- Ծով է, ծով է, ծով է, մով է,
- Մով է, մով է, մով է, զով է,
- Կով է, մով է, զով է...
- Գուցե գոմեշ, գուցե կով է,
- Գուցե լճակ գուցե ծով է,
- Գուցե կապույտ, գուցե մով է,
- Գուցե մարմանդ, գուցե զով է,....


ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԾԱՂՐԱՁՈՒՆ

Մի ծաղրածու կրկեսում,
Ներկայացման ճիշտ կեսում,
Նստեց, նստեց, նստեց ու...
Ածեց մի շատ սիրուն ձու:

Ովքեր տեսան՝ հիացան,
Հիացան ու միաձայն
Գմբեթի տակ կրկեսի
Երգեցին երգ այսպիսի.

«Ծաղ-ծաղ-ծաղրածու,
Ծաղրածուն ածել է ձու,
Ծաղրածուի ածած է,
ԾԱՂՐԱՁՈ՜Ւ Է, ԾԱՂՐԱՁՈ՜Ւ...

Թե թխսի տակ դնենք ձուն,
Ծաղրածուի ածած ձուն,
Գուցե դուրս գա, ո՜վ գիտի,
Մի պստլիկ ծաղրածու:

Կսպասենք, չենք ալարի,
Իսկապես չենք ալարի,
Երեք շաբաթ հետո մենք
Կասենք՝ ծնունդդ՝ բարի...

Շատ լավ բալիկ կլինի,
Քիթը լոլիկ կլինի,
Բերանը՝ մ-ե-ե-ե՜-ծ, գլուխն էլ
Գունդ-կլորիկ կլինի...»:


ՀԱՐԱՎ ՔԱՄԻՆ

Քշեց եկավ հարավ քամին,
հարավ քամին,
հարավ քամին:
Ձյուն ու ձմեռ տարավ քամին,
տարավ քամին,
տարավ քամին:
Որտեղ մռայլ ամպեր տեսավ՝
Բերեց երկինք արավ քամին,
Բերեց երկինք արավ քամին,
արավ քամին,
արավ քամին:

Ամպը եկավ ամպին բախվեց,
ամպին բախվեց,
ամպին բախվեց:
Ամպը ճոճվեց ամպից կախվեց,
ամպից կախվեց,
ամպից կախվեց,
Եվ խնդմնդաց կիրճում պահված
Շանթ-որոտի ծարավ քամին,
Շանթ-որոտի ծարավ քամին:

Անձրև եկավ տաքուկ-տաքուկ
տաքուկ-տաքուկ,
տաքուկ-տաքուկ,
Թելիկ-մելիկ, մաքուր-մաքուր,
մաքուր-մաքուր,
մաքուր-մաքուր:
Հողը շնչեց և արթնացավ՝
Ուսին առած հարավ քամին,
հարավ քամին,
հարավ խամին,
Ուսին առած հարավ քամին:


ՓԱՅՏՓՈՐԻԿԻ ԵՐԳԸ

Այս աղմուկը անտառում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ...
Երբեք էլ չի դադարում՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ...
Աղմուկից այդ օգտակար
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն...

Փայտփորիկն է, օրն ի բուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ...
Բուժում ծառ ու ծառաբուն՝
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ...
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես...

Ով ծանոթ է այդ երգին՝
Կացին չի առնի ձեռքն իր,
Չէ՞ որ ամոթ է կտրել
Ծառն այն, որ հավքն է փրկել:

Աղմուկից այդ օգտակար՝
Գոհ է մի ողջ լեռնաշխարհ.
Գոհ է ծիտը, գոհ է բուն,
Գոհ են աղվեսն ու կկուն,
Գոհ են սկյուռ ու ոզնի,
Գոհ է եղնիկը ազնիվ,
Գոհ են թիթեռ ու բզեզ,
Գոհ են ովքեր որ ասես.
Տուկ-տուկ-տուկ,
Տուկ-տուկ-տուկ...


ԹՌՉՆԱԿԻ ԵՐԳԸ

Չիմ-չիրիմ, չիմ-չիրիմ, չիմ,
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի,
Չիմ-չիրիմ, չիմ-չիրիմ, չիմ,
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի...

Ինչ իմանաս, թե որտեղից մի փոքրիկ թռչուն,
Թռավ եկավ ու ծվարեց այգուս կանաչում, կանաչում,
Հեյ ջան:
Երգեց ուրախ, երգեց զվարթ ու երգը նրա
Ճախրեց, գնաց ու պտտվեց աշխարհի վրա:

Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի,
Ծիլի-ծիվ, ծիլի-ծիվ,
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի,
Ծիլի-ծիվ, ծիլի-ծիվ:

Չիմ-չիրիմ, չիմ-չիրիմ չիմ,
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի,
Չիմ-չիրիմ, չիմ-չիրիմ, չիմ,
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի...

Ինչ էր ուզում երգն այդ ասել, գուցե թե ոչինչ,
Բայց արև էր երկրի վրա ու երկինքն էր ջինջ, շատ ջինջ,
Հեյ ջան:
Երգեց ուրախ, երգեց զվարթ ու երգը նրա
Ճախրեց գնաց ու պտտվեց աշխարհի վրա...

Չիմ-չիրիմ, չիմ-չիրիմ, չիմ
Ծիլի-ծիլի, ծիլի-ծիլի,
Ծիվ-ծիվ...


ՕՐՈՐՈՑԱՅԻՆ

Լույսը հոգնեց,
Լույսը դանդաղ բարձրացավ երկինք,
Շուտով երկինքը կծաղկի աստղերով հակինթ:
Բարի գիշեր՝ ծլվլացին հավքերը անքեն,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն...

Հողմն է քնել,
Հովն է քնել լանջերին սարի,
Քո շատ սիրած հեքիաթներով, երգերով բարի:
Քեզ է ժպտում երկինքն ի վար քո աստղը արթուն,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն...

Նոր արթնացող թիթեռնիկի
Ճախրի պես թեթև
Երազն է քո պահվել փափուկ ամպերի ետև,
Բարի գիշեր քո երազին, ճախրանք անարգել,
Դու էլ քնիր,
Փոքրիկ իմ լավ,
Գիշեր է արդեն...


ԱՌԱՋԻՆ ՁՈՒՆ

Մեր սև վառեկը երեկ
Երգեց ամբողջ մի ցերեկ,
Երգեց մինչև երեկո, օ, օ,
Կո-կո, կորո-կո,
Կո-կո, կորո-կո:
Կո-կո,
Կո-կո, կորո-կո...

Ինչ էր եղել, իմացա,
Երբ տատիկը մտավ տուն
Ու ցույց տվեց ժպտալով, օ, օ,
Ափի ճերմակ ձուն,
Ափի ճերմակ ձուն:
Ձուն, ձուն,
Ափի ճերմակ ձուն:

Այ թե ինչու էր երգով
Շրջում վառեկը բակով
Առավոտից երեկո, օ, օ,
Կո-կո, կորո-կո,
Կո-կո, կորո-կո,
Կո-կո, կորո-կո,
Կո-կո,
Կո-կո, կորո-կո...


ՀՈՎԻԿ – ՀՈՎԻԿ

Շոգից շշմած սարալանջին
Երբ հայտնվեց հովն առաջին, հովն առաջին,
Շարժվեց թեթև ալիքն օդի,
Մեջքը թեքվեց շիկախոտի, շիկախոտի:

Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ,
Մեզ մոտ եկար կապույտ ծովից, կապույտ ծովից,
Մոր ձեռքի պես՝ նուրբ ու թովիչ, նուրբ ու թովիչ,
Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ...

Սարը շնչեց, քարը շնչեց,
Մեծ անտառում ծառը շնչեց, ծառը շնչեց,
Ծիտը թռավ ծիտիկի մոտ
Գովերգելու դաշտ ու արոտ, դաշտ ու արոտ:

Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ,
Մեզ մոտ եկար կապույտ ծովից, կապույտ ծովից,
Մոր ձեռքի պես՝ նուրբ ու թովիչ, նուրբ ու թովիչ,
Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ...

Շոգից շշմած սարալանջին
Եկեք սանձենք հովն առաջին, հովն առաջին
Ու սլանանք խենթ ու խելառ
Լեռներն ի վեր, դաշտերն ի վար:

Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ,
Մեզ մոտ եկար կապույտ ծովից, կապույտ ծովից,
Մոր ձեռքի պես՝ նուրբ ու թովիչ, նուրբ ու թովիչ,
Հովիկ, հովիկ, հովիկ, հովիկ...


ԽՈՒՏՈՒՏ – ՄՈՒՏՈՒՏ

Խուտուտն եկավ, խուտուտն եկավ
Մանրիկ-մանրիկ ու անտես:
Քրքիջ բերող նրա ձեռքից
Ո՞նց ազատվեմ հիմա ես:

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա...
Կորիր, թե չէ՝ հենց հիմա...
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի...

Խուտուտ աջից, խուտուտ ձախից,
Չի նվազում նա բնավ:
Ոչ թողնում է նստել հանգիստ,
Ոչ վեր կենալ ու գնալ...

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա...
Կորիր, թե չէ՝ հենց հիմա...
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի...

Հնար չկա ու ճար չկա,
Էլ չեմ կարող դիմանալ:
Քրքջումեն ահա ինձ հետ
Երկինք արև տուն ու ծառ...

Խուտուտ-մուտուտ, ծիծաղի կուտ,
Թևիս տակից դուրս գնա:
Թե չէ՝ հիմա, թե չէ՝ հիմա...
Կորիր, թե չէ՝ հենց հիմա...
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա, հի-հի-հի,
Հա-հա-հա-հա-հա, հի-հի-հի-հի-հի...


ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ

Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:

Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր:

Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:

Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:

Գնել, նել, այ նել,
Հեշտ չէ հիմա գիրք գնել,
Գնա ու տես խանութում
Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ:

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Yuri Sahakyan's official web site

Տես նաև

Յուրի Սահակյանի կենսագրությունը:

Յուրի Սահակյանի բանաստեղծությունները ռուսերեն։

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice