ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
Ռափայել Պատկանյան

ՏԻԿԻՆ ԵՎ ՆԱԺԻՇՏ


ՏԵՏՐԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այս տարվա եկավոր «ժողովուրդը այնքան շատ էր Էսենթուքումը, որ ամեն փոքրիշատե օրինավոր տուն, բնակարան կամ հյուրանոցի սենյակ կրակի գին ուներ, այնպես, որ երեք ամսվա տալու վարձով կարելի էր այնտեղ ևեթ մի փոքրիկ սեփական տուն շինել՝ հիմքից մինչև կտուրը, ուրեմն կամա ակամա ստիպվեցա բավականալու մի փոքրիկ խցիկով, որը վարձեցի մի պառավ ռուս կնոջմե։ Առավոտ և երեկո այդ պառավը պարտավոր էր ինձ համար ինքնաեռ դնելու և այդ բանի համար պիտի տայի նորան ամսական երեսուն մանեթ։ Սաստիկ դժգոհ էի, բայց ի՞նչ անեի այս մեկ ժամանակավոր հարկ էր, որ ամենքս (հանքային ջրերով բժշկվողներս) ստիպված էինք տալու կովկասյան բժշկարար ջրերուն։

Մի օր այս պառավը, ձեռքը մի հաստ տետրակ բռնած ներս մտավ ու ասաց ինձ.

— Պարո՜ն, հրամանքդ ռո՞ւս ես, թե այլազգի ես, մեր հավատեն չես։

— Ես հայ եմ, պատասխանեցի։

— Եթե հայ ես, ուրեմն այլազգի ես, մեր հավատեն չես։

— Հա՜, այդպես է, ասացի, ես ո՛չ ձեր ազգեն եմ և ոչ ձեր հավատեն. ի՞նչ ես ուզում ինձանից։

— Չես կարող արդյոք իմանալ՝ այս ի՞նչ լեզվով գրած է (ցույց տվեց ձեռքի տետրակը), ոմանք ասում են վրացերեն է, այլք ասում են՝ թաթարերեն է, ուրիշները ասոմ են՝ չերքեզերեն է, բայց տեղյակ ոչ ոք չգիտե։ Դու որովհետև ռուս չես, այլազգի ես, անշուշտ պիտի կարողանաս կարդալու։ Շատ անգամ՝ ուզեցել եմ հնոցը ձգել այրել, կամ ձմեռվա պատուհաններս թղթել, բայց հետո փոշմանել եմ ու միտք արել՝ թե կարելի է մի մարդ գտնվի, որին դա պետք գա, ինչո՞ւ փչացնեմ այս տետրակը, անշուշտ մեկ մարդ սորա վրա աշխատություն թափել է ու օրերով աչքը խավարացրել է, գրել է։ Նայե՛, պարոն, ինչպես հաստ տետրակ է։

Ձեռքս առի տետրակը, նայեցա՝ տեսնեմ հայերեն է. շատ ուրախացա։

— Մայրիկ, ասացի, եթե այս տետրակը քեզ պետք չէ, ծախե ինձ. ես քեզ լավ փող կուտամ։

— Ինչի՞ս է հարկավոր, ասաց պառավը. բայց եթե փող կուտաս ու կառնես այդ ինձ համար ավելի լավ է, ես խեղճ կնիկ եմ, մեկ քանի կոպեկը երբեք ինձ համար ավելորդ փող չէ։

— Կուզե՞ս տասը մանեթ տամ։

Պառավի աչքերը վառվեցավ ագահությունից, այդպիսի առատ վարձատրություն երբեք չէր սպասում նա մի անպիտան տետրակի համար, որ ամեն րոպե պատրաստ էր եղել հնոց ձգելու ու այրելու։ Բայց արի՛ տես որ մարդկային ագահությունը սահման չունի եղած։

— Տո՛ւր տասնհինգ մանեթ,— ասաց պառավը ինքն էլ վախենալով այս չափազանց պահանջմունքեն,— ու առ քեզ տետրակը։

— Լա՛վ է, մայրիկ, կուտամ քեզ տասնհինգ մանեթ և կառնում տետրակը, բայց ասա, խնդրեմ, ի՞նչ կերպով դա քու ձեռքը ընկել է։

— Դու ուզում ես իմանլու ի՛նչ կերպով իմ ձեռքը ընկել է այս տետրակը,— ասաց պառավը,— ահա՛ լսե։ Ես մեկ փեսա ունեի, որ վեց-յոթը տարի առաջ հյուրանոցի մեջ սպասավորություն էր անում։ Այն տարի մի օտարազգի բժիշկ եկավ Էսենթուկ և վարձեց այդ հյարանոցումը մի սենյակ, և քանի մի ամիս կեցավ. երբ որ նա յուր տեղը գնաց, սենյակը մաքրելու ժամանակ, փեսաս գտավ այդ տետրակը պահարանի մեջ և, կարծելով որ մի օր սորա տերը կսկսե պտրելու և անողին վարձ կխոստանա՝ պահեց յուր մոտ։ Բայց փեսաս շուտով մեռավ. աղջիկս էլ նորանից ետ շատ չապրեցավ. նոցանից մնացած մեկ քանի լաթերի ու հին հալավների հետ միասին այս տետրակն էլ ինձ մնաց։ Ահա՛ այս տետրակի բոլոր պատմությունը։ Տո՛ւր փողը և բարի վայելե՛։

Ես իսկույն տվի տասնհինգ մանեթը և տետրակը իմ սեփականությունը դարձրի։

 

ԱՌԱՋԻՆ ՏԵՏՐԱԿ

Տաք ջուր, հունիսի 10.

Շատ ձախորդ պարագաներով մտա Տաք ջուր։ Ճեպակառքը, որն մեզ «Հանքային ջրերեն» բերեց այստեղ՝ դուրս թափեց ամենիս փողոցի մեջտեղը և ինքը գնաց հեռացավ։ Մանր, սառն, թափանցիկ անձրևը անդադար շաղում էր, գետինը թաց, տեղ-տեղ ջրշեղջներ կանգնած, ծառերից ամեն մի քամի փչելիս հորդահոս թափում էին խոշոր կաթիլներ, մարդիկ դեմքերին հոգս նկարած՝ շտապում էին իրանց գործին, խանութի տղերքը ծույլ-ծույլ կանգնած էին խանութների դռան մոտ, անցուդարձ անողներին մինչև անգամ չէին հրավիրում ապրանք գնելու, իմանալով որ՝ ամեն մարդ այժմ մի բան է ցանկանում, որ է՝ պատսպարվել այս անտանելի օդեն։

Այսպես իմ մուտս բարևեց Տաք ջուրը։

Մի հայ խանութպանի օգնությունով քաղաքի ետ ընկած թաղի մեջ ծանր գնով վարձեցինք մի հավաբույն և փոքրիկ պայուսակս ու իրեղեններս ներս տարի։ Եվ շատ ուրախ էի, որ գոնե ցուրտ անձրևեն կարողացա ինքս ինձի ազատելու։

«Տաք ջուրի երեք ամիսը կերակրում է նորան ամբողջ տարին»։ Որպիսի ահագին հարկ պիտի տա ամեն մի ճանապարհորդ, որ կշտացնե մի ամբողջ քաղաք, բնակարանի վարձեն բռնած մինչև վերջին իրը քառապատիկ գին ունի այստեղ՝ համեմատելով ուրիշ տեղերի։ Դիցուք թե հարուստ մարդը կարող է զիարդ և իցե տանել այդ ծանրությունը, ի՞նչ անե ողորմելի չքավորը։ Ահա խնդիր, որն վճռելու համար շատ փիլիսոփաների գլուխներ պիտի ցավին ունայն։

Մեր կողմի մարդոց շատ հայտնի Բ. գտել է այստեղ յուր շռայլ ապրուստը բավականացնող առատ աղբյուր։ Նորա անհագ ստամոքսը լցնելու համար որքան նիհար քսակներ ու գրպաններ պիտի քամվին։

Այսօր պղտոր եղանակի պատճառով երաժիշտների խումբը նվազելու չէ. ուրեմն ճեմելիքների մեջ զբոսնող ժողովուրդ չի լինիլ։ Կմնամ տանը և շփոթված գլուխս ու պայուսակիս մեջի իրերը կարգի կբերեմ։

Ինչպես կուզեի իմանալ՝ եկե՞լ է «նա», թե ո՛չ. և կամ` այստե՞ղ է, թե՞ գնացել է Էսենթուք, կամ Թթու ջուր, կամ Երկաթ ջուր...

Հունիսի 11.

Այսօր բոլոր օրը անցուցի ճեմելքիների, հասարակական զբոսարանների մեջ և լողարանների մոտերը ման գալով, հույս ունեի կա՛մ «նորան» տեսնել, կա՛մ՝ նորա հորը, կա՛մ նաժիշտին և կա՛մ ծառաներեն մեկին, բայց իմ մանրակրկիտ հետազոտությունները իզուր կորան, նա դեռևս եկած չէ՛: Շատ կառապանների էլ հարցուցի՝ արդյոք այս ու այս նշաններով մարդիկ բերե՞լ են հանքային ջրեր ասված իջևանեն. նոցա պատասխաններեն եզրակացուցի, որ իմ պտրածներին նոքա ո՛չ տեսել են և ո՛չ հանդիպել են։ Ինչո՞ւ այսքան ուշացան, ի՞նչ է պատճառը, ի՞նչ արգելք է հանդիպել։ Իմ կարծիքով նոքա ոչինչ պատճառ պիտի ունենային Ռոստով այդքան երկար մնալու։

Քուռսերը թեև մայիսի առաջին օրերին սկսված են, բայց ժողովուրդը շատ սակավ է։ Ասում են թե այժմ՝ Կովկասի ջրերը այցելելը ավելի թանկ է նստում, քան թե արտասահման երթալը։ «Կույրն էլ գիտե, որ կիրակին տոն օր է»։ Երբ որ լուր տարածվեցավ, որ մեր մեծամարդիկը Կովկասի ջրերը տվել են բախտախնդիր Բ. ձեռք, ամենքը միաբերան ասացին, որ ջրերու բանը պրծավ, ժողովրդի նախագուշակությունը շուտ և ճիշտ կատարվեցավ, թեև Բ. դորանից ոչինչ վնաս չունի։ Ո՛վ գիտե նա յուր տան խորշում նստած և հազարները համարելով քթի տակից որքան կուշտ ծիծաղում կլինի, ասելով.

«Թող իմ բանը աջի, ով կուզի հաչի»։

Քաղաքիս իսկական անունը խաբարդացիների լեզվով Ըսսը-Սու է, որ նշանակում է տաք ջուր, իսկ ռուսաց Փյաթիգոռսք անունը տված է Բեշ թավ սարեն, որ հիրավի հինգ գագաթ ունի և որ քաղաքիս հյուսիսարևելյան կողմումն է 8—10 վերստ հեռավորությամբ։ Ինքը քաղաքը հիմնած է Մաշուխ սարի լանջի վըա, նորա ստորոտը և այն ձորի մեջ, որն կազմվել է Մաշուխի ծոցեն բխող հանքային ջրերու փորելեն։

Հանքային ջրերու բժշկարար զորություն ունենալու մասին, մեր օրերում, երկարորեն խոսիլն անգամ ավելորդ աշխատանք է, իսկ Կովկասի հանքային ջրերու օգտավետությունը խորին հնությանը ես հայտնի էր։ Բայց ես մի տարօրինակ կարծիք լսեցի, որին թեև չեմ հավատում, բայց այստեղ հիշելը ավելորդ չեմ համարում։ Ինձ շատ տեղացի ծերեր ասացին որ՝ առաջվա ժամանակները Տաք ջուրի բժշկարար ուժը ավելի էր. հենց որ նոքա սկսան նորանոր կարգերը մտցնելու՝ ջրերն էլ քանի գնաց ավելի և ավելի կորցրին զորությունը։ Դարձյալ կրկնում եմ, այս խոսքերին ես հավատ չեմ ընծայում, բայց նոցա տակը ամուր գծում եմ։ Սորա նման մի ուրիշ կարծիք կլսեք Թիֆլիսի ծերերից եղանակի ցրտանալու մասին։ Այս ի՞նչ բան է։

Հունիսի 13.

Երկու օր անտանելի օդեր էին՝ տոթ, քամի և փոշի, բոլոր այդ ժամանակը ոտքս սենյակես դուրս չի դրի. ինքս ինձի տկար էի զգում։ Էսենթուքի ջուրը մարդուս շատ արթուն է պահում, այնպես, որ՝ նորա խմողը յուր բնակարանեն շատ պիտի չհեռանա։

Այսօր որ դուրս եկա՝ առաջին գործս եղավ հարց ու փորձ անել Սոֆիայի մասին, երբ որ իմացա, որ տակավին եկած չէ՝ գնացի ու առաջին անգամ մտա Տաք ջրի երևելի ծծմբային լոգարանը, թեե միայն տասը րոպե մնացի մեջը, բայց երբ որ դուրս եկա՝ ասես թե կյանքիս վերա տասը տարի ավելցուցած զգացի։ Երանի՜ այն մարդոց, որոնք աստվածային այսպիսի շնորհը տարին-տասներկու ամիս քթերի տակ ունին... Բայց ի՞նչ կասես, որ Հայաստանն էլ մի օր լիքն է եղել բնության այսպիսի անգին գանձերով։ Ասում են թե՝ Անիի բաղանիքի մեջ հինգ ջոկ հատկության հանքային ջրեր բերված են եղել զանազան տեղերե։

Առավոտները բազմությունը ժողովվում է Եղիսաբեթյան աղբյուրի կամ ինչպես շենքի վերա գրած է՝ Եղիսաբեթյան սրահի մեջ, ուր յոթ ժամեն մինչև ութը նվագում է երաժշտաց խումբը։ Հիվանդներեն շատերը այդ միջոցին են խմում ո՛րը մի և ո՛րը երկու բաժակ ծծմբային ջուր և մարսելու համար ամբողջ ժամ առաջ ու ետ ման են գալիս սրահի մեջ։ Երբ որ երաժիշտները դադարում են նվագելը, բազմությունն էլ ցրվում է։ Այնուհետև սովորաբար սկսում է ժողովրդի կամ ավելի ճիշտ ասեմ՝ հիվանդների մեծ մասը լոգարաններումը լվացվելու։

Երբ որ աղբյուրին մոտեցա, որ հանքային ջրեն խմեմ, մի լկտի դեմքով, բայց բավականին գեղեցիկ երեսով և բարեկազմ մարմնով երիտասարդ սպա ինձ ետ մղեց և յուր բաժակը ինձանից առաջ տվեց աղբյուրեն ջուր հանող աղջկան, որ լցնե ջրով։ Ես վրդոված նայեցա սպայի երեսին, նա էլ նայեցավ վրաս պայքար հրավիրող կերպարանքով, ասես թե մեղավորը ոչ նա, այլ ես էի։ Ես լռեցա, սպան քաջալերվեցավ և առավել համոզվեցավ, որ «համարձակությունը քաղաքներ առնող է»։ Այս սպան ինձ բոլորովին անծանոթ չէր։ Ես շատ անգամ տեսել էի սորան երկու մայրաքաղաքի մեջ։ Օթելների մեջ մեծածախ ճաշի կամ խորակի մասնակցող, գինարբուքի մեջ շիշ ու գավաթ փշրող, ծառա ծեծող, հայելի կոտրող, թատրոնումը չհավանած դերասաններին և դերասանուհիներին թրջած խնձոր ձգող, լիխաչով չափ տվող մայրաքաղաքի հռչակավոր քոքեթների ետևից և այլն, և այլն, միով բանիվ՝ այնպիսի «շքեղ ստահակություններ» անող, որոնց համար մինչև այժմ, այսինքն մինչև տասնևիններորդ դարս չի կարմրում այսպիսի սպան։ Ասում են թե՝ այս սպան մի առանձին հատկություն ևս ունի, որն հետն բերել է Փարիզեն յուր վերջին ճանապարհորդացնեն, այսինքն՝ լավ վարձով ալֆոնսություն անել։ Այս նորամուտ բառ է եվրոպական լեզուների մեջ. եթե սորա ճիշտ մեկնությունր կուզեք իմանալ՝ հարցացե՛ք հարուստ այրիներին... Այս երիտասարդ սպայի անունը Վլադիմիր Դռոզդով էր։

Սիրտս վրդոված գնացի նստա բազմոցի վրա, իսկ Դռոզդովը մի ուրիշ սպայի հետ կուռ-կռի տված՝ քանի-քանի անգամ առջևիցս անցավ և ես երկու-երեք անգամ լսեցի նորա բերանից առմյաշքա խոսքը։ Ազգային հպարտությունը բարձրաձայն խոսեցավ մեջս, նայեցա չորս կողմս, հեռվումը տեսա երեք-չորս հայ, որոնք արդեն քանի օր է, իրար հետ ականջ ականջի հայերեն փսփսում են. իսկ հրապարակավ, ժողովրդի մեջ պինդ-պինդ ռուսերեն են կոտրատում։ Եթե հաստ վզերը, կլոր երեսները, տկռած փորերը ու կարճ ոտերը չլիներ՝ նոցա կարելի էր բոլորովին եվրոպացի համարելու, վասնզի նոցա վրայի հագուստը ավելի եվրոպական, այսինքն վերջին ձևով կարված էր, քան թե նույնիսկ եվրոպացիինը։ «Մեկ մարդը դաշտի մեջ մարտիկ չէ» ասացի մտքիս մեջ ու կուլ տվի Դռոզդովի այս նախատինքը։

Ութ ժամին, երբ որ երաժիշտները դադարեցան նվագելու և ժողովուրդը խումբ –խումբ սկսավ վերեն վայր իջնելու, ես էլ միայնակ տխուր սկսա իջնել և ուղղեցի քայլերս դեպի բնակարան։ Երմալովի լոգարանին որ հասա՝ հանկարծ առջևս երեք ֆայտոն սրընթաց անցան, վերջին երկու ֆայտոնները ծանր բեռնավորված էին, մեջերը նստողներ չկային, իսկ առաջինի մեջ նստած էին չորս հոգի, երեքի երեսը չտեսա, բայց նոցանեն մինին ես նմանեցուցի Կատյային՝ Սոֆիայի հայ նաժիշտին։ Սիրտս սաստիկ թունդ առավ. մոռացա Դրոզդովին էլ, իմ այն առավոտ կրած անարգանքն էլ. բոլորը մոռացա. Սոֆիայի ներկայությունը ասես թե բոլոր քաղաքի մեջ երջանկության հոտ և լույս տարածեց, ծառերն է՛լ ավելի գեղածիծաղ էին երևում, մարդոց երեսն է՛լ ավելի բարի և ազնիվ, ազգ անպատվող հայերն էլ երևում էին ինձ առավել անբախտ, քան թե ցածահոգի։

Գաղտնիք չէ՛, որ ես սիրահարված եմ Սոֆիայի վրա և գլխավորը՝ սիրահարված եմ առանց հույսի։ Սոֆիան որ կա՝ միլիոնատերի միակ ժառանգն է, իսկ ես հայաստանցի մի խեղճ երիտասարդ, համալսարանեն հենց այս ամառ արձակած բժշկի վկայագրով։ Երկինք ու երկիր իրար ավելի մոտ են, քան թե ես ու Սոֆիան։

Հունիսի 18.

Հինգ օր անդադրում գիշեր-ցերեկ անձրևներ են գալիս, ո՛չ մի վայրկյան չի պարզեցավ երկինքը, ու գետինը չցամաքեցավ, որ ես կարող լինեի ոտքս շեմքես դուրս դնելու ու Սոֆիայի մասին, ինչ ու ինչ իմանալու, իրա՞վ նա էր եկողը, թե՞ ես խաբվեցա մի օտար աղջիկ Կատյայի տեղ ընդունելով, և այդ շատ հավանական է։

Ձանձրությունը և հոգեկան վիշտը խեղդում է ինձ, սիրտս ուզում է տրաքել։ Գիրքը չունիմ, որ կարդամ, ծանոթներ չունիմ, որ հետերը նստիմ, խոսակցիմ, սիրտս բացվի, եղանակը պարզ չէ, որ փողոց իջնեմ, մարդ տեսնեմ։ Բանտարկյալի նման չորս պատի մեջ փակված, հորանջելով և հեկեկալով մնացել եմ։

Որովհետև առջևս պարապ ժամանակ կա (մինչև Սոֆիայի գալը) և ես մեկ ուրիշ օգտավետ գործ չունիմ կատարելու, հիշեմ իմ անցյալը, որն այս ներկայիս հետ անխզելի կապ ունի։

Համալսարան մտած տարիս՝ հայրս մեռավ, հորեղբայրներս, որոնք հորս կենդանության ժամանակ նորա խանութի մեջ հասարակ սպասավորներ էին, չգիտեմ ի՛նչ խարդախություն բանեցուցին, որ մեռելը դեռևս սեղանի վրա կեցած՝ հայտնեցին, որ հորս մեծ հարստութենեն բացի հիսուն հազար մոսկովցիների պարտքեն ուրիշ բան մնացած չէ։ Մայրս, քույրս և ես մնացինք որբ և աղքատ։ (Հորս մահեն ետ սոքա էլ շատ չապրեցան, մի տարիից մեռավ քույրս և տարի ու կեսից մեռավ մայրս։) Քանի մի ժամանակեն աղքատ հորեղբայրներս դարձան մեր քաղաքի առաջնակարգ հարուստները, իսկ մայրս և քույրս իրանք իրանց աղքատիկ ապրուստը ստիպված են եղել կար-կարկատով ճարելու։ Այսպես՝ ես Մոսկովումը օխտն օտար ազգի մեջ, հեռի մայրենի քաղաքես, հեռի սիրելի բարեկամներես, մնացի անտեր, լքված և օրական հացի կարոտ։

Այն ժամանակները Մոսկվա մի բարի քահանա կար՝ անունը Մովսես։ Այս տեր Մովսեսը, իմանալով իմ նեղ վիճակը, առանց ինձ բան ասելու, գնացել է մի նորեկ հարուստ հաշտարխանցի հայ վաճառականի մոտ և պատմել է իմ որպիսությունը։ Իսկ և իսկ այդ վաճառականին էլ յուր միակ աղջկա կրթության համար այդ միջոցին պետք է եղել մի վարժապետ։ Եվ այդ կերպով տեր Մովսեսը և Ասատուր աղան իրանց մեջ պայման են դրել՝ ամսական տասներկու մանեթ ռոճկով ինձ կարգել վարժապետ։ Երբ տեր Մովսեսը ինձ հայտնեց այս բանը, այս նեղ դրությանս մեջ այս պայմանն էլ երևեցավ ինձ աստուծո ամենամեծ ողորմություն, թեև այդ ամենամեծ ողորմությունը ամեն օր խլում էր իմ թանկագին ժամանակից ամբողջ երկու ժամ, որն ուսանողի համար անփոխարինելի կորուստ է։ Ո՛չ միայն այդքան, այլև Ասատուր աղան աջ ու ձախ քարոզում էր, թե նա մի հայ ուսանողի մեծ բարերարություն է անում, այսինքն՝ տալիս է նորան ապրուստ, ոտից գլուխ հագցնում է և լցնում է նորա բոլոր պիտույքը, և խոհեմությամբ լռում էր իմ ծանր աշխատանքի մասին։

Սոֆիան (Ասատուր աղայի տասներեք տարեկան աղջիկը) բավականին երես առած աղջիկ էր. և մինչև որ նորան դասի կարողանում էի նստեցնել՝ իմս էլ ինձ էր հասնում։ Առանց մեկ պատճառի կա՛մ գլուխն էր ցավում, կա՛մ տրամադրություն չէր ունենում՝ պարապելու, կա՛մ դասերը պատրաստած չէր լինում, կա՛մ գրքերը կորցրած էր լինում, եթե խրատում կամ աղաչում էի՝ սկսում էր լալա ու հազարումեկ նազեր էր ծախում։ Սառն քրտինք էր գալիս վրաս մինչև կարողանում էի ամեն բան կարգի բերել ու սեղանի առջև հանգիստ նստեցնել։ Աշխարհագրության, կամ քերականության, կամ թվաբանության դասերի ժամանակ ամեն անգամ ստիպված էի անտեղի հարցմունքի պատասխաններ տալու։ «Աղջկան ի՞նչ հարկավոր է, թե Լոնդոնը Թեմս գետի կամ Վոլգայի վրա է. աղջկան ի՞նչ հարկավոր է, որ թագավոր բառի սեռականը թագավորի է և ո՛չ թագավորա, աղջկան ի՞նչ հարկավոր է, որ մեկ փութի մեջ կա երեք հազար ութը հարյուր քառասուն զոլոտնիկ. մայրս խո այդ ամենը ո՛չ սովորել է և ո՛չ գիտե, բայց նա շատ լավ մայր է»։ Եթե ես նրան մեկնում էի թե՝ նորա մոր աղջկության ժամանակ այդ ներելի էր, այժմ ուրիշ ժամանակ է, և աղջկանից ավելի է պահանջվում, նա իսկույն ասում էր. «ուրեմն իմ մայրը հիմար է, ուրեմն իմ մոր ծնողքը անպիտան մարդիկ էին, որ չէին կրթել նորան»։ Շատ անգամ խաթուն Օսաննան (Սոֆիայի մայրը) ևս ինձանից սիրտը ցաված էր լինում, և ես ստիպված էի լինում գլուխս ցածրացնել արդարանալով այնպիսի գործերում, ուր ամենևին հանցանք չունեի։

Չգիտեմ կա՞ արդյոք աշխարհիս երեսին ավելի ստոր և ապերախտ պաշտոն, քանց հայ երեխաների դաստիարակիչ լինելն։ Այդ միջոցին հազար անգամ սոսկալի երդումներ եմ կերել, որ եթե ես երբևիցե հայր լինիմ՝ անեծք կդնեմ իմ զավակների վերա՝ ո՛չ հայի քահանա և ո՛չ հայի վարժապետ լինել, տասնապատիկ գերադասելի է կառապան կամ փողոց ավելող մշակ լինել, քան թե հայոց քահանա կամ վարժապետ։ Այն թշվառ կոպեկները, որ հայը շպրտում է յուր քահանային կամ վարժապետին, ոչինչով ավելի պատվավոր չեն այն կոպեկներեն, որ նա տալիս է մի մուրացիկ աղքատի, թե՛ այս և թե՛ այն դիպվածում նա յուր տվածը համարում է ապարդյուն ծախք։ Հայը հավատում է լուսավորության ուժին, բայց ո՛չ այն լուսավորության, որն ստանամ է մեկ հայից, այլ որն տալիս է նորան պաշտոնատարը, աստիճանավորը։

Զարմանալի՜ բան, քանի՛ ավելի տանջում էր ինձ Սոֆիան, այնքան ավելի սաստկանում էր համակրությունս դեպի նորան. համակրությունս ժամանակով սերի դարձավ իսկ սերս փոխադրվեցավ կրքի։ Այո՛, այս երես-առած աղջկանը ես կրավոր կերպով սիրեցի։ Օրե-օրե նա զարգանում էր մարմնով, առողջությունը խոշոր կայլակներով կաթում էր նորա թշերից, լայն լանջերից ու բավականին բարձր իրանքից, և երբ լրացավ նորա տասնյոթը տարին և ես հինգերորդ դասարան մտա՝ Սոֆիան արդեն հարսնացու էր: Սերի կամ սովորության նման մի բան նորա կողմից ևս նկատում էի արդեն դեպի ինձ. բայց ծնողաց հոժարության մասին բոլորովին հուսահատված էի։ Եվ ունեի պատճառ:

Մի օր Ասատուր աղայի մոտ Հաշտարխանից հյուրեր էին եկել, երեկոյան թեյ էին խմում։ Ես եկա Սոֆիային դաս տալու։ Այդ միջոցին Սոֆիան տասնվեց տարեկան կլիներ, ես էլ չորրորդ դասարանի ուսանող էի։ Հյուրերեն մինը հարցուց (երևի ականջը փոքր ինչ խուլ էր, վասնզի նկատած էի, որ խուլը կարծելով ուրիշին էլ խուլ՝ միշտ պինդ է խոսում).

— Էս ի՞նչ մարդ ա, հա՞յ ա։

— Հա, հայ ա։

— Ի՞նչ գործի ա։

— Աղջկանս վարժապետն ա, սովորցնըմ ա։

— Շատ ջահել ա, չես վախենը՞մ։

— Քու տունը աստված չի քանդի, ինչի՞ց պետք ա վախենամ. Սոֆինկես էն հոր-մոր զավակ ա, որ էդպես անփոխանների վերա թքել չի ուզիլ, չէ թե մեկ ուրիշ բան։

— Նայի՛ր, սա՜խտ կացիր, Բուղդան Նիկիտիչ. կրակն ու բարութը մին-մինի մոտ չեն տինում, մին էլ տեսնիս բիրդան կտռաքի, հա՛։

— Չէ, Սիմոն Մալխասիչ, էտ դումանից դու միամիտ կացի՛ր։

— Սոֆինկան իմ մեկ հատիկ զավակն ա, աչքիս լուսն ա, իմ միլիոնի ժառանգն ա, ես գի՞ժ եմ, որ էս անփոխանին տամ. ի՞նչ եմ հոգում, որ նա բժիշկ ա, գլուխն էլ քարը, հիմա էտպես քանավալներով քուչաները մոստիտ են անըմ. պալկովնիկներ, գեներալներ, գուբեռնատորներ քի՞չ են, ի՛նչ, Ռուսաստանըմը...

— Աղա՛ Ասատուր, մի՞թե աղջկանդ ռուսի կտաս, հայի չէ՞։ Էդ խոմ չիլավ, հաութունը մեղալամ կըմոռանա...

— Շատ պետք է ինձ քու հայութունը,— ասաց քիթ պռունկը ծռմռելով Ասատուր աղան,— ի՞նչ ա, ռուսը կռապա՞շտ ա, ինչ ա, նա էլ խոմ մեզ նման քրիստոնյա յա, բալքի մի զատ էլ ավելի... թողե՛ք... պաժալըստա, ձեր ազգասիրությունը, ինչ ասես փիս բան՝ էդ ազգասիրութինի մեջն ա։ Մեկ օր (դուք կացեք) ամենքիդ կըփռնեն, Սիբիր կուղարկեն, էն ժամանակ կիմանաք թե ինչ ա նշանակըմ՝ ազգասիրությունը, հաութունը։ Չէ՛, աղա ջան, իմ Սոֆինկեն աղավարի յա պոլկովնիցա կիլի, յա եներալշա, յա գուբեռնատրշա, դու գնա էլի քու ազգասիրությունը արա...

— Հալբաթ,– ասաց Սիմոն Մալխասիչը,– Սոֆինկայի բանը ջոկ ա. սաղ աշխարհքը որ պտրես, Սոֆինկայի նման բարիշնա յա մեկը քթնես, յա էրկուսը։

Այդ միջոցին Սոֆիան գիրքը առած ներս մտավ, ես դուռը փակեցի ու էլ չի լսեցի այս անբարոյական խոսակցությունը երկու պատվավոր հայերի։

Ասացի որ՝ ես Սոֆիայի վրա սիրահարված էի, բայց սաստիկ կսխալին մարդիկ, եթե կկարծեն որ նորա հոր հարստությունը իմ սիրո մեջ մի որևէ դեր էր խաղում, ամենևին ո՛չ։ Աստուծո առջև կարող եմ ասել, որ ոչ մի րոպե նորա հարստությունը ինձ չէր շլացրել, և ես ոչինչ ցանկություն չունեի երբևիցե տեր լինելու այն միլիոնին, որ նա մի օր յուր հորից պետք է ժառանգեր։ Իմ պատմածից երևվում է, որ Սոֆիան մի առանձին հոգեկան արժանավորություն ևս չուներ, որով կարող լիներ ինձ հրապուրելու։ Ո՛չ. ես (թեև ամոթ է խոստովանելը) շատ սոսկական կերպով սիրել էի նորա գեղեցկակազմ, շնորհալի արտաքինը։ Քանի որ նորան տեսնում էի՝ աչքս մութ էր կոխում, արյունս եռ էր գալիս, սիրտս պինդ-պինդ բաբախում էր ու ջիլերս քաշքշվում էին։ Եվ ի՛նչ զարմանք, ինքս էլ այն ժամանակ քսաներկու տարեկան էի։ Հոգի իմ մեջ էլ չէի նշմարում, ի՞նչպես կուզեք, որ ուրիշի մեջ որոնեի։ Ես բոլորովին համոզված եմ, որ «առաջին սեր» ասած զգացմունքը իսկ և իսկ այն է, ինչ որ ես զգում էի այդ պատանեկական հասակիս մեջ։ Այս, ինչ որ ես ասում եմ, գուցե ուրիշները չասեն, բայց այդ ոչինչ չէ նշանակում, այդ միայն ապացուցանում է, որ նոքա ինձ նման սրտաբաց չեն։

Րոպեի մեջ սիրել չէ՜ կարելի, բայց սիրահարվիլ կարելի է. րոպեի մեջ երևում է մարդուս արտաքինը և ոչ թե հոգին։ Հոգի ճանաչելու համար շատ տարիներ են պետք։ Մենք սիրահարվում ենք արտաքինի և ոչ թե հոգու վերա։ Հավանիլ, սիրահարվիլ, սիրել՝ պատանեկի և աղջկա համար միանշան գաղափարներ են. միայն չափահաս տարիքը կարողանամ է որոշել և ամենին յուր տեղը և աստիճանը տալ մարդկային հարաբերությանց մեջ։ Ստում է տղան, եթե ասում է թե այս ինչ աղջկա հոգին սիրեցի, նույնպես և աղջիկը տղի համար, մի՛ հավատաք, նոքա հավանել են միմյանց աչքը, ճակատը, մարմնու գույնը և այլն։ Պատանիի կամ դեռահաս աղջկա բերանումը հոգին մի անորոշ գաղափար է այնպես, ինչպես որ ազգասիրություն խոսքը մեր ժամանակակից հայերից շատերի շրթերումն։ Կարճ՝ ես սիրահարված էի Սոֆիայի վերա, բայց նույնը չեմ կարող ասել Սոֆիայի կողմից։ Իհարկե, չորս տարվա ընթացքում, գրեթե ամեն օր չորս–հինգ ժամ միասին անցնելով, նա եթե չի զգար էլ դեպի ինձ սեր, գեթ ընտելացել էր իմ ներկայությանը։ Ինձ տեսնելով՝ ուրախ էր լինում, եթե երեք-չորս օր հիվանդությանս պատճառով չերևայի նորա աչքին, հարցնում էր՝ ինչո՞ւ եկած չէի... և այսքանը։ Երբեք նկատած չէի, որ նորան վշտացներ իմ բացակայությունը և կամ թե մեծ ուրախություն պատճառեր իմ ներկայությունը։

Մի երեկո, ըստ սովորությանս, գնացի նորան դաս տալու, բայց տանը չի գտա. հոր ու մոր հետ միասին չգիտեմ ո՛ւր էր գնացել։ Որովհետև հոգնած էի՝ չուզեցի, իսկույն բնակարանս վերադառնալու, ու մնացի նորա սենյակի մեջ։ Պատի վերա կախած էր նորա լուսանկար պատկերը, աչքս դարձուցի վերան ու երկար ժամանակ նայում էի. հանկարծ վերաս մի անմեկնելի տրտմություն եկավ, աչքերես ակամա սկսավ արտասուք գալու։ Հանեցի գրպանես թաշկինակս, սրբեցի աչքերս ու նորից անհագաբար նայում էի պատկերի վերա, դարձյալ բխաց աչքերես արտասուքի աղբյուրը։ Այդ միջոցին մի մարդ դուռը բացեց, ներս մտավ, բայց ես ուշք չիդրի այդ բանի վերա, դարձյալ և դարձյալ, աչքս պատկերին հառած, լալիս էի։ «Պարոն, ինչո՞ւ ես լալիս, պարո՜ն, մեղք ես դու, պարո՜ն կարժե՞ էդ աղջիկը, որ դու նրա վերա մաշվում ես», ասաց ինձ մի քնքուշ և ողոքական ձայն։ Ես դարձա և տեսա որ՝ առջևս կանգնած էր Կատյան, Սոֆիայի նաժիշտը։

Կատյան տարիքով հասակակից էր Սոֆիային, չար լեզուները (դուք նկատե՞լ եք, որ չար լեզուները մեծավ մասամբ ճշմարտախոս են լինում) ասում էին, որ Կատյան Ասատուր աղայի մոտավոր ազգականներից մեկի որբն է, Մոսկով գալիս առել, բերել են հետները։ Ուրեմն չորս տարիից ավելի էր, որ ամեն օր տեսնում էի նորան, բայց զարմանք բան, ոչ մի անգամ արժանի համարած չէի նորան իմ ուշադրությունը, տեղեկացած չէի թե՝ ի՞նչպես է կենամ, ի՞նչպես է զարգանում, ի՞նչ պիտի լինի սորա ապագան, մինչև անգամ մտադրությամբ նայած չէի երեսին և չգիտեի սիրո՞ւն է, թե տգեղ, և եթե փողոցի մեջ հանդիպեի նորան, շատ կարելի է որ չի ճանաչեի ես։

Երբ որ Կատյայի ձայնը ականջիս հասավ՝ առաջին անգամ՝ նայեցա երեսին և ի՛նչ տեսնեմ, առջևս կանգնած էր, թեև աղքատի հագուստով, բայց շատ գեղեցիկ աղջիկ, հասակը երկու-երեք մատ բարձր Սոֆիայից, երեսի գույնը առավել վարդագույն և առողջ, լանջերը ավելի ճոխ զարգացած, մազը ավելի թավ, վարսը ավելի հաստ և երկայն, բազուկները մսոտ, առողջ և ուժեղ, մեկ խոսքով՝ Կատյան այն հազվագյուտ կանանցմեն էր, որոնք հաջողակ դիպվածներին հսկաների մայրեր են լինում։ Բայց, ուշադրություն չդարձրի, ազնիվ ուսանողին շատ անվայել էր շքեղ բամբիշին փոխել մի մրոտ աղախինի վերա։

Անհամբերությամբ սպասում էի մայիս ամսին, երբ հարցաքննություններս ավարտած, բժշկի վկայականը ծոցս, օրինավոր քաղաքացի դարձած՝ պիտի ներկայանայի Ասատուր աղային և նորա պատվական Օսաննա խանումին և հայտնեի, որ ես ի վաղուց հետե հավանել եմ նոցա աղջկանը. ահա՜ այժմ ռուսաց պետության աստիճանավոր եմ, ապրուստս լիովին ապահոված է, առաջվա պես ողորմելի երիտասարդ չես, ուրեմն, խնդրում եմ նոցա աղջկա, գեղեցիկ Սոֆիայի ձեռքը։ Այս մասին քանի անգամ խոսել էի Սոֆիայի հետ, և որքան միտս էր գալիս, թեև նորա կողմեն մեկ հրճվալի ցնծության նշաններ տեսած չէի, բայց «չէ, չեմ ուզում քու կինը լինել» ևս լսած չէի նորա բերանեն, այնպես որ, կարծում էի թե՝ մեր ամուսնությունը ոչինչ արգելք չունի, գոնե իմ և Սոֆիայի կողմանե։

Վերջապես մայիսը հասավ, և ես վերջին հարցաքննություններս փառավոր կերպով տվի պրծա, վկայականս ծոցս դրի և ուրախ-ուրախ վազեցի Սոֆիայի ծնողաց մոտ։

— Հը՞, ի՞նչ ա,— բարևեց ինձ Ասատուր աղան։

— Պրծա՜, պրծա՛,— ասացի նորան ուրախ-ուրախ։

— Շատ լավ ա, շատ լավ,— ասաց նա,— հիմի ուրեմն մեր հինգ տարվա արած լավությունը փուճ տեղը չգնաց, մենք էլ փա՜ռք ասծու, պրծանք մեր պարտքից։ Հիմի ինչպես գիտես՝ էնպես կառավարվիր, էլ այսուհետև ումուտդ մեր վերա մի՛ տինիր. ինքդ քու գլխու ճարը արա...

Ես ամենևին այսպիսի պատասխան չէի սպասում, այս խոսքերը լսելով, ասես թե գլխուս սառը ջուր թափեցին։ Բայց ես ինքս ինձի ժողովեցի ու հետո ասացի.

— Մեծապես շնորհակալ եմ ձեզ՝ իմ վերա ունեցած ամեն երախտիքի համար, բայց ես ձեզ մի ուրիշ խնդիրք ունիմ հայտնելու։

Խնդիրքի անուն որ լսեց, Ասատուր աղայի երեսի գույնը թռավ։

— Հինգ տարի էսքան լավության անելից հետո՝ էլի՞ բան ա մընըմ,— ասաց նա դժկամությամբ։

— Այժմվա խնդիրս փողի բան չէ՛, ասացի։

— Ապա ասա՜, տեսնենք, ի՞նչ խնդիր ա։

— Ասատուր աղա՜,– ասացի կմկմալով,– ձեզ հայտնի է, որ ես այժմ անկախ մարդ եմ, այսուհետև ինձ ո՛չ առուտուր է պետք, ո՛չ դես ու դեն ման գալ՝ աշխատանք ու ապրուստ ճարելու համար, ոչ պետք է հոգամ թե վաղը ի՛նչ պետք է ուտեմ կամ մյուս օր ի՛նչ պետք է հագնեմ, փա՜ռք աստծո, այժմ իմ առջև ամեն դռներ բաց են, իմ կյանքը և ապրուստը բոլորովին ապահոված է...

— Լաաա՜վ,— ասաց Ասատուր աղան ձայնը ձգելով ու ճակատի տակից երեսիս նայելով,— էտի որ ասում ես՝ հետո ի՞նչ ես ուզում հասկացնի...

— Այն եմ ուզում հասկացնել, որ ես այժմ ազատ մարդ եմ...

— Թե որ ազատ ես, շատ բարի, քու ձեռը հով ա փըռնըմ... գնա՝ ուր որ ուզըմ ես, ո՞ւր ես մարդու բեզարացնըմ. ասաց ու բարկությամբ երեսը շուռ տվեց և ուզում էր հեռանալ...

Տեսա որ՝ ի՛նչ ուզում էի հասկացնել՝ խոսքերիցս այն դուրս չեկավ ու շփոթվեցա, բայց ուժս վրաս ժողովելով, նորից սկսեցի.

— Ասատուր աղա՜...

— Էլ ի՞նչ, հալա չի պրծա՞ր...

— Ես մեկ բան անեմ ձեզ հայտնելու...

— Ասա տեսնեմ, ի՞նչ ես ուզըմ հայտնել,— ասաց ու երեսը և մարմինը կես դարձուց դեպի ինձ։

— Ասատուր աղա, մի՛ բարկանաք վրաս, ես ձեզ մի գաղտնիք պետք է հայտնեմ...

— Փիյ է է է՛, սպանեցիր վեր տիրար, օրթնած մարդ, էս քանի՞ վախտ ա. ականճ եմ տինըմ՝ դատարկ խոսքերից ղայրաղ բան չեմ լսիմ. ասա՛ պրծի՛ր, ես ժամանակ չունեմ քու տռհաջությունները միտիկ անելու...

— Ես... ես... ես սիրում եմ մադմուազել Սոֆիային.. հոժա՞ր եք, որ նա իմ կինս լինի...

Ասատուր աղայի երեսը սպրդնեցավ, մեռելի գույն եղավ, աչքերը արյուն կոխեց, ճակատը քրտինք տվավ։

— Դո՜ւն... Սոֆիային... դո՜ւն... իմ, իմ, իմ Սոֆիանյին... իմ Սոֆիան քու կինը իլի՞... Իմ Սոֆինկեն, միլիոներ աղա Ասատուր Բեյթումալովի աղջիկը մեկ էշի զըխկու սալմաստեցի՝ խոյեցիի կընիկ իլիիի՛... ատա՝ խելքդ տանե՞լ ես տվել, թե՞ ինձ գիժ ես կարծում... Քեզ հո՞վ իրավունք տվավ էդպես անամոթ, լիրբ բաներ մտքից անց կացնելու: Միտիկ արա՛, պարոն հեքիմ, դու հալա ջահել ես. էս անգամին կիլի քեզ ներել, ամա թե մյուս անգամ էսպես անմարդավարի, պիապուռ խոսք լսել եմ բերանիցդ էն վախտ, խնդրեմ, ինձանից բեդամաղ չիլես. նոքարներիս կհրամայեմ վզակոթիդ տալով՝ տանիցս դուրս անեն։ Հիմի էլ, խնդրեմ, վախտ բե վախտ տունս մի գալ. այսուհետև վարժապետությունդ պրծավ, էլ դու ո՛չ Սոֆիայի վարժապետն ես, ո՛չ էլ Սոֆիան քու աշակերտը։ Հիմի գնա՜ քու բանին, կուզես՝ ղուլլուղ մտի՛ր, կուզես՝ էնպես հեքիմություն արա՛, կուզես քու վաթանը Սալմաստ ու Ղարաբաղ ա, ինչ մարաքա յա, գնա՜ ու քու գործիդ իլի՛ր. էս էլ լավ իմանաս, որ Սոֆինկան քու բերանի թիքան չի. նրա վերա խոսողը՝ առաջ մեկ լավ բերանը պետք ա լվանա, իստակի, ապա թե իրավունք ունենա խոսելու։

Այսպիսի անպատիվ վարմունքից ու խոսքերից ետ՝ ինձ ի՞նչ էր մնում անելու։ Գնացի փակվեցա իմ փոքրիկ սենյակի մեջ և ժամերով աղիողորմ լաց եղա։ Սոֆիայի հիշատակը ինձ անողորմ հալածում էր. աչքս թե փակ լիներ թե բաց՝ նորա երեսը կենդանի կեցած էր իմ առջև, և ասես թե մեղադրելով ինձ ասում էր. «Այդպե՞ս ուրեմն, տկար է քու սերը դեպի ինձ. մի՞թե մի ծեր մարդու երկա-երեք կշտամբանքը կարողացան սառեցնելու քու սերը, որն ես ամբողջ հինգ տարի արծարծել ու բորբոքել էի»։

Իսկույն տեղից վեր թռա. մի նամակ գրեցի նորան, այն օրվա նորա հոր հետ ունեցած խոսակցությունս բառ առ բառ գրեցի և հարցուցի նորա խորհուրդը թե՝ ի՞նչ պետք է անեմ այսուհետև։ Նամակը որ պրծա՝ կնքեցի ու գնացի Ասատուր աղայի տուն, ետևի սանդուղքով մտա խոհանոց, և կամացուկ սպրդեցուցի Կատյայի ձեռքը, խնդրելով, որ իսկույն Սոֆիային հասցնե։ Կատյան ոչինչ չասաց. մեղքանալով նայեցավ աչքերիս մեջ ու դուրս գնաց խոհանոցից: Ես էլ գնացի բնակարանս։

Երեկոյան թեյի ժամանակ կամացուկ ներս մտավ Կատյան, ու տվեց ինձ մի փոքրիկ թուղթ, ուր մատիտով գրած էր ռուսերեն. «Այս օրերս մենք գնալու ենք Տաք ջուր, եթե կարող ես՝ արի՛ այնտեղ, կարելի է դիպված գտնես մեկ հնարով հորս հետ հաշտվելու։ Իմ վերա հույսեր մի՛ դնիլ, ես քեզ ոչինչով օգնել չեմ կարող, նմանապես չեմ կարող ծնողացս կամքեն դուրս գալու, այդպիսի զոհ ինձանից մի՛ պահանջիլ»։ Նամակի տակը ստորագրություն չի կար։

Կատյան սպասում էր։

— Լա՜վ է, շնորհակալ եմ,— ասացի,— պատասխանելու բան չունիմ։ Ներե, որ քեզ անհանգստություն պատճառեցի։

Կատյան տեղիցը չշարժվեցավ։ Ես տեղես ելա նորից շնորհակալություն ասացի նորան, բայց նա դարձյալ անշարժ կեցած էր, ու աչքը արտասուք ուղիղ աչքիս մեջ էր նայում։ Ես զարմացա։

— Կատյա, ի՞նչ եղավ քեզ, ինչո՞ւ ես լալիս։

— Աղա՛, ես քեզ խնայըմ եմ, դա մեղք ես, իզուր տանջվըմ ես. Սոֆիան քու ոտքի հողին չարժե. նա փուճ աղջիկ ա. նահախ ես պատիվդ ոտնատակ անըմ։

— Ի՞նչ ես ուզում ասել, Կատյա ջան, ասացի, ինչո՞ւ ես վատաբանում քու խանումին, էստեղ նա ի՞նչ մեղք ունի, եթե կա մեղավոր՝ էդ նրա հերն է, Սոֆիան բոլորովին անմեղ է։

— Չէ՛, աղա, դու սխալվըմ ես, թեպետ աղա Ասատուրը մեղավոր ա, ամա Սոֆիան տասնապատիկ ավելի ա մեղավոր, թե Սոֆիան ուզեր՝ քեզ էս օրին չէր հասցնիլ. ամեն բանի մեղավորն Սոֆիան ա, նա քեզ գժվացնըմ ա. նա քեզ չի սիրում, նա ղայրաղ իրան ոչ-ոքի չի սիրում։

Նորից ու նորից զարմացա, որ այս մունջ Կատյայի բերանից այսպիսի համարձակ խոսքեր էին դուրս գալիս։ Հինգ տարվա մեջ ես մեկ բառ լսած չէի սորանից։ Ասեիր՝ տա՛ր՝ կտաներ, ասեիր՝ բե՛ր, կբերեր, ամեն հրաման առանց մեկ խոսք ասելու, անտրտունջ և լուռ կաներ։ Ոչ մի գանգատ, ոչ մի անտեղի, լիրբ ծիծաղ լսած ու տեսած չէի նորանից։ Այսօր մի հրաշք էր պատահել նորան. մեր հինգ տարվա մունջը պերճախոս հռետոր էր դարձել։

Ես գլուխս կախեցի և արտասուքը ակամա վազեցին աչքերես։ Կատյան կամաց, բայց այնպես կամաց, որ ես ամենևին չնկատեցի, մոտեցավ ինձ, ետևիցս գլուխս յուր կրծքին սեղմեց, պագեց և ասաց նույնպես լալով (նորա արտասուքը մազերիս վրայեն գլորվելով՝ երեսիս վերա ընկան). «Ա՜խ, աղա ջան, էս ի՞նչ դժոխք աշխարհ ա, դու Սոֆիայի համար ես էրվում, ուրիշը քու կրակովն ա խորովվում, Սոֆիան էլ, որ գիտե, ում ոտքին մի օր ղուրբան պետք ա գնա։ Աղա ջան, աղա ջան, հրամայե, ես քու ոտքերի տակ կսատկեմ... Ա՜խ, ինչո՞ւ ես իրավունք չունիմ քեզ սիրելու, դուն էն ժամանակ կտեսնեիր՝ թե ի՞նչպես պետք է սիրել քեզպես հոգիով տղամարդին»։

— Կա՜տյա, գիտե՞ս ինչ, գնա՛ շուտով տուն, չլինի թե Ասատուր աղան գա ու քեզ տանը չի գտնե. նա վատ մտքեր կունենա քո մասին։

— Աղա ջան, ի՞նչ եմ հոգում, որ նա իմ վերա վատ մտքեր կունենա, այսուհետև թեկուզ սև հողն էլ մտնեմ, հաջաթս չէ՛,— ասաց աղջիկը լալով ու դուրս թռավ։

Երբ որ Կատյան գնաց՝ խղճի խայթի նման մի բան սկսավ ներսս կրծելու։

— Սոֆիա՞, թե՞ Կատյա, Կատյա՞ թե՞ Սոֆիա, հարցնում էի ինքս ինձի, ու պատասխանը չէի գտնում։

Մի շաբաթից ճանապարհ ընկա դեպի Տաք ջուր, բայց Ասատուր աղան արդեն երկու օր առաջ գնացել էր այնտեղ։

Հունիսի 20.

Երկու օր դարձյալ անպտուղ կորցրի հյուրանոցներու, վարձու տալու տներու և բնակարաններու մեջ հարց ու փորձ անելով՝ արդյոք՝ Մոսկովից այս ու այս նշաններով ընտանիք եկե՞լ են թե ոչ։ Ոչ ոք ինձ մեկ բավարար պատասխան տալ չկարողացավ։ «Երևի, միտք արի, ես իրավ սխալվել եմ, մի օտար աղջիկ նմանեցնելով Կատյային»։

Այսօր երեկոյան դեմ, ժամը 6-ին, ես գնացի այստեղի ճեմելիքը՝ ուր սովորաբար երաժիշտները նվագում են և ժողովուրդը խառն բազմությունով զբոսնում է։

Ճեմելիքի մեջ տեղ-տեղ դրած են դեղձանիկի վանդակի նման փոքրիկ խանութներ, ուր վրաստանցի հայը ծախում է թարմ պտուղներ, գերմանուհին՝ տաք-տաք գրդակներ, ուրիշ մարդ՝ լրագիրներ և գրքեր, տեղ-տեղ սեղաններ էլ կան, ուր ծախվում են արծաթագլուխ ցուպեր, կնիքներ, բուստե և լավաե շինած կանանց զարդեր, «նորաշեն հնություններ և նորատիպ հին դրամներ», այս սեղաններից մինի առջև կանգնած են երկա-երեք պարսիկներ և ծախում են ակեր ա մարգարիտներ։

Ես առհասարակ սաստիկ հակակրության անիմ դեպի ակնավաճառները, և նկատել եմ, և իմ նկատմունքը շատ սակավ սխալ է եղել, որ ակնավաճառները ըստ մեծի մասին լինում են խարդախ, խորամանկ, ստախոս, մարդահաճո, շողոքորթող և խաբեբա մարդիկ։ Պատճառը շատ պարզ և հասկանալի է. նախ որ՝ «մութ ապրանք» է, նա որոշյալ գին չունի, նորա գինը կտրվում է ծախողի ճարպկությունով և գնողի թեթևամտությունով, և. երկրորղ՝ ակը առօրյա պետքական բան չէ. այլ զեխության առարկա է. նորա գնողը հարկավ ունևոր մարդ պիտի լինի, իսկ ունևոր մարդու ձեռքից շատ փող դուրս հանելու համար՝ վաճառականը պիտի ունենա այն հատկությունները, որ քանի մի տող վերը հիշեցի, այսինքն՝ խորամանկություն, մարդահաճություն, ստախոսություն, շողոքորթություն, խաբեբայություն և խարդախություն։

Ինչպես ասացի, ճեմելիքի մեջ շարած սեղանների մինի առջև կանգնած էին պարսիկներ ու թանկագին ակեր և ակնակուռ զարդեր էին ծախում։ Հանկարծ աչքս դարձնեմ ու ի՞նչ տեսնեմ. Ասատուր աղան մի մեծ կարմիր զմրուխտ է ծախս անում, պարսիկը պահանջում է վեց հազար մանեթ, իսկ Ասատուր աղան տալիս է չորս հազար հինգ հարյուր մանեթ։

Համալսարանումը ես առանձին ուշադրությամբ լսում էի հանքաբանության դասախոսությունները և մեր պրոֆեսորը ակերու վերա խոսելիս՝ միշտ սովորեցնում էր մեզ զանազան հնարներ՝ թե ի՞նչպես պետք է խարդախ ակը իսկականից ջոկելու, իսկ կարմիր հակինթի մասին, այս օրվա պես միտս է, երկարորեն պատմել էր։

Եվ ճշմարիտ պետք է ասել, որ այնպիսի ընտիր ակ, ինչպես որ պարսիկն էր ծախում, ես կյանքիս մեջ տեսած չէի՝ թե՛ ցոլքի, թրաշի, և թե՛ խոշորության կողմանե։ Թագավորին էլ որ ընծայեիր, չէիր ամաչիլ՝ այնքան գեղեցիկ էր։ Հանկարծ հոգուս մեջ երկմտություն մտավ չլինի՞ թե այս խարդախ ակ լինի, վասնզի, ես կարծում էի, եթե նա իսկական ակ լիներ՝ առսակավը տասնհինգ հազար մանեթ պետք է արժենար, իսկ մեկ քնծռոտ պարսկի ձեռք ի՞նչ գործ ուներ այդպիսի գումարի ահագին ապրանք։ Արդեն պարսիկը զիջել էր ութ հարյուր ռուբլի և Ասատուր աղան ավելացրել էր հինգ հարյուր ռուբլի, տարբերությունը այնքան չնչին էր, որ փոքր ժամանակից ետ անպատճառ նոցա ծախսը պիտի վերջանար և ակը պիտի ծախվեր։ Սիրտս չհամբերեց, ուզացի ստուգել իմ կասկածը, մոտեցա Ասատուր աղային, բարևեցի (իբր թե մեր մեջ երբեք գժտություն պատահած չէր), հարցուցի նորա առողջությունը (Սոֆինկայի մասին մի խոսք չհիշեցի) և հետո հարցրի, թե ի՞նչ է ծախս անում։

— Էս յաղութը ուզում եմ առնել, ի՞նչ կասես՝ լավ բան ա՞,— և ցույց տվեց ինձ այն սիրուն ակը, որ փստուղի մեծության կլիներ։

Ձեռքս առի, դարձրի դեպի արեգակն ու ակի մեջտեղը երկայն ժամանակ և ուշադրությամբ նայեցա։ Մի աննշմարելի գիծ տեսա նորա մեջ որն անփորձ մարդը հարյուր տարի էլ որ նայեր՝ չէր տեսնիլ, ու դառնալով պարսկին, ասացի.

— Քանի՞ ուզում ես ծախել այս ակը։ Պարսիկը կեղծի ժպիտով ասաց.

— Ես պահանջում եմ հինգ հազար երկու հարյուր մանեթ, իսկ այս աղան (ցույց տվեց Ասատուր աղայի վերա) տալիս է հինգ հազար, մնում է որ ձեզպես լուսավորյալ և հմուտ մարդը մեզ հաշտեցնե այս երկու հարյուր մանեթի համար, ասաց ու խոնարհաբար գտակը հանեց առջևս։

— Այս խարդախ ակ է,— ասացի պարսկին։– Դու ի՞նչ իրավունք ունիս հրապարակի մեջ և այդպիսի լրբությամբ միամիտ մարդոց խաբելու։ Դու չգիտե՞ս որ՝ այս Ռուսաստան է, ուր կա օրենք և դատաստան, դու քու Պարսկաստանը չգիտենաս, ուր կարելի է օր ցերեկով խաբել, խարդավանել և սպանել, ու անպատիժ մնալ։

Պարսկի և Ասատուր աղայի երեսները սպրդնեցան. մինինը վախից, իսկ մյուսինը բարկությունից։

— Ատա՛, էլի՞ քու անմարդավարությունը շանց տվար, էլի՞ տեղդ դինջ մնալ չկարողացար, էս ի՞նչ բիաբուռ, թոկից բաց ընկած մարդ ես իլած, մեղայ ասծու մեղա, ասաց ինձ Ասատուր աղան։

Նորա բարկությունից խրախուսված՝ պարսիկը հարձակվեցավ վրաս.

— Պա՛րոն, երևի դու ի՛նքդ կարծում ես, որ այս երկիրը Ռուսաստան չէ՛, այլ մեկ վայրենի անապատ է. եթե դու օրենքի հետ ծանոթ լինեիր, անշուշտ կիմանայիր, որ Ռուսաստանի մեջ զրպարտիչը նույն պատիժն է ստանում, ինչ որ պետք է ստանար հանցավորը։ Այժմ ես քու օձիքդ (յախադ) ձեռքես բաց չեմ թողնիլ, եթե չապացուցանես, որ ես խարդախ մարդ եմ, օրենքը կուտա քեզ այն պատիժը, որն պիտի ստանա խարդախը։

— Թո՛ղ այդպես լինի,— ասացի ես,— կա՛մ Սիբիր կերթամ՝ աքսոր, կամ կհաստատեմ, որ այս ակը խարդախ է, և դա ոչ թե հինգ հազար երկու հարյուր մանեթ, այլ մեկ գրոշ չի արժիլ։

Այս որ ասացի, վառեցի մի լուցափայտ ու բոցը մոտեցրի ակին, երբ որ ակը մի փոքր տաքացավ՝ իսկույն երկու կտոր սիրուն տաշած և հղկած հասարակ ապակի դարձավ, որի մեջ ներկ էր քսած՝ կարմիր գույն տալու համար ու եզերքները սոսնձով կպցրած։

Ասատուր աղան պապանձված մնաց, իսկ պարսիկը ամոթիցը ու բարկությունիցը չգիտեր ի՛նչ աներ։

— Տե՛ս, տե՛ս, ի՞նչպես խաբվել եմ ես. այս անպիտան հասարակ ապակիի համար տվել եմ հինգ հազար մանեթ ափսո՜ս, հազար ափսոս իմ կորցրած փողիս,— ասաց պարսիկը, հուսահատված ձևանալով։

— Ա՜յ բան,— ասաց, ծիծաղելով Ասատուր աղան, ամա լավ բաբաթի պետք է խաբեր ինձ էս շ. ո. պարսիկը եթե դու չիլեիր... Նո՜ւ, պարոն Վարդան, մեռնելս մտքիցս կանցներ, բայց էսպես ղոչաղությունդ ամենևին մտքիցս չէր անցնիլ։ Էսօր դու ինձ հինգ հազար մանեթ բաշխեցիր, մեծապես շնորհակալ եմ։ Թե էդպես ա՝ արի՛ գնանք մեր տուն՝ մեկ տեղ հաց ուտենք, բայց խնդրըմ եմ, մյուս անգամ էլ էն հին գժություններդ մի՛ անիլ։ Էս անգամն էլ քեզ կբաշխեմ։

Պարսիկը կամացուկ հավաքեց ապրանքը, փակեց ապակիե կափարիչով արկղը ու հեռացավ. մենք էլ գնացինք Ասատուր աղայի տունը։ Այս կերպով նորա դռները նորից բացվեցան իմ առջև։

Ճաշի վրա ո՛չ Սոֆիան կար և ոչ նորա մայրը՝ Օսաննան, Կատյային էլ չտեսա։ Երեկոյան ժամը 5-ին սիրտս կոտրած վերադարձա իմ խրճիթը։

Հունիսի 23.

Ի՞նչ եմ ուզում ես Ասատուր աղայից, ի՞նչ եմ սպասում Սոֆիայից, այս հարցմունքներին մինչև այժմ ինքս ինձի ուզացած չեմ ճիշտ պատասխան տալու. Ասատուր աղան որ կա՝ մի ինքնահավան, կամակոր, փառամոլ մարդ է։ Նա ինքը իր խելքով, իր աշխատանքով (արդար, թե անարդար ճանապարհով՝ այդ ջոկ բան է) կարողացել է միլիոնի տեր լինելու, այդ՝ Ասատուր աղայի և նորա նմանների կարծիքով մի այնպիսի սխրագործություն է, որի առջև պիտի ոչնչանան ամենայն ինչ մարդկային արժանավորություններ և առաքինություններ. գիտություն, իմաստություն, քաջություն, քանքար, հանճար՝ ի՞նչ չնչին բաներ են հարստության առջև։ Ասատուր աղան արդեն սիրահարված է յուր խելքի վերա, կամակորությունը խորունկ արմատ ձգել է նորա մեջ։ Ասատուր աղան հարուստ է, ուրեմն աշխարհքի ամեն բարիքը հասանելի են նորան. փողով նա կարող է մեծամեծ, արքայավայել պալատների մեջ բնակել, իրա շրջապատը շքեղ զարդարել, ծանոթություն ունենալ ամեն պատվավոր, քանքարավոր և բարձր աստիճանավոր մարդոց հետ, գնել մարդոց խղճմտանքը, գնել, մինչև անգամ, չքնաղագեղ կանանց եթե ոչ սերը, գեթ նոցա կեղծի գորովը և հրապույրքը։ Ես՝ մի աղքատ և աննշան բժիշկ, այն էլ հայ բժիշկ, ի՞նչ պիտի կարողանամ նորան տալու, ինչո՞վ գրավելու նորա կոշտացած սիրտը։ Նորան պետք է բարձրաստիճան, անվանի, երևելի ազգատոհմե փեսա, որի վերա նայելով նա կարող լինի պարծենալու թե՝ ահա ինչպես ոմնի տվել եմ իմ աղջկանը։ Ես ի՞նչ մեկ այդպիսի աչք ընկնելու արժանավորության ունիմ, բացի համեստաթենես և աշխատասիրութենես, որով հագենար նորա սնափառությունը։ Այժմ դառնանք Սոֆիային։ Ինչո՞ւ– ինձ պետք է սիրե Սոֆիան. նորա՞ համար որ ես նորան սիրում եմ. ի՞նչ մեծ փառք և երջանկություն է իմ սերը նորա համար։ Գեղեցիկ դեռահաս, և որ գլխավորն է՝ հարուստ աղջկան ո՞ր երիտասարդը չի սիրել։ Ո՞ւր է իմ այն արտաքին գեղը, որի վերա ամեն աղջիկ հաճությամբ նայում է. ո՞ւր են իմ փայլուն ուսադիրները՝ փայլուն օձիքները, շըխքշըխքալի թուրը և խթանները, որոնք հրապուրում են ամեն աղջկա աչք ու ականջ։ Չէ՛, ո՛չ Ասատուր աղան և ո՛չ Սոֆիան կարող են սիրել ինձ այնպես, ինչպես որ ես կկամենայի։ Եթե իմ մեջ կա ինչ ու ինչ արժանավորություն՝ նա այնքան փոքր է, որ խոշորացույցով պիտի նայես վերան, որ տեսնես, իսկ խոշորացույցը չի կա ո՛չ Ասատուր աղայի և ո՛չ Սոֆիայի աչքերին... Այս էլ ասենք, եթե Սոֆիան մի հասարակ մարդու աղջիկ լիներ, արդյոք ես կսիրեի՞ նորան և նա ինձ գեղեցիկ ու հրապուրիչ կերևա՞ր... իսկ Կատյա՞ն... Չէ, հեռացիր ինձանից, զննողակա՛ն ոգի, քեզ յուր մեջ ունեցողը երբեք բախտավոր չի լինիլ։ Չեմ ուզում իմ զգացմունքը կշիռքի վերա դնելու... Ես սիրում եմ Սոֆիային. ես ամեն, հնար գործ պիտի դնեմ առաջադրյալ նպատակիս հասնելու և... կհասնեմ։

Այսօր բոլոր օրը անձրև էր գալիս, ամբողջ օրը տանիցս դուրս գալու հնար չի գտա. երեկոյան դեմ թեև անձրևը դադարեցավ, բայց գետինը այնքան խոնավ էր, որ հազիվ թե ժողովուրդը զբոսնելու ճեմելիք երթա։ Անհնարին բան է, որ Սոֆիային թողած լինեն տնից դուրս գալու, հայրն ու մայրը դողում են նորա վրա ու աչքերի լուսի պես պահում են։ Չէ, նա ճեմելիք չի երթալ։ Մենակ նստած եմ սենյակիս, մեջ ու սրտնեղությունիցս պատուհանիցս դուրս եմ նայում։ Շատ սակավ տուն կգտնվի Տաք ջուրի մեջ, որի դիրքը այնպես կենդանանկար լինի, ինչպես իմը, թեև բնակած փողոցս շատ տգեղ անուն ունի (Խոզի ձոր), բայց այն տեսարանը, որ փռված է առջևս՝ ի՛նչ ասես կարժե։ Հարավից երևում է գալարազարդ պարտեզների և անտառների ծով. առավել հեռուն Փոդքումոք գետակը, օձի նման պտույտքելով, անցնում է դաշտերի, անտառների ու սարերի միջով, ավելի հեռուն միջին բարձրության բլուրներ ծածկած են ծառերով, որոնք ինձ դալար խոտ են երևում, հեռավորության պատճառով նոցա ետևից էր յուր ալեզարդ կրկնակի գագաթները «տաշած ադամանդի» նման բարձրացնում Եալբուզը։ Արևմտյան պատուհանիցս երևում են հայոց Նորաշեն եկեղեցիի գմբեթն ու Բեշթավի հինգ գագաթներեն մինը։ Ամբողջ քաղաքը լողում է ծառատունկների մեջ. կարմրակատարներնու խաղատտնիկները նոցա սաղարթների մեջ պահված՝ օդը լցնում են իրանց դայլայլիկովը. խոտերի ու ծառերի տերևների վերա ծիածանի ամեն գույներովը փայլում են անձրևի շիթերը, օդը այնպես մաքուր է, որ ամեն մի շունչ առնելիս՝ կարծում ես թե կյանքը լայն հոսանքով թափվում է մեջդ։

Անկո՜ւշտ մարդ, ահա քեզ բախտ, ահա քեզ գեղեցկություն, որն քեզանից չի պահանջում ոչ զոհ և ոչ հոգեկան տանջանք, վայելե՛, բախտավոր եղիր, ինչո՞ւ վազում ես անցավոր մութի ու անշոշափելի ստվերի ետևից։ Մի՞թե քեզ սիրող Կատյան խրճիթի մեջ քեզ պակաս բախտ կբերե, քան թե քեզ արհամարհող Սոֆիան ճոխ ապարանքումը...

Լռե՛, լռե՛, առողջամտությո՛ւն, ես քու ձայնը չեմ ուզում լսել, ես սիրում եմ Սոֆիային, և ձեռքես եկած ամեն հնարը գործ կածեմ, որ նա էլ ինձ սիրե և իմը լինի։

Քնեցա, և անհանգիստ երազները սաստիկ տանջեցին ինձ ամբողջ գիշեր, մյուս օր որ զարթեցա՝ մարմինս հոգնած և տանջված էր։

Հունիսի 25.

Այսօր հասարակաց մատենադարան էի գնացել, ուզում էի կարդալով ձանձրույթս մի փոքր ցրվելու, բայց ո՛չ Լերմոնտովը, ո՛չ Տուրգենևը, ո՛չ Տոլստոյը և ո՛չ ժամանակակից հաստ օրագիրները կարողացան փարատելու տրտմությունս: Թեև Տաք ջուր եկած օրերս ոչ մի անգամ տեսած չէի Սոֆիային, բայց հենց որ գիրքը բացում էի էջքերի մեջ գրվածքի տեղ տեսնում էի նորա պատկերը, բայց, զարմանալի՜ բան, Սոֆիայի ետևից էլ երևում էր աչքիս Կատյայի երեսը, որ տխուր նայում էր վրաս և գլուխը շարժելով, ասես թէ մեղադրում էր ինձ... ինչո՞ւ...

Ձեզ մեկ բան ասե՞մ, լսեցե՛ք; Տեսնում եք, որ ես Սոֆիային սիրում եմ, այսուամենայնիվ, նորա սիրտն ու հոգին գրավել չեմ կարողանում, ինչո՞ւ։ Մյուս կողմից, ես համոզված եմ, որ Կատյան ինձ սիրում է, և հոգիս վկայում է, որ այդ տգետ, ծառա աղջիկը վաղ կամ ուշ կգրավի ինձ և կտիրապետե... ինչո՞ւ։

Իսկական մաքուր, անկեղծ սերը միշտ կհամոզե ու կհաղթե։

Ի՜նչ, ինչ ասացի՜ ե՞ս... Կատյայի՞ն... սիրե՞մ... ե՞ս նորան... իմ կի՞նը... անեմ... Երբե՛ք, ես շուտով ինքս ինձի կտամ կսպանեմ, քան թե շքեղ, քնքուշ Սոֆիային թողած, այդ սպասավոր աղջկան սիրեմ և վրան պսակվիմ։ Թո՛ղ այն օր ինձ սև սուգի օր լինի, երբ ես Կատյայի մարդը լինիմ։ Միթե՞ ես այդ բանի համար իմ պատանեկության ամենագեղեցիկ հինգ տարին զոհեցի, ամեն տանջանք, նվաստություն և զրկանք համբերեցի, որ, վերջապես, ծաղիկ հասակս և փայլուն ապագաս նվիրեմ մեկ նաժիշտի... Ա՜խ, Կատյա, Կատյա, այս ի՞նչ ես անում ինձ հետ, քու մաքուր և անկեղծ սերը դեպի ինձ առավել վտանգավոր է, քան թե վիշապ օձի խեղդող օղակները։

Թողի գրքերն ու գնացի հասարակաց դահլիճը (Նիկողայոսյան ոքսհալը), որ կից է մատենադարանին, որ Էսենթուքի ջուր խմողները ժամ կամ ժամ ու կես ման են գալիս, հանկարծ ի՞նչ տեսնեմ, Սոֆիան և Կատյան ման եկողների մեջն էին, երբ որ հակառակ պատին հասած՝ ետ դարձան ու երեսները շուռ տվին՝ մենք միմյանց հանդիպեցանք։ Ինձ որ տեսավ Սոֆիան՝ սպրդնեցավ, իսկ Կատյան շառագնեցավ։ Իրար բարև տվինք, ձեռք սեղմեցինք (իհարկե, Կատյան ինձ ձեռք տալու չհամարձակվեցավ) ու սկսանք սովորական խոսակցություն՝ օդի և ջրերու ներգործության և այլ այսպիսի աննշան առարկաների մասին։ Կատյան թեև չէր խոսում, բայց աչքիցս պուկ չէր տալիս։ Սոֆիան թեև հետս էր խոսում, բայց ամենևին չէր նայում վրաս, այլ նայում էր մեկ սպայի վերա, և այդ սպան էր... Դռոզդովը, որն պահարանի առջև կանգնած՝ հանքերն էր նայում։

Սիրտս տակնուվրա եղավ, նախանձը օձի խայթոցի նման լցվեցավ սրտիս մեջ և անողորմաբար տանջում էր ինձ։

— Այս ի՜նչ սիրուն սպա է, ասաց ինձ Սոֆիան, չգիտե՞ք արդյոք ի՛նչպես է նորա անունը։

— Անունը Վլադիմիր է ասացի։

— Վլադիմի՞ր, ա՜խ, ինչ սիրուն անուն է։

— Մի՞թե Վարդանը, իմ անունս, Վլադիմիրից վատ է։

— Ով է ասում, Վարդանն էլ վատ անուն չէ,— ասաց ու քթի տակից ծիծաղեց։— Վարդան, Վարդան. «Հայը թակե Վարդանին, թուրքը թակե Վարդանին», հա՜, հա՜, հա՜, հա՜, բայց Վլադիմիրը ավելի գեղեցիկ է։ Ինձ այնպես երևում է, որ՝ ով որ Վլադիմիր անուն է կրում՝ անպատճառ պետք է լինի սպիտակ երեսով, կարմիր թշերով, բարձր հասակով, կապույտ աչքերով և դեղձան մազերով մեկ քաջ երիտասարդ...

— Ինչպես որ այս Դռոզդովն է, այնպես չէ՞, օրիորդ։

— Մի՞թե սորա մականունը Դռոզդով է. այդ էլ շատ գեղեցիկ մականուն է... Վլադիմիր Դռոզդովը,— մրմնջաց կամացուկ...— շատ սիրուն երիտասարդ է։

Սոֆիայի աչքերը գոհարի նման ցոլացին, երեսը շառագընվեցավ և դեմքի վերա անմեկնելի երջանկություն փայլում էր։

Այդ րոպեին ես այնպես ատեցի Սոֆիային, ինչպես որ մարդս կարող է ատել յուր ծնողաց կամ զավակների սպանողին, բայց, ավա՜ղ, այդ ատելությունը նման էր այն ատելության, որն զգում է թռչունը, որ կեցած է խորամանկ օձի առջև, ողորմելին թովված է թունավոր սողունի աչքերեն. նա ակամա մոտենում է նորա բացած բերանին, և ատելով՝ նորա զոհն է դառնում։ Այսպիսի կախարդական ուժով Սոֆիան քաշում էր ինձ դեպի իրան։ Մի՞թե այս սեր է։ Եթե այդ սեր ևս լինի, գոնե այն սերեն չէ, որն մարդուս երջանկացնում է։ Եթե Կատյան Սոֆիայի հանգամանքի մեջ լիներ՝ նորան էլ այսպե՞ս կսիրեի արդյոք, թե ո՛չ։ Ահա խնդիր, որն լուծելու համար առողջ դատողությունս հրաժարվում էր ինձ օգնելու...

Սոֆիան յուր անզգույշ վարմունքով բանը այն տեղը հասցուց, որ Դռոզդովը նկատեց, որ աղջկա վերա ազդեցություն է գործել յուր արտաքին տեսքովը։ Քանի-քանի անգամ նորա վերա շինծու անուշ աչքեր ձգեց, և մի անգամ էլ իբր թե պեխերն է շփում, մատի ծայրովը համբույր ուղարկեց նորան։ Չգիտեմ նկատե՞ց այդ Սոֆիան, թե ո՛չ, միայն թե ամենևին վիրավորված չցուցուց իրան, այլ ընդհակառակն, միշտ ինձ հետ պինդ-պինդ ռուսերեն խոսելով, աչքը նորանից չէր հեռացնում, և խոսակցության նյութը ավելի հետաքրքրելի էր Դռոզդովին, քան թե ինձ։

Կատյան, ինչպես ասում են, կեցած տեղը անկրակ այրվում էր ամոթից ու դժկամությունից։

Ի՞նչ պիտի կարծեր Դռոզդովը իմ վերա, ի՞նչ գաղափար պիտի կազմեր օրիորդ Սոֆիայի և առհասարակ ամեն հայերի վերա։

Ես աղջիկներին մինչև նոցա տան դուռը ճանապարհ ձգեցի, բայց քաղաքավարությամբ ներս չի մտա. սպասում էի, որ Սոֆիան կհրավիրե. բայց նա չհրավիրեց, և ես մնաս բարև ասացի ու հեռացա։

Տխուր վերադարձա ճեմելիք։ Թեև ժամանակը ուշ էր, բայց շատ զբոսնողներ կային։ Նստարաններից մինի վերա սպաները պինդ-պինդ խոսում ծիծաղում էին։ Հեռվից գալիս էր Դռոզդովը։

Սպաներեն մինը ասաց.

— Պարոններ, աչքերդ այն կողմը դարձրեք։ Թամբովի այղըռն է գալիս։

Սպաները բարձրաձայն ծիծաղեցին։ «Շատ սիրուն և հարմար անուն է մեր Դռոզդովի համար»,— ասացին քանիսը, «Թամբովի այղը՜ռ, Թամբովի այղը՜ռ» կրկնեցին։

Երբ որ Դռոզդովը մոտեցավ՝ ոչ մի սպա նորան ձեռք չի տվեց, ինչպես երևում էր՝ նա նոցա առջև խեղկատակի դեր էր խաղում։

— Պարոննե՛ր, ծիծաղեցեք վրաս, ծիծաղեցե՛ք,— ասաց նա կես ծիծաղով և կես ծանրադեմ,— ձեր չի հավանած Թամբովի այղըռը մի այնպիսի ասիացի զամբիկ է գտել, որի համար շատերդ ուրախությամբ կհոժարեիք ինձ նման այղըռ լինելու։

— Ո՞ւր է կենում այդ զամբիկդ, ո՞րտեղ կարող ենք նորան տեսնելու,— ասացին մի քանի երիտասարդ սպաներ։

— Որտեղ կեցածը դեռևս ինքս էլ չգիտեմ, բայց կարծում եմ, եթե պարզ եղանակներ լինին, նորան միշտ կարելի է ճեմելիքում տեսնել։ Բայց այդ չէ՛ գլխավորը, այն է (ինձ մի առմեաշքա պտղավաճառ ասաց), որ նա մի շատ հարուստ հայի աղջիկ է, թեև ցեղը, ինչպես տեսնում եք, ասիական է, բայց ֆրանսիացիից ավելի ազատամիտ դաստիարակված է. ուրեմն «մեր դաշտի պտուղներիցն է»։ Կեցցե՜ լուսավորությունը։

— Շնորհավորե՛նք, շնորհավորե՛նք այդ գյուտդ, բայց հետո մեզ էլ մաս կհասնի՞,— ասացին մի քանի կարմիր ու կապուտ քիթերով սպաներ։

— Պա՛րոններ, դուք շատ լավ գիտեք, որ ես եսամոլ չեմ։ Իմ սիրած բանս է կանանց սրտերի մեջ ճանապարհ բանալ, հետո արդեն ես չեմ հոգում՝ ով անցուդարձ պիտի անե այդ ճանապարհի վերա։

Սպաները ծիծաղեցան. բայց իմ սրտես արյուն կաթեցավ։

Եվ ի՞նչ զարմանք, եթե ինքդ չգիտես պատիվ պահելու, ի՞նչ իրավունք ունիս պահանջելու, որ ուրիշները պահպանեն։

Գլուխս կախած տուն վերադարձա։

Հունիսի 26.

Առավոտը որ զարթեցա՝ առողջությունս տեղը չէր. լեզուս պղտոր էր, աչքերիս սպիտակուցը դեղնագույն և մի փոքր էլ արյուն կոխած, բազկերակս անկանոն, բերանս դառն, ասես թե լեղի էի խմել, բայց շատ լավ գիտեմ՝ որ գիշերս մրսած չէի, և ո՛չ երեկվա օրն ստամոքսս ավերած։ Այսպես ուրեմն, պրոֆեսորներիս ասածը արդարացավ, թե հոգու ստացած հարվածները միշտ ցոլանում են մարմնու վրա։ Այսօրվա տկարությունս անշուշտ հետևանք են երեկվա անախորժ անցքերին։

Այժմ արդեն երկբայության տեղի չիկա, որ Սոֆիան ինձ չէ սիրում, բայց այդ բավական չէ, ես այժմ մինչև անգամ կասկածում եմ, որ նա երբևիցե և որին ևիցե կարող լինի սիրելու։ Կինը սիրո համար ստեղծած է, վասնզի կինը ինքը անձնավորած սեր է. կինը որ չսիրե՝ նա յուր կնությունը կորցնում է, մի խրտվիլակ, մի հրեշ է դառնում։ Աղջիկը, որ պղատոնական սիրով չսիրե մի գաղափարական պատանիի, հարս որ չսիրե յուր փեսային, կողակից որ չսիրե յուր ամուսինին, մայր որ չսիրե յուր զավակին— այս անհասկանալի է ամեն ազգի մեջ։ Գիտեմ, հոգիս վկայում է, որ եթե երբևիցե Սոֆիան իմ կինը լինի՝ նա իմ գլխուն մեծ անբախտություն պիտի բերե. աշխարհիս երեսին ամենաթշվառ արարածը պիտի դարձնե ինձ. բայց այնուամենայնիվ, նորա պատկերը մտքիցս հանել չեմ կարող։ Շատ թանկ կտայի այն մարդուն, որ ինձ պարզեր՝ արդյոք հինգ տարվա սովորության հետևա՞նքն է այս, թե՞ ես իսկապես սիրում եմ նորան։ Նմանապես շատ կուզեի իմանալ՝ թե Սոֆիան ևս սիրե ինձ, ինչպես որ ես սիրում եմ նորան՝ արդյոք իմ սերը մի փոքր չէ՞ր պակսիլ և կամ բոլորովին չէ՞ր անհետանալ սրտես։ Արդյոք արգելքները գլխավոր դեր չե՞ն խաղամ սիրո կապերի մեջ։ Արդյոք մենք մեր համառությունը չե՞նք ընդունում սիրո եռանդի տեղ... Ո՞վ ինձ կմեկնե այս, իմ տարիքի համար, դժվարալույծ խնդիրները։

Կեսօրի ժամանակ տոթը սաստկացավ, փոքրիկ սենյակիս մեջ շնչելու օդ չէր մնացել, խեղդվում էի. սրտմաշուկ ճանճերը տարմովին թռչում նստում էին մերթ առիքի, մերթ գեղանի և մերթ գլխուս վրա, նոցա բզզոցը դժոխային երաժշտության էր ականջներիս համար։ Էլ հնար չիկար տանը մնալու, կես հիվանդ, կես առողջ հագվեցա թեթև ու գնացի ճեմելիք։ Մարդիկ կամաց-կամաց, ամեն կողմից, գալիս հավաքվում էին, շատերը իրանց պատվիրած թիվը բաժակներին խմել էին ու լոգարանները ընդունել էին, մնացածն էլ ինձպես տանը մնալու հնար չունենալով՝ զայիս էին ճեմելիք զբոսնելու, ճաշելու էլ դեռ շատ վաղ էր։

Տաք ջուրի ճեմելիքները սկսում են Մաշուխի բարձրագույն լանջեն, այսինքն իսկ և իսկ այնտեղեն, ուր կա Եղիսաբեթյան սրահը և իջնում են դեպի վայր, և գնալով միշտ դեպի արևմուտք, վերջանում են քաղաքի սահմանումը։ Երբ որ Եղիսաբեթյան սրահին հասար՝ դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ սար, դեպի ձախ կողմդ վերևումը կտեսնես մի կանաչ ներկած հովանոց, ուր երբեմն եղել է Էլոյան տավիղ, որ այժմ հանած է, ավելի ցած՝ գտնվում է Լերմոնտով բանաստեղծի քարայրը և մեջը նորա կիսարձանը, իսկ սրահը մեջ ընդ մեջ անցնելով, եթե երթաս դեպի հյուսիսային-արևմուտք, մի վերսթ հեռավորությամբ կա այն երևելի փուլը, որը լցված է ծծմբային տաք ջրով, դեպի ուր այժմ տանում է մի գետնափոր ճանապարհ։

Ահա այսպես, ետև ետևե ճեմելիքները անցնելով, հասա մինչև Եղիսաբեթյան սրահը, այնտեղ մի փոքր կանգ առի, հարավումը տեսա ահագին Եալբուզը, որ ութսուն վերստ հեռվից մի ահագին սառույցի նման փայլում էր առջևս, և հետո քայլերս ուղղեցի դեպի փուլը։

Ճանապարհի կեսը անցած էի, որ տեսնեմ հեռվից մի կին է գալիս, երբ որ մոտեցավ՝ տեսա որ Կատյան էր, որ փուլից վերադառնում էր։

Իրար բարևեցինք։

— Երևի փուլ էիք գնացել,— ասացի։

— Այո՛, փուլ էի գնացել թամաշա անելու,— ասաց նա։

— Ափսո՜ս, որ ես մի փոքր ուշացա և կամ դուք մի փոքր շտապեցիք, թե չէ՝ միասին կերթայինք, ճանապարհը երկուսիս էլ ձանձրալի չէր լինիլ,— ասացի։

— Ի՞նչ հաջաթ, ես դադրած չեմ, պարոն Վարդան, եթե կկամենաք՝ ես ձեզ հետ նորից կերթամ,— ասաց Կատյան։

Երկուսս էլ սուտ ասացինք, երկուսս էլ մին մինի ասելու բաներ ունեինք, բայց չէինք ուզում խոստովանելու, երկուսիս էլ փուլ էրթալը (ես քանիցս արդեն տեսել էի) մի վայելուչ պատրվակ էր։

— Ուրեմն, Կատյա, եթե ձեզ ծանրություն չի լինիլ, էրթանք միասին,— ասացի ու կուռս տվի իրան։

Խեղճ աղջիկը, կյանքի մեջ երևի այսպիսի քաղաքավարություն տեսած չէր. ո՜րպիսի ուրախությամբ ձեռք ընկավ կուռիս, ո՜րպիսի քնքուշ շարժվածքով սիրուն գլուխը խոնարհեց դեպի աջ ուսս, հավատացեք, ոչ մի ավագորյարի կամ իշխանի կին կամ դուստր չէր կարող այդպիսի չքնաղ պատկեր ձևացնելու յուր անձով։ Նորա գլուխը հասնում էր մինչև ականջիս բլթակը, հասակը հասակիս և կազմվածքը կազմվածքիս այնպես հարմար էին գալիս, որ ասես թե անդուստ ի վերուստ մենք մեկմեկի համար էինք աշխարհք եկած։ Աչքիս ծայրով նայեցա նորա երեսին և տեսա նորա լիովին երջանկությունը և անձնաբավականությունը։ «Տե՛ր Աստված, տե՛ր Աստված,— ասացի մտքիս մեջ,— երբեմն ինչ փոքր բանով կարելի է մարդ երջանկացնել, նոր կյանք տալ նորան և փոխադարձ՝ ինչ փոքր բանով կարելի է նորան թշվառության անդունդ գլորել ու բարոյապես սպանել»։ Իհարկե, այդ րոպեին Կատյայից երջանիկ կին չիկար աշխարհիս երեսին։ Մի փոքր որ առաջ գնացինք, ես կանգնեցա ու ասացի նորան.

— Ես քեզ մի բան ասե՞մ, Կատյա, փուլը ես արդեն քանի-քանի անգամ տեսել եմ, դու էլ այս րոպեիս այնտեղ էիր. եկ այս մոտիկ նստարանի վրա նստենք ու խոսենք. մին էլ ի՞նչ այս տոթին, փոշի կուլ տալով, իզուր պիտի էրթանք ու վերադառնանք։

Առաջարկությունս ուրախությամբ ընդունեց Կատյան, ու մենք բաց դաշտի մեջ, մի վայրի տանձի ծառի տակ նստանք։ Մեր կեցած տեղը բարձրավանդակ էր. դեպի արևելք խորունկ ձոր էր՝ գահավեժ ափերով, ավելի հեռուն երևում էին Փոդքումոք գետակը և շատ աուլներ, որոնք թաղված էին սաղարթախիտ պարտեզների և անտառների մեջ։ Սարի կրճիցը զով ու անուշ քամին ուղիղ փչում էր մեր երեսին։

— Ի՞նչ նոր բան կա ձեր տանը, ինչպե՞ս է առողջությունը Ասատուր աղային, Օսաննա խաթունին և օրիորդին,— սկսեցի ես, խոսակցության ավելի հարմար նյութ չի գտնելով գլխուս մեջ։

— Փառք աստուծո, լավ են,— պատասխանեց Կատյան։ Երկուսս էլ լավ հասկանում էինք, որ ոչ ես այն եմ հարցնում, ինչ որ ուզում եմ, և ոչ նա տալիս է ինձ այն պատասխանը, ինչ որ ինձ կարող է բավականացնել։ Եվ այս աննշանակ հարց ու պատասխանից ետ երկուսս էլ բավական ժամանակ լուռ մնացինք, երկուսիս լեզուների վրա ևս կար մեկ խոսք, որն ասելու քաշվում էինք։ Վերջապես ես խզեցի այս տաղտկալի լռությունը։

— Ասա, խնդրեմ, ինձ ճշմարիտը, Կատյա, Սոֆիան ինձ սիրո՞ւմ է, թե ոչ։ Տաք ջուր գալիս դեսը ես նորա մեջ մեծ փոփոխություն եմ տեսնում դեպի ինձ, ի՞նչ է պատահել նորան...

— Պարոն Վարդան, որովհետև դուք ինձանից ճշմարիտն եք ուզում իմանալ, ես ինձ համար մեղք կհամարեմ, եթե ձեզ մոլորեցնեմ Սոֆիայի մասին։

Սոֆիան ձեզ ոչ Մոսկովումն է սիրել և ո՛չ այժմ այստեղ սիրում է, ինչպես որ նորա հայրն ու մայրն են միշտ ասում՝ նա էլ այնպես է կարծում, որ նորան արժանի փեսաներ չիկան հայերի մեջ։ Նա ուզում է մի ջահիլ գեներալի կամ գուբեռնատորի կնիկ լինել, այդպիսի մարդ չունքի հայերի մեջ չիկա, Սոֆիան էլ կամա-ակամա օտարազգիի պետք ա գնա։ Սոֆիան, իր հոր նման, հայերին իսկի չի սիրում, միշտ ծիծաղում է նոցա վրա։ Շատ դժար էր ինձ ձեզ այս բանը հայտնելը, բայց չունքի դուք կամեցաք ճշմարիտը իմանալու, ես էլ ձեզ ինչ որ ճշմարիտ բան գիտեի՝ ամենը ասացի։

— Մի՞թե,— ասացի հուսահատաբար և գլուխս կրծքիս վրա խոնարհեցի և արտասուքը ոլոռ-ոլոռ կաթում էր աչքերես։

— Պարոն Վարդան, ինչի՞ եք տրտում, ինչի՞ եք լալիս, մի՞թե Սոֆիան կարժե ձեր արտասուքին, մոռացե՜ք նորան. աստուծո փառք տվեցեք, որ ձեր պսակի բանը գլուխ չեկավ. Սոֆիան մի օր ձեզ անպատճառ քանբախտ կաներ..

— Ա՜խ, Կատյա, Կատյա, մի՞թե սորանից էլ մեծ անբախտություն կա աշխարհիս երեսին...

— Կա, պարոն Վարդան, կա. դորանից էլ մեծ անբախտություն կա. բայց աստված ուզում է ձեզ ազատել նորանից, և այդ անբախտությունն է՝ Սոֆիայի նման աղջկա մարդը լինելը։ Հավատացե՛ք ինձ, պ. Վարդան, որ Սոֆիան ամուսնական կյանքի համար ստեղծած չէ. նորա խելքը միտքը Փարիզներ, Վեննաներ, պարահանդեսներ, դիմակահանդեսներ, զարդեր և սիրուն զինվորականներ են. ի՞նչ սազ կգա համեստ հայ երիտասարդին այդպիսի կնիկը։

Այն րոպեին ես կարծում էի թե՝ Կատյային այսքան չարախոսություն, այսքան բամբասանք թելադրողը նորա նախանձն է դեպի հարուստ Սոֆիան և, գուցե, մի փոքր պատվասիրական ձգտումն դեպի ինձ. բայց թե որպիսի անարդար կարծիք էր այդ խեղճ ու անմեղ աղջկա մասին` այդ ես հետո իմացա։ Իսկ այն րոպեին ես լուռ մնացի, միայն երեսիս ծռմռելով հասկացուցի նորան, որ այդպիսի խոսքերը Սոֆիայի մասին ինձ շատ անախորժ են։

Կատյայի երեսը մառախուղով պատեցավ. հազիվ նշմարելի արտասուք ցոլաց նորա աչքերի մեջ. իմ պատասխանը, ինչպես երևում էր, խորունկ խոցեց նորա սիրտը։ Դառնալով ինձ, ասաց նա.

— Պարոն Վարդան, շատ կարելի է դուք կկարծեք, որ ես ատում եմ Սոֆիային, կամ՝ նախանձում եմ նորան կամ մեկ չարաթյուն եմ կամենամ, աստված մի արասցե, բայց ես մեղքանում եմ ձեզ, որ մինչև այժմ հասկացած չեք նորան։ Ես Սոֆիային փոքր ժամանակից ճանաչում եմ, դեռևս այն ժամանակ, երբ նորա հայրը այժմվա պես հարուստ չէր, իսկ իմ հանգուցյալ հայրը Հաշտարխանի մեջ առաջին մարդն էր. գուբեռնատորը ու սրբազան առաջնորդը ամեն կիրակի մեր տանը ճաշի էին լինում. Սոֆիան փոքր ժամանակից չունքի հոր ու մոր մեկ հատ աչքի լույսի պես զավակն էր՝ շատ երես էր առած, ամեն բան ուզում էր, որ իրա կամքով լինի, հենց որ մեկ թարս բան ասեիր՝ իսկույն ի՜նչ ձեռը հասավ՝ կոտրում, փշրում, գետնե գետին էր տալիս, գլխի մազերը պոկում էր, գլուխը պատին էր տալիս ու ձեռքերն էր կծոտում։ Այսպես իրա ասածի աղջիկ էր։ Հերն ու մերը ասում էին՝ թե կմեծանա՝ կխելոքանա ու իսկի չէին աշխատում դրստելու։ Մեծացավ, ամա տեսա՞ր որ բնությունը չի փոխվեցավ։ Հիմի արդեն նորա դրստելը անկարելի է և կամ՝ շատ աշխատություն և շատ ժամանակ է պետք դորա համար։ «Էլ ո՞ւր հեռու գնանք, երեկ միասին էինք ման գալի բուլվարումը. մին էլ բիրդան մեր ղարշու էկավ էն Դռոզդով օֆիցերը ու էրկուսիս չեստ տվավ։ Սոֆիան փոխանակ գլուխ տալու ու մոտից անձեն անցնելու, ի՞նչ անի լավ ա՝ սկսավ հետը խոսելու, խոսան, խոսան, ման եկան ման եկան ու, վերջապես առանց հոր ու մոր հրամանին՝ տուն ձեն տվավ իրիկնաչայի։ Դռոզդովի գորա ինչ. նա տղամարդ ա, ամոթ, պատիվ, խալխի բամբասանք նրա համար ոչինչ բան ա։ Եկավ տուն, բարեկամացավ Ասատուր աղայի ու Օվսաննա խանումի հետ. խելի վախտ նստավ ու գիշերի շատ ուշ ժամանակ գնաց տան։ Խոսածներն էլ ի՞նչ, ամենը դատարկ, հայվարա բաներ էին՝ Փարիզի քեֆերի, բեաբուր կնանիքի վրա։ Մեր Սոֆիան էլ ամաչելու, կարմրելու տեղ, բերանը բացած՝ ծիծաղում էր։ Ապա հիմի ինքդ ասա՝ ի՞նչպես չի բարկանամ ախըր նրա վրա. մատաղ ջան, էսպիսով հայ քրիստոնյայի անըմը կոտրվըմ ա ախըր օխտըն օտարի աչքըմը։ Այս բոլոր մենախոսությունը հաշտարխանցի հայ կնոջ արագախոսությամբ, շունչ չառած, նկատեց դժկամած Կատյան։ Այդ րոպեին շատ գեղեցիկ էր նա, հայ կնոջ բնական խելքը, պարկեշտությունը և արդարամտությունը փայլում էին նորա դեմքին։

Նա լռեց. ես ոչինչ պատասխան չի տվի։

Տեղերես ելանք ու Եղիսաբեթյան սրահի միջովն գնացինք դեպի ճեմելիք։ Ժամը երկուսի մոտ էր. ճաշելու ժամանակն էր. ճեմելիքի մեջ գրեթե մարդ չէր մնացել, ամենք իրանց տներն էին քաշվել։ Ես ճանապարհ ձգեցի Կատյային մինչև Ասատուր աղայի տան մուտքը։ Ներս չի մտած, Կատյան ինձ հարցուց.

— Այս իրիկուն կգա՞ք աղայի մոտ։

— Կարծեմ որ չեմ գալ, ասացի։

— Ես ու իմ հոգին՝ շատ էլ լավ կանեք, ինչո՞ւ է ի զուր ձեր ստորանալը մի թեթևամիտ աղջկա և մի անհոգի ծերունիի առջև։

Բայց ես խոսքս չի բռնեցի, ու չարաչար պատժվեցա։

Երեկոյան ուղիղ յոթը ժամին գնացի։ Ասատուր աղան քանի մի ռուս բարձրաստիճան պաշտոնատարների հետ պատշգամբի վրա նստած թեյ էր խմում, իսկ Սոֆիան Դռոզդովի հետ մի փոքրիկ բազմոցի վրա նստած շատ կամաց խոսում էր. Դռոզդովի աչքերը արյուն էին կոխած։ Սոֆիան շառագնած, աչքերը խոնարհած՝ ուշադրությամբ լսում էր նրա խոսածը։ Ի՛նչ էին խոսում նոքա՝ ոչ լսեցի և ոչ իմացա, բայց հավաստի գիտեմ, որ նոցա ամեն մի խոսքը դաշույնի մահաբեր հարված պիտի լիներ ինձ համար։ Ժամ ու կես մնացի Ասատուր աղայի տանը, անոնցմե ոչ ոք մի խոսք չասաց ինձ, ոչ ոք բարևս չընդունեց, ոչ ոք ինձ ձեռք չպարզեց, մինչև անգամ երկբայևլի է, որ իմ ներկայությունը նկատած լինեին։ Չայը քթիս տակից անցնելով՝ տալիս էին հյուրերին, իսկ ինձ ոչ առաջարկեցին և ոչ հարցրին՝ կկամենա՞մ, թե ոչ։ Առի գդակս, և խոր խոցված գնացի տուն։ Շատ փոշմանեցա, որ Կատյայի խոսքին ականջ չի դրի։

Հունիսի 30.

Չորս ամբողջ օր վրա-վրա տանս փակված մնացի։ Ոչ ոք ինձ չայցելեց՝ ո՛չ բարեկամներ և ո՛չ հիվանդներ, թեև, ըստ օրինակի ուրիշ բժիշկներուն, տեղական լրագրի մեջ հայտարարել էի, որ «պատիվ կունենամ հիվանդներ բժշկելու»։

Քաղաք հասած օրես ի վեր դեռևս ոչ մի հիվանդ դիմած չէ իմ օգնությանը, բացի Կատյայեն, որն թերևս մենակ հավատում է իմ բժշկական հմտությանը։ Ո՞վ է հարցնողը, թե այսպիսի ետ ընկած փողոցի մեջ մի նորավարտ հայ բժիշկ կա Վարդան Հուսկանյան անունով կամ չիկա, մինչ Բառթեր, Վիցեր, Սմիռնովներ, Միլյուտիններ, Խալեցկիներ արեգակի նման փայլում են ահա քանի տասնյակ տարիներ։

Այստեղ ևս ավելի մեղադրում եմ հայ բժիշկներին, քան թե ժողովրդին։ Ըստ մեծի մասին բժիշկները և հայ բժիշկը մանավանդ՝ իրանց գործի վրա ինչպես հարստացնող արվեստի վրա են նայում։ Երբ որ մեկ մարդու նպատակ հարստանալ է՝ արդեն հնարներու ազնվությունը և անազնվությունը նորա աչքեն փախչում են։ Երեք պաշտոն կա, որ փողի սերը մարդուս համար դառնում է աններելի մոլություն, դոքա են պաշտոնները քահանայի, մանկավարժի և բժշկի։ Ես չեմ ասում, որ այս երեքին փող և ապրուստ պետք չեն. ամենևին ոչ. բայց եթե սոցա աչքում փողը առաջին կարգումն լինի, նոցա գարշելի կդարձնե մարդոց աչքում։ Ամենքս ներողամիտ աչքով նայում ենք արծաթասեր վաճառականի վրա, եթե մեկ զինվորական սիրե ճոխ և զեխ ապրուստ՝ մենք ամենևին նյութ չենք դարձնում մեր խոսակցությանը նորա այդ թուլությունը, բայց եթե մեկ քահանա, կամ մեկ մանկավարժ, կամ մեկ բժիշկ սիրե ճոխ ուտել-խմել, շռայլ ապրել, պերճ հագնվել ու զարդարվել՝ մենք արդեն մեր մտքի մեջ նոցա կարգազուրկ և պաշտոնանկ ենք համարում, չենք հավատում նոցա օգտաբերությանը, և չենք գնահատում նոցա հմտությանը իրանց արվեստի մեջ։ Ինչո՞ւ։ Այդ ամենին էլ հասկանալի է, ամենք էլ գիտեն։ Թե՛ քահանան, թե՛ բժիշկը և թե՛ մանկավարժը պաշտոն մտած օրից պիտի շարունակ սովորի և կատարելագործվի. դրա համար ժամանակ է պետք, իսկ եթե նոքա անձնատուր լինին փող ճարելու և ճոխ ապրուստ վայելելու՝ նոցա թանկագին ժամանակը իրանց ընտրած արվեստի համար անպտուղ կկորչի, և նոքա ո՛չ միայն չեն կատարելագործվիր ոչ միայն իրենց ստացած գիտությունը կպահպանեն, այլ օրեօր կմոռանան այն և կտգիտանան։ Երկրորդ պատճառ ևս կա, որ ժողովուրդը չի ներում այդ երեք պաշտոնին նվիրված մարդոց արծաթասիրություն և զեխություն։ Քահանան, մանկավարժը և բժիշկը ոչ միայն խոսքով պարտավոր են խրատելու ժողովրդին, այլև իրենց անձնական համեստ կյանքով լինել նորան օրինակ, որն ավելի կհամոզի, քան թե ամենաճարտար լեզուն։

Մեծագույն մասը հայ բժիշկներին սովորություն ունի, հենց որ թողեց համալսարանական նստարանը, իսկույն հետամուտ լինել, որ յուր ապրուստը ապահովացնե։ Ընթերցանություն, պարապմունք, ուսումնական փորձեր, կատարելագործություն, հետախուզություն՝ բոլորը ցնդում են նորա մտքեն, նորա բոլոր իմաստությունը սահմանափակվում է այն կիսակատար գիտությամբ, որ նա յուր պատանեկության օրերը օրամեջ քաղել էր պրոֆեսորների դասախոսություններեն և տարվա վերջին ամիս ու կես վայնաչարին քաղվածք էր արել յուր ճզմզած տետրակներովը։ Թեև ամեն ազգի մեջ կան այսպիսի թերուս բժիշկներ, բայց միևնույն ժամանակ ամեն ազգ ունի հմուտ, կատարելագործած, առաջնակարգ բժշկապետեր, տարաբախտաբար հայ ազգը շատ ունի առաջիններեն և գրեթե ոչ մինը երկրորդեն։

Այս է պատճառը, որ հայ հիվանդը սակավ հավատ է ընծայում բժշկին։ Եթե նորա տկարությունը փոքր ի շատե ծանր է՝ նա երբեք չի դիմիլ հայ բժշկին, այլ միշտ կհրավիրե օտարազգիին, հենց այն պատճառով, որ հային առանց այլևայլության վատ է ճանաչում, իսկ օտարազգիին՝ ոչ։ Ո՞վ է մեղավորը։ Իհարկե, շատ օգնում է մեր ազգակործան մոլորությունը, որ է օտարասիրություն, որով վարակած է գրեթե ամեն հայի՝ մեծից բռնած մինչև փոքրը։ Ազգատեր, հայասեր խոսքը, որ մեր օրերում սաստիկ տարածված է մեր մեջ, հայի բերանումը նույն ծիծաղաշարժ նշանակությունը ունի, ինչ որ հարյուր հազարը կամ միլիոնը մի մուրացիկ աղքատի բերանումն։ Մեր ազգի ո՜ր մեկ պակասությանը վրա խոսիմ, երբ որ մենք ծայր ի ծայր պակասություններով լցված ենք։ Անմխիթա՜ր վիճակ։

Երեկոյան դեմ, ժամը այսպես վեցին, գնացի ճեմելիք, սպաները մեծ խումբ կազմած՝ ծիծաղելով դեպի վեր էին նայում ու անպարկեշտ կատակներ էին անում իրանց մեջ նոցա մասին, որոնց վրա նայում էին, իսկ նայում էին նոքա Դռոզդովի և Սոֆիայի վրա, որոնք կուռ-կռի տված՝ գնում էին դեպի վերի ճեմելիքները։

— Ա՛յ կտրիճ.— ասում էր սպաներեն մինը,— որքան և անպիտան է, որքան և անամոթ է, բայց կարողացավ խո ճանկը ձգելու այդ թռչունին...

— 0՜, Դռոզդովը մեծ ոմն է փոքր գործերումը,— պատասխանեց մյուսը,— բայց մեկ հին և խելոք առած կա, որ ասում է. «Դու ասա՛ ինձ ո՛վ է բարեկամդ, ես էլ քեզ կասեմ դու ինքդ ո՛վ ես»։ Դռոզդովին ճանաչելով՝ մենք պետք է երևակայենք, թե նորա ձեռք ձգած աղջիկը ի՛նչ պտուղ է...

— Չէ՛, պարոններ, ի՞նչ կուզեք ասել, բայց աղջիկը բավական սիրուն է, հորը համար էլ ասում են, թե շատ հարուստ մարդ է։

— Ո՛րքան կուզե հարուստ լինի, բայց Դռոզդովին Փարիզի մեջ մեկ տարի մսխելու փող չի ունենալու, վասնզի նա յուր հորից մնացած միլիոնը և հորաքույրից մնացած հարյուր հազարները երկու տարվա մեջ այնպես փճացուց, որ գրեթե մերկ ետ եկավ։

— Մի՞թե աղջկա ժլատ հայրը յուր բոլոր ունեցածը կառնի կուտա նորան, չէ՛, Դռոզդովը թո՛ղ յուր ախորժակը պահե մինչև նորա մահը...

— Եթե չի տալ՝ Դռոզդովը կգողանա, դրամարկղ կոտրել բանալ, սուտ մուրհակ տալ, թղթախաղի մեջ հազար տեսակ խարդախություններ անելը նորա համար նոր բան չէ: Ավելի չկարողացա համբերելու, թողի ու գնացի առաջ, բայց Սոֆիային ևս հանդիպել չէի ուզում, ուստի մեծ, լայն ճանապարհը թողած՝ կողմնակի նեղ ճանապարհներով խորացա ծառատունկի մեջ, որ սարի լանջի վրա էր զետեղված։ Այստեղ ծառերը, թփերը ու մարդաչափ խոտերը այնքան խիտ էին, որ չորս քայլափոխ հեռի կեցողին անհնար էր տեսնելը։ Հանկարծ ականջիս շշուկի ձայն եկավ, ուշքս դրի, տեսնեմ Սոֆիայի ձայնն է, բայց շատ կամաց արտասանած.

— Պարո՛ն Դռոզդով, ի՞նչ եք անում, թողե՛ք, մարդ կտեսնե, ամոթ է։

— Չէ՛, հոգիս, ոչ ոք չի տեսնիլ, մի՞թե ինձ չես սիրում, էլի մեկ համբույր տո՛ւր, այն ժամանակ ես կիմանամ, որ դու ինձ սիրում ես։

Ու լսվեցավ մի բարձրաձայն համբույր շրխկոց։

— Բավական չէ՞ր, էլի՞ ես չարություն անում, թող, թե չէ, կկանչեմ...

Ես դիտմամբ ամուր հազացի, որ ձայնս լսվի ու այս խայտառակ տեսարանին վերջ լինի։ Այնպես էլ եղավ։ Երբ որ ձայնս լսեցին՝ իսկույն թփերի միջից ճանապարհի վրա գնացին, և ես գուցե ազատեցի Սոֆիային այնպիսի անկումե, ուր կինը կյանքի մեջ գլորվում է մի անգամ ու էլ ոտքի կանգնել չէ կարող։ Բայց ի՞նչ օգուտ. Դռոզդովը որ կար՝ երևելի չար որոմն էր, իսկ Սոֆիան նորա համար ամեն րոպե պատրաստ պարարտ հող։

Երբ որ ստորին ճեմելիքը եկա՝ սպաների խումբը աղաղակ, աղմուկ բարձրացացած շրջապատ ել էին Դռոզդովին, իսկ հեռվումը Սոֆիան նորան էր սպասում, երեսը հակառակ կողմը դարձացած։ Սպաներից մինը ասաց.

— Դռոզդո՛վ, պիտի շնորհավորենք քու օրինավոր պսակը,– ու ծիծաղեցավ, հետև էլ ծիծաղեցան մյուս սպաները։

— Օրինավոր պսակի համար դեռևս ոչինչ ասել չեմ կարող,— պատասխանեց Դռոզդովը,— բայց քաղաքական պսակս պատիվ կունենաք շնորհավորելու։

Սպաները ավելի պինդ ծիծաղեցան, ու մի քանիսը մինչև անգամ աղաղակեցին. «Կեցցե՜ Թամբովի մատակախանձը, կեցցե՛ ասիացի զամբիկը»։

Էլ մի՛ հարցնեք, ի՛նչ կրակի մեջ էր իմ հոգին։ Լավ է որ այս խոսքերը չհասան Սոֆիայի ականջը։

Բայց այս օրվա «ավուրն չարը» այս ամոթալի միջադեպով չի պիտի վերջանար։ Մի գաղտնի, անմեկնելի զորություն ինձ քաշում էր դեպի Ասատուր աղայի տունը, ուր թեև գիտեի, որ բացի անախորժութենե ուրիշ բան հանդիպելու չեմ, այսուամենայնիվ, ուղիղ գնացի այնտեղ։

Այս անգամ Ասատուր աղան մենակ էր իր գրասենյակի մեջ։ Մոտեցա նորան. ձեռքս պարզեցի, բայց նա չգիտեմ, չտեսա՞վ թե չուզեց ինձ ձեռք տալու, միայն թե իմ խոնարհ ողջունիս ունքի թեթև շարժումներովը պատասխանեց։

Լուռ մունջ նստա մի հեռավոր աթոռի վրա։

Ես տարօրինակ ստեղծված եմ. երբ որ մարդիկ իմ սիրտը ցավեցնեն, սաստիկ վիրավորեն՝ բարկանալու տեղ, առ առավել ևս կկակուղանամ, կընկճվիմ, կոչնչանամ, մինչև անգամ՝ ինքս պատրաստ եմ՝ նորանից ներողություն խնդրելու. ուրիշ բան է, եթե իմ առջև թշնամանեն մի բարեկամիս, կամ մեկ անմեղ և մանավանդ մի տկար մարդու, այն ժամանակ ես կկատաղեմ, իմ բարկությունը չափ և սահման չի ունենալ, չգիտեմ ո՛րտեղից վրաս քաջություն կուգա և իմ վրեժը սոսկալի է, որքան որ զենք ունիմ՝ բոլորը հանդես կհանեմ։ Ի՞նչու է այդպես, ի՞նչ է սորա պատճառը։— Սորա պատճառը այն է, որ իմ մանկութենե ինձ սովորեցրած չեն իմ ծնողքը աղոթքի և հնազանդության հետ միասին նաև իմ միջի մարդկային արժանավորությունը ճանաչելու և պաշտպանելու. իսկ վերջերումը իմ ստացած լուսավորությունը տվել է ինձ քաղաքացիի առաքինություններ, որոնց թվին է նաև պաշտպանել անմեղին և տկարին։

Իմ տեղ մի անգլիացի կամ մի ամերիկացի լիներ, հազար անգամ թքած կլիներ Ասատուր աղայի ու Սոֆիայի երեսներին և Դռոզդովի թշերը ապտակներով կուռեցներ. բայց ընդ նմին և ըստ արժանվույն կպատվեր և կգնահատեր Կատյային, և ոչ թե ինձ նման օրը տասն անգամ փոքրոգությամբ նորա սիրտը կկոտրեր։ Ծեծող ձեռքը շան նման լիզելը ո՛չ թե խոնարհություն, այլ ամենագարշելի ցածություն և ամենանուրբ կեղծավորություն է։ Տե՛ր աստված, տե՛ր աստված, եթե մեր հայկական բարոյականությունը լավ զննես՝ որքան առաքինություններ մոլությունք պիտի ճանաչվին։ Այս խորհրդածությունները արի իմ մեջ քանի որ Ասատուր աղան լուռ կեցած էր ու տեր ողորմյան համրում էր։ Վերջապես գլուխը բարձրացուց ու ասաց ինձ.

— Խաբա՞ր ես, ախըր մենք Սոֆիային պետք ա նշանենք. ուզող կա։

 — Հա՞, բարի սահաթի լինի։ Կարո՞ղ եմ իմանալ՝ որի հետ,— ասացի։

— Էստեղ մեկ հարուստ պամեշչիկի տղա կա, չգիտեմ մայո՞ր է, թե պոդպոլկովնիկ. մալխաս ջահիլ, սիրուն, բոյով–բուսով տղա ա, շատ հավանել ա մեր Սոֆիային։ Հերը, ասըմ են, երկու երեք միլիոն ունի, տոտինկեն՝ էլ ա էտքան յա մե զատ պակաս, ղայրաղ քանի-քանի հազար դեսյատին հողից, լեսից ու Մոսկովի ու Պետերբուրգի եքա-եքա տներից։ Մեկի խոսքով՝ շատ խոջա տղա յա, թագավորի էլ, ասըմ են, աչքի լուսն ա. գվարդիումն ղուլլուղ ա անըմ։ Ի՞նչ ա, լավ ա՞։

— Ինչո՛ւ չէ, շատ լավ է,— պատասխանեցի ես։

— Էդ ա դա՜, դու ապա ի՞նչ էիր թահմին անըմ. բաս Սոֆիկես չիտայի մեկ պարտքի մեջ խեղդված դուքանդարի, յա մեկ անփոխան հայ չինովնիկի, էսի չե՞ն առնիլ,– ասաց, մատերին մի օտարոտի ձև տալով։

Ես ծիծաղեցա՝ ո՛չ նորա խոսքերի, այլ իրա՝ Ասատուր աղայի վրա. բայց նա իմ ծիծաղի իսկական միտքը չհասկանալով՝ ևս առավել ոգևորվեցավ։

— Դու ի՞նչ ես կարծըմ, ես ի՞նչ մարդ եմ, ի՞նչ մարդու զավակ եմ։ Հորս վրա բան լսած չե՞ս, լսած չե՞ս Մկրտում աղայի անունը։ Իմ հերս էնպես մարդ էր, որ սաղ Հաշտարխան նրա առաջ ձեռքերը խաչ կապած կայնըմ էր։ Նրա նավերը ղըզըլբաշի տեղից դեպի մեր կողմերը ապրանք էին բերըմ, էստեղից էլ էնտեղ ռուսի ապրանք էին տանըմ։ Մեկ օր խաբար բերան քի՝ էրկու նավըդ բաթմիշ ա իլել՛ ծովի վրա։ Հերս իսկույն հրամայել ա տասը ոչխար տանեն ժամին դուոը մատաղ բաժանելու խալխին։ Հարցրել են թե՝ էդ ինչ աչքալուսանքի համար ա մատաղդ, նա ասել ա քի՝ շատ ուրախ եմ որ էրկու նավս ա բաթմիշ իլել և ո՛չ թե տասներկուսը, էլի շահս մեծ ա։ Էսպես ղոչաղ մարդ ա իլել ողորմած հոգին։ Մեկ օր էլ եներալն