ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՋՈՒՂԱ


Բովանդակություն | Էջեր 1, 2 | Պատմական ակնարկ | Краткий очерк | Brief outline
Ուսումնասիրման պատմությունը
 | Հուշարձանները | Ջուղայի գրչօջախը

Lուսանկարներ–Иллюстрации–Illustrations: 1-35 | 36-72 | 73-107

Список иллюстраций. Illustrations | Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 24]

ՀՈԻՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Ջուղան հայոց պատմության մեջ հայտնի է նաև իր միջնադարյան մի շարք պատմական ու ճարտարապետական հուշարձաններով, հազարավոր գեղաքանդակ ու զարմանահրաշ խաչքարերով, հոյակապ կամրջով, բերդով, մի շարք քարվանատներով ու վաճառատներով, քաղաքային ծածկած շուկայով ու բաղնիքով, եկեղեցիներով և այլևայլ հուշարձաններով, որոնք այժմ մեզ են հասել մեծամասամբ հիմնահատակ ավերված և մասամբ էլ կանգուն ու կիսակործան վիճակով։ Ժամանակին այստեղ գործում էին Ամենափրկիչ վանքը, ս. Աստվածածին, ս. Գևորգ, ս. Մինաս, ս. Հովհաննես, ս. Հակոբ, Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան, Անդրեորդի, Պոմբլոզի ժամ և այլ եկեղեցիները, որոնցից մի քանիսն են մնում, այն էլ կիսակործան վիճակով։

Հուշարձանները Ջուղայի փառավոր անցյալի լուռ ու մունջ, խոսուն վկաներն են։ Ժամանակի և պատմական անցյալի բերումով Ջուղա քաղաքից այժմ շատ քիչ բան է մնացել։ Քաղաքի ավերակների զգալի մասը ժամանակի ընթացքում քայքայվելուց զատ, դեռևս XVII դ. սկսած ոչնչացվել է գանձախույզների որոնումներից, ինչպես նաև քաղաքամերձ լեռների փլուզումներից։ Կրաքարախառն, վարդագույն այդ լեռների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջին 300-350 տարիների ընթացքում լեռնային փլուզումները խորտակել են պատմական քաղաքի թաղամասերի և մնացած ավերակների մի մասը։ Ջուղայի ավերակների, նրա հուշարձանների ու գերեզմանատան խաչքարերի զգալի մասի կործանմանը նպաստել են նաև XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին քաղաքի տարածքով անցկացվող Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու կառուցման աշխատանքները, որոնց ականատես, պատմական գիտությունների դոկտոր Ս. Տեր-Ավետիսյանը իր «Ջուղա քաղաք» աշխատության մեջ նշել է. «Կառուցման համար (երկաթգծի–Ա. Ա) ոչնչացված էր գերեզմանատան մի մասը (նրա մեկ երրորդից ավելին) և քաղաքատեղի

[էջ 25]

լավագույն կեսը՝ կենտրոնական մասը։ 1903 թ. իրանական ափի Նախավկայի վանք գնալու ճանապարհին, ես ականատես եմ եղել այն բանին թե ինչպես երկաթուղու գծերը անցկացնելու ժամանակ փչացնում էին այդ հին հուշարձանները։ Հազարներով շատ հուշարձաններ օգտագործեցին շինարարության մեջ և գծի ամբողջ երկարությամբ մինչև հիմքերը քանդված էին. պահպանվել են միայն բարձր ժայռերին գտնվող ոչ մեծ ավերակները։ Մնացած բոլորը, գծի երկու կողմերին զուգահեռաբար 20 մ լայնությամբ, ամբողջովին ոչնչացված է»1։

Մեկ այլ ականատես Գեղամ Տեր-Գալստյանը (Գնունի), «Մշակ» թերթին 1904 թ. նոյեմբերի 2-ին ուղարկած «Ջուղայի պեղումները» հոդվածում շինարարական այդ աշխատանքների մասին նշել է. «Հարյուրավոր բանվորներ աշխատասեր մրջյունների երամի նման քանդում են հին քաղաքի ավերակների թափթփված բեկորները և հողը տանում-լցնում են երկաթուղու համար պատրաստած ճանապարհին։ Ինչեր ասես դուրս չեն գալիս հողի տակից. ամենաշատը դուրս է գալիս ածուխ, համարյա թե բրիչի յուրաքանչյուր հարվածը դուրս է քաշում հողի տակից ածուխի կտորներ և կան մարդիկ, ածուխ հավաքելով են զբաղված, և ինչ տեսակ ածուխ է, ավելի ամուր, ավելի կարծր և պսպղուն և մոտ է քարանալուն։ Հին Ջուղայի հրդեհելու ժամանակ շենքերի առաստաղի փայտերը կիսավառված խորտակվել են և թափվել ցած։

Ամենից հետաքրքիրը ցորենի պահեստի բացվելն է։ Պահեստը ցորենի հետ այրվել է հրդեհից և առաստաղը թափվել է գլխին... Ես ագահությամբ հավաքեցի այդ 300 տարվա ցորենից մոտ 10 ֆունտի չափ և լցրի երկու կճուճի մեջ, որոնք նույնպես դուրս էին եկել հողի տակից... Դուրս էին գալիս ժանգոտած և փչացած պղնձյա դրամներ... կավե և հախճապակե ամաններ, երկար կտցավոր ճրագներ, և դուրս էին գալիս մեծ քանակությամբ։ Այժմ համարյա թե յուրաքանչյուր ջուղայեցու տան մեջ գտնվում են հողի տակից դուրս եկած հնություններ։ Ես ինձ հետ վերցրի մի հախճապակյա կոտրված աման՝ սոխակի նուրբ պատկերով վրան, ոգևորված երգելիս վարդի թփի վրա։ Ռուս ինժեներների հետ... բանվորներին հաջողվել էր գտնել եկեղեցու մի հատ սկիհ, արծաթյա փոքրիկ ամաններ և այլն»2։

Ջուղայի կործանումից հետո բազմաթիվ հայ և օտարազգի ուղեգիրներ են այցելել նրա ավերակները և դառնությամբ նկարագրել երբեմնի մարդաշատ ու գեղեցկատես քաղաքից մնացած խղճուկ մնացորդները։ XIX դ. 20–30-ական թվականների ուղեգիր Տեր-Բաղդասար Գասպարյան Շուշեցին, օրինակ, 1821 թ. շարադրած իր «Աշխարհացոյցում» նշել է. «Ցավեցուցեր զաչս իմ տեսանելով ըզքեզ աւերակ ով գովելի քադաքտ

_______________________
1. Ս. Տեր-Ավետիսյան, նշվ., աշխ., էջ 118։
2. ՀՍՍՀ պետական կենտրոնական պատմական արխիվ, «Մշակ» թերթի խմբագրության ֆոնդ, գործ N 180, էջ 38-39։
_______________________

[էջ 26]

խին Ճուղայ, ոհ թե որչափ պատվելի էիր միում ժամանակի, որ ընդ քև ունէիր գօվելի և իմաստուն անձինքս և զեղեցիք հրաշալի եկեղեցիքս, այսօր կաս աւերակ և ամայի»1։ Իսկ XIX դ. վերջերին Ջուղա քաղաքատեղին այցելած անգլիացի տիկին Շանթրը իր ուղեգրություններում ընդգծել է. «Շատ վերստից տարածութեամբ ավերակօք ծածկուած է երկիրն։ Շինուածոյ նիութք ավազախառն գոյնզգոյն քարինք էին, կարմիր կավով շաղախուած, և ճարտարապետական կարևորություն ունեցող բան մը չերևեցավ աչքիս։ Միայն ասդիս անդին եկեղեցեաց ավերակք կտեսնուին... Նշանավոր շինուածք հրո ճարակ և ապա քերուած ըլլալով, դժուարին է հիմայ քաղաքին նախկին կերպարանաց վերայ գաղափար մը կազմել մտքով...»2։ եվ իրոք, այս հիշարժան քաղաքն այսօր մեծամասամբ պատկերվում-ուրվագծվում է մեր պատմագիրների երկերում ու ժողովրդի հիշողության մեջ հիշվող իր հազար ու մի կոթողներով ու առասպելների վերածված իրադարձություններով։

Ասում են Ջուղայի լեռներն ու ժայռերը դարերի բազմաթիվ ավերածություններին ականատես լինելուց են հրակարմիր ոսկեգույն հագել, վշտից ու մորմոքից փլուզվելով՝ վարդագույն դարձել։ Իսկ լեռներն ի վար տեղ-տեղ կանաչի թել-թել երակները վշտից ծերացած-դաղված այդ լեռների արցունքի շիթերն են։ Ավանդություն է սա իհարկե, բայց երբ հիշում կամ այցելում ես այդ լեռների փեշերին՝ հեզասահ ու վշտակիր մայր Արաքսի ափին, գոյատևած երբեմնի վաճառաշահ ու բարեշեն հայոց Ջուղա քաղաքից մնացած խղճուկ փշրանքներ-ավերակներին, Ջուղայի դաղված-բովված լեռների նման մի լուռ ու մտատանջող խորհուրդ է լեռնանում հոգուդ խորքում։ Չէ" որ Արաքսի ափին ու շրջակա լեռների փեշին, հազարաչք երկնքի ներքո հիմնահատակ ավերված ու փլատակների վերածված Ջուղայի երբեմնի ամրակուռ շինությունների ու ապարանքների հողաթմբերին, խաթարված եկեղեցիներին և հազարավոր կանգուն ու գետնին տապալված խաչքարերին մի ահեղ լռություն է ծնկել-համակել։ Բայց և այնպես այս լռության մեջ, ափամերձ ժայռերին անընդմեջ զարնվող Արաքսի ալիքների ծփանքին, թրատ-թրատ լեռների բարձունքներում ու խաչքարերից խաչքար թռչկոտող ծղրիդների ու թռչնակների երգին համահնչուն, որպես ձայնեղ ու քարեղեն մեղեդի, ձայնարկում են ջուղայեցիների կերտած բազմաթիվ կոթողներից փրկված բեկորները։ Եվ քարերից ու լեռներից, եկեղեցիների որմերից ու խաչքարերից ծորող այդ մեղեդին հետզհետե վերածվում է մի հոգեզմայլ ու հոգեցունց երաժշտության, որը, թափանցելով քարերի ու լեռների սիրտը, վեր է հանում հույսով ու հավատով արարված քանդակներին ու մեատպագրերին ի պահ տված անցած-գնացած ժամանակների պատմությունն ու ոգին, վիշտն ու երազանքը, ասելիքն ու պաշտամունքը, գեղեցիկն ու վեհը։

_______________________
1. «Բանբեր Մատենադարանի», N 9, 1969, էջ 300։
2. «Բազմավէպ», հտ. Ծ, Վենետիկ, 1894, էջ 23։
_______________________

[էջ 27]

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԸ

Ջուղայի գերեզմանատնից դեպի հյուսիս-արևմուտք մի բավականին խոր ձորակ կա։ Մերկ լեռներով շրջապատված, հյուսիս-հարավ առանցքով ձգվող այս ձորակը մշտական քամիների պատճառով ջուղայեցիները կոչում էին Քամու ձոր։ Ջուղայի գերեզմանատնից այդ ձորակով մոտ երեք կիլոմետր ձգվող արահետը տանում է դեպի բարձրանիստ լեռան լանջին, ուղղակի ձորի պռնկին ծվարած Ջուղայի հռչակավոր Ամենափրկիչ կամ Փրկչի վանքը։

Այս հուշարձանը ավելի գողտրիկ ու խորհրդավոր է լեռնային տեղանքին ներդաշնակելու շնորհիվ, որի պատճառով շրջակայքը դարձել է հոգեզմայլ ու սքանչելի։ Վանքի հարավային մասում, Մաղարդայի բազմաձև լեռնաշղթայի փեշերով, հոսում է ահագնագոչ ու լուսափայլ, հեզասահ Արաքսը։ Արևելքում՝ վանքի լեռան ստորոտում, Ջուղայի գերեզմանատունն ու քաղաքատեղի ավերակներն են, իսկ հյուսիսից ու արևմուտքից լերկ ու արևկա, վարդագույն լեռներն են, երկնքի կապույտն ու ծվեն-ծվեն ամպերը։

Ամենափրկիչ վանքի համալիրը բաղկացած է փոքրածավալ եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միահարկ և երկհարկ օժանդակ, արտադրական և այլ շինություններից, որոնք պարսպապատված են։ Համալիրի հարավ-արևելյան անկյունում գտնվող եկեղեցին ավագ աբսիդով ու զույգ ավանդատներով, արևմտյան ճակատի մուտքով կենտրոնագմբեթ հուշարձան է։ Կառուցված է ճեղքված, կիսամշակ և մասամբ էլ սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Ներքին տարածքը սվաղված է ու սպիտակեցված։ Բավականին մեծ ու կլոր գմբեթը ծածկված է բրգաձև վեղարով։ Եկեղեցին հիմնականում զուրկ է ճարտարապետական հարդարանքից։ Նրա միապաղաղ արտաքինին որոշ չափով աշխուժություն են հաղորդում մուտքի շուրջը և որմերի այլ մասերում տեղադրված XVI դ. մի քանի արձանագիր խաչքարերը։ Բավականին լայն բացվածքով մուտքն ունի XII– XIII դդ. հայկական ճարտարապետության մեջ օգտագործված թեթևակիորեն սլաքավոր կամար։

Մ. Սմբատյանցի ենթադրությամբ1 Ամենափրկիչը հիմնվել է 1271 թ., պարոն Վահրամի կողմից։ Սակայն այս վանքի մասին գրավոր աղբյուրներում 1271 թ. ավելի հին տեղեկություն կա։ Այսպես, օրինակ, Ամենափրկիչը հիշատակվում է Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թ. Աշոտ Շահնշահ թագավորի կողմից Դարաշամբի ս. Ստեփանոս վանքին կալվածքներ ընծայելու փաստը հաստատող վավերագրում2։ Հետևապես աչքի տակ

_______________________
1. Մ. Սմբատյանց, Նշվ. աշխ., էջ 484։
2. Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ 1-ին, կազմեց Հար. Աբրահամյան, Եր., 1941, էջ 6։
_______________________

[էջ 28]

ունենալով նաև հուշարձանի ճարտարապետական-հորինվածքային առանձնահատկությունները, պետք է եզրակացնել, որ Ամենափրկչի սկզբնական շինությունը հիմնվել է ոչ ուշ, քան IX– X դդ.։

Ամենափրկիչ վանքի եկեղեցու արևմտյան ճակատին կցված է երկու մույթերի հորինվածքով թաղակապ փոքր գավիթը, որի ծածկը և մույթերի վերին մասերն այժմ ավերված են։ Եկեղեցու հյուսիսային և հարավային որմերին և անմիջապես պարսպին կից ներսում գտնվում են վանքի բնակելի խցերն ու սեղանատունը, հացատունն ու խոհանոցը, մթերանոցը և օժանդակ, արտադրական այլ շինություններ։ Անմշակ ու ճեղքված քարերով, կրաշաղախով կառուցված այդ շինությունները, որոնք արդեն ավերակների են վերածվել, ունեն խաչաձև և թաղակապ ծածկեր։ Վանքի համալիրի բարձր ու ամուր պարիսպը քառանկյունի է և այժմ էլ կանգուն է 2,5 մ չափով։ Այն ևս կառուցված է անմշակ քարերով ու կրաշաղախով և բերդապարիսպի տպավորություն է թողնում, որի միակ փոքրիկ մուտքը հարավային ճակատում է։

Ամենափրկիչ վանքի հարավային կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը, ուր ամփոփված են միաբանների ու եպիսկոպոսների աճյունները։ Այս գերեզմանատան խաչքարերի մեծ մասը վերաբերում են XV– XVI դդ. և ունեն ուշագրավ պատկերաքանդակներ ու զարդաձևեր, որոնց մեծ մասը տապալված ու կոտրատված են կամ էլ կիսով չափ թաղված են հողի մեջ։ Գերեզմանատան տարբեր անկյուններում կան նաև մի քանի թաղակապ ծածկերով մատուռ-դամբարանների ավերակներ։ Նրանից արևմուտք գտնվում է երբեմնի հորդահոս, իսկ այժմ սակավաջուր վանքի աղբյուրը, որի շուրջը ժամանակին եղած սաղարթախիտ ծառերին ու փոքրիկ այգուն ջուղայեցիները կոչում էին Վանքի բաղչա։ Այս աղբյուրի ջրով էր ոռոգվում Արաքսի ափին եղած Վանքի Ծակուտա բաղ կոչվող այգին։ Ըստ ավանդության Վանքի բաղչայի ծառերն ու մարգերը կախարդական զորություն ունեին։ Եվ ամեն ոք, ով գաղտագողի որևիցէ թուփ ու ճյուղ է կտրել այդ այգուց, պատժվել է։ Եվ կարծեք այդ ավանդազրույցի իրեղեն վկան վանքից դեպի քաղաք իջնող արահետի ձախ կողմում գտնվող Կուզիկ մամի քարակարկառն է։ Վերջինս վանքի մարգերից սոխ գողանալու համար հենց ճանապարհին, պատժվելով, քարացել է1:

ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԸ

Քամու ձորի և Ջուղայի շրջակա լեռների ծերպերում կան մի շարք խորշ ու խորշակներ, բնական քարայրներ ու անձավներ, որոնցից ամենանշանավորները «ճգնավորի» և «Կրեկաճատուն» քարանձավներն են։ Վերջիններս գտնվում են Ամենափրկիչ վանքից հյուսիս, Քամու ձորում։ Մոտավորապես

_______________________
1. Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 53։
_______________________

[էջ 29]

մ. թ. ա. II - I հազարամյակներին վերագրվող այդ քարանձավները հնում օգտագործվել են որպես բնակատեղեր, իսկ մինչև Ջուղայի տեղահանությունը` ապահով թաքստոցներ։ «Կրեկաճատուն» քարայրը միջնադարում օգտագործվել է նաև որպես կիր մշակելու արհեստանոց, որտեղից էլ ստացել է իր անունը։

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲԱՂՆԻՔԸ

Այս հուշարձանը, որի ավերակներն այժմ նույնիսկ չեն երևում, գտնվել է քաղաքային գերեզմանատան և արաքսամերձ տարածքում։ Այն հիմնահատակ ավերվել է երկաթգծի շինարարության ժամանակ։ Հուշարձանի նկարագիրը 1875 թ. կատարած ճանապարհորդությունների ժամանակ տվել է Քաջբերունին, որն էլ պատկերում է այս հուշարձանի հորինվածքը։ Ըստ նրա նկարագրության, «գերեզմանատան և Արաքսի արանքում ճանապարհորդը կտեսնի մի հոյակապ, գմբեթաձև, կրաշաղախ բաղնիք, որի ընդարձակ նախասենյակը երեք դռներով բացվում է դեպի Արաքսը։ Նախասենյակից միակ կամարաձև դռնով դուք մտնում եք երկայն, աջ և ձախ կողմը ձգվող կամարակապ շեմը, որի ծայրերում կան փոքրիկ սենյակներ, երևի թե հանվելու և հագնվելու առանձնատներն են։ Շեմից մտնում եք լողարանի կամարակապ մեծ սենյակը, որի գմբեթի մի մասը թեև քանդված է, բայց մեջտեղի փոքրիկ լուսամուտները դեռևս ամբողջ են։ Լողարանի յուրաքանչյուր անկյունում կա մի փոքրիկ կամարակապ սենյակ, իսկ ետևի պատի մյուս կողմում, կամարակապ շինության մեջ երևում են ջրի պահարանը, հնոցը և այլն1»։ Բաղնիքը հավանաբար կառուցված է եղել XVI դ., քանի որ ավանդությունն այն վերագրում է Ջուղայի քաղաքապետ խոջա Խաչիկին։

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆԸ

Քաղաքի գլխավոր քարավանատունը համարվող այս հուշարձանի ավերակները գտնվում են Արաքսի և երկաթգծի միջև գտնվող հարթ վայրում։ Շինության հորինվածքը կրկնում է փակ առևտրական շենքերի՝ շուկաների, հատակագիծը։ Այն ուղղանկյուն հատակագծով կառույց է և զբաղեցնում է բավականին ընդարձակ տարածություն (ունի 37 մ երկարություն), որի մեծ մասը փլատակների է վերածված։ Թաղակիր ծածկերով իրականացված այդ շինությունը կառուցված է եղել կիսամշակ քարերով, աղյուսով ու կրաշաղախով և ներսից գաջով սվաղվել է։ Հիմնական մուտքերը գտնվել են շինության հարավային ճակատում։ Ներսում, պատերին կից, ճանապարհորդների, ապրանքների և անասունների համար կառուցված են եղել բազմա–

_______________________
1 Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողությունք, «Փորձ», N 2, Թիֆլիս, 1877-78, էջ 354։
_______________________

[էջ 30]

թիվ մեծ ու փոքր սենյակներ։ Ամենայն հավանականությամբ այս քարավանատունը կառուցված է եղել XII– XIII դդ.։ Ավանդությունն այս հուշարձանի վերակառուցումը քաղաքապետ խոջա Խաչիկին է վերագրում (XVI ղ.):

Այս քարավանատնից դեպի արևմուտք նկատվում են Ջուղայի մեկ այլ քարավանատան հետքերը։

ԿԱՄՈՒՐՋԸ

Արաքս գետի վրա կառուցված այս գեղեցիկ և հոյակապ կամրջի ավերակ խելի մնացորդները մինչև օրս էլ մնում են պարսկական ափում։ Այն գտնվում է բնակատեղից արևելք, Երնջակ գետի՝ Արաքսին միախառնվելու հատվածում։ Առևտրական և արքունի կարևոր նշանակություն ունեցող երթուղու վրա կառուցված այս քառակամար կամուրջն իրականացվել է մեծ խնամքով, սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Կամարների բացվածքներն ունեցել են մոտ 37 մ հասնող թռիչք և երեք մետր լայնություն։

XVI դ. քուրդ պատմիչ Շարիֆ բեկի նկարագրությամբ կամուրջը «...հիմնված է տաշած ժայռի վրա անխախտ ամրությամբ, վերևը զարմանալի հարթ, և քարերը միացած են այնպես կանոնավոր և ամուր կերպով, որ ամենահնարագետ ճարտարապետը պետք է զարմանա։ Կամարներն այնքան բարձր ու երկայն են, որ հիմի հիմքերի սրունքը 60, մյուսինը 50 պարսկական բազուկ է։ Կամարի ստորին մասում շինված է քարվանսարա, իսկ երկու ծայրում դռներ՝ զարմանալի գեղեցկությամբ»1։

Պատմական աղբյուրների վկայությամբ Ջուղայի այս հռչակավոր կամուրջը, որը հիմնված է եղել դեռևս վաղ միջնադարում, «...կանգուն է եղել մինչև 1400 կամ 1500 թ., քանի որ Ջուղայի տեղահանության ժամանակ այն ավերված էր»։ 1655 թ. Տավերնիե, 1673 թ. Շարդեն և 1700 թ. Տուրնֆոր ճանապարհորդները, անցնելով Ջուղայով, նշում են, որ կամուրջը ավերակ է եղել»2։ Իսկ Ղ. Ալիշանի վկայությամբ XVI դ. ավերված կամուրջը «...զի յետագայք շէն ասեն և ի Շահ Աբասայ ավերեալ...»3։

_______________________
1. «Հանդես ամսօրեայ», Վիեննա, 1899, էջ 66։
2. Լ. Առաքելեան, Պարսկաստանի հայերը, նրանց անցեալը, ներկան եւ ապագան, մասն Ա, Վիեննա, 1911, էջ 35-36։
3. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 413։
_______________________

[էջ 31]

ՋՈԻՂԱՅԻ ԿԱՄ ԴԱՐՎԱԶՐԻ ԲԵՐԴԸ

Գտնվում է վաղեմի քաղաքի արևելյան կողմում, Արաքսից դեպի մոտակա լեռնաշղթան ձգվող լեռան վրա։ Անմատչելի և բարձր պարիսպներով կառուցված այս բերդը դարեր շարունակ անվանվել է Ջուղայի կամ Դարվազրի բերդ։ Վերջին անվանումն ստացել է արևելքից քաղաքը պաշտպանող պարսպագոտում քաղաքի գլխավոր մուտքի բարձր ու աշտարակավոր դարպասի պատճառով։

X– XII դդ. հիմնված այս բերդը, որի մասին պատմական աղբյուրների հաղորդած տեղեկությունները կցկտուր են, կառուցված է անմատչելի վայրում, հիմնականում ճեղքված և կիսամշակ քարերով։ Այժմ բերդապարիսպների ու նրա աշտարակների, ինչպես նաև հարակից այլ շինությունների մեծ մասն ավերված է։

ՊՈՄԲԼՈԶԻ ԺԱՄ ԿԱՄ ՏԱՎԱՐԱԾԻ (ՀՈՎՎԻ) ԵԿԵՂԵՑԻՆ

Այս եկեղեցին գտնվում է քաղաքային գլխավոր քարավանատնից մոտ 300 մ հյուսիս-արևմուտք։ Եկեղեցին փոքր չափի, ներսից խաչաձև, իսկ դրսից քառակուսուն մոտ հատակագծով, միակ մուտքով կենտրոնագմբեթ հուշարձան է։ Կառուցված է տեղական կարմրերանգ քարերով և իր տեղանքի շնորհիվ ուղղակի ձուլվում է շրջակա լեռներին։ Շինության արտաքին և ներքին շարվածքներում ագուցված մի շարք խաչքարերի վիմագրություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ այն վերանորոգվել է XVI դ.։ Այժմ եկեղեցու երեսպատման քարերի ու խաչքարերի, ծածկի սալերի և այլ մասերի քարերի մի մասը թափված են, կոտրատված։ Եկեղեցին համարյա թե բոլոր կողմերից շրջափակված է XVI - XVII դդ. գերեզմանաքարերով ու խաչքարերով, որոնց մի մասը կոտրատված են, արձանագրությունները՝ եղծված։ Եկեղեցուց քիչ հարավ, լեռնալանջին գտնվում է մեկ այլ գերեզմանատուն, որն ունի մի շարք գեղաքանդակ խաչքարեր ու խոյաձև տապանաքարեր։

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Հիմնադրված է քաղաքի արևելյան կողմում, անմիջապես քաղաքը շրջափակող պարսպի մոտ, բարձր բլրանման ապառաժի վրա։ Եկեղեցին հատակագծում ուղղանկյուն, արևելյան աբսիդով և զույգ ավանդատներով հուշարձան է։ Շինության հյուսիսային և արևելյան պատերը շարված են բնական ժայռերի վրա։ Այն հիմնականում շարված է ճեղքված քարերով, և ներքին տարածքը ծեփապատ է։

[էջ 32]

Ս. Աստվածածին եկեղեցին, որի նախկին շինությունը հիմնված է եղել XII - XIII դդ., հավանաբար վերանորոգվել է XVI դ. վերջերին։ Եկեղեցու ինտերիերում՝ավանդատների և բեմի շարվածքներում, տեղադրված են Սահակին, Մինասին, Խերամին և այլ ջուղայեցիների հիշատակող խաչքարեր։ Եկեղեցու արևմտյան, հարավ-արևելյան կողմերում կանգնեցված մի շարք խաչքարեր տեղահան են արված։ Ս. Աստվածածինը չորս կողմերից շրջափակված է բավականին բարձր և ամուր, եկեղեցու շինությանը ժամանակակից պարսպով, որն էլ հուշարձանին փոքրիկ բերդի տպավորություն է հաղորդում։ Եկեղեցուց ոչ այնքան հեռու, նրա հարավ-արևմտյան կողմում, փոքրիկ բլրակի արևմտյան լանջի վրա տարածված է շուրջ 60 խաչքարերով և այլ տապանաքարերով մի գերեզմանատուն։ Արդեն կիսով չափ ընկած կամ հողի մեջ թաղված այդ խաչքարերը վերաբերում են XVI - XVII դդ. և Ջուղայի անցյալի մասին հաղորդում են որոշ հետաքրքիր տեղեկություններ։

ՋՈՒՂԱՅԻ ԴԱՇՏ ԳՅՈՒՂԻ ՀԵՏՔԵՐԸ

Գտնվում է Ջուղայից 1,5 կմ արևելք, Արաքսի ափին, կամրջի մոտ հարթ վայրում։ Միջին մեծության այս գյուղը տափարակ վայրում տեղադրված լինելու հանգամանքով կոչվել է Դաշտ, Դաշտի գյուղ։ Սրա բնակչությունը 1605 թ. նույնպես բռնագաղթի ենթարկվեց։ Դաշտի տարածքը բավականին լավ է մշակվել և կանաչազարդ ու վարդերով պատված լինելու հետևանքով անվանվել է նաև Վարդուտ, Վարդուտի գյուղ։ Այս անվանումն էլ XIX դ. կեսերից հետո, թարգմանվելով, դարձել է Գուլիստան։ 1881 թ. հողային աշխատանքների կատարման ժամանակ այստեղ երևացել են Դաշտի եկեղեցու և այլ շինությունների հետքերը1։ Ծնունդով այստեղից էր XVII դ. հեղինակ Ստեփանոս Դաշտեցին, որը մի շարք պատմական ու կրոնական աշխատությունների, բանաստեղծությունների ու հանելուկների հեղինակ է։ Իր բանաստեղծություններից մեկում Դաշտեցին հայրենի ծննդավայրի մասին նշել է.

«Է անունն իմ Ստեփանոս,
Որ է Դաշտէն եղէ սերեալ,
Թէպէտ հաւն իմ տեղափոխմամբ
Ի յԱսպահան եղև տարեալ»2։

Պատմական այս գյուղը մինչև հիմքերն ավերված է, և հետքերն այժմ աննշան են։

_______________________
1. Մ. Սմբատյանց, Նկարագիր Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 148։ «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, ապրիլ, 1863, էջ 322։
2. Ռ. Աբրահամյան, Ստեփանոս Դաշտեցի, «Տեղեկագիր հասարակական գիտությունների», իքշ 12, 1956, էջ 102։
_______________________

[էջ 33]

ԳԵՐԵՋՄԱՆԱՏՈՒՆԸ

Քաղաքային այս գերեզմանատունը, որը Ջուղայից մնացած ամենակարևոր ու արժեքավոր հուշարձանախումբն է, խաչքարերի մի կիսավեր անտառ է։ Մի հուշարձանախումբ, որն իր ընդարձակությամբ, բազմազանությամբ և բազմաթիվ խաչքարերի կատարողական արվեստով միակն է նույնիսկ աշխարհում։ Այն պատմական ու ճարտարապետական, քանդակագործական արվեստի մի իսկական հիասքանչ թանգարան է, գողտրիկ մի անկյուն։ Ահա այս գերեզմանատան մեծաթիվ անխոս վկաների՝ տապանների ու խաչքարերի, խոյաձև տապանաքարերի տակ են հանգչում Ջուղա քաղաքը, նրա փառքն ու հռչակն արարած ջուղայեցիների աճյունները։

Դարերի ու բնության արհավիրքներից, մարդու անողոք ձեռքի ավերումներից բզկտված ու ծվատված Ջուղայի գերեզմանատունը տարածված է քաղաքի արևմտյան կողմում, իրարից փոքրիկ ձորակներով բաժանված երեք բլրակների վրա ու նրանց շուրջը և գրավում է ավելի քան 600 քմ տարածք։ Հյուսիսից հարավ ձգվող և մինչև Արաքսն իջնող լեզվակաձև այս գերեզմանատան խաչքարերն ու տապանաքարերը մոտակա լեռնալանջերի փլուզումներից ու հեղեղումներից պաշտպանելու համար լեռնալանջերին որպես պատվար կառուցվել են բարձր պատնեշ-պարիսպներ։ Արաքսի և պարսպաձև լեռների մեջ ծվարած վաղեմի քաղաքի ավերակները, գեղաքանդակ խաչքարերով ու խոյաձև տապանաքարերով գերեզմանատունը, լեռներին թիկնած եկեղեցիներն ու մատուռները, ասես, հոգեցունց երաժշտություն, մեկեն խզված ու քարացած մեղեդի լինեն։ Բազմաթիվ կանգուն, թեքված, գետնին արդեն թիկնած, ամեն ձևի վար գլորված ու տապալված, քառատված ու կույտերի վերածված այդ խաչքարերն ու խոյաձև տապանաքարերը՝ մեր պատմության ու մշակույթի քարե մատյանի թերթերը, աննկարագրելիորեն շատ բան են պատմում ջուղայեցիների անցյալի ու արվեստի մասին։ Եվ ակամա հիշում ես Մ. Թաղիադյանի պատկերավոր խոսքերը. «Իբրև զհեծեալս հրոսակաց՝ գերեզմանք Ջուղայեցւոց... Տապանակք իւրաքանչիւր շիրմաց էին մեծամեծ սալք որձաքարանց. և ուրոյն ի սնարից և յանոտից նոցա կանգնեալ բարձրաբերձ և հզօր խաչքարք, այնքան զարմանալի քանդակապարծն ի ճարտարաց ժամանակիս։ Մեռեալք առաւել պատմեն զփառս նախահարց իւրեանց, քան կենդանիք Ջուղայեցւոց»1։ Աբել արքեպիսկոպոս Ատրպատականցին, XIX դ. կեսերին լինելով այս գերեզմանատանը, նկարագրել է. «...արդարև անտառի ծառերի նման հարիւրը կանգուն, հազարը ընկած, մեկը գլորուած, միուսը ջարդուած, մեկը անձրևի երեսեն մաշուած, շատերն էլ երես ի վեր

_______________________
1. Մ. Թաղիադյան, ճանապարհորդութիւն ի Հայս, հտ. 1, Կալկաթա, 1847, էջ 246-247։
_______________________

[էջ 34]

կործանած»1: Իսկ Արամ Վրույրի խոսքերով ասած. «Տեսարանը որքան խորհրդավոր է այդ խորին քարացած լռության մեջ։ Մի քանի դարեր կյանք ունեցող հազարավոր կճյա ուրվականներ, շարքերով կանգնած, կարծես պատրաստված են արշավանք գործելու, ճակատամարտն արդեն տեղի է ունեցել կարծես, որովհետև այդ հսկաներից որքաններ աջ ու ձախ ընկած են անկարգ։ Նրանց շարքերը երկար ձգվում են, շատ երկար»2: Իսկ եվրոպացի ճանապարհորդ-հնագետ Ռոբերտ Կեր Փորտըրը 19-րդ դարի սկզբներին Ջուղայում լինելուց հետո նշել է. «Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ թե հազարավոր գերեզմանաքարեր աչքի էին ընկնում հայկական հին ցեղի այս հանգստարանում։ Հիրավի, Արևելքի այս մասնավոր հողամասում զանազան հիշողություններ, որ ներկայանում են մտքին, հարատևորեն թելադրում են այն գաղափարը, թե մարդ քայլում է մի լայնածավալ գերեզմանոցից...3»։

Ջուղայի քաղաքային այս գերեզմանատունը մեզ հասած հայկական ամենամեծ գերեզմանատունն է։ Ջուղայի տեղահանությունից հետո 1648 թ. ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսը անցնելով Ջուղայով, արձանագրել է, որ այդտեղ կանգուն է եղել շուրջ 10 հազար լավ պահպանված խաչքար4։ Այս փաստը միանգամայն համապատասխանում է իրականությանը։ 1903-1904 թթ., երկաթգիծ անցկացնելուց հետո, երբ անվերադարձ կերպով ոչնչացվել են բազմաթիվ խաչքարեր, գերեզմանատանը եղել է շուրջ 5 հազար կանգուն և վայր ընկած խաչքար։ Հետագայում, 1915 թ. Ա. Վրույրի5 և ապա 1928-29 թթ. Ս. Տեր-Ավետիսյանի6 հաշվումներով, այստեղ արձանագրվել են մինչև 3000 խաչքարեր և մի քանի հազար երկթեք, հարթ և խոյաձև տապանաքարեր։ 1971 և 1973 թթ. կատարած մեր հաշվումներով Ջուղայի գերեզմանատան, մեր կողմից պայմանականորեն անվանվող, 1-ին բլրի վրա մնացել էին ընդամենը 462 կանգուն, ընկած և կոտրված խաչքարեր, 2-րդ բլրի վրա` 1672, իսկ 3-րդ բլրի վրա` 573 կանգնած և ընկած խաչքարեր, ընդամենը 2707։ Խաչքարերից բացի այս գերեզմանատանը պահպանվել են նաև հազարից ավելի խոյաձև, ինչպես նաև երկթեք կազմությամբ քանդակազարդ տապանաքարեր։ Քաղաքի եկեղեցիների և Ամենափրկիչ վանքի գերեզմանատներում և այլ մասերում հաշվվում է նաև շուրջ 250 այլ խաչքարեր։ Այս ամենից բացի ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս գերեզմանատներում արդեն հողի մեջ

_______________________
1. Աբել արքեպիսկոպոս Ատոպատականցի, Ճանապարհորդութիւն ի Դաւրէժ, «Կռունկ հայոց աշխարհի», Թիֆլիս, 1861, էջ 651-652։
2. Ա. Վրույր, նշվ. աշխ., էջ 173։
3. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հատոր Զ (1800-1820), Եր., 1934, էջ 798։
4. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 424։
5. Ա. Վրույր, Ջուղա, «Պատմա-բանասիրական հանդես», N 2, էջ 180 (հեղինակը, ըստ ջուղայեցի ուսանող Գ. Աղամալյանի հաշվումների, նշել է 2100-2150 խաչքար)։
6. Ս. Տեր-Ավեսփսյան, նշվ. աշխ., էջ 118։
_______________________

[էջ 35]

թաղված, քառատված ու կոտրատված խաչքարերի ու խոյաձև տապանաքարերի թիվը մոտավոր հաշվումներով անցնում է 400-ից։

Ջուղայի գերեզմանատան հուշարձանների վերը նշված վիճակագրությունը պարզորոշում է, որ հուշարձանների առավել մեծ կորուստը տեղի է ունեցել XIX դ. վերջերին և մեր դարի առաջին տասնամյակներում, որի ընթացքում Ջուղայի այլևայլ ավերակների ու հուշարձանների հետ համատեղ անվերականգնելիորեն ոչնչացվել են գերեզմանատան 5-6 հազարի հասնող խաչքարերը։ Ջուղայի տարածքով անցկացվող երկաթուղու շինարարության աշխատանքների ականատես Գեղամ Տեր-Գալստյանը (Գնունի) 1904 թ. նոյեմբերի 2-ին «Մշակ» թերթին ուղարկած իր «Պեղումներ Հին Ջուղայում» հոդվածում մեծ ափսոսանքով ու դառնությամբ արձանագրել է. «Հին Ջուղան երեք դարու մրափումից հետո այսօր մեր առաջ հանդես է գալիս իր հին անցյալ կյանքի բոլոր հետաքրքրությամբ։ Հին Ջուղայում պեղումներ են անում, բայց դա այն պեղումները չեն, որոնք կատարվում էին անցյալ ամառվա երեք ամիսների ընթացքում Անիում՝ հարգելի գիտնական Մառի ձեռքով... այլ պեղումներ պատահական, որոնք արագ քայլերով արվում են կուրորեն, անգիտակցաբար... Ուլուխանլու-Ջուղայի երկաթուղու գիծն անցնում է Հին Ջուղայի ավերակների միջով, քարուքանդ անելով նրա հռչակավոր գերեզմանոցի հրաշակերտ հուշարձանները...

Այսօր այդ երկաթուղին իր ավերիչ թափով նետ օձի նման անցնում է Ջուղայի գերեզմանոցի միջով, մեռցնելով ամեն մի սրբություն և նվիրական հրաշակերտություն։ Պ.պ. ինժեներները դավադրության հասնելու չափ, առանց ափսոսալու, բարբարոսաբար գերեզմանոցի նուրբ ու գեղեցիկ փորագրված խաչքարերը տեղահան են արել և անգութ թշնամու նման շպրտել աջ ու ձախ՝ ճանապարհ բաց անելու համար։

Տեղահան եղած խաչքարերի մի մասն էլ ցրիվ է տված Ջուղայի փողոցներում... Հին Ջուղայի անկումից հետո (1605 թ.), որպես վկա անցյալ փարթամության և ծով հարստության, դեռ մինչև այսօր էլ հպարտ և անարատ կանգնած է մնացել նրա հռչակավոր գերեզմանոցը։ Բայց բախտը կարծես այդքանն էլ է շատ համարել, և ահա շահ Աբասից երեք դար հետո գալիս է մի նոր, անգութ ձեռք՝ նաև գերեզմանոցն ավերելու։ Եվ...ականների խլացուցիչ պայթյունները նայողին կարծել են տալիս, որ դա երկրորդ փոթորիկն է, որ պայթում է Հին Ջուղայի գլխին»1։

Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի, խոյաքանդակների արվեստը մշակման կատարելությամբ ու ատաղձով, ժամանակագրական կարգով պետք է բաժանել երեք հիմնական ժամանակաշրջանի։ Ամենավաղ շրջանի հուշարձանները, որոնց մեծ մասը ոչնչացված է, հիմնականում գտնվում են գերեզմանատան I բլրի վրա

_______________________
1. ՀՍՍՀ պետական կենտրոնական պատմական արխիվ, «Մշակ» թերթի խմբագրության ֆոնդ, գործ N 180, էջ 36 –38։
_______________________

[էջ 36]

և պատկանում են IX-XV դդ.։ Այս խմբի խաչքարերը փոքրածավալ են, ոչ շատ քանդակազարդ և վիմագրված։ Խաչքարերի հաջորդ խումբը, որը կարելի է համարել անցման կամ միջին շրջանի հուշարձաններ, պատկանում են XV դ. կեսերից սկսած մինչև XVI դ. կեսերին։ Այս հուշարձաններն արդեն իրենց կազմությամբ ու հարդարանքներով, վիմագրությամբ ու պատկերաքանդակներով արվեստի աչքի ընկնող օրինակներ են։ Ջուղայի գերեզմանատան III և ամենաստվար խմբի խաչքարերը XVI դ. կեսերից մինչև 1605 թ. մեծ զարգացում ու ծաղկում ապրեցին և իրենց մշակման կատարելությամբ ու բազմազանությամբ, իրական և երևակայական զարդաձևերով, պատկերաքանդակներով ու կոմպոզիցիաներով, հորինվածքների բարդություններով հայ խաչքարագործության անկրկնելի հուշարձաններից են։ Ասեղնագործ նրբության հասցված, ժանյականման ու բազմաձև զարդաքանդակներով պատած, արտահայտիչ ու դինամիկ խորաքանդակներով ու բարձրաքանդակներով, բոլորգիր վիմագրչությամբ, քարի գեղարվեստական մշակման բարձր արվեստով Ջուղայի խաչքարերը ակնհայտորեն առանձնակի տեղ ունեն ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քանդակագործական արվեստում և եզրափակում են հայկական արվեստի մենաշնորհը համարվող խաչքարերի զարգացման պատմական ընթացքը։ 1914 թ. Գողթնում շրջագայելիս մեծատաղանդ նկարիչ Մ. Սարյանը այս գերեզմանատանը լինելուց հետո գրել է. «Ջուլֆայում նայեցինք Ջուղայի հանճարեղ խաչքարերը։ Եվ խաչքարերի այդ անտառի միջով անցնում էր երկաթուղին... խաչքարերն ինձ ապշեցրին իրենց անկրկնելի գեղարվեստական արժեքով, մոտիվների զարմանահրաշ բազմազանությամբ ու ռիթմով։ Միաժամանակ ցնցված էի տեսնելով, որ նրանց մի մասը ոչնչացվել են երկաթուղին անցկացնելու ժամանակ»1։

Անհրաժեշտ է ընդգծել, որ XV դ. վերջերից սկսած ջուղայեցիների մեջ կարծեք թե հանգուցյալի հիշատակը հավերժացնելու, նրա մասին պատմությանը արժանահիշատակ ու բնորոշ տեղեկություններ ավանդելու համար ավելի լավ ու գեղեցիկ, անկրկնելի ու արտակարգ խաչքար կանգնեցնելը ուղղակի մրցման ձևով է արտահայտվում։ Եվ ջուղայեցի մեծատաղանդ քարգործ ու նախշքար վարպետները, որոնցից, ցավոք, հայտնի են մի քանիսի անունները՝ երկու Գրիգորները, Իսրայելը և Հայրապետը, XVI-XVII դդ. քանդակած խաչքարերի ավանդական հորինվածքի տարրերի մեջ մտցրել են որոշ փոփոխություններ՝ դրանով իսկ իրենց ստեղծածին տալով մասնավոր կնիք։ Բացառիկ կարողությունների և արվեստի չափանիշներին հասու ջուղայեցի վարպետները, ստեղծագործաբար յուրացնելով հայկական մշակույթի, քարգործության ու մանրանկարչության ավանդները, փնտրել-ներդրել են նորը, սեփական մտահղացումները և ստեղծել այսպես կոչված սեփական՝ ջուղայական ոճը, որն էլ փաստորեն հայկական խաչքարագործության մի նոր շրջան ու դպրոց է։ Հետաքրքիրն

_______________________
1. Մ. Սարյան, Գրառումներ իմ կյանքից, գիրք 1, Եր., 1966, էջ 140։
_______________________

[էջ 37]

այն է նաև, որ այս ոճը զարգացել ու պարփակվել է հիմնականում Ջուղայում (հետագայում նաև Նոր Ջուղայում) և չի ներթափանցել ու արմատավորվել նույնիսկ Ջուղայի մերձակա կենտրոնների՝ Ագուլիսի, Շոռոթի, Աբրակունիսի և այլնի քանդակագործության արվեստում։

Ջուղայում սովորաբար խաչքարերը առանց պատվանդանների են և անմիջապես կանգնեցված են հողի մեջ (գերեզմանատներում որպես ի տապանի): Բոլոր խաչքարերը, որոնք վարդագույն, դեղներանգ քարերից են կտրված, անխտիր համարյա վերից վար ունեն հավասար լայնություններ և 2 մ միջին բարձրություն, որն էլ խաչքարերին հաղորդում է պատմական Հայաստանի տարածքում ուրարտական և ետուրարտական ժամանակաշրջանի հայոց քառակող ու բազմակող կոթողների տպավորություն։ Խաչքարի հորինվածքի մեջ խաչի գրաված կենտրոնական մասը ավելի խորաքանդակ է, ուր մեկ խաչապատկերից բացի հաճախակի տեղավորված են 2-4 խորաններով խաչապատկերներ, երկշերտ քանդակներ, որոնք էլ առանձնահատուկ կերպով ստեղծում են լույսի ու ստվերի հիասքանչ խաղ։ Թեմատիկ բազմազանությամբ քանդակազարդված բազմաթիվ խաչքարերի քիվերին տեղավորված են Քրիստոսի ու ավետարանիչների, Աստվածամոր ու Քրիստոսի, սֆինքսների, Գողգոթա-զիկկուրատի եռաստիճան պատկերների, պճնանքի աստիճանի հասցրած սերմնահատիկ-շրջաքանդակի և այլ կոմպոզիցիոն ու բազմազան բարձրաքանդակներ։ Իսկ խաչքարերի ստորին մասերում, սովորույթի համաձայն, քանդակված են արձանագրություններ, ազատության և արդարության սատարիչ ս. Գևորգի հեծյալ բարձրաքանդակը կամ էլ հանգուցյալի պատկերաքանդակը։ Ավետարանական ու ավանդական, մանրանկարային այս պատկերացումներն ու այլևայլ վերարտադրումները Ջուղայի խաչքարային քանդակագործությանը կատարողական նրբերանգ ու յուրահատկություններով համակված հմայք ու արժեք են հաղորդում։

Ջուղայի գերեզմանատան առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խաչքարերի հետ համատեղ տարածված են նաև բազմաթիվ մեծ ու փոքր, գեղեցիկ ու բազմաբնույթ կենցաղային քանդակներով պատված խոյաձև տապանաքարեր։ Բացառիկ ուշադրության են արժանի հարյուրավոր խոյերի կողերին ու կռնակներին և այլ մասերում մեծ վարպետությամբ կատարված բազմազան պատկերներն ու զարդաքանդակները։

Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ու խոյաքանդակների արվեստի թեմատիկայում մարդկային բազմաթիվ պատկերաքանդակներից բացի լայն տարածում ունեն նաև հայոց լեռնաշխարհի մի շարք կենդանիների ու թռչունների, բույսերի ու թփերի քանդակները, կենցաղային, երաժշտական, աշխատանքային և զանազան այլ իրերի ու գործիքների, զենքերի, երկրաչափական ու բուսական անհաշիվ ու տարատեսակ զարդամոտիվների և այլնի պատկերումը։ Մարդկային պատկերաքանդակներում առանձնակի մոտեցում ու վարպետություն է ցուցաբերված հատկապես դեմքերի ու հանդերձանքի մանրամասների նկատմամբ։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից մեծամասամբ քանդակված են ձիու, խոյի, առյուծի, ցուլի, սիրամարգի, սոխակի,

[էջ 38]

աղավնու և այլ թռչունների, բուսական աշխարհից ակնապարարտ տերևների, կենաց ծառի, վարդերի, ողկույզների, զանազան ծառերի ու ծաղիկների, թփերի և այլնի քանդակները։ Առանձնակի ուշադրության է արժանացել նաև վիմագրության արվեստը։ XVI-XVII դդ. խաչքարերի արձանագրությունները սովորաբար ուռուցիկ և բոլորագիր են, որոնք ունեն զգալի ռելիեֆ և հաճախակի տեղադրված են ուղղակի զարդաքանդակների մեջ։ Այս ոճն իր արմատներով կապվում է գրչարվեստի ու մանրանկարչության արվեստի հետ։

Այստեղ բոլորգիր երկաթագրից բացի հաճախ օգտագործված են նաև շղագիր ու նոտրգիր տառատեսակները։ Ջուղայի վիմագրչության մենաշնորհը կարելի է համարել նաև Ա տառի միաստեղն գրության ձևը։ Այս ձևի կիրառմամբ խնայվել է ինչպես տեղը, այնպես էլ ժամանակը։ Ջուղայի դպրոցի օրինակով XVI-XVIII դդ. միաստեղն Ա-ն օգտագործվել է նաև Ջուղայից ոչ այնքան հեռու գտնվող Ցղնայի, Գաղի, ինչպես նաև Նոր Ջուղայի վիմագրչության արվեստում։

Ջուղայի խաչքարերի արվեստը, նրանց ամբողջական սյուժեները հայ ժողովրդի միջնադարյան՝ հատկապես XV-XVII դդ., մշակութային կյանքի խոսուն և պատկերավոր վավերագրեր են։ Գեղարվեստական բարձր վարպետությամբ վերարտադրված, ռեալիստորեն քանդակված այս գանձարանը իր նրբարվեստ կատարողականի և անցյալի պատմական իրականության ճշմարտացի վերարտադրության շնորհիվ կարևոր և անփոխարինելի նյութ է ընձեռում ոչ միայն քանդակագործության արվեստի, այլև միջնադարյան Հայաստանի քաղաքային կյանքի ու կենցաղի ուսումնասիրման համար։ Տեղին է նկատել մեր դարասկզբի եվրոպական գիտնականներից մեկը. «Այստեղ կան մի քանի հազար խաչքարեր։ Յուրաքանչյուր խաչքար կարող է դառնալ ամենանշանավոր թանգարանի հազվագյուտ ցուցանմուշ։ Եվրոպայում սիրում են գնահատել թանգարանային ամեն մի ցուցանմուշ։ Բայց Եվրոպայի բոլոր միլիոնատերերը կարող են մտնել Հին Ջուղայի խաչքարերի անտառը և սնանկացած դուրս գալ այդտեղից, համարյա վնաս չհասցնելով այդ անտառին»1։

Ջուղայի խաչքարերը մարդկության ստեղծած քանդակագործության գանձարանի մնայուն և անկրկնելի գանձերից ու հուշարձաններից են։ Դրանք խորապես սերում են հայ ժողովրդի ստեղծած դարավոր արվեստի ակունքներից2:

_______________________
1. «Հայրենիքի ձայն», 18 սեպտեմբերի, N 38/60, 1966։
2. А. Якобсон, Об армянскин начкаран. «Историко-филологический журнал», N 1, 1978, с. 222.

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — «Ջուղա»
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1984 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice